«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Տեսանելի իրողության մտահոգությունները

Տեսանելի իրողության մտահոգությունները
22.11.2016 | 00:12

ՀՀ էքսվարչապետերից մեկի ԱԺ աշխատավայրում արած արտահայտությունը՝ ՀՀ ազգային վիճակագրության ծառայության ղեկավարին սուտասանության մոնոպոլիստ համարելու վերաբերյալ, տարօրինակից մինչև արտառոց կարելի է որակել: Եթե հասցեատերն իրոք այդպիսին է, հարկ էր անմիջապես քայլեր ձեռնարկել և կանխել երևույթը, քանզի այն վերաբերում ու առնչվում է իշխանության ու պետության վարկին, ստվերում է մեր երկրի միջազգային հեղինակությունը, կարճ ասած՝ մտահոգիչ է: Եվ քանի որ օրեր են անցել, իսկ որևէ արձագանք չկա, ստացվում է, որ ՀՀ բարձրագույն պաշտոնյաներից մեկին տրված ԱԺ պատգամավորի գնահատականն անհիմն է, ընդամենը քաղաքական պայքարի ձև ու միջոց:


ՀՀ հարյուր հազարավոր շարքային քաղաքացիները գրեթե ամեն օր են իշխանություն-ընդդիմություն այսօրինակ հակամարտության ականատես և ունկնդիր դառնում, թեև համոզված են, որ ասենք տվյալ պարագայում նախկին վարչապետը հիմնականում քաղաքական նպատակ էր հետապնդում: Վստահաբար քաջատեղյակ լինելով, որ ՀՀ ԱՎԾ կառույցը հաշվետվություններ կազմելիս հիմնականում առաջնորդվում է մարզային իր ենթակառույցների ներկայացրած տեղեկատվություններով, վերջիններս էլ` համայնքների ու տնտեսավարողների կազմած փաստաթղթերի տվյալները համատեղելով, ստացվում է որ ստախոսության հասցեատերը բոլորովին այլ տեղում է, և որևէ մեկն ի զորու և իրավասու չէ պարզելու և բացահայտելու այն: Հիշում եք, չէ՞, թե նման փորձին, կապված ՀՀ վերստուգիչ պալատի տարեկան հաշվետվության հետ, ինչ կտրուկ արձագանքեց երկրի թիվ 1 պաշտոնյան: Այնպես որ ՀՀ իշխանավորը լավագույնս պաշտպանված է:


Դրանից, ցավալիորեն, հայաստանյան հասարակական ու հանրային միջավայրը չի բարեփոխվում, առողջացման նախանշաններ չի ցուցադրում, մեր կենցաղը չի բարելավվում: Մեր հարյուր հազարավոր համերկրացիները Աստծո յուրաքանչյուր օրը սկսում են իրենց էությանն անհարիր տրտունջի ու դժգոհության պայմաններում, այն արտահայտում մասսայական բողոքների ու միտինգների տեսքով: Ինչո՞ւ են անվերջ բողոքողների կարգավիճակում հայտնվում, ասենք, նաիրիտցիներն ու նրանց վանաձորցի գործընկերները: Նրանց հանգստացնելու կոչված պետական կառույցների պատասխանը հետևյալն է. ներդրումներ խոստացողները վերագործարկման ողջ գործընթացը լավագույնս չեն պատկերացնում, խոչընդոտները հաղթահարելու հստակ ծրագրեր չունեն: Շատերն են նման մոտեցումը անհիմն համարում, էքսվարչապետի ոճով էլ գնահատականներ հնչեցնում, միայն այն տարբերությամբ, որ իրենք քաղաքական նպատակներ չեն հետապնդում, այլ ընդամենն իրենց կյանքի ու կենցաղի բարելավումն են ակնկալում:


Փորձեմ կենտրոնանալ նաիրիտցիների ու վանաձորցիների օրինակի վրա: Կարծիք կա, որ այս արտադրությունները չեն վերագործարկվում նաև դրանց էապես էլեկտրածախսատար լինելու պատճառով: Մեզանում շատերն են վստահ ու համոզված, որ Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգիայի արտադրության խնդիր գոյություն չունի, ինչպես հեռուստահաղորդավարներից մեկն է պատեհ-անպատեհ առիթով հնչեցնում՝ ատոմակայան ունենք: Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում հայկական ԱԷԿ-ը` Մեծամորի էլեկտրակայան-հզորությունը: ՀՀ ԱՎԾ-ի տվյալներով՝ 2015-ի հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում այս էլեկտրակայանը տվել է ՀՀ-ում հաշվառված 7 մլրդ կՎտժ-ի 13,1 տոկոսը` 2,2 մլրդ կՎտժ Թվերը վերցրել ենք ՀՀ ԱՎԾ հաշվետվության էլեկտրոնային հրապարակումից: Ինչ-որ չի ստացվում, քանզի 7 մլրդ-ի 13 տոկոսը մոտ 900 մլն է: Վիճակն ավելի է խճճվում 2015-ի հունվար-նոյեմբեր ամիսներին հիդրոկայանների արտադրության ցուցանիշին ծանոթանալու արդյունքում. տոկոսային հարաբերությամբ այն ողջ հաշվառվածի 13,7 տոկոսն է, որը ներկայացված է 1,8 մլրդ կՎտժ:

Տարօրինակ թվաբանություն է ստացվում. եթե 13,1 տոկոսը 2,2 մլրդ է, 13,7 տոկոսը հարկ է որ ավելի մեծ թիվ լինի, մոտ 2,4 մլրդ, երբ հաշվետվությունում նշված է 1,8 մլրդ, ամբողջ 600 մլն-ով պակաս: Իրոք տարօրինակ է: Դիտարկվող ժամանակահատվածում ջերմակայանների բաժինը նշվել է 40,9 տոկոս, կամ 2,9 մլրդ կՎտժ: ՀՀ ԱՎԾ-ի հաշվառած 7 մլրդ կՎտժ-ի պարագայում վերջին թիվը տեղին է, բայց երբ դրանք համեմատում ենք մնացյալ տոկոսների հետ, լրիվ այլ պատկեր է ստացվում: ԱԷԿ-ում արտադրված տոկոսի մեկ երրորդը կազմող ցուցանիշների պարագայում հիդրո և ջերմակայաններում արտադրված էլեկտրաէներգիան քանակային առումով հազիվ 1 մլրդ-ական կՎտժ է ստացվում, ընդամենը 5 մլրդ էլհոսանքի արտադրություն: Իսկ ո՞ւր մնաց 2 մլրդ կՎտժ-ն, առանց որի հնարավոր չէ ՀՀ լիարժեք էլեկտրաէներգետիկ ապահովություն ունենալ:


Այն ՀՀ ԱՎԾ հաշվետվությունը կազմողները տեղավորում են ինչ-որ առումով տարօրինակ «Էլեկտրաէներգիայի հաղորդում և բաշխում» տողում, նշելով 32,2 տոկոս ցուցանիշ, առանց մանրամասնելու, թե ինչ քանակի էլեկտրաէներգիա է այն կազմում: Ոլորտին մասամբ ծանոթները կարող են հայտնել, որ այստեղ ընդգրկված են իրանական գազի դիմաց արտադրված ու փոխանցված էլէներգիան և ամռան շրջանում Իրան առաքված ու ձմռան ամիսներին այնտեղից ներմուծված էլէներգիայի քանակները, թե ինչ համամասնությամբ, պարզ չէ: Բայց կարևոր է հենց թեկուզ «Նաիրիտը» և «Քիմպրոմը» վերաշահագործելու առումով: Եթե առկա վիճակում, որում ապրում է հանրապետությունը, երկրի էլեկտրաէներգետիկ հզորությունների արտադրածի և նշված գործընթացների շնորհիվ երաշխավորվում է մեր ապահովվածությունը, այն կարող է սասանվել ցանցին նոր հզորություններ միանալու պարագայում, որպիսիք են նշված քիմիական հսկաները: Հանրահայտ է, որ յուրաքանչյուր պարագայում ապրանքի գինը որոշվում է նաև դրա սպառման ծավալների արդյունքում, որի մասին մեզանում հաճախ է խոսվում: ՈՒրեմն ինչու չընտրել հիշյալ հզորությունները էլցանցին միացնելու միջոցը, քանզի այդ է պահանջում ՀՀ տնտեսությունը բարելավելու շահը:


2000-ականներից սկսած մեզանում էլեկտրաէներգետիկայի պատասխանատուներն այն գիծն են վարել, թե ՀՀ-ից էլեկտրաէներգիայի 1 մլրդ կՎտժ և ավելի արտահանման հիմնական խոչընդոտը տարածաշրջանում չլուծված խնդիրներն են: Իսկ իրողություն է նաև թերևս այն, որ ՀՀ էլեկտրաէներգետիկ դրվածքային 1400-1600 ՄգՎտ հզորություններն իրենց օգտակար գործողության գործակիցներով ի զորու չեն ակնկալվող քանակներով էլարտադրություն իրականացնելու: Ասենք Մեծամորի ԱԷԿ-ի աշխատող 2-րդ բլոկն ունի 407 ՄգՎտ հզորություն, որը տարվա 8760 ժամերն աշխատելու պարագայում կարող է թողարկել 3,5 մլրդ կՎտժ էլհոսանք: Սակայն առավելագույնը, որ տվել է կայանը 1985-ին, կազմել է 2,8 մլրդ կՎտժ, հետագայում` նշվածից զգալի պակաս: Համանման ռեժիմներով են աշխատում նաև ջերմային և հիդրոկայանները: Արդյունքում ստացվում է, որ ՀՀ-ում 1 բնակչի հաշվով տարեկան էլեկտրաարտադրությունն ու սպառումը կազմում է 2-2,5 հազար կՎտժ, երբ Իրանում և Թուրքիայում այն անցել է 3000 կՎտժը: Մեր հարևանները տեղյակ են, որ անգամ այդ ցուցանիշով տնտեսական կայուն աճ չես ապահովի, որ իրենց միլիարդավոր կՎտժ-եր են անհրաժեշտ և անվերջ նոր հզորություններ են շահագործում: Իսկ մեզ խոստացվողն ընդամենը նոր սերնդի ատոմակայան է, որը միայն խոստումների տեսքով է հայտնի:

Ավելորդ չհամարելով նշեմ, որ 2000-ականների սկզբին Իրանում և Թուրքիայում էլէներգիայի տարեկան արտադրությունը 120 մլրդ-ական կՎտժ էր, ներկայում` 240 մլրդ-ական կՎտժ, երբ ՀՀ ցուցանիշը գրեթե անփոփոխ 6 մլրդ-ի սահմաններում է: Եվրոպական երկրներում 1 բնակչի հաշվով տարեկան էլարտադրությունը 8-10 հազար կՎտժ է, Ֆինլանդիայում` 13 հազար կՎտժ, Նորվեգիայում՝ 28 հազար կՎտժ, հիմնականում՝ հիդրոկայաններում: Հայտնի է, որ վերջին երկուսը գերզարգացած տնտեսություններ ունեն, ասել է՝ էլէներգիայի այդ քանակների արտադրությունն ու սպառումը արդարացված և հիմնավոր են:


Եվ հարցը, թե ինչու մեզանում չի տարվում էլեկտրաէներգետիկ հզորություններ կառուցելու համապետական քաղաքականություն, հնչում է ինքնաբերաբար: Խնդրի մասնակի լուծումը 2025-ին խոստացվող նոր ատոմակայանի վրա թողնելը ոչնչով արդարացված չէ, քանզի էլհոսանքի արտադրության լավագույն միջոցներ են հիդրոկայանները, արևային ու հողմային կայանքները: Որերորդ տարին խոսվում է Արաքս գետի վրա Մեղրիհէկեր-1 և 2-ի կառուցման մասին, որտեղ մեծ ներդրումներ չեն պահանջվում: Մոտ 100 մլն դոլար գնահատված այս հզորությունների համար գումարներ կարելի է նախատեսել ՀՀ բյուջեում, կառուցման ընթացքում ֆինանսներ հատկացնելով: ՈՒնեցանք 150 ՄգՎտ հզորություն, որը ՀՀ-ի համար հուսադրող ցուցանիշ է: Բայց մերոնք այլ լուծում են գտել. Մեղրիհէկ-1-ի կառուցումը զիջել են հարևաններին, որոնք այն կառուցել-շահագործելու 16-րդ տարում հանձնելու են Հայաստանին, թե ինչ օգտակար գործողության գործակցով, կարելի է գուշակել: Աշխարհն այսօր զարգացնում է արևի օգնությամբ էլէներգիա արտադրելու գործընթացը, քանզի այն վառելիքի ու տրանսպորտային ծախսեր չի պահանջում, այլ ընդամենը հայելիներ, որոնցից արտացոլվող արևի ճառագայթներով աշտարակների վրա տեղադրված տարողությունների ջուրն է տաքացվում, ստացված գոլորշին տուրբիններ մղվում և այդկերպ գեներատորների միջոցով էլեկտրաէներգիա ստանում: Էլ ավելի պարզ է քամուց էլհոսանքի ստացման կայանների շահագործումը, որտեղ անգամ շուրջօրյա աշխատողներ չեն պահանջվում, այլ ընդամենը սպասարկողներ: Այնպես որ, հարկավոր է ՀՀ ներդրումային միջավայրը բարելավել և արտոնությունների համակարգն այստեղ կիրառել, որոնք մեզանում փոխարինվում են հարկային ու չինովնիկական յուրօրինակ միջանցիկ քամիներով: Դրանք սրբում-տանում են բոլոր այն բարեփոխումները, որոնք տարիներ շարունակ կիրառում են տնտեսություններում որոշակի արդյունքներ գրանցած երկրները, առանց կոռուպցիայի ու մոնոպոլիաների դեմ անհաշտ պայքար մղելու խոստումների, այլ քայլ առ քայլ նկատելի ու հասունացող խնդիրները լուծելով, որտեղ առաջնայինների շարքում էլհոսանքի որոշակի ծավալներն են: Եթե ոլորտի պատասխանատուները ՀՀ շարքային քաղաքացուս թող որ սիրողական մակարդակով արված այս մոտեցումը պարզունակ են գնահատում, թող այն փաստարկումներով հիմնավորեն, թե այսօրվա Հայաստանի էլեկտրաէներգետիկ որ հզորություններում է հնարավոր արտադրել էլհոսանքի այն քանակները, որոնցով կարելի է սնուցել արդեն նշված քիմիական հսկաները, չխոսելով այլ առաջնահերթ արտադրությունների վերագործարկման մասին: Հենց թեկուզ էլեկտրալամպերի, որոնց պահանջարկն անվերջ է, գործարանն էլ գրեթե կազմ ու պատրաստ:


Որ երկրների կայացման գործընթացում էլեկտրաէներգիայի արտադրության որոշակի ծավալները պարտադիր են, լավագույնս է հաստատվում մեր երբեմնի բախտակից Էստոնիայի օրինակով: 1,2 մլն բնակչությամբ այս պետությունը հիմա արտադրում է մոտ 12 մլրդ կՎտժ էլհոսանք, 1 բնակչի հաշվով տարեկան 10 հազար կՎտժ: Տնտեսության ոլորտում արդյունքները գերազանց են. ՀՆԱ-ն՝ 36 մլրդ դոլար, որից արտահանումը՝ 16 մլրդ դոլար, բյուջեն՝ 10 մլրդ դոլար, 1 բնակչի հաշվով ՀՆԱ-ն՝ 28 հազար դոլար: ՀՀ ցուցանիշները համեմատվելու որևէ տեղ չունեն, ուստի և չեմ նշում` ինչ-որ ակնածանք տածելով նորանալ փորձող ՀՀ կառավարության հանդեպ: ՀՀ տնտեսության կայացման շարքային շահառուս անշուշտ այն կարծիքին չէ, թե մոտակա 10-15 տարիներին մեր երկիրն Էստոնիայի այսօրվա ցուցանիշները կգրանցի: Տողերիս հեղինակի պես միլիոնավոր համերկրացիներիս ու հայրենակիցներիս կբավարարի նաև աննշան դրական տեղաշարժը, անգամ հույսի նշույլը: Անշուշտ ցավալի է նման մտորումներին տրվելը, բայց և՝ ուր կարող ես փախչել տեսանելի իրողությունից:


Ընդունված է, որ հույսը վերջինն է մահանում: Մեր պարագայում հույսը չի մահանում, այն հավերժ է, հեռո՜ւ հեռվում, ծխածածկույթի պատկերով: Մինչ այս արդեն խորացած աղքատության պարագայում, երբ երկրում չդադարող սղաճ կա, իսկ իշխանությունը աշխատավարձ ու կենսաթոշակ չի բարձրացնում, փոխարենը կոռուպցիայի ու մոնոպոլիաների դեմ անհասցե պայքարի անհասցե կոչեր է հնչեցնում, երբ հարկ է իրատեսորեն խրախուսել աշխատանքն ու աշխատելը, այլ կերպ մտածելու տեղ պարզապես չի մնում:
Այսպես էլ ապրում ենք…


Գեղամ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1389

Մեկնաբանություններ