Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Ազգ-բանակի» ճանապարհով՝ դեպի ազգ-պետություն

«Ազգ-բանակի» ճանապարհով՝ դեպի ազգ-պետություն
25.11.2016 | 11:08

(նվիրում ապրիլյան օրհասի հերոսներ, զինվորներ Քյարամ Սլոյանի, Վիկտոր Յուզիխովիչի, Ադամ Սահակյանի, Ռոբերտ Աբաջյանի և սպա Արմենակ ՈՒրֆանյանի լուսավոր հիշատակին)


ԱՇՆԱՆԱՎԵՐՋԻ ՏԱՂ ՑՆԾՈՒԹՅԱՆ


Այսուհետև ոչ մի տերյանական ճեմում աշնանավերջի մառախլասույզ զբոսայգում: Զի կերտում ենք ԱԶԳ-ԲԱՆԱԿ ամենագնացը և քերթում-թլպատում ենք հանրապետության հակապետականներին: Ամենագնացը զրահագնացք է, այն ճանապարհ է ընկնում Թալիշից և հասնում է Բաղրամյան պողոտա, այնուհետև, ինչ խոսք, կայանում է Հանրապետության հրապարակում: Հուռռա՜, քաջ Նժդեհի սուրը շողշողա:


ԱՂԲՅՈՒՐԻ ՋԻՆՋ ԱԿՈՒՆՔԸ
(լավատեսական հողմահարում)


ՀՀ պաշտպանության նախարարի ուղերձի նախերգանքը վերհիշելով՝ քարտեզագրենք այն ուղիները, որոնցով պետք է ընթանա ԱԶԳ-ԲԱՆԱԿ զրահագնացքը՝ ԱԶԳ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ամրոցը կառուցելու նպատակով:
«Շատ վտանգավոր եմ համարում, երբ մենք, ընդունելով ինչ-որ մեկի ապօրինի հարստացումը, ակնկալում ենք նրանից ավելի վճարում, դրանով լեգիտիմացնելով ապօրինի հարստացումը»: Հանրահայտ է, որ ապօրինածին զավակները հաճախ զարմանալի հաջողակ են լինում օրինավոր կյանքում: Նշանակում է՝ կյանքն այնքան էլ օրինավոր չէ, և տաքուկ անկյուններ է թողնում ապօրինածինների համար: Բայց դարձյալ ունկնդրենք երկրի պաշտպանության ոչ զինվորական ղեկակալի հիմնարար ելույթը. «... և եթե կա մեկը, որ արատավորվել է, մեր պարտքն է դա հայտնաբերել, և ճիշտ քաղաքականությամբ բացառել ապագայում: Այո, պետք է բռնել ձեռքը և կտրել, և պատժել»:
Հուռռա-նվիրական խոսքերի շարո՞ց է: Ո՛չ: Նախարարը, ըստ էության, ձեռնոց է նետել հակապետականությանը: Նրան պատմականորեն նվիրենք մի օրհնված զրահաբաճկոն, մաղթենք մաքառում և հզոր հենարանների հայտնաբերում: Հենարաններն արդեն իսկ կան, և դրանց տեղը հստակ մատնանշել է հարգարժան (թեկուզ և նորաթուխ) նախարարը՝ ԱԺ ամբիոնից հրապարակելով հետևյալը. բանակը պետք է ժողովրդավարացվի, զինված ուժերը պետք է ներգրավվեն պետական ամենատարբեր ոլորտների առաջընթացին, և սա է բանակի նկատմամբ մեր կույր սերը գիտակցված հարգանքի վերածելու ճանապարհը: Գուցե հենց այսպես է հնարավոր մաքրել մեր ավգյան ախոռների 25-ամյա կեղտաբլուրները: Գուցե: Բայց միգուցե ի սկզբանե մեր կույր սերը բանակի հանդեպ վերածենք լուսաչք նվիրումի: Անկասկած:
Այսպիսով ԱԶԳ-ԲԱՆԱԿՈՎ քայլարշավենք դեպի ԱԶԳ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆ:


Այժմ փորձենք փորձանքազերծել հայոց բանակը, այն դարձնելով համապետական շոգեքարշ: (Երբ նախաձեռնել էի սույն նյութի գրառումը, «Հայքի զարթոնքը» էսսեաշարի երկնասլաց հերոսը՝ Լաո աղավնին, ինքը՝ ճերմակափետուր, կտուցն էլ՝ ոսկեդեղին, թառեց ուսիս և հուշեց ինձ, որ ԱԶԳ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆ կերտելու ճանապարհը ճիշտ է ընտրված: Հուռռա՜):
Նախ և առաջ, մեր բանակի բարձրագույն սպայակազմը պիտի ապրի կրտսեր սպայակազմի, վերջինս էլ շարքային զինվորական դասի կյանքով: Եվ այսպես, ինչպես ենք ԱԶԳ-ԲԱՆԱԿԸ կերտում: Նախ և առաջ գեներալիտետն ու գնդապետաց կոհորտան պետք է բանակվեն դիցուք Սևանա լճի թերակղզում և ուշի ուշով ծանոթանան-վերապրեն հայ զորավարների վարքականոնը: Աշխարհը գիտի, որ Բյուզանդիայի, Մոնղոլիայի, Լեհաստանի և շատ այլ ոստանների տիրակալները իրենց թիկնազորը ձևավորում էին բացառապես հայ սպաներից: Քանի որ նրանք նվիրվածության և հավատարմության խորհրդանշաններ էին: Բյուզանդիո կայսրերից մեկը հայազգի Մանվել զորավարի մասին ասել է, այո, նա քաջ է, քանի որ հայ է: Կարելի է տեղում համրանալ, գիտակցելով, որ, այո՛, եթե այսօր հայ բարձրագույն սպայակազմը ծառայի Մոզամբիկի կամ էլ թեկուզ Կանադայի բանակում, կլինի օրինավորության և մասնագիտական հմտության չափանիշ:
Մի խոսքով, բանակումի երկրորդ օրը պետք է գեներալներն ու գնդապետները ծոմ պահեն և ողջ էությամբ ներշնչվեն բարձրագույն գիտակցությամբ և նվիրվեն սրտով, մտքով, ողջ էությամբ պետությանը, բանակին, բանակի հենք ու ապավեն զինվորին և, ինչ խոսք, սեփական համազգեստի արժանապատվությանը:
Հայ գեներալն ու հայ գնդապետը պետք է ասկետական կյանքով ապրեն: Սա է ուղիղ ճանապարհը դեպի ասպետականության արժեհամակարգի ձևավորումը հայոց պաշտպանական համակարգում:
(Անգին գեներալներ և, առհասարակ, ավագ սպաներ, հիշեք և ականջին արծաթե օղ արեք, որ Սուվորովի փայլուն-պատմական հաղթանակների խարիսխը նրա զինվորական կենցաղն էր. նրա նժույգը մարտական երիվար էր, սնունդը՝ զինվորական կաթսայից, և նա հաճախ սուրը ձեռքին էր առաջնորդում զինվորներին, մասնավորապես թուրքական ամրոցները գրավելիս: Կրկին հուշեմ, նորեն հիշեք, որ Սուվորովի պապի հայրը շվեդական Սուվոր տոհմից էր, ներգաղթած Շվեդիայից: Իսկ նրա մայրը զտարյուն հայուհի էր՝ Մանուկյան տոհմից): ԱԶԳ-ԲԱՆԱԿ, այսինքն՝ ազգի լավագույն հատկանիշների և, ինչ խոսք, երազանքների մարմնավորում: ԱԶԳ-ԲԱՆԱԿ, այսինքն՝ վերադարձ դեպի հայոց բանակի ձևավորման աղբյուրի ջինջ ակունքը, դեպի ՀՀԿ ռազմական ուժի, «Անկախության բանակի» ձևավորման և գործունեության մեկնարկն ու շեփորականչը: Ի դեպ, այն օրհասական-հերոսական տարիներին հենց ՀՀԿ շտաբ-կայանում (Աշոտ Նավասարդյանի, Ռազմիկ Զոհրաբյանի և մյուս գործիչների գաղափարական զորակցությամբ) կայացավ և կայունացավ աննախադեպ «Ազատագրական բանակ» զորագունդը՝ դիմակայության փայլուն ասպետ Լեոնիդ Ազգալդյանի հրամանատարությամբ:

ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄԸ ՄԵԼԻՔ-ԱԴԱՄՅԱՆ ԹԻՎ 8 ՇԵՆՔՈՒՄ
(հողմը մեգով երկինքն է առնում)
Այսօր օրը հիշարժան է: Եվ այս նյութն էլ մի աննախօրինակ ուղերձ է ՀՀԿ աննախադեպ զորականչ-համագումարին, որը կայանալու է վաղը: Սակայն քնարական դադարով շնորհավորենք գալիք հավաքը: Շնորհաշատ պոետը՝ Բեյլերյանը Հրաչյա, իր «Մի փոքրիկ ինքներգություն» «ստիխում» ահա թե ինչ է քարագրել:
Թեև դեռ երազում շողի հետ ես կռվում,
Բայց մրսած է հոգիդ սրսուռ ձյունից:
Փոքր Մհերի պես հողի մեջ ես խրվում
Քո հինավուրց արյան ծանրությունից:

Համագումարում, ըստ իս, պետք է հնչի բարձրագույն մի նշանաբան՝ այսօրվանից ՀՀԿ-ի շարքերը ինքնաբերաբար լքում են.
ա) մականունակիրները,
բ) նախկինում որևէ այլ կուսակցության անդամակցածները,
գ) կուսակցության առաջնորդին տեղին-անտեղի, անզուսպ-ինքնամոռաց քծնողները:
Այս երեք դասերը մեծ վտանգ են անթեղում: Չէ՞ որ երբ ԱԶԳ-ԲԱՆԱԿ զրահագնացքը ճանապարհվի դեպի ԱԶԳ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ամրոցը, դա կխաթարի մականունակիր հանրապետականների կենսակարգը, լսե՛ք, չէ՞ որ նրանք ահռելի կապիտալ են կուտակել, դրա առյուծի բաժինն էլ երկրից դուրս են բերել, ապրելով, տքնելով և տառապելով որպես երդվյալ հակապետականներ: Բազմակուսակցականների գալիք վարքը նույնպես պարզ է լույսի պես, մի՞թե պարզ չէ, պատեհ պահին և խիստ դյուրին նրանք կզինվորագրվեն քաղաքական օրակարգը ձևավորող քաղկառույցին, լինի դա ինչ-որ արևմտյան (իմա՝ երկնագույն) ալյանս, թե հյուսիսային (հասկանալի է՝ դարչներանգ) մի բալանս: Հասա՞վ քաղքծնողներին մերկապարի հրավիրելու ժամը, հարկավ: Բայց ի՞նչ ասենք սրանց մասին: Նրանք գրեթե անմեղսունակ են, քանի որ ինքնամոռաց քաղքծնանքը նրանց հոգու արձագանքն է, մարդիկ ունեն կուռք պաշտելու անզուսպ պահանջ և գնում են իրենց կուռքի ներբանները լափլիզելու ճանապարհով: Այս անողորմ-քծնատեսակի համար ամենևին էական չեն կուռքի ով և ինչպիսին լինելը, երկրի առջև նրա անբասիր ծառայությունների բոսոր անարատությունը կամ բազմանիստ արատավորությունը: Կարևորը քաղկուռքի ինքնին գոյությունն է, որ ալյանսից նա կլինի կամ որ բալանսը կգլխավորի, էական չէ:


Մի խոսքով, թող հողմերը որոտաձայն թռցնեն ոմանց գլուխները և գուրգուրեն նրանց, ովքեր ի սրտե պատրաստ են արմատական փոփոխությունների:
Ի դեպ, վաղը, կարծում եմ, որ շատ տեղին է վարչապետի հայտավորումը ՀՀԿ վերափոխիչ եռյակում: Եռյակում պետք է որ լինեն գործող նախագահը և պաշտպանության նախարարը: Չէ՞ որ ամերիկյան Bloomberg պարբերականին տված հարցազրույցում 14-րդ վարչապետը հատկանշել է՝ «Ոչ ոք ապահովագրված չէ և ոչ ոք արտոնյալ չէ»: Կեցցե՛ս: Եվ երբեք չնահանջես: Զի Կառավարական տնից մինչև Մայր Արաքս ընդամենը 30 կմ է:

ՀԵՏԳՐՈՑ-ՄՐՈՑ
1. Համագումարը հոտնկայս ընդունում է մենաշնորհների վերացման և դրանց ազգայնացման պատմական բանաձևը: (Ցանկալի է, որ հանրածանոթ մենաշնորհատերերը բանաձևի ընդունման ժամանակ աղեկտուր հեծկլտան):
2. Համագումարը պաշտոնյաներին «նվիրաբերած» միլիոնավոր դոլարները հռչակում է որպես գողոն և դրանցով փակում է պետական պարտքը:
3. Համագումարը կուսակցության առաջնորդ և երկրի նախագահ Սերժ Սարգսյանի հռչակած կարգախոսների իրականացման վերջնաժամկետ է հայտարարում 2017-ի ապրիլի 1-ը:

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3785

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ