Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Show Must Go On

Show Must Go On
11.11.2016 | 00:56

2016 թվականի նոյեմբերի 8-ը պատմության գիրկն անցավ. Ամերիկան ստացավ իր 45-րդ նախագահին, և ամբողջ աշխարհը «բվվում» է (բացի, թերևս, Չինաստանից ու Իրանից). տեսնես ի՞նչ է լինելու հետո: Ըստ էության, ոչ մի նոր բան, ինչպես ասվում է Ֆրեդդի Մերկուրիի հանրահայտ հիթում, «ներկայացումը պիտի շարունակվի», ու չէ՞ որ ոչ ոք հիմա, նույնիսկ իրենք՝ ամերիկացիները, այլևս չեն թաքցնում, որ ԱՄՆ-ի ամբողջ ընտրարշավը մի վիթխարածավալ «շոու» է: Ընդ որում, հաճախ նախօրոք հայտնի արդյունքով, իսկ այնտեղ, ուր «ինչ-որ բան այնպես չի եղել», նախագահներին կա՛մ գնդակահարել են, կա՛մ նրանց հանդեպ մահափորձ են կատարել:

Ոմանց նույնիսկ թույլ չեն տվել պայքարի մեջ մտնել. կա՛մ սպանել են, կա՛մ «նախազգուշացրել» մահափորձերով ու լեռնադահուկային կամ ավտոմոբիլային մայրուղիներում նախօրոք՝ մինչև ընտրությունները տեղի ունեցած «դժբախտ դեպքերով»: Իսկ «ՈՒոթերգեյթի» կարգի սկանդալնե՞րը: Հիշենք թեկուզ և ԱՄՆ-ի 35-րդ և 37-րդ նախագահներ Ջոն Քենեդիին և Ռիչարդ Նիքսոնին ու նրանց ճակատագրերը: Ինձ ակամա բռնացնում եմ այս մտքի վրա. Աստվա՜ծ իմ, որքան են իրար նմանվել «նախագահական շրջափուլերը» ԱՄՆ-ում և... Իրանում: Հիմա դժվար է հիշել մի դեպք, որ ԱՄՆ-ի որևէ նախագահ երկրորդ ժամկետով վերընտրված չլինի: Նույնը Իրանում, սկսած Իսլամական հեղափոխության ներկա Գերագույն առաջնորդ Այաթոլլահ Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեիից, որը Իրանի նախագահ է եղել երկու անգամ՝ 1981 թ. հոկտեմբերի 2-ից մինչև 1989 թ. օգոստոսի 2-ը, մեր հարավային հարևանների յուրաքանչյուր նախագահ պաշտոնավարել է երկու ժամկետ: Այլ հարց է, որ ԱՄՆ-ում և Իրանում նախագահի սահմանակարգերը միանգամայն տարբեր են: Բացատրեմ, թե ինչու եմ ԱՄՆ-ի «նախագահական շրջափուլերը» համեմատում հենց Իրանի նույնպիսի երևույթի հետ: Բանն այն է, որ ամենակարևորը, ինչի հետ ամերիկյան նախագահական ընտրություններից իր ակնկալիքները կապել է Եվրոպայի քաղգործիչների գրեթե 99 տոկոսը, պատերազմի ու խաղաղության հարցն է:

Ընտրություններում տանուլ տված Հիլարի Քլինթոնը՝ Լիբիայում ցեղասպանության և առհասարակ «արաբական գարնան» ամբողջ արկածախնդրության «չար ոգին», ընտրարշավի ընթացքում չէր թաքցնում, որ կցանկանար «շարունակել շոուն», կոնկրետ՝ Սիրիայում: Չէին թաքցվում նաև հակաիրանական ցանկությունները, դրա համար էլ բառացիորեն նախագահական ընտրությունների նախօրեին Բարաք Օբաման ևս մեկ տարով «օրինականացրեց» հակաիրանական «պատժամիջոցների» երկարացումը:
Հիմա տեսնենք, թե ով է այն ամենագլխավոր ուժը, որ դիմակայում է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի խամաճիկներին և տարբեր ահաբեկչական խմբավորումների: 2014 թ. ամռանից հրապարակավ և տարբեր մակարդակներում միայն Իրանն էր հայտարարում, որ ոչ ոքի թույլ չի տա «վերաբեռնել» Մերձավոր Արևելքը, հատկապես «ԱՄՆ-ի ու Իսրայելի սցենարով»: Եվ ոչ միայն հայտարարում, այլև գործով էր ապացուցում, որ ոչ ոքի թույլ չի տա ազատ վաճառքի դնել ոչ միայն Սիրիան, այլև Իրաքը: Հատկապես և առաջին հերթին Իրանի արտաքին քաղաքականության պատճառով Վաշինգտոնին Օբամա-Քլինթոն զույգի կառավարման շրջանում չհաջողվեց «փոփոխել» Մերձավոր Արևելքը և վերաձևել տարածաշրջանի քաղաքական քարտեզը: Այն քարտեզով, որ կազմվել էր ամերիկյան տարբեր աշխատասենյակներում, ճիշտ է, նախատեսված էր նաև Թուրքիայի մասնատում, բայց, ավաղ, պլանավորվում էր նաև Իրանի ոչնչացում իբրև տերության: Այնպես որ, Սիրիայում ԱՄՆ-Իսրայել պլանների դեմ Իրանի մղած պատերազմը Բաշար Ասադի կամ Սիրիայում ալավիական համայնքի դիրքերի պահպանման պատերազմ չէ, այլ Իրանի անկախության պահպանման պատերազմ, ահա թե ինչու էր, հիշեցնեմ, դեռ 2014-ին Իրանի երրորդ նախագահը և այսօրվա ԻԻՀ գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեին ասում, թե «Դամասկոսը Թեհրանի արվարձանն» է:


Նույնպիսի տրամադրություններ են տիրել և տիրում հիմա նաև Չինաստանում ու Ռուսաստանում, և աշխարհը տեսնում էր, որ Եվրասիայի երեք խոշորագույն տերությունները տխրահռչակ Եվրատլանտիզմին ձեռնոց են նետել հենց Սիրիայում, նախընտրելով մարտի մեջ մտնել «հակառակորդի դաշտում» և ոչ թե սպասել, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հատուկ ծառայությունների գործակալների կողմից ղեկավարվող ավազակախմբերը ներխուժեն և ահաբեկչական պատերազմ սանձազերծեն իրենց հողում: Իմ փաստարկը հաստատում է, օրինակ, այն հանգամանքը, որ (և դարձյալ ԱՄՆ-ում կայանալիք ընտրությունների նախօրեին) վերջերս Չինաստանն էլ խոսեց Սիրիայում ահաբեկիչներին ճնշելուն մասնակցելու իր պատրաստակամության մասին, ինչպես նաև այն հաղորդագրությունը, որ Հյուսիսային Սիրիայում մի շարք բախումների շնորհիվ սիրիական բանակն ու շիա կամավորականները լրիվ ոչնչացրել են ույղուր ահաբեկիչների մոտ 40-հոգանոց մի խմբավորում, որը կռվում էր «Իսլամական պետության» կողմում: Ահա թե ինչու խաղաղության ու պատերազմի հարցը՝ շաղկապված ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների արդյունքների հետ, նախ և առաջ, Մերձավոր Արևելքի առնչությամբ Վաշինգտոնի ու Թեհրանի ապագա հարաբերությունների հարց է: Որևէ մեկը զարմանո՞ւմ է: Իզուր. չէ՞ որ Ռուսաստանն ու Չինաստանը, ինչպես և ԱՄՆ-ը միջուկային տերություններ են, և նրանք նախընտրում են մինչև վերջին վայրկյանը հարցերը Վաշինգտոնի հետ լուծել բանակցությունների կամ «հիբրիդային պատերազմների» միջոցով: «Սև կոճակը կսեղմեմ» ինքնասպանությունը չափազանց չար գայթակղություն է, սակայն ո՛չ Մոսկվայում, ո՛չ Պեկինում առայժմ նոր Չե Գևարա չի նկատվում:


Ահա թե ինչու ես խորապես անտարբեր եմ, թե ԱՄՆ-ի 45-րդ նախագահի ընտրությունների արդյունքների մասին ինչ են գրում կամ հայտարարում Մոսկվայում, Եվրոպայում և այլուր: Անտարբեր եմ նաև, թե այդ ընտրությունների մասին ինչ են հայտարարել Թեհրանում և ինչպես են իրանցիները պատրաստվում ուրախացնելու Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության թեկնածուին, որն արդեն ընտրվել է ԱՄՆ-ի նախագահ: Ասեմ միանգամից, անգամ Թրամփի ընտրությամբ աշխարհում պատերազմի սպառնալիքը չի վերացել: Բացատրությունը պարզ է. դեռ մայիսի 20-ին Թրամփին իր անսահման աջակցության մասին հայտարարեց ԱՄՆ-ի ամենախոշոր ու ազդեցիկ զինալոբբին՝ Ազգային հրաձգային ասոցիացիան (NRA): Այդ մասին Կենտուկիի նահանգում ասոցիացիայի ամենամյա խորհրդաժողովի ժամանակ հայտարարեց կազմակերպության օրենսդրական նախաձեռնությունների ինստիտուտի ղեկավար Քրիս Քոքսը «այս դահլիճում եղած հազարավոր հայրենասերների և NRA-ի միլիոնավոր անդամների անունից»: «Ժամն է եկել միավորվելու»,- դիմեց Քոքսը բոլոր զինակիրներին, նրանց կոչ անելով գնալ ընտրությունների, որպեսզի թույլ չտրվի Հիլարի Քլինթոնի հաղթանակը: Ինչպես տեսնում ենք, արդյունքում ԱՄՆ-ի «զինակիրները», այնուամենայնիվ, հաղթեցին տիկին Քլինթոնին և ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցությանը: Բայց չէ՞ որ այդ նույն NRA-ն ոչ միայն միլիոնավոր ամերիկացիներ են, որոնք զինանոցներ ունեն, այլև նրանց ստվերում ապրող զինագործներ:

Չեմ թվարկի նրանց. ցանկացած ոք կարող է համացանցում գտնել տեղեկություններ ամերիկյան այն խոշոր կորպորացիաների մասին, որոնք զբաղվում են հրազենի, հրթիռային և այլ սպառազինությունների արտադրությամբ: Եվ ապացուցել պետք չէ, որ զենքի վաճառքի ծավալների մեծացմամբ շահագրգռված շրջանակները հենց նրանք են, ովքեր միշտ պատրաստ են սանձազերծելու պատերազմներ, մեծ ու փոքր, տարածաշրջանային ու ավելի ընդգրկուն...
Ահա թե ինչու մի տեսակ բացարձակապես չէիր հավատում և չես հավատում այն հաղորդագրությանը, որ 2016 թ. հունվարի 25-ին տարածել էր բրիտանական «Financial Times» թերթի գլխավոր տնտեսական մեկնաբան և համախմբագիր, միաժամանակ նաև «Բիլդերբերգյան ակումբի» անդամ Մարտին Վուլֆը իր հեղինակային սյունակում, որտեղ նա «գլոբալ գերվերնախավին» կոչ էր արել թույլ չտալ, որ միլիարդատեր Թրամփը գրավի ԱՄՆ-ի նախագահի պոստը: Իսկ որպես հիմնավորում շրջանառության մեջ էր դրվել այն թեզը, թե, իբր, Թրամփը խիստ հստակ է տրամադրված «Ռոտշիլդների կլանի» դեմ և, առհասարակ, մտադիր է «զտում անցկացնել ԱՄՆ-ի վերնախավի շրջանում»:

Լա՜վ, էլի... Մի՞թե Թրամփը կամ էլ ԱՄՆ-ի հրաձիգների ասոցիացիայի միլիոնավոր անդամները չգիտեն, թե Ամերիկայում ովքեր են կառավարում զենքի զանգվածային արտադրությունն ու վաճառքը: Ընթերցողը հաստատ հիշում է, թե ինչպես էր «փրայմերիզների» ժամանակ Բուշ նախագահների կլանը ցուցադրաբար հակադրվում Թրամփին, իսկ այդ ընտանիքի թեկնածու, Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը, հասկանալով, որ ինքը «ոչ մի շանս չունի», ամերիկացիներին նույնիսկ կոչ արեց քվեարկել ընդդեմ Թրամփի, խոստանալով անձամբ քվեարկել Հիլարի Քլինթոնի օգտին: Սա մի անճաշակ ու վատ բեմադրված ներկայացում է, որովհետև Բուշերի կլանն էլ է միշտ վայելել նույն հրաձիգների ասոցիացիայի, զինագործների լոբբիստների ու զինակիրների պաշտպանությունը: Իսկ բուն այդ ասոցիացիան... վաղուց և հուսալիորեն կապված է ԱՄՆ-ի, այսպես կոչված, «նավթային շրջանակների» հետ: Հիմա ամեն ինչ հասկանալի է, թե ինչի շնորհիվ Թրամփը «հանկարծ թևեր առավ»... Եվ պետք չէ խաբվել այն բանով, թե ընտրարշավի ընթացքում Թրամփը կոշտ քննադատում էր Բուշերին՝ իրաքյան պատերազմի համար, իսկ Քլինթոնին՝ Լիբիայի և Սիրիայի համար:

Եվ պիտի հասկանանք, որ «ընկեր Թրամփի» կյանքն սկսվել է Նյու Յորքի ռազմական ակադեմիայում ուսանելուց: Այնպես որ, եթե նա ԱՄՆ-ի բանակի գեներալ էլ չէ, սակայն ամերիկյան գեներալների հետ կապեր ունի: Իսկ ամերիկյան զինվորականների «մի տեղը», դատելով ըստ ամենայնի, այնուամենայնիվ «քոր է գալիս»: Հանդիսավար Թրամփ. ահա սա է Ամերիկայի ապագան, հենց նա է նաև «Միսս Ամերիկա» և «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթների պաշտոնական տերը: Բայց Աստված չանի, որ շոու-հանդիսությունների ընդլայնման միջոցով միշտ «երևալու» և «ջրի երեսին» լինելու ձգտումը Թրամփի հետքով տեղափոխվի միջազգային խոշոր քաղաքականության ոլորտ: Այնպես որ, Իրանը, Ռուսաստանն ու Չինաստանը Թրամփի օրոք էլ ստիպված կլինեն մոտիկից ու մշտապես զբաղվելու համաշխարհային պատերազմի կանխման հարցերով:
Մեր ազգի համար ավանդական մի հարց. ի՞նչ կտա Հայաստանին ԱՄՆ-ի նոր նախագահի ընտրությունը: Պատասխանը պարզ է՝ ոչինչ էլ չի տա: Եվ չի կարող տալ, և այդ իրադրությունը անփոփոխ է առնվազն 1996 թ. վերջերից, երբ պարզվեց, որ ամերիկացիները մտադիր են մտնելու Բաքվի նավթի ու գազի «Դարի գործարքի» մեջ և երբ 1997 թ. հունվարից ԱՄՆ-ն սկսեց ինքն իրեն «տեղավորել» ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում: Ե՛վ այն ժամանակ, և՛ հիմա քաղաքական կուրություն է եղել և է չտեսնելը, որ ԱՄՆ-ն այդ բոլոր քայլերին դիմում է ոչ, ասենք, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կամ Արցախի անկախության ճանաչումն արագացնելու «այլասիրական մղումով»: Հենց այդ տարիներից՝ 1996-97 թվականներից էլ դադարեցին ուղղակի բանակցությունները Բաքվի ու Ստեփանակերտի միջև, թեև մինչև ԱՄՆ-ի Ապշերոն «մտնելը» (ի դեմս «Amoco» ֆիրմայի) ինքը՝ Հեյդար Ալիևը, չէր հեռացել Արցախի ղեկավարության հետ բանակցությունների սեղանից: Հիմա Բաքվի «հեծեծանքն» այն առիթով, որ Քլինթոնը չդարձավ ԱՄՆ-ի նախագահ, երեսպաշտություն է: Իրականում ապշերոնցիներն ուրախ են, և հասկանալի է, թե ինչու:

Բաքվում մի շենք կա՝ դա «Trump International Hotel»-ն է, որը կառուցվել է նախագահական ընտրարշավն սկսվելուց կես տարի առաջ Բաքվում Թրամփի ծրագրած անշարժ գույքի ոլորտի նոր նախագծի շրջանակներում: Իսկ ամերիկացի միլիարդատիրոջ գործընկերը 35-ամյա Անար Մամեդովն է՝ Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովի որդին: Այդ նախարարին ԱՄՆ-ը կասկածում է կոռուպցիայի և Իրանի բանակային կառույցների հետ գործարքների միջոցով փողեր լվանալու մեջ: Համարվում է, որ հիշյալ շենքը պարոն Թրամփի սեփականությունը չէ: Սակայն միայն 2014 թվականին Բաքվի հյուրանոցից ամերիկացի միլիարդատերը 2,5 մլն դոլար է ստացել:


Բայց սա ամենը չէ: Թրամփի բիզնես-գործընկերների մեջ մի քանի ազդեցիկ ադրբեջանցի մագնատներ կան, որոնք մտնում են և՛ Իլհամ Ալիևի, և՛, առհասարակ, «ալիևյան կլանի» մերձավոր շրջանակի մեջ: Հանրապետականի գործընկեր Էմին Աղալարովը մինչև վերջերս նույնիսկ «ապշերոնյան խանի» ընտանիքի անդամ էր: Իլհամ Ալիևի ավագ դուստր՝ Լեյլայից Էմինն ամուսնալուծվեց անցած տարի: Բայց Ադրբեջանի նախագահը հիմա էլ շարունակում է իր թոռների հորն անվանել իր ընտանիքի անդամ: Համենայն դեպս, նրանց փողերն ընդհանուր են: Բայց, այդուամենայնիվ, Թրամփ-Աղալարով կապի մասին. Թրամփը Ալիևի փեսային ակտիվորեն տարփողում է ամերիկյան փոփ-միջավայրում: Մի մամուլի ասուլիսում նա իր «երիտասարդ բարեկամին» նույնիսկ համեմատել է գերաստղ Լեդի Գագայի հետ, նրա համար կանխատեսելով երգչի նույնքան փայլուն կարիերա. «Համոզված եմ, որ Էմին Աղալարովը կարող է դառնալ այն մակարդակի հաջորդ աստղը, որպիսին հիմա Լեդի Գագան է»: Եվ երկուսն էլ «խցկվում են» Ռուսաստանի բիզնես-ոլորտ, ի դեպ: Դեռ 2013-ի նոյեմբերին մոսկովյան «Կոմերսանտը»-ը գրել է. «Միլիարդատեր Դոնալդ Թրամփը գործընկեր է փնտրում Ռուսաստանում իր նյույորքյան «Trump Tower» 58-հարկանի երկնաքերի նմանակի կառուցման համար: Հավանական համաներդրողը Արաս Աղալարովի (այսինքն` Էմինի հոր) ընկերությունն է»: Մոսկվայում երկնաքեր կառուցելու ամերիկա-ադրբեջանական համատեղ նախագիծն սկսեց իրական ուրվապատկեր ստանալ: Մամուլում սկսեցին տեղեկություններ երևալ այն մասին, որ գործընկերները պայմանավորվել են բարձրաբերձը կառուցել «Քրոկուս Սիթիի» տարածքում գտնվող բազմանպատակ համալիրի գոտում, ուր ծրագրված է կառուցել երեսուն 50-հարկանի շենք: Ներդրումներն ու շահույթը՝ հիսուն-հիսուն: 2016 թվականին Էմին Աղալարովը (որպես «Crocus Group»-ի 1-ին փոխնախագահ) մի հարցազրույցում ասել է. «Դոնալդ Թրամփը, չնայած միջազգային քաղաքական բարդ իրադրությանը, դարձյալ շահագրգռված է այդ նախագծով: Մենք բանակցությունների մեջ ենք»: Իսկ Ալիևի փեսայի հայրը «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի թղթակցին ասել է. «Չնայած հիմա Թրամփն զբաղված է ԱՄՆ-ում ընթացող ընտրարշավով, վերջերս ժամանակ գտավ հանդիպելու Էմինի հետ և քննարկելու գործերը»: Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ Իլհամ Ալիևի ընտանիքն ու Թրամփը շատ լուրջ համատեղ բիզնես-նախագծերում են:


Բայց սա էլ ամենը չէ: «Ընկեր Թրամփը» շատ մոտիկից ծանոթ է Բաքվում ԱՄՆ-ի նախկին դեսպան Սթենլի Էսկուդերոյի հետ, որը վաղուց Ապշերոնում տեղ ունի նավթաբիզնեսում: Եվ առհասարակ, էլի շատ բաների է տեր դարձել Ադրբեջանում այն բանից հետո, երբ ավարտեց դիվանագիտական աշխատանքը Բաքվում: Ահա տեսեք, հայեր, թե ինչ հեռանկարներ է «խոստանում» մեզ ԱՄՆ-ի 45-րդ նախագահը:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2522

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ