Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հետգրություն ՀԱՊԿ գագաթնաժողովի

Հետգրություն ՀԱՊԿ գագաթնաժողովի
18.10.2016 | 00:36

Հոկտեմբերի 14-ին Երևանում կայացավ ՀԱՊԿ գագաթնաժողովը և, ըստ պաշտոնական տեղեկատվության, ընթացավ տաղտուկ աշխատանքային մթնոլորտում, իրականում, սակայն, գագաթնաժողովը բուռն ընթացք էր ունեցել և արդեն հոկտեմբերի 16-ին Գոա կղզում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշեց բացել փակագծերը։ Նա հայտարարեց. «Իհարկե, մենք պետք է ինչ-որ կերպ արձագանքենք այն ամենին, ինչ կատարվում է մեր կողքին, սակայն, պետք է ձգտենք անցյալից մեզ բաժին հասած խնդիրները կարգավորել խաղաղ ճանապարհով ու փոխզիջումներով, այս ենթատեքստում էլ հենց քննարկվել է ղարաբաղյան խնդիրը»:

Ավելին՝ նա ընդգծել է, որ Ռուսաստանի համար կարևոր չէ՝ նախկին ԽՍՀՄ այս կամ այն երկիրը ՀԱՊԿ անդամ է, թե ոչ. «Մեզ համար կարևորն այն է, որ մենք բոլոր այդ պետությունների հետ ունենք հատուկ, պատմական հարաբերություններ, որոնք շատ ավելի սերտ ու խոր են, քան հարաբերությունները ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջև»: Սա արդեն ուղղակի պատասխանն էր Ջոն Քերիի, որ ասել էր՝ հիմա Ղարաբաղի հարցի լուծման պայմաններ չկան: Իհարկե, «առաջին կրակոցի» պատիվը, այնուամենայնիվ, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովինն էր, նա Երևանում լրագրողներին ասել էր, որ Թուրքիան դրական դեր կարող է ունենալ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: Իսկ ապրիլի 22-ին, երբ ռուս-թուրքական հարաբերությունները դեռ չէին կարգավորվել, ՌԴ ԱԳ նախարարը Երևանում ասել էր, որ քառօրյա պատերազմի ժամանակ Թուրքիայի գործելաոճը ոչ թե խաղաղության, այլ պատերազմի կոչ էր և հստակորեն դեմ է խաղաղ կարգավորման գործընթացին ու Մինսկի խմբի համանախագահների պաշտոնական կարծիքին: Լավրովն ասել էր. «Թուրքիայի գործելաոճը խնդրի ոչ թե խաղաղ կարգավորման, այլ ռազմական կարգավորման կոչ էր»: Առաջինը Լավրովին արձագանքեց Թուրքիայի արտգործնախարարությունը՝ ողջունելով հայտարարությունը: Եվ միայն դրանից հետո փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարեց. «Թուրքիան իր բացահայտ միակողմանի դիրքորոշմամբ տեղ չունի, և պետք է հեռու պահվի Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացից: Միակ դրական ազդեցությունը, որ Անկարան կարող է ունենալ ԼՂ կարգավորման հարցում, այն է, որ Թուրքիան բացի Հայաստանի հետ սահմանը և վերջ դնի Ադրբեջանի սադրիչ և ապակառուցողական քայլերի խրախուսմանը»:


Արդեն հոկտեմբերի 17-ին ՀՀ ԱԳՆ-ն հարցին տվեց սողոմոնյան պատասխան ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանի շուրթերով. «Տարիներ շարունակ Ռուսաստանի դիրքորոշումը՝ հնչեցված ամենաբարձր մակարդակով, եղել է և համահունչ է մեր այն սկզբունքային դիրքորոշմանը, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց որևիցե նախապայմանի: Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ մեր այդ սկզբունքային դիրքորոշմանը»: Տիգրան Բալայանը լավատեսորեն կարծում է, որ Ռուսաստանի դիրքորոշումը փոփոխություն չի կրել:


Դա, իհարկե, դիվանագիտական պատասխան է, որովհետև պարզ է, որ էներգետիկ համաժողովի առիթով հոկտեմբերի 10-ին Ստամբուլ մեկնած ՌԴ նախագահը Թուրքիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկել է ԼՂ հարցը և դիրքորոշումներն ընդհանուր հայտարարի են բերվել՝ ԼՂ հարցը պետք է լուծվի, ինչպես Բաքուն է առաջարկում «սուբստանտիվ բանակցությունների» շարունակմամբ, որի արդյունքում Բաքուն ստանալու է «օկուպացված տարածքները», իսկ Թուրքիան, համարելով, որ իր նախապայմանը կատարված է, բացելու է հայ-թուրքական սահմանը: «Ո՞րն է լինելու այդ պարագայում Ադրբեջանի փոխզիջումը»՝ հարցը մնում է բաց, Իլհամ Ալիևը շարունակում է հայտարարել, որ թեև իր վրա ճնշումներ են գործադրվում, բայց ինքը երբեք չի համաձայնի ԼՂՀ-ն ճանաչելուն: Ակնհայտ է, որ նրա հույսը Թուրքիան և Ռուսաստանն են:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելուց երեք ամիս անց՝ 2010 թվականի հունվարի 13-ին Մոսկվայում ընդունելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին՝ Վլադիմիր Պուտինը, որ ՌԴ վարչապետն էր, հայտարարել էր. «Եվ ղարաբաղյան խնդիրը, և թուրք-հայկական խնդիրը ինքնին շատ բարդ են: Ճիշտ չեմ համարում տեղադրել մեկ փաթեթում: Այդ խնդիրներից յուրաքանչյուրը առանձին վերցրած լուծելը շատ դժվար է: Իսկ եթե մենք այդ բոլորը մի կույտի մեջ ներառենք, լուծման հեռանկարը շատ կհետաձգվի: ՈՒստի, մարտավարական և ռազմավարական տեսանկյուններից այդ խնդիրների՝ մեկ փաթեթի մեջ ներառելը համարում եմ ոչ նպատակահարմար»: Գուցե երբ Հայաստանը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի շուրթերով ասում է՝ «Թուրքիան գործ չունի հակամարտության կարգավորման հարցում» և բացատրում է. «Ինչո՞ւ ենք դեմ, որովհետև այս տարիներին Թուրքիան ունեցել է միակողմանի, ադրբեջանամետ, երբեմն նաև հանցագործ դիրքորոշում», Թուրքիա ասելիս նաև Ռուսաստա՞ն պետք է հասկանալ:

Դիտվել է՝ 1928

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ