Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ինչպես չասել ոչինչ

Ինչպես չասել ոչինչ
18.11.2016 | 00:18

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին: Պատասխան՝ պարիտետային հարցազրույցը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ նրա հարցազրույցից հետո: Գլխավոր թեման, բնականաբար, պիտի լիներ Արցախի հարցը, ու ստացվեց, որ հիմա ռուսներն էլ իրենց «Բլումբերգն» ունեցան: Ի՞նչ ունեցանք հայերս: Պաշարված ամրոցի զորավարի պես՝ Սերժ Սարգսյանը ամբողջ հարցազրույցը տվել է խուլ պաշտպանական դիրքերից՝ նոր ոչինչ չասել, ոչինչ չբացահայտել, ոչինչ չտեղեկացնել: Եվ հարցը միայն ՌԴ ու ՀՀ զորքերի միավորված խմբավորման ստեղծման մասին չէ, որ նա անվանել է «արդեն վաղուց գոյություն ունեցող դաշնակցային հարաբերությունների շարունակություն» ու «լավ նորություն», թեպետ զորքերի միավորված խմբավորումը ստեղծվել է դեռևս 1990-ականների սկզբին, ու շեշտել. «Երբ օգտագործում ենք «ռազմական» բառը, միշտ առկա է գաղտնիք»: Կիսելյովի մեծ սարսափն է հարուցել թերևս ՀՀ նախագահի պնդումը, որ Հայաստանում երկրորդ ռուսական ռազմակայանի անհրաժեշտություն չկա: Ավելին՝ ռուսական քարոզչամեքենայի առաջին դեմքը բացահայտորեն հիասթափվել է «Իսկանդերների» մասին ՀՀ նախագահի պատասխանից՝ «Կարծում եմ, որ դա հարկադրված միջոց էր` մեր տարածաշրջանում ռազմական իրավիճակն ինչ-որ կերպ հավասարակշռելու համար»։ Սերժ Սարգսյանն ասել է, որ հրթիռները «հակաթույն» էին, բայց չի ասել, որ «թունավորողը» Ռուսաստանն էր։ Ընդամենը հիշեցրել է, որ մենք Ռուսաստանի հետ ունենք տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը պահպանելու պայմանագիր։


Կիսելյովը չի ստացել իր ակնկալած պատասխանը նաև ՌԴ-ի խաղաղապահ դերի մասին. ՀՀ նախագահն ընդամենն արձանագրել է, որ ՌԴ-ն առանցքային դեր ունի տարածաշրջանում՝ խաղաղություն և կայունություն հաստատելու գործում, առանցքային դեր է խաղացել մարտական գործողությունները դադարեցնելու գործում ևս։ Նաև հիշեցրել է, որ հայ հասարակությունը միանշանակ չընդունեց ՌԴ հավասարակշռված քաղաքականությունը զանգվածային լրատվամիջոցների ու ԱԳՆ մակարդակով, որ մեծ հաճոյախոսություն է նախարարությանը:

ՀՀ նախագահը հաստատ ապշեցրել է Կիսելյովին՝ հայտարարելով, որ Հայաստանի գլխավոր շտաբի պետի և Ադրբեջանի գլխավոր շտաբի պետի Մոսկվայում հանդիպման մանրամասները չգիտի ու տեղյակ չէ՝ ինչի մասին են խոսել, եղե՞լ է զրույց Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների, պաշտպանության նախարարների միջև, բայց հստակ գիտի, որ եղել է զրույց իր և Վլադիմիր Պուտինի միջև, իսկ դա նշանակում է, որ ՀՀ նախագահը հայտարարել է՝ ինչ եք պայմանավորվել, ձեր անձնական գործն է, ինձ համար նշանակություն չունի, կարևորը հարցի խաղաղ կարգավորումն է, որ ինձ եք խոստացել: Սա զգետնիչ երկրորդ հարվածն էր Կիսելյովին, որ լավ կանի՝ մտածի իր մասնագիտական որակները բարելավելու մասին: Կիսելյովը շարունակել է սադրել՝ հայտարարելով, որ «անհնար է անընդհատ պահպանել հավասարակշռությունը պատերազմի եզրագծին»՝ տեղնուտեղը մոռանալով ՌԴ «խաղաղապահ» դերը: ՈՒ այստեղ Սերժ Սարգսյանը նրան պատմել է մի երկար պատմություն՝ սկսած 2007-ից, բացատրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման երեք սկզբունքները: Ասել է՝ չեն հակասում միմյանց, քաղաքակիրթ աշխարհում բոլոր հարցերը լուծվում են առանց ուժ կիրառելու, առավել ևս` պետությունների միջև։ Ասել է՝ «Մենք ընդունում ենք ցանկացած պետության, այդ թվում` Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը» ու բացատրել, որ ժողովրդի ինքնորոշումը չի հակասում տարածքային ամբողջականության սկզբունքին՝ տարածքային ամբողջականությունը վերաբերում է պետությունների հարաբերություններին, իսկ ինքնորոշումը` մայրաքաղաքին և ժողովրդին, որը բնակվում է իր պատմական հայրենիքում։ Շատ խոսուն է Կիսելյովի լռությունը նրա բացատրությունների ընթացքում, երբ ՀՀ նախագահը պատմում էր համարյա մեկ տասնամյակի բանակցությունների ընթացքը՝ Մայնդորֆից Կազան, Վիեննա ու Սանկտ Պետերբուրգ:

Գուցե Կիսելյովի համար մեծ սպեղանի էր լսել. «Իհարկե, կա որոշում, և մենք հասկանում ենք, որ այն պետք է հիմնվի փոխզիջումների վրա, դա այն դեպքը չէ, որ հաղթել է Հայաստանը կամ Ադրբեջանը, կամ էլ Ղարաբաղը»։ Բայց դա տարօրինակ է լսել ՀՀ նախագահից՝ եթե Հայաստանն ու Ղարաբաղը չեն հաղթել, ի՞նչ է հիմա Ադրբեջանն ուզում:
ՀՀ նախագահը պարզ ասել է. «Եթե չկա առաջխաղացում, եթե մենք հանդիպում ենք, իսկ հետագայում պայմանավորվածությունները չեն կատարվում, էլ ի՞նչ օգուտ այդ հանդիպումներից» ու հիմնավորել պայմանավորվածությունների չկատարման փաստով: Նա չի բացառել, որ համանախագահներն ունեն նախապատրաստված փաստաթուղթ, բայց ադրբեջանական կողմը դեմ է՝ պահանջելով, որ հայկական կողմը լքի «ադրբեջանական շրջանները»։ Կիսելյովին մնում էր «դրական էմոցիա» ստանալ առաջարկելով երկու նախագահների միջև թեժ գիծ բացել։ «Ես դեմ չէի լինի։ Ես պատրաստ կլինեի վերահսկողություն սահմանել և հստակ ասել` մերոնք կրակում են, թե ոչ, իհարկե ակնկալելով նման վերաբերմունք ադրբեջանական ղեկավարության կողմից», պատասխանել է ՀՀ նախագահը։ Սենսացիան չի ստացվել. մեծ գաղտնիք չէ, որ առանց Ադրբեջանի գերագույն գլխավոր հրամանատարի հրամանի շփման գծում չեն կրակի:

Կիսելյովը դիմել է պատմությանը. «Ես հուսով եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները կցանկանան պատմության մեջ մնալ որպես առաջնորդներ, որոնք խաղաղություն են պարգևել տարածաշրջանին»,- ասել է նա` «մոռանալով», որ կա երրորդ երկիրը՝ Արցախը։ Պատմության մեջ մնալու առաջարկին ի պատասխան Սերժ Սարգսյանը նրան նորից տարել է պատմության խորքերը՝ սկսելով 1988-ից ու եզրափակել, որ եթե Խորհրդային Միությունը գոյություն ունենար ևս կես տարի, Լեռնային Ղարաբաղի անկախությունը փաստ կլիներ և կճանաչվեր մյուսների կողմից։ Ի պատասխան Կիսելյովին մնացել է անցնել Թուրքիայի հարցին: ՈՒ Սերժ Սարգսյանը նրան այս անգամ էլ ուղարկել է Անկարա՝ հայտարարելով՝ մենք Թուրքիայի հետ որևէ հարաբերություն չունենք, եթե հանդիպում ենք միջազգային համաժողովների ընթացքում, բարևում ենք միմյանց և վերջ։ Կիսելյովը նրան տարել է հիմա էլ Սիրիա. «Ինչպե՞ս եք Դուք գնահատում Հալեպում տիրող իրավիճակը»։ Իսկ Սերժ Սարգսյանը վերադարձրել է Ստեփանակերտ. «Ես նման զգացումներ եմ ունեցել, երբ ապրել եմ Ստեփանակերտում, ուր ամեն օր ավելի քան երեք հարյուր արկ էր ընկնում Ստեփանակերտի վրա։ Իրականում դա սարսափելի է»։ Սերժ Սարգսյանը այս անգամ որոշել է նրա ջանքերը վարձատրել ու պատասխանել է. «Մենք լիովին համամիտ ենք, որ Ռուսաստանը սիրիական կառավարության խնդրանքով օգնություն է ցուցաբերում նրան։ Այստեղ ոչ մի հարց չի կարող լինել։ Սիրիական պետությունն իրավունք ունի օգնություն խնդրել, Ռուսաստանն էլ իրավունք ունի ցուցաբերել։ Մենք, իհարկե, շատ կուզեինք, որ այդ հարցն արագ լուծվեր, թեև, ինչպես տեսնում եմ, դժվար թե հաջողվի հասնել խնդրի արագ կարգավորման» ու խոսել է Սիրիայում ապրող 20 հազար հայերի մասին, որից հետո Կիսելյովը արագ որոշել է վերադառնալ Հայաստան ու խոսել հանրաքվեից, որ փոխեց կառավարման մոդելը, և «թարմ արյունից», որ Կարեն Կարապետյանի նշանակումով մտել է Հայաստանի քաղաքական կյանք։

Նույնքան խանդավառ պատասխան, սակայն, նա նորից չի ստացել՝ ընդամենը խնդիրների շարադրանք ու. «Ես հուսով եմ և կարծում եմ, որ նոր կառավարությունը պատվով կկատարի այդ խնդիրը։ Ես դրանում գրեթե համոզված եմ»։ Կիսելյովին մնացել է ուղիղ հարց տալ. «Դուք հավատո՞ւմ եք Կարեն Կարապետյանին», որին չի ստացել ուղիղ պատասխան. «Կարեն Կարապետյանը և նրա թիմը, մեր ընդհանուր թիմը… Մենք տրամադրված ենք դրան։ Իրականում, նրա կառավարությունը մեր շարժիչ ուժն է»։ Սա էլ երրորդ պատճառը, որ Կիսելյովը մտածի մասնագիտական որակները կատարելագործելու մասին՝ սկսնակ լրագրողն էլ գիտի, որ չարժի տալ այն հարցը, որի պատասխանը չի համապատասխանում իր հարցի նպատակին: Եվ անգամ ԵԱՏՄ-ի վերաբերյալ նա չի ստացել ոչինչ՝ բացի ընդհանուր ձևակերպումները, թե «ԵԱՏՄ-ն մեծ ապագա է, ամեն դեպքում` մեզ համար», իսկ դա նշանակում է, որ ներկան չկա։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Հարցազրույցում եղել են, իհարկե, նաև «թեթև» հարցեր՝ ինչպիսի՞ն եք ցանկանում տեսնել Հայաստանը, ու «թեթև» պատասխան՝ «Ես ուզում եմ, որ մեր ազգային գաղափարներն իրագործվեն»։ ՈՒ՝ ի՞նչ: Չէ, իհարկե, Դմիտրի Կիսելյովը Հայաստանից հեռացել է խորապես բավարարված, որ կատարել է հիմնական խնդիրը՝ պարիտետը պահելու առաջադրանքը, հնչեցրել է ՌԴ-ի համար «կարևոր» հարցեր, ստացել է «անհրաժեշտ» պատասխաններ: Մենք ևս կարող ենք մեզ խորապես բավարարված զգալ՝ ՀՀ նախագահը չի ասել նոր ոչինչ, որ մենք չգիտեինք, ավելին՝ հրապարակվածը երկար հարցազրույց է, որտեղ չկան Հայաստանի ու միջազգային օրակարգի համար բազում կարևոր հարցեր: Նշանակո՞ւմ է դա, որ Ռուսաստանը չի խառնվում այդ հարցերի լուծմանը: Իհարկե՝ ոչ: Դա ընդամենը վկայում է, որ Ռուսաստանը այս պահին չունի դրանց պատասխանները ու ինքն էլ սպասում է՝ ինչ է լինելու: Համենայն դեպս՝ նվազագույնը տարօրինակ է, որ երկուստեք ոչ մի անդրադարձ չկա ԱՄՆ-ի ընտրություններին ու Դոնալդ Թրամփի նախագահության ազդեցությանը համաշխարհային քաղաքականության վրա: ՈՒ՝ ընդհանրապես, այս հարցազրույցը վկայում է, որ Ռուսաստանի ու Հայաստանի շփման կետերը դարձել են առավել քան պաշտոնական, ու դա առավել քան մեծ վկայություն է, որ փոփոխություններն անխուսափելի են:

Դիտվել է՝ 2104

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ