Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ժամանակը չէ՞, արդյոք, սանձելու մեր «ուլյուկաևներին»

Ժամանակը չէ՞, արդյոք, սանձելու մեր «ուլյուկաևներին»
18.11.2016 | 00:40

Նոյեմբերի 14-ը և 15-ը արտասովոր օրեր դարձան։ Այդ ժամանակաընթացքում, կարծես, միայն մեկ իրադարձություն անմիջական առնչություն ուներ Հայաստանի հետ. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց մի փաստաթուղթ, որով հավանություն է տրվում երկու երկրների միացյալ զորախմբի (ՄԶ) մասին ռուս-հայկական համաձայնագրին։ Օգոստոսի 16-ից, երբ Երևանում ՌԴ պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչները հայտարարեցին այդ առաջիկա գործի մասին, ինչպես տեսնում ենք, ընդամենը երեք ամիս է անցել, և արդեն արդյունք կա։ Ըստ էության, դա ինքնըստինքյան կարևոր թեմա է. Հայաստանի և Ռուսաստանի ինչի՞ն է պետք երկկողմ ՄԶ-ն, եթե երկրների միջև առանց այն էլ գործում է «Մեծ պայմանագրի» երկու կարևորագույն կետ, և եթե Հայաստանն ու Ռուսաստանը անդամակցում են ԱՊՀ ՀԱՊԿ դաշնախմբին, որի շրջանակներում գործակցում են թե՛ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի, թե՛ կազմավորվող խաղաղապահ զորախմբի, թե՛ այլ կառույցների ձևաչափով։ Բայց առայժմ հարկ է նշել համաձայնագրի օպերատիվ գնահատականը՝ տրված Կովկասի խնդիրների և ՄԳԻՄՕ-ի տարածաշրջանային անվտանգության կենտրոնի ավագ գիտաշխատող Վադիմ Մուխանովի կողմից. այդ փաստաթուղթը «կօգնի կայունացնելու իրավիճակը տարածաշրջանում և կսառեցնի որոշ տաք գլուխներ». «Երկկողմ հարաբերություններում միացյալ զորախմբի ստեղծման հարցը վաղուց էր առաջացել։ Ռուսաստանը տվյալ դեպքում Հայաստանի ազգային անվտանգության երաշխավորն է»։


Ավելի քան թափանցիկ ակնարկ Ադրբեջանին, քանի որ ոչ մի պետություն, նույնիսկ Թուրքիան, չի համարձակվի բացահայտորեն սպառնալ Հայաստանին պատերազմով։ ՈՒ ամեն ինչ լավ կլիներ, եթե Վ. Պուտինի արդեն հիշատակված որոշման կողքին չլինեին բաներ, որոնք ի վերջո նշանակություն կունենան ինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջ աշխարհի համար։ Կամա թե ակամա, Հայաստանը շուտով և՛ շահերի բախման, և՛ համագործակցության ու... «հեղափոխականների» միջազգային ավազակախմբերի հայտնաբերման համատեղ գործողությունների ասպարեզ կդառնա։ Վ. Պուտինի կողմից ռուս-հայկական ՄԶ-ի մասին համաձայնագրի հիշատակված հաստատումից հետո, ինչպես հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները, «Ռուսաստանը հայտարարել է, որ միլիարդատեր Ջորջ Սորոսը հետախուզվում է իրենց երկրում, նա և նրա կազմակերպությունը սպառնալիք են Ռուսաստանի ազգային անվտանգության համար»։ Իրոք, Ռուսաստանի իշխանությունները 2015 թ. արգելեցին Սորոսի և «սորոսաձագերի» գործունեությունը Ռուսաստանում, որովհետև «Սորոսն օգնեց գրեթե լիովին ոչնչացնելու Ռուսաստանի տնտեսությունը 1990-ականների սկզբին»։ Փոքր-ինչ մանրամասն հրապարակման մասին. «Rolling Stone»-ից Մետթ Թայբին վեց տարի առաջ «Goldman Sachs»-ի մասին ասել է. «Առաջինը, որ դուք պետք է «Goldman Sachs»-ի մասին իմանաք, այն է, որ նա ամենուր է։ Աշխարհի ամենահզոր ներդրումային բանկը մեծ արյունախում ծովահրեշ է՝ փաթաթված մարդկության դեմքին, անգթորեն խեղդելով նրան՝ ծծում է արյունն այն ամենի, ինչից փողի հոտ է առնում։ Ըստ էության, վերջին ֆինանսական ճգնաժամի պատմությունը, որը կրկնապատկվում է իբրև խաբված ամերիկյան կայսրության սրընթաց անկման ու կործանման պատմություն, ցույց է տալիս, թե ով ով է «Goldman Sachs»-ի շրջանավարտներից»։


Ակնհայտ է, որ Սորոսն ուզում է «Goldman Sachs»-ի նման լինել, գրում են ԱՄՆ-ում։ Ֆիլ Բաթլերը դա շատ լավ է բնութագրում, երբ ասում է. «Ջորջ Սորոսի մատը խառն է ցանկացած քաղաքական կարկանդակին։ Եթե մեր աշխարհում ճգնաժամ կա, ապա, անկասկած, նա մեղքի բաժին ունի դրանում»։ «Կարելի է ասել, որ Սորոսն ու «Goldman Sachs»-ը նույն եղբայրության գաղափարական մասն են։ Նրանց ռազմավարությունները փոքր-ինչ տարբեր են, բայց վերջին հաշվով նպատակը տնտեսական համակարգի (լինի դա կապիտալիստական, թե սոցիալիստական) և քաղաքական ձեռնածության միջոցով կյանքի ոչնչացումն է։ Ահա թե ինչու է Սորոսը կարծում, թե ինքն անպարտելի է։ Նա կարծում է, թե կարող է ակնթարթորեն շարժման մեջ դնել մոլորակի քաղաքական ու տնտեսական կյանքը, և ոչ ոք չի կարող իր ձեռքը բռնել... Սորոսը համարում է, որ ինքը կարող է առանց խնդիրներ ունենալու խաթարել ամբողջ Եվրոպայի և նույնիսկ Ամերիկայի քաղաքական կայունությունը»։ Ամերիկացիները շարունակում են իրենց չար ոգու մասին. «Սորոսը, իհարկե, ծեր է, բայց նա չի ուզում «հնամաշ» լինել։ Նրա կազմակերպությունը վերջերս բռնվեց Ռուսաստանում իրադրության ապակայունացմանն ուղղված գաղտնի գործողություններ իրականացնելիս: Ահա մի հետաքրքիր հատված Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամի» գաղտնազերծված էջերից. «Մեր նպատակն է մասնակցել գործունեությանը, նաև այն դերակատարների հետ, որոնք կհակազդեն ավանդական արժեքների պաշտպանության շարժմանը ցուցաբերվող ռուսական աջակցությանը...»։


Հասկանալի է, որ այս տեղեկություններն առաջին անգամ նոյեմբերի 14-15-ից շուտ են եղել։ Բայց ահա զանգվածային շրջանառության մեջ են դրվել հենց 14-ին։ Դա զուգադիպել է... ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երկու հեռախոսազրույցներին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ։ Միջազգային լրատվամիջոցները լի են տեղեկություններով, թե ինչ են քննարկել մոլորակի երեք խոշորագույն տերությունների առաջնորդները, ինչ պայմանավորվածության են հանգել և այլն։ Չեմ կրկնի այն, ինչն առանց այդ էլ հայտնի է շատերին։ Այնպես էլ հասկանալի է, որ համաձայնության են եկել մոտ ժամանակներս երկկողմ (գուցե և եռակողմ) հանդիպումների, Սիրիայում և Իրաքում գործողությունների համակարգման շուրջ և այլն, և այլն։ Բայց այդ երկու հեռախոսազրույցների բովանդակությունից ի՞նչ չեն հրապարակել լրատվամիջոցները,՝ մնում է գուշակել միայն։ Սակայն «հեղափոխության» ֆինանսիստի ձերբակալության համար Վ. Պուտինի տված միջազգային օրդերի մասին հաղորդումների զանգվածային հոսքը ստիպում է ենթադրել, որ «հեղափոխության սուտենյորի» մասին էլ է խոսք եղել։ Եվ քանի որ հենց ամերիկյան լրատվամիջոցներից է սկսվում տեղեկատվական հոսքը Սորոսի հնարավոր ձերբակալության մասին, ապա այդ գործում չափազանց շատ ակնարկներ կան նաև «սորոսաձագերի» համար, այդ թվում՝ Ռուսաստանում և Չինաստանում։ Նաև մեզ մոտ՝ Հայաստանում։


Ո՞Ւմ համար է գաղտնիք, որ «Բաց հասարակության հիմնադրամի» (հենց դա էլ Սորոսի հիմնադրամն է) երևանյան «բաժանմունքը» 1991 թվականից հետո բոլոր տարիներին գործել է բացահայտ և հնարամիտ, պատրաստել է իր մարդկանց և հասկանալի է, թե ինչի համար։ Եվ, դատելով ըստ ամենայնի, կկտրվեն ոչ միայն «հեղափոխական դրամաշնորհները»՝ նախատեսված Հայաստանի կամ մեկ այլ երկրի, օրինակ, Բուլղարիայի ու Մոլդովայի «սորոսաձագերի» համար, որտեղ օրերս հաղթեցին ՌԴ-ի հետ հարաբերությունների սրման ծայրահեղ հակառակորդները՝ ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Ռումեն Ռադևը և սոցիալիստ Իգոր Դոդոնը։ Կամ էլ հենց ԱՄՆ-ի։ Չէ որ Թրամփը հեռախոսազրույցներից հետո ասել էր, չէ՞. «Մենք թույլ չենք տա Սորոսին ու նրա ընկերությանը 1) իր ձեռքը հավաքել ԶԼՄ-ները, 2) խրախուսել աղաղակող անկարգությունները, 3) տապալել ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունը, ինչպես արեց ՈՒկրաինայում»։


Այնուհետև։ Նոյեմբերի 15-ից Ռուսաստանը Սիրիայում վերսկսեց հարվածներն ահաբեկիչներին, այդ թվում՝ թևավոր հրթիռներով և հենց այս օրերին Սիրիա հասած ՌԴ միջերկրածովյան ռազմածովային խմբավորման ռազմանավերից ու սուզանավերից։ Եվ արդեն հարվածներ են հասնում ոչ միայն Լաթաքիայի նահանգի հյուսիսային և Հալեպի օկրուգին, այլև նախկինում ռուսական հարվածների ծիրում չգտնվող Հոմսին և Իդլեբին։ Իսկ թուրքերը շտապեցին գրավել սահմանամերձ Ալ-Բաբ քաղաքը։ Լուրեր էին գալիս նաև Իրաքից. կփորձենք լուսաբանել նաև այդ կողմը։ Եվ ավելացնենք. Թրամփի ու Պուտինի խոսակցությունից հետո Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի կենտրոնակայաններում, լուրջ խուճապ սկսվեց։ Հյուսիսատլանտյան դաշնախումբը, օրինակ, նոյեմբերի 15-ից պնդում է, թե ուզում է «վերսկսել երկխոսությունը» Ռուսաստանի հետ, թեև վերջերս այդտեղից բացարձակապես կոշտ վերջնագրային պահանջներ էին հնչում Մոսկվայի և ռուս զինվորականների հասցեին։ Թրամփն ու Պուտինը «նոր դարագլուխ» են բացում ռուս-ամերիկյան հարաբերություններում, գրում է բրիտանական «Daily Express»-ը, մեկնաբանելով տեղի ունեցած հեռախոսազրույցը, և ասում է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի մոտ նյարդային «ցնցումներ» են սկսվել. մեկ պատրաստ է Ռուսաստանի հետ խոսելու, մեկ ԱՄՆ-ին վախեցնում է «ռուսական սպառնալիքով»։ Ի դեպ, Պուտինն արդեն զանգել է նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և խստիվ նախազգուշացրել. ժամանակն է վերջ տալու ՈՒկրաինայի շուրջ «խաղերին», «օդերևութաբանների կանխատեսած ցուրտ ձմռան կապակցությամբ կարող է մեծանալ գործող պայմանագրերին համապատասխան Եվրոպա մատակարարվող ռուսական գազը ուկրաինական կողմից ապօրինի օգտագործման վտանգը»։ ՈՒ քանի որ ՈՒկրաինայի թեմային զուգընթաց Պուտինն ու Մերկելը խոսել են և՛ «Մինսկի համաձայնագրեր-2»-ի, և՛ «Նորմանդյան ձևաչափի» մասին, ապա միանգամայն տեղին է ենթադրել. Գերմանիայի կանցլերը հաստատ կհասկանա, որ «Ռուրգազը» հարկադրված կլինի ինքնուրույն գործ ունենալ ռուսական գազի ուկրաինացի գողերի հետ, եթե Բեռլինը ճնշում չգործադրի Կիևում իշխող Պորոշենկոյի հանցախմբի վրա։
Իսկ հիմա Մոսկվայի իրադարձությունների մասին, որոնք բառացիորեն չեն իջնում ամբողջ աշխարհի շուրթերից։ Երկու միլիոն դոլար կաշառք ստանալիս ձերբակալվել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ ՈՒլյուկաևը։ Հետաքննության տվյալների համաձայն, ՈՒլյուկաևը կաշառք էր ստացել «Բաշնեֆտի» բաժնետոմսերը գնելու հարցում «Ռոսնեֆտ» ընկերությանը չխոչընդոտելու համար։ Այո, չարագույժ «Բաշնեֆտի», որը և հիմք էր ծառայել «Սիստեմա» ԲՖԿ-ի ղեկավար Վլադիմիր Եվտուշենկովի դատական հետապնդման համար։ Եվ, իհարկե, մեր Լևոն Հայրապետյանի։ Երկու դեպքում էլ պետությունն արձագանքել է Իգոր Սեչինի «ահազանգին»՝ այն պիտերցու, որը մի ժամանակ հզոր դեմք էր Կրեմլի վարչակազմում, իսկ հիմա հենց «Ռոսնեֆտ» ընկերության ղեկավարն է։ Եվտուշենկովը «մեղա եկավ» և վերադարձրեց գողացածը։ Իսկ ահա ինչ կլինի ՈՒլյուկաևի վիճակը։ Խնդիրն այն է, որ արդեն ամբողջ աշխարհում լուրեր են տարածվում, որ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կառավարությունից ազատականների ամբողջ խումբը «թռնելու» է։


ՈՒլյուկաևի օպերատիվ մշակմամբ զբաղվել է «Ռոսնեֆտի» անվտանգության ծառայությունը: Բայց, ինչպես նոյեմբերի 15-ին նշեց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը, նախարարը հատուկ ծառայությունների հսկողության տակ է եղել... մոտ մեկ տարի: Եվ Պուտինին մշտապես զեկուցել են գործողության ընթացքի մասին: Ռուսաստանի ԱԴԾ-ն ՈՒլյուկաևի հեռախոսը գաղտնալսել է 2016 թ. ամռանից, ուստի հատուկ ծառայության աշխատակիցները կարողացել են լսել նրա սպառնալիքները «Բաշնեֆտի» սեփականաշնորհման հարցը քննարկելիս, նշել է Ռուսաստանի քննչական կոմիտեի ¥ՌՔԿ¤ ներկայացուցիչ Պետրենկոն: «Ձերբակալվելիս ՈՒլյուկաևը փորձել է զանգահարել հովանավորներին, բայց իզուր»,- ասել է գերատեսչության մամուլի քարտուղարը: Ինչ հովանավորների մասին է խոսքը՝ Պետրենկոն չի ճշտել:


Արդեն հաղորդվել է, որ Շերեմետևոյի օդանավակայանում ձերբակալվել է նաև փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը. նա, ինչպես և ՈՒլյուկաևը, դեմ է եղել «Բաշնեֆտի» սեփականաշնորհմանը «Ռոսնեֆտ» ընկերության մասնակցությանը: Նրա եղբորը՝ Միխայիլ Դվորկովիչին, արդեն թույլ չի տրվում դուրս գալ Ռուսաստանի սահմաններից: Փոխվարչապետի կինը՝ ադրբեջանուհի Զումրուդ Ռուստամովան, դեռ 2013-ին ստիպված էր հեռանալ «Շերեմետևոյի միջազգային օդանավակայանի» տնօրենների խորհրդից: ՈՒր եկավ Դվորկովիչի մեկ այլ զինակից՝ Իգոր Շուվալովը, ներկայիս առաջին փոխվարչապետը: Նշենք, այդուամենայնիվ. տիկին Ռուստամովան մնում է Ռուսաստանի ամենահարուստ «առաջին տիկնանցից» մեկը, քանի որ զբաղեցնում է «Պոլիմետալ ՈՒԿ» ֆիրմայի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը: Թե ինչ է լինելու Դվորկովիչի (կամ Դվորկովիչների) հետ, առայժմ դժվար է ասել: Բայց ՈՒլյուկաևի բոլոր օգնականները արգելափակվել են ինքնաթիռում, որը պետք է թռչեր Պերու: Մեծ բիզնեսի հետ քաղաքականության կապերի աշխարհում խորագիտակ ռուսական «Ռոսբիզնեսկոնսալտինգ» (ՌԲԿ) գործակալությունը արդեն պնդում է, որ ՈՒլյուկաևի ձերբակալությունից հետո, բացի Դվորկովիչից, հարվածի տակ են հայտնվել ՌԴ կառավարության «ազատական թևի» նաև մյուս անդամները: Դրանք են՝ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, արդեն հիշատակված Շուվալովը, էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, բնական պաշարների նախարար Սերգեյ Դոնսկոյը և, վերջապես, ինքը՝ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Եվ Պուտինը 15-ին արդեն խոսակցություն ունեցել է վարչապետի հետ. իհարկե, մենք դեռ երկար ժամանակ չենք իմանա խոսակցության մանրամասները, թեև հաղորդել են, թե Մեդվեդևը պահանջել է մանրակրկիտ հետաքննել «ՈՒլյուկաևի «գործերը»: ՌԲԿ-ն հիշեցրել է, որ մինչև վերջին ժամանակները Մեդվեդևը համարվում էր Պուտինի փոխանորդի դերի գլխավոր հավակնորդը 2017 թ. վաղաժամկետ նախագահական ընտրությունների դեպքում. «Ինչ-որ մեկը քանդում է վարչապետի ոտքի տակը»: Ես կասեի ավելին՝ ինչ-որ մեկը կացին է բարձրացրել նրա, և ոչ միայն նրա, պարանոցի վրա: Նոյեմբերի 8-ից առաջ «ազատականների կուլիսային դավի» մասին գրել են թե՛ Ռուսաստանում, թե՛ Արևմուտքում: Եվ թող նշված անձինք Աստծուն աղաչեն, որ իրենց նկատմամբ հետաքննությունը բավարարվի միայն «կաշառքների գործերով»։


Եվ զուր չէ, որ նոյեմբերի 15-ին որպես ռուս ամերիկամետների՝ «ազատականների», և ԱՄՆ-ի որոշ հատուկ ծառայությունների միջև «կապավորներ» ներկայացող երկու ամերիկացիներ բառացիորեն վայնասուն բարձրացրին: Մոսկվայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մայքլ Մաք-Ֆոլլին, որին (և դարձյալ օրերս) անցանկալի անձ հայտարարեցին Ռուսաստանում, խուսագրել է Twitter-ում. «Շոկ: Նա (այսինքն՝ ՈՒլյուկաևը) ազատականներից մեկն է համարվում կառավարությունում: Գայդարի նախկին ստվերային ընկերն է: Ֆոնը քաղաքական է»: Հետաքրքիր է, ազատական, «Գայդարի ընկեր» լինելն ու որպես բացահայտ ամերիկամետ հանդես գալն արդեն գողության և կաշառակերության «քարտ բլա՞նշ» է: Կամ «թողտվություն» և պատասխանատվությունից խուսափելու իրավո՞ւնք, որտեղի՞ց նախարարի աշխատավարձով ապրող մարդուն 25 միլիոն դոլարի միայն անշարժ գույքը: Իսկ ամերիկացի փորձագետ, վաշինգտոնյան Ատլանտյան խորհրդի ավագ աշխատակից Անդերս Ասլունդը հայտարարել է, որ ՈՒլյուկաևի ձերբակալությունը «որակական փոփոխություն է ռուսական քաղաքականության մեջ՝ համադրելի Բորիս Նեմցովի սպանության հետ»: Իսկ ռուս փորձագետ Միխայիլ Խազինը ավելի պարզ է բացատրել. «Արդի ռուսական վերնախավը նրա տնտեսական թևի մի մասն է. ստեղծվել է 90-ական թվականներին Բիլ Քլինթոնի թիմի կողմից: ՈՒստի նրանք շատ մտերիմ են այն խմբի հետ, որը որպես ԱՄՆ-ի նախագահի առաջ էր մղում Հիլարի Քլինթոնին»:

Ախր ես հասկանում եմ. հենց «Գայդարի-Չուբայսի թիմը» Ռուսաստանում արգելեց ներքին ներդրումների զարգացման հետ կապված այլընտրանքային մոդելները, և իր «ընտրախավային» կարգավիճակի շնորհիվ այդ խումբը անպատիժ էր, նույնիսկ Պուտինի օրոք, որը հույս ուներ նրանց օգտագործելու իբրև «հետադարձ կապի ուղի», ավելի ճիշտ՝ «հետադարձ ճնշման»: Քանի որ ամերիկյան «համակարգն» ինքն է հրաժարվում Քլինթոններից, ուրեմն և՝ կուլիսային շրջանակներից, որոնք երկար տարիներ այդ ընտանիքը պահում էին «ջրի երեսին», ապա հիմա քլինթոնյան դրածոներից ոչ ոք պետք չէ նաև Ռուսաստանի հատուկ ծառայություններին: Ես մի հարց ունեմ մեր իշխանություններին. ժամանակը չէ՞, արդյոք, սանձելու մեր «ուլյուկաևներին»...

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 1852

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ