Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

1905. Բաքու

1905. Բաքու
18.10.2016 | 00:20

(սկիզբը` այստեղ)

ԱԴԱՄՅԱՆԸ
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱԴԱՄՅԱՆ- երևույթն ըմբռնելու համար հարկ է պարզել նրա ծագումնաբանությունը, ճյուղագրությունը, որովհետև XIX դ. վերջին - XX դ. սկզբին դեռևս խիստ ուժեղ ու կանխորոշիչ էին ընտանեկան, հայրենակցական, ներազգային հարաբերությունները: Դժբախտաբար, ղարաբաղցի Ադամյան գերդաստանի պատմությունն ուսումնասիրված չէ, և այն, ինչ հաջողվեց հայթայթել զանազան աղբյուրներից, կփոխանցեմ ընթերցողին:
Շուշեցի Հովհաննես Ադամյանն ուներ ինը որդի ու մեկ դուստր, և ավագը Դավիթն էր: Երբ 1860-ական թթ. ռուսական կառավարությունը կապալառություն մտցրեց սաղմնային վիճակում գտնվող Բաքվի նավթարդյունաբերությունում, հիմնականում առևտրի շնորհիվ հարստացած հայերի կապիտալը հոսեց Բաքու: Այդ մարդկանց թվում էին Անդրկովկասի տարբեր վայրերից սերող, ինչպես նաև թիֆլիսցիներ, ղարաբաղցիներ, բաքվեցիներ Ա. Վերմիշյանը, Ջ. Մելիքյանը, Թաթոսյանը, Տեր-Հակոբյանը, Շարաբանդյանը, Քալանթարյանը, Դիլդարյանը, Թառայանը և այլք: Նրանց հետ էր նաև Դավիթ Ադամյանը: Նրանք կապալով ձեռք բերեցին նավթադաշտեր, ստեղծեցին վերամշակման գործարաններ և, ըստ էության, ռուս կապիտալիստների հետ մեկտեղ հիմնադրեցին Բաքվի նավթարդյունաբերությունը: Հայ ձեռնարկատերերի այդ առաջին սերունդը դրսևորեց հեռատեսություն ու աչքաբացություն: Ժամանակի Բաքուն բաղկացած էր երկու մասից` Սև քաղաքից, իր Բալախան, Սաբունչի, Սուրախան, Ռոման և Բիբի-Հեյբաթ խոշոր նավթակիր արդյունաբերական հատվածներով, և Սպիտակ քաղաքից, որտեղ ապրում էր բնակչությունը:

Ահա հայ կապիտալիստներն իսկույն հասկացան, որ նավթարդյունաբերության զարգացմանը զուգահեռ սկսվելու է բանվորական ուժի ներհոսք, տեղի է ունենալու քաղաքային բնակչության աճ, հետևաբար առաջանալու է նոր ենթակառուցվածքների անհրաժեշտություն: Այդպիսի ոլորտներից մեկը անշարժ գույքը` նոր շենք-շինություններ կառուցելը և դրանք վարձակալությամբ տրամադրելն էր (այստեղ է պատասխաններից մեկը այն հարցի, թե ինչու հայերը շինեցին-շենացրին Բաքուն): Այդ ուղին բռնեց նաև Դավիթ Ադամյանը. նավթարդյունաբերական ֆիրմայից բացի, նա քաղաքի կենտրոնում` Պարապետում (Շատրվանների հրապարակ), նշանավոր ճարտարապետ Գաբրիել Տեր-Միքելյանի նախագծով Բարյատինսկայա փողոցում (ակադեմիկոս Աբդուլքերիմ Ալիզադեի) կառուցեց 5-հարկանի հոյակերտ մի շենք, որը հայտնի դարձավ «Ադամովի տուն» անվամբ, և որը վարձակալությամբ տրամադրվեց զանազան առևտրային և արդյունաբերական ֆիրմաների:


Սակայն ակնհայտ էր ևս մի հանգամանք` Բաքվի բնակչության ավելացումը ենթադրում էր նաև հայության թվաքանակի աճ, իսկ դա թելադրում էր նոր որակի համայնքի ձևավորում, ինքնակազմակերպում, ազգային կառույցների ստեղծում: Այդ նպատակով Բաքվում աշխատող թիֆլիսցի բժիշկ Դավիթ Ռոստոմյանը նախաձեռնեց բարեգործական ընկերության հիմնում: Դրա համար անհրաժեշտ էր անձեռնմխելի դրամագլուխ, որի շահութատոկոսներով հնարավոր կլիներ ազգանպաստ գործունեություն ծավալել: Դ. Ռոստոմյանին հաջողվեց խանդավառել 12 համախոհների, որոնցից ինը շուշեցիներ էին, այդ թվում և` Դավիթ Ադամյանը: Ժողովվեց 12650 ռուբլի, և 1864 թ. մայիսի 21-ին կայսերական թույլտվությամբ հաստատվեց Բաքվի «Սբ Գրիգոր Լուսավորչի անվան հայոց մարդասիրական ընկերության» կանոնադրությունը:
Մարդասիրականի հիմնմանը զուգընթաց, բաքվահայությունը ձեռնամուխ եղավ նոր` Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կառուցմանը: Շինարարությունն ավարտվեց 1869-ին և արժեցավ 15267 ռուբլի: Ըստ ժամանակակից ադրբեջանական զեղծարար պատմաբաններից մեկի, այդ գումարից 400 ռ. հատկացրել էր Դավիթ Ադամյանը, և ես այդ փաստը չեմ վիճարկի:
Ինչպես հայ կապիտալիստներից շատերը, այնպես էլ Դ. Ադամյանը Բաքուն չէր սիրում, նախընտրում էր բնակվել ծննդավայրում և միայն անհրաժեշտության դեպքում էր մեկնում Բաքու: Եվ հենց Շուշիում էլ նա վախճանվեց 1890 թվականին:


Վերևում արդեն ասացի, որ խիստ կարևոր էին ներընտանեկան հարաբերությունները, քանզի գերդաստանական ավանդապաշտությունը ոչ միայն յուրատեսակ ինքնապաշտպանական բնույթ ուներ, այլև ընտանիքի անդամներին զարգանալու, առաջ ընթանալու հնարավորություն էր ընձեռում: Այդպես էր նաև Ադամյանների պարագայում. այն ամենը, ինչ ստեղծեց Դավիթը, մեկնարկ ծառայեց մյուս եղբայրների` Բաքու ոտք դնելու և բուռն գործունեություն ծավալելու համար:


Այսպես, Հովհաննես Ադամյանը դարձավ Բաքվի քաղաքային վարկային ընկերության վարչության անդամության թեկնածու ու բաժնետեր, Հակոբ Ադամյանը` Փոխադարձ վարկի ընկերության խորհրդի նախագահ, պատվավոր քաղաքացի և 1-ին գիլդիայի վաճառական: Արամայիս Ադամյանն ուներ բանկային գործարքների գրասենյակ: Արտեմ Ադամյանը 1889 թ. Կ. Ստեֆանինիի հետ հիմնեց նավթարդյունաբերական ֆիրմա և ՀՅԴ «Փոթորիկ» ամոթալի գործողության արդյունքում հայի ձեռքով սպանվեց 1904 թ. հունիսի 10-ին…
Բավարարվենք այսքանով:


Այժմ անդրադառնամ բուն հերոսին` Ալեքսանդր Ադամյանին: Նա տնօրինում էր «Ադամովի տան» առևտրային գործարքները, մեկ այլ շուշեցու` Գրիգոր Թումայանի հետ Սև քաղաքում ուներ քիմիական թթուների գործարան: Նրան էր պատկանում նաև Սուրախանի փողոցում (Դիլյարա Ալիևայի)` Ցերկովնայա (Վիդադիի), Արմյանսկայա (Գորկու) և Վորոնցովսկայա (Սաֆարլիի) փողոցների հատույթում գտնվող Բաքվի ամենանշանավոր «Ֆանտազիա» բաղնիքը: Կնոջ ու երեք մանկահասակ երեխաների հետ վարձով ապրում էր Ցերկովնայա փողոցի թիվ 93 տանը, Բաբաջանյանի շենքում, որի երկրորդ հարկում զբաղեցնում էր 3-սենյականոց հրաշալի, լուսավոր, բոլոր հարմարություններով բնակարան:

Ալեքսանդրն աչքերը բացեց, և նրան իսկույն համակեց նույն տհաճ մռայլությունը: Արդեն մեկ շաբաթ առավոտ կանուխ արթնանում էր նույն տրամադրությամբ, բայց պատճառը չգիտեր: Ոչ մի ակնհայտ մտահոգություն չկար, տնեցիները, եղբայրներն ու նրանց ընտանիքները բարվոք վիճակում էին, Շուշիից անհանգստացնող լուրեր չկային, գործերն էլ ընթանում էին բնականոն հունով: Բայց գիտեր, որ կանխազգացումը երբեք իրեն չի խաբում:
Նայեց կողքին քնած կնոջը, թեթևակի դիպավ Մարիամի սև վարսերին, զգուշությամբ վեր կացավ ու հագնվեց: Լոգարանում սափրվեց, սանրվեց, բեղերն ու այծամորուքը հարդարեց, սերթուկն ու փողկապն ուղղեց և հայելուն նայելով` գոհ մնաց: Կիրակի էր, ընտանյոք պիտի գնային եկեղեցի, և հարկ էր, որ վայելուչ տեսք ունենար:


Բացեց երեխաների ննջարանի դուռը. երեք որդիներն էլ անխռով քնած էին. 15-ամյա Նիկոլայը` Նիկոն, աջ պատի մոտ, ձախ կողմում` 10-ամյա Դավոն ու 8-ամյա Մայիսիկը: Միջնեկին Դավիթ էր կոչել ի հիշատակ ավագ եղբոր, իսկ փոքրին` ի պատիվ ողջուառողջ Արամայիս եղբոր` կատարելով նրա ցանկությունը, քանզի վերջինս արու զավակ չուներ:
Ալեքսանդրը նախասենյակի ճենապակե ծաղկամանի միջից վերցրեց նկուղի բանալիները, մորթե օձիքով վերարկուն գցեց ուսերին ու զգուշությամբ դուռը բացեց:
Նկուղում ցուրտը խփեց լայն ճակատին: Գետնամակարդակ պատուհանում փետրվարյան մութն էր, որը ճեղքում էր փողոցի մենավոր կերոսինի լապտերի աղոտ լույսը:
Նկուղի էլեկտրական լամպը վառեց ու մոտեցավ անկյունում դրված արկղերին: Այստեղ նրա գանձերն էին, մոլության հասնող թուլությունը, մեկի մեջ` լաթով փաթաթված երկու երկարափող ամերիկյան «վինչեսթրները», մյուսում` փամփուշտները: Դրանք գնել էր հինգ տարի առաջ` Թիֆլիսում: Վաղուց էր ուզում նոր որսորդական հրացան ձեռք բերել և դա կարող էր անել Պետրոսյանի խանութից կամ իր «Ադամովի տանը» գտնվող «Ստրելա» ֆիրմայից, բայց որոշեց մեկնել Թիֆլիս: Նիկոյին վերցրեց հետն ու գնացք նստեց: Թիֆլիսի կայարանում դիմավորեց Միքայել Արամյանցը` նախկին սյունեցին, նախկին բաքվեցին, Մանթաշյանցի գործընկերը, որը միլիոններն առել ու գնացել բնակություն էր հաստատել Թիֆլիսում: Մանթաշյանցն ու Արամյանցը նաև իր գործընկերներն էին, որովհետև իր քիմիաթթուները և Արտեմ եղբոր հում նավթը վաճառում էր «Ա. Ի. Մանթաշև և ընկ.» ֆիրմային: Երբ առաջին անգամ Արամյանցին խնդրեց Մանթաշյանցին միջնորդել վաճառքի հարցում, Մեծը՝ Մանթաշյանցը, իբր, ծիծաղել և ասել էր. «Ես էլ եմ Ալեքսանդր Իվանիչ, Ադամյանն էլ, ուրեմն կհամաձայնեմ»:


Արամյանցը համառորեն պնդեց, որ երեխայի հետ իջևանի իր տանը, բայց Ալեքսանդրը չհամաձայնեց, չէր ուզում նեղություն պատճառել և խնդրեց տանել Գոլովինսկի պողոտայի վրա գտնվող «Պալաս օթել»: Բանն այն է, որ մի գովազդապատկերում տեսել էր` այդ հյուրանոցի առաջին հարկում էր Գուստավ Խրիստիանովիչ Հեգելեի զենքի խանութը, և հենց այդ գովազդն էր Թիֆլիս ժամանելու շարժառիթը:


Հյուրանոցում տեղավորվելուց ու ճաշելուց հետո, Նիկոյի հետ մտավ խանութ: Ժպիտը թաքցնելով, որ կարող է հանկարծ շփոթվել և Հեգելեի փոխարեն խանութի տիրոջն անվանել Հեգել, Ալեքսանդրը նրան դիմեց անուն-հայրանունով ու խնդրեց ցույց տալ լավագույն հրացանները: Գուստավ Խրիստիանովիչը զննող հայացքով ոտքից գլուխ չափեց հաճախորդին, հասկացավ, որ իր առջև հարուստ մարդ է և դախիլի տակից հանեց «վինչեսթրը»: Դա 1895 թ. մոդել էր, որ արտադրվել էր հատուկ ռուսական կայսրության պատվերով, լծակավոր, ձեռքի լիցքավորմամբ, 5 փամփուշտով պահեստատուփով և տափակ սվին-դանակով: Ալեքսանդրը հրճվանքը հազիվ զսպեց, իսկ երբ Նիկոն էլ թևքը քաշեց և ասաց. «Հայրիկ, գնիր», որոշեց միանգամից երկուսը վերցնել: Մեկն իր համար, մյուսը` Նիկոյի. տղան կմեծանար և իրենը կուզենար ունենալ:


Յուրաքանչյուր հրացանի համար վճարեց 25 ռուբլի` երկու կառքի գին, իսկ խանութի տերը` ի պատասխան նման առատաձեռն գնման, նվիրեց 500 փամփուշտ:
Հիմա, նկուղում, հրացանները հանեց, դրեց սեղանիկին, սկսեց դանդաղ շարժումներով յուղել փականներն ու ձողիկով մաքրել փողերը: Զենքը խնամք էր պահանջում, որպեսզի չդավաճանի:
Ծանոթ-բարեկամները գիտեին, որ նա հրաշալի հրաձիգ էր, և որսորդությունը նրա թուլությունն էր: Ամեն պատեհ առիթով, Նիկոյին հետն առած, Բաքվից մեկնում էր ու որս անում: Երբեք դատարկաձեռն չէր վերադառնում, նապաստակ ու լոր էր խփում, իսկ ամառները Շուշվա անտառներում հաջողում էր այծյամ և նույնիսկ վարազ որսալ: Կարևորը, անշուշտ, որսը չէր, այլ այն հաճույքը, ադրենալինի հոսքը, որ ստանում էր: Մշտապես թույլ էր տալիս, որ Նիկոն էլ կրակի, շատ էր ուզում, որ որդին էլ իր նման նշանառու դառնա, որովհետև ամեն հայ պետք է լավ կրակել իմանար:
(շարունակելի)

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 3644

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ