Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Բոլորս դեպի համագումար

Բոլորս դեպի համագումար
25.11.2016 | 01:37

Բոլոր իշխող կուսակցությունների համագումարները նման են իրար, ընդդիմադիր կուսակցությունների համագումարները «դժբախտ են յուրովի»: Մեկ օրից կրկին առիթ կլինի տեսնելու անսահմանափակ թվով փողկապավոր, նույն հայացքի, նույն սպասումի տեր մի կոնգլոմերատ, որն ապրում է այլ Հայաստանում, և, ի տարբերություն մնացածների, չաղ-ուրախ-բախտավոր է: Չծանրանանք հազար տարի իշխող ՀՀԿ-ական և միջին վիճակագրական հայի հոգեբանա-նյութական տարբերությունների վրա, դառնանք խնդրի քաղաքական բաղկացուցիչներին, եթե այդպիսիք կան:


Այսպիսով, ՀՀԿ 16-րդ համագումարը մի քանի առումներով առանձնահատուկ է լինելու.
ա) Այն տեղի է ունենում Հայաստանի համար լուրջ եռացնցումների ֆոնին. ապրիլյան պատերազմ, ՊՊԾ գրավում, համագումարից երկու ամիս առաջ` կառավարության արմատական փոփոխություն: ՈՒ թե սրան էլ գումարում ենք աշխարհաքաղաքական բաղկացուցիչները, մասնավորապես Սիրիայում` Թրամփի փոփոխությամբ որոշակի նոր սպասումների ֆոնը` Ռուսաստան-ԱՄՆ երկխոսության մասով, այդ ֆոնին էլ` նորոգվող թուրք-ռուսական մեղրամիսը, Արևելյան Եվրոպայում ռուսամետ էլիտաների ձևավորումը, ապա կարելի է արձանագրել, որ ՀՀԿ 16-րդ համագումարը տեղի է ունենում նաև աշխարհաքաղաքական նոր իրողությունների պայմաններում: Պահպանողական ՀՀԿ-ն, որն ԱՄԿ-ի ուղիղ հետևորդն է հետայսու ևս, առանձնակի «դիսիդենտություն» չի դրսևորելու, փորձելու է խաղալ գլոբալ երկու կենտրոնների միջև` սիրտը, մարմինը տված Ռուսիային, ձեռքը` Արևմուտքին, որ վերջինս քիչումիչ փող դնի այնտեղ. գաղտնիք չէ, որ ներդրումների մասով ԱՄՆ-ն առաջատար է մեզանում, և, ի տարբերություն մեր գրպանն ու «ամեն տեղը» (ՀԷՑ, ատոմակայան, կապ…) մտնող Ռուսիայի, ԱՄՆ-ը, այո, «երկար» փողեր է ծախսում` նախ մենթալ պլանը հետխորհրդային երկրներում փոխելու, որից հետո էլ «գունեղ» կամ հիբրիդային հեղափոխություններով այդ երկրները դեպ իրեն քաշելու զուտ տեխնիկական հարցը լուծելու համար:
բ) ՀՀԿ համագումարը տեղի է ունենում Հայաստանում տնտեսական բավականին բարդ սպասումների ֆոնին: ՀՀԿ որևէ համագումար այս առումով այսքան լարված չի եղել: Եվ որքան էլ ՀՀԿ համագումարում ներկայացվեն թվեր առ այն, որ երկրում տնտեսության վիճակն այնքան էլ անմխիթար չէ, այնուհանդերձ, սպասումները Կարեն Կարապետյանի կառավարությունից մեծ են. կհաջողվի՞ նրան ճեղքում ապահովել և առաջիկա ընտրություններում տնտեսական որևէ ջոկեր կամ խաղաքարտ կիրառել` վասն ՀՀԿ, դժվար է ասել:

գ) Եվ վերջապես, ներքաղաքական մասով: Կարծել, թե ՀՀԿ-ն ծրագրային-կանոնադրական լուրջ բարեփոխումներով կներկայանա համագումարին, այնքան էլ իրատեսական չէ: «Նոու-հաուները» կլինեն (եթե լինեն) առավելաբար անձերի, ԳՄ կազմի, կուսակցական հանձնաժողովների մասով, որպես ապագա համամասնական ցուցակի նախակարապետություն: Առ այս պահը բաց է ինտրիգը՝ կանդամակցի՞ ՀՀԿ-ին վարչապետ Կարեն Կարապետյանը: Չնայած այդտեղ, որպես այդպիսին, ինտրիգ էլ չկա: Ինտրիգն այս դեպքում առնչվում է նույն համամասնական ցուցակին, ինչին անհամբեր սպասում են ոչ միայն ՀՀԿ-ում, այլև ՀՀԿ-ից դուրս, զի նույն տրամաբանությամբ են կազմվելու «այլ» ցուցակները ևս:


Ինտրիգը ՀՀԿ համագումարում, թերևս, մեկն է. կարողանալո՞ւ է նորանկախ Հայաստանի ամենածեր, պահպանողական կուսակցություններից մեկը թոթափել իր ծերությունը, կատարել սերնդափոխություն և, ինչպես կառավարությունում, այնպես էլ ՀՀԿ վերնախավում ազատվել օդիոզ, «ժամկետանց» ֆիգուրներից` կանաչ լույս վառելով երիտասարդների, արժեքային համակարգ ունեցողների համար, ինչն էլ ազդանշան կլինի, որ ապագա խորհրդարանական կառավարումից ու պետությունից, գոնե ՀՀԿ-ում, սպասումներ կան:
Բան չմնաց՝ ուղիղ մեկ օր: Սպասենք` տեսնենք:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1954

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ