Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Համահայկական համաներո՞ւմ

Համահայկական համաներո՞ւմ
06.12.2016 | 00:58

Դե ինչ, պարոնայք երդվյալ ատենակալներ, ձմեռը եկավ, մայրաքաղաքում` անձրևով, մարզերում՝ ձյունով, լեռնանցքերը փակուբաց են անում, ճանապարհներին մերկասառույց է, Լարսը ևս բացուփակ է՝ ձնահյուսի վտանգից: Ադրբեջանը կրակում է ինչպես միշտ, ու դժվար է ասել՝ պատերազմը սողո՞ւմ է, գիշերայի՞ն է, թե՞ ցերեկային ու ագրեսիվ: Վրաստանն արդեն կառավարություն ունի ու շարունակում է ԵՄ-ի հետ առանց վիզային երթուդարձի պայքարը: Իրանում սկանդալներով պատրաստվում են նախագահ ընտրել, Հասան Ռոհանին գալիս-գալիս, Հայաստան չի հասնում: Էրդողանը քրդերին թողեց ու հայտարարեց, որ Սիրիա է մտել՝ Բաշար Ասադին տապալելու, թուրքերն ու ռուսները խառնվեցին իրար. Լավրովը գնաց Անթալիա, Պուտինն ու Էրդողանը խոսում ու խոսում են հեռախոսով՝ ոչ մեկը մյուսին չի համոզում, Ասադը գրոհում է ու սպառնում Թուրքիայի՝ իր տարածք ներխուժած ձեռքը կտրել:

Բրեկզիտից ու ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո աշխարհում սկսվել է շիկահերների ժամանակը, իսկ շիկահերները, գիտեք, ինչպիսին են՝ տղամարդ թե կին՝ Բորիս Ջոնսոն, թե Դոնալդ Թրամփ: Սարկոզին ու Օլանդը հեռացան: Դիմադրում է միայն Մերկելը:
Տուն վերադառնանք. ՀՀԿ-ն համագումարն արեց ու սպասում է շքանշանների, իսկ Պուտինը խառն է, ժամանակ չունի: Կարեն Կարապետյանը աշխատանքից ազատում է նախկին նախարարների բարեկամ-ծանոթներին՝ ԾԻԳ-երում ու նախարարություններում, տեղավորում իր ծանոթ-բարեկամներին՝ կառավարման համակարգի արդիականացումը շարունակվում է, հընթացս Արմեն Աշոտյանը Հ1-ով «հայկական հույսն» է գովազդում, Պետրոս Ղազարյանը «Կենտրոնով»՝ հայկական հուսահատությունը: Գագիկ Ծառուկյանը ծնունդ էր անում՝ տանը չէր, Րաֆֆի Հովհաննիսյանը տուն գնաց՝ Ծննդյան տոները նշելու, մարդ ծեծողները մարդ են ծեծում փողոցներում՝ ջունգլին ջունգլի է, ամուսնացողները ամուսնանում են, հարսանքավորները պարում են՝ առիթ որոնելով: Ամեն ինչ իր ընթացքով գնում է: Բայց եղան «օրինախախտներ», որ քնից արթնացրին քաղաքական դաշտն ու սեպ խրեցին անգործության ողնաշարը: Դեկտեմբերի 1-ին: «Լուսավոր Հայաստանը», «Հանրապետությունը», «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարեցին ԱԺ ընտրություններին միասին մասնակցելու մասին: Այդքանը՝ առանց մանրամասնելու, մանրամասները՝ դեկտեմբերի 12-ին: Այդքանն էլ բավական էր իրավիճակը շրջելուն: Պարզվեց, որ տասնամյակներով քաղաքական դաշտում իրենց ամենատեր ու իրավատեր, օրինակարգ ու պրագմատիկ համարողները, պարբերաբար դաշտ ու անուն փոխողները, տարբեր երկրների դեսպանատներում հերթապահողները, Մոսկվան Երևանից չտարբերողները ու բոլորը միասին Գագիկ Ծառուկյանին սպասողները հայտնվեցին կարմիր գծից դուրս: Հաճախորդների բանակը վտանգի մեջ է՝ նորից ընդդիմություն խաղալու ձևի ու ձևաչափի պատվերն ուշանում է, ու ի՞նչ անեն հիմա: Լավ չստացվեց, անակնկալ չէր, բայց հարված էր. լուրջ հարված` խոսքի ու գործի տարբերությունը զրնգացնող: ՀԱԿ-ի լրջանալու պահը չի գալիս, իրենց առանցքի տեղ դրած՝ սպասում են՝ իրենց միանան: Բայց չեն ասում՝ միանան՝ ի՞նչ են անելու՝ բացի «Սերժ Սարգսյանի հանցավոր ռեժիմը տապալելուց», որ իրենք 2008-ից անում են՝ նրա հետ սերտ համագործակցելով ու դարձյալ նրանից մանդատ ստանալու հարցը բանակցելով, բանակցություններին կշիռ հաղորդելու համար պարբերաբար Ռոբերտ Քոչարյանին ռևերանսներ անելով:

Ի՞նչ է անում իր ծննդյան օրից չկողմնորոշված ԲՀԿ-ն՝ բացի Գագիկ Ծառուկյանին Ձմեռ պապի տեղ դնելուց՝ նվերներով ու փողով կգա, մեծ ու մանր հաճախորդներին կհամախմբի՝ կտանի խորհրդարան՝ ևս հինգ տարի զբոսաշրջության ընդմիջումներին բուռն ու հուզառատ ելույթներ ունենալու, ազգի համար տանջվել-տառապելու համար: Վարդան Օսկանյանն ի՞նչ է անում: Մարդն իսկապես հուսահատ է՝ «Համախմբումը» չի համախմբում, մի բեկորված «Ժառանգություն» է միայն կպել պոչին ու վերջ: Մեկ էլ տեսար՝ ընտրություններին չմասնակցեց, Ռոբերտ Քոչարյանի ծրագրերը օրումեջ փոխվում են. նա հիմա սպասում է, որ Կարեն Կարապետյանը Հայաստանը կմիացնի Ռուսաստանին, ու կսկսվեն իր լավագույն օրերը՝ առանց լումա ծախսելու և մատը մատին տալու:

«Ժառանգությունը» փշուր-փշուր է՝ երեք տարում այդպես փոշիացնել «իրավատիրական» կապիտալը ոչ բոլորին կհաջողվեր, կուսակցություն կա, թե չկա, իրենք էլ չգիտեն: Կուսակցության ամեն անդամ մարմնավորում է ամբողջ կուսակցությունը ու պարտադիր մյուսին հակադիր կարծիք ունի՝ Զարուհի Փոստանջյանը մերժում է «դաշինք» հասկացությունը, Արմեն Մարտիրոսյանը պատրաստ է դաշինքի բոլորի հետ: Մնացածները սպասում են: «Ազատ դեմոկրատները» երեք բարդագույն խնդիր ունեն: Որևէ հաջողության հասնելու համար պիտի ընտրողին բացատրեն՝ առաջին. եթե ազատ են ու դեմոկրատ, ինչո՞ւ կուսակցությունից հեռացավ փոխնախագահ Անուշ Սեդրակյանը, որ պատգամավոր չէր ու ավելի հայտնի էր, քան ամբողջ կուսակցությունը: Երկրորդ՝ եթե պարբերաբար շեշտում են, որ քաղաքական դաշտում իրենք արևմտամետ են, ի՞նչ են արել չորս տարում՝ բացի մի քանի օրինագծի դեմ քվեարկելը, ստեղծե՞լ են մթնոլորտ, բացատրե՞լ են արևմտյան արժեքների բովանդակությունը, կարևորությունը, առաջնահերթությունը, թե՞ ֆրազ է՝ նետում են դեսպանատներին: Եվ երրորդ՝ իբրև արևմտամե՞տ ուժ են բանակցում իշխանության հետ մի քանի մանդատ ստանալու վերաբերյալ: «Օրինաց երկիրը» կամ «Հայաստանի վերածնունդը» հայտնվել է նույն միջանկյալ դաշտում, ինչ ԲՀԿ-ն: Սպասողական դաշտում: Արա Աբրահամյանի նախագիծը չստացվեց: Ոչ Արա Աբրահամյանը Արթուր Բաղդասարյանին վարչապետ կդարձնի, ոչ Արթուր Բաղդասարյանը՝ Արա Աբրահամյանին: Մեկ անվան տակ հավաքելով Գագիկ Ծառուկյանի ֆինանսական հրաժարականից հետո անտեր մնացած ՀԿ-ներն ու անհայտ քաղաքական կուսակցությունները՝ Արթուր Բաղդասարյանը ստացավ ոչ թե հարվածային ուժ, այլ վարձկան դասալիքների բանակ, որ ամեն պահ պատրաստ է հեռանալ նրա դրոշի տակ, ով ավելին կտա: Ռուսաստանն էլ խաղը կենտրոնացրեց Կարեն Կարապետյանի ու ՀՀԿ-ի վրա, ու Կրեմլին այլևս պետք չեն «հավատարիմ դաշնակիցներ» ոչ մի տեսքով: Մնում են պոպուլիզմն ու դեմագոգիան, որտեղ ՕԵԿ-ը միշտ ձիու վրա է ու նորից է փորձելու ձիուն ջրվեժի մոտ տանել, թեպետ ոչ ջրվեժին է պետք իր ձիաուժը, ոչ ձիուն՝ ջրվեժի ջուրը: ՀՅԴ-ն մնա՞ց: Չմնաց:

Հայաստան գալու առաջին օրից ՀՅԴ-ն չի եղել ընդդիմադիր, եղել է իշխանության ձգտող ու մասնակի իշխող: Հիմա էլ անմար հավատով է տոգորված Կարեն Կարապետյանի ու Սերժ Սարգսյանի նկատմամբ: Հենց այդպես՝ կեսը Կարեն Կարապետյանի, կեսը՝ Սերժ Սարգսյանի: Ով մնա, նրանից կստանան իրենց հասանելիք իշխանությունը՝ ըստ քվոտաների, ամեն ինչ պայմանավորված է, ամեն ինչ ճիշտ է, ամեն ինչ հիանալի է:


Եթե սա է պատկերը, ինչո՞ւ ՀՀԿ-ն չհամարի, որ արդեն հաղթել է ԱԺ ընտրություններում՝ առավել ևս մի Ընտրական օրենսգրքով, որ ինչպես ցանկանա, այնպես կմեկնաբանի, ումից ինչքան ձայն պետք լինի՝ կվերցնի իրեն կամ կտա նրան: Սահմանադրական դատարանն էլ կհաստատի՝ Գագիկ Հարությունյանը կա ու կա՝ ոչ մի միլիմետր իշխանության ճանապարհը չի շեղի դեպի օրինականություն կամ սահմանադրականություն: ՀՀԿ-ի միակ խնդիրը ՀՀԿ-ն է: Հայաստանի ամենա-ամենա-ամենա կուսակցությունը չդարձավ քաղաքական ուժ: Աշոտ Նավասարդյանը հիմա գար՝ Մելիք-Ադամյանի կենտրոնական գրասենյակ չէին թողնի մտներ: ՀՀԿ-ն իշխանություն կազմավորելու հարթակ է: Երբ իշխանությունը երերաց, հարթակը երկու կես է լինելու, հետո ավելի մանր տաշեղների է բաժանվելու: Նախադեպեր կան՝ սկսած կոմկուսից ու ՀՀՇ-ից:


Այսպիսի դաշտում են «Լուսավոր Հայաստանը», «Հանրապետությունը», «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարում դաշինքի մասին: Ի՞նչ պիտի արձագանքեր իշխանությունը: Հրապարակավ՝ որ ոչինչ չի ստացվի, ներքուստ՝ տագնապով, ինչպե՞ս եղավ, որ այսքան աշխատանքից հետո երեք ուժեր պոկվեցին ու դուրս եկան իրենց սահմանած շրջանագծից: Ինչպե՞ս եղավ, որ նրանք հաճախորդ չեն, որ նրանք մնացին ինքնուրույն ու անկառավարելի: Սա շատ լուրջ ձախողում է իշխանության համար, ու հետայսու աշխատանքները կենտրոնանալու են այս երեքին տրոհելու, վարկաբեկելու և ընտրություններից առաջ դաշինքը ձախողելու վրա: Գուցե այնքան լուրջ աշխատեն, որ դառնան հենց դաշինքի կայացման խթան: Տասնյակ հարցեր մեջտեղ կբերեն, նրանց փոխարեն կպատասխանեն ու կվերլուծեն, որ ապացուցեն՝ կարապը, խեցգետինը և գայլաձուկը սայլը չեն տեղաշարժի: Հակառակ որ՝ սայլն է նրանց համատեղել: ՈՒ սայլը իրավիճակ չփոխելու անհնարինությունն է:
Քանի դեռ նրանք դադար են վերցրել մինչև դեկտեմբերի 12-ը, կանխատեսումների պակաս չի լինելու: Օրինակ՝ պայմանավորվածություն կա ընտրությունների գնալ դաշինքո՞վ, թե՞ միասնական ցուցակով՝ մեկ կուսակցության անվան տակ, ի՞նչ օրակարգով է եռյակը գնալու ընտրությունների, մնալո՞ւ է եռյակ, թե՞ դառնալու է քառյակ կամ հնգյակ կամ, ով գիտի, շարժում: «Քաղաքացիական պայմանագիրը» և «Լուսավոր Հայաստանը» ՏԻՄ ընտրություններում միմյանց դեմ էին պայքարում, հիմա ինչպե՞ս միավորվեցին: Թող բացատրեն, այլապես ընտրողը չի հասկանա: Մնալու են առանձի՞ն կուսակցություններ, թե՞ մեկ կուսակցություն են ձևավորելու: Ի՞նչ պլատֆորմով: Հայաստանը շարունակելու է մնալ քաղաքակրթությունների բախման կենտրո՞ն, թե՞ դառնալու է քաղաքակրթությունները միավորող կամուրջ: «Հանրապետությունը» և «Լուսավոր Հայաստանը» արևմտյան ինտեգրման խորացում են ուզում, ՔՊ-ն ոչ-ոչ-ի դիրքորոշում ունի: Ընդհանուր հայտարարը ո՞րն է: Խնդիրը խորհրդարան մտնե՞լն է, թե՞ իշխանափոխությունը: Պատրա՞ստ են հետընտրական գործընթացների, թե՞ ընդունելու են ընտրության արդյունքները՝ ինչ էլ լինեն: Ի՞նչ են անելու պարտության դեպքում: Պատրա՞ստ են հաղթանակի դեպքում իշխանություն ձևավորել: Ի՞նչ ռեսուրսներ ունեն: Ո՞Ւմ դեմ են պայքարելու՝ իշխանությա՞ն, թե՞ ընդդիմության: Ո՞րն է նրանց ծրագիրը՝ քաղաքական, տնտեսական, աշխարհաքաղաքական: ՈՒնե՞ն համատեղ աշխատող թիմեր ու աշխատանքային խմբեր, թե՞ հայտարարեցին՝ հայտարարեցին, կանցնի՝ կգնա: Կկարողանա՞ն ընդդիմադիր հասկացությանը նոր բովանդակություն, որակ ու իմաստ հաղորդել: Վերջապես՝ հաղթել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Դեկտեմբերի 12-ին այս հարցերը իրենց պատասխանները չեն ստանա կամ մասամբ կստանան: Նախընտրական պայքարը գործընթաց է, որի ոչ բոլոր փակագծերն են ի սկզբանե բացվում. դա օրենք է, որը խախտելը նախ իմաստ չունի, հետո պատժվում է: Գործընթացը սկսված է՝ սայլը տեղից պոկվել է ու գնալու է ճանապարհը: Փաստ է, որի գոյությունը անիմաստ է վիճարկել: Դեկտեմբերի 1-ին Գամբիայի նախագահ Յայա Ջամեն, որ 22 տարի է՝ ղեկավարում էր երկիրը, ընդունել է պարտությունը ընտրություններում: «Բացառիկ դեպք է, երբ մարդը, որ այդքան երկար կառավարել է երկիրը, ընդունում է պարտությունը»,- ասել է Գամբիայի ընտրական հանձնաժողովի նախագահ Ալի Մոմար Նջիեն: 51-ամյա նախագահը կառավարում էր 1994-ից, նա շնորհավորել է ընդդիմության թեկնածու Ադամ Բարոուի հաղթանակը: Ընդդիմության թեկնածուն ստացել է ձայների 44, գործող նախագահը՝ 40 տոկոսը։ Գամբիան Հայաստանից փոքր է, Արևմտյան Աֆրիկայում է, միլիոնից մի քիչ ավելի բնակչությամբ: Ձեզ եմ թողնում եզրակացությունները:

Գուցե ապրիլյան ընտրությունները համահայկական «համաներում» են դառնալու անցյալի սխալներին ու սկիզբ են դնելու անկախ Հայաստանի՞ն: Նույնիսկ 7 հազար դրամով «Պոբեդայով» Գյումրին հայաթափելու ծրագրից հետո էլ Հայաստանում կա ժողովուրդ, որ սեփական հաղթանակն է ուզում: Ո՞վ կմտածեր, որ ընտրություններում փայլուն հաղթանակից երկու տարի անց Մեծ Բրիտանիայի վարչապետը կլինի Թերեզա Մեյը, ոչ թե Դևիդ Քեմերոնը: Ամեն ինչ նոր միայն սկսվում է, պարոնայք երդվյալ ատենակալներ:

Դիտվել է՝ 1799

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ