Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Արդարացվա՞ծ են արդյոք Ռուսաստանի հույսերը՝ կապված Դոնալդ Թրամփի հետ

Արդարացվա՞ծ են արդյոք Ռուսաստանի հույսերը՝ կապված Դոնալդ Թրամփի հետ
20.12.2016 | 01:19

Պատմությանը փոքր-ինչ գիտակ մարդը կարող է ասել, որ Արևմուտքը, սկսած հին ժամանակներից, Ռուսաստանը համարել է արևմտյան «դեմոկրատական» երկիր (դեմոկրատական բառը վերցրի չակերտների մեջ, որովհետև տվյալ դեպքում այն ոչ թե կայուն արժեք է, այլ ըստ նպատակահարմարության գործածվող բառ): Այդ նույն դեմոկրատական արժեքներ կրող երկրների ղեկավարները չէի՞ն, որ թավալ էին տալիս Հիտլերի ոտքերի տակ: Այդ նրանք չէի՞ն, որ աչք փակեցին մյունխենյան գործարքի առաջ (որքան ուզես, կարելի է շարունակել նման օրինակները): Այդ երկրներն էին, որ ցարական Ռուսաստանը կոչել էին «Եվրոպայի ժանդարմ»: Այդ նրանք էին, որ ամեն կերպ փորձում էին Հիտլերին ուղղել դեպի Ռուսաստան: Այդ նրանք էին, որ երազում էին բոլշևիկյան Ռուսաստանի ոչնչացումը: Այդ նրանք էին, որ երբ տեսան Հիտլերի սարսափելի ուրվականը Եվրոպայի վրա… Բայց ավելի լավ է հիշենք պատմական այն օրը, երբ վախվորած Անգլիայի վարչապետը 1941 թվականի դեկտեմբերին եղավ Մոսկվայում և, անցնելով տողանի կանգնած Կարմիր բանակի զինվորների առջևով, ինքն իրեն հարցրեց. «Կդիմանա՞ն սրանք գերմանական բանակի հուժկու հարվածներին»: Այդ զինվորները ոչ միայն դիմացան, այլև ազատագրեցին ողջ Եվրոպան ու աշխարհը ֆաշիստական ժանտախտից:

Բայց, միևնույն է, Ռուսաստանն առայսօր մնացել է Արևմուտքի թշնամի: Անգամ այն երկրները, ազգերը, որոնք կանգնած էին ֆիզիկական ոչնչացման եզրին, այսօր անսահման ատելությամբ են լցված առ Ռուսաստան: Այսօր աշխարհը կարծես մոռացել է Հիտլերին, ավելի շատ հիշում ու դատապարտում են Ստալինին, մոռանալով այն մեծ դրական դերը, որ խաղացել է նա ֆաշիզմի ջախջախման գործում: Ավելին ասեմ, ժամանակակից որոշ անհատներ՝ դեմոկրատներ, լրագրողներ, պատմաբաններ, քաղաքագետներ (ցավոք, նրանց մեջ քիչ չեն Ռուսաստանի քաղաքացիները) ամեն ինչ անում են` սևացնելու խորհրդային մարդկանց համար հերոսականի, վեհի, անձնազոհության դասական օրինակ ծառայած հերոսներին, փորձում են անգամ հոգեկան հիվանդ համարել Զոյա Կոսմոդեմյանսկայային կամ ասել` չեն եղել 28 պանֆիլովականներ, Գաստելլոյի, Մատրոսովի պես հերոսներ: Ինչո՞ւ եմ նշում այս ամենը: Որովհետև որքան բացասական, նույնքան հերոսական է եղել ռուս ժողովրդի դերը համաշխարհային պատմության մեջ: Այսօր էլ Արևմուտքի համար Ռուսաստանը մնում է որպես թիվ մեկ թշնամի, նորից նրան մեղադրում են չգործած մեղքերի մեջ: Երբ Արևմուտքը հասավ այն բանին, որ ՈՒկրաինան թշնամաբար տրամադրվեց Ռուսաստանի նկատմամբ, և ԱՄՆ-ը փորձում էր բազավորվել Ղրիմում, ինչը կանխվեց Ռուսաստանի համարձակ և վճռական քայլերով, սկսեցին նորից դատափետել նրան, անվանելով ագրեսոր և սաստկացնելով տնտեսական պատժամիջոցները: Չկարողանալով իր հակառուսական ցանկությունները ուղղակիորեն իրականացնել ՈՒկրաինայում, Արևմուտքը փորձեց նրան դուրս քշել Մերձավոր Արևելքից: Ռուսաստանը լուռ հետևում էր արաբական գարնան զարգացումներին, ավելին` անգամ ճակատագրական սխալ թույլ տվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Լիբիայի հարցում, և երբ հասկացավ, որ ՆԱՏՕ-ն ցանկանում է ՈՒկրաինայում կրած պարտության համար իրեն քշել Սիրիայից, սկսեց գործել վճռական և ռուսական հատուկ դրսևորումով: Համաշխարհային պատերազմը սկսված է Մերձավոր Արևելքում: Ռուսաստանը կռվում է միայնակ և բավականին հաջող՝ հաղթանակն ամրապնդելով նաև դիվանագիտական ոլորտում:

Գաղտնիք չէ, որ տնտեսապես ծանր է Ռուսաստանի վիճակը, իրենց ռազմական անկարողությունից կատաղած, փորձում են Ռուսաստանը խեղդել տնտեսական պատժամիջոցներով (հանուն ճշմարտության ասենք՝ այդ ե՞րբ, ո՞ր դարաշրջանում է լավ եղել Ռուսաստանի տնտեսական վիճակը): Ռուսաստանն այն երկիրն է, որ իր հարցերը մնացած աշխարհի հետ միշտ լուծել է զենքով, սառը պատերազմի ժամանակ էլ Ամերիկան զգաց, որ զենքով հնարավոր չէ լուծել Ռուսաստանի հարցը, թեպետ ատոմային սպառազինությամբ եռապատիկ հզոր էր: Տեղին է հիշել մի պատմական դեպք: Երբ 1972 թվականին ԱՄՆ-ի նախագահ Նիքսոնը պաշտոնական այցով ժամանել էր ԽՍՀՄ, հայտարարեց, թե Մոսկվա մտնելու միակ ճանապարհը խաղաղության ճանապարհն է: Եվ «խաղաղության ճանապարհով» ԱՄՆ-ը քանդեց ԽՍՀՄ-ը: Այժմ էլ ՆԱՏՕ-ն, Ամերիկայի գլխավորությամբ, աշխարհում հազար տեսակի խաղեր է տալիս Ռուսաստանի դեմ, բայց ապարդյուն: Ասում եմ՝ ապարդյուն, որովհետև երբեք չի հասկացել ռուս մուժիկի հայրենասիրական ոգին: Դարերով ռուս մուժիկը մի կուշտ փորով հաց էլ չի կերել, բայց հայրենիքի պաշտպանության ժամանակ աննկարագրելի հերոսականություն է ցուցաբերել: Ռուս զինվորը փրկել է աշխարհը ֆաշիստական ժանտախտից, բայց միևնույն է, նրան վարկաբեկել են և վարկաբեկում են: Այսօր էլ ռուս զինվորը կռվում է իսլամական ժանտախտի դեմ (դիմակայությունն իրականում ՆԱՏՕ-Ռուսաստան տիրույթում է Մերձավոր Արևելքում), բայց աշխարհում այդ ամենը ներկայացնում են բոլորովին հակառակ պատկերով: ԱՄՆ-ը միլիարդներ է ծախսում և ոչ մի կերպ չի կարողանում լուծել Ասադի հարցը: Եթե Ասադը բռնակալ լիներ, ապա նրա հարցը վաղուց լուծված կլիներ Քադաֆիի, Սադամ Հուսեյնի նման:


Աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում ԱՄՆ-ի նախագահ ընտրվեց մի մարդ, ով երբեք քաղաքականության մեջ չի եղել, նախընտրական պայքարի ժամանակ էլ երբեմն արտահայտում էր արտառոց մտքեր, մի մարդ, որին դեմ էին Արևմուտքի կառավարող քաղաքական ուժերը, և միակ երկիրը, որը երազում էր նրա հաղթանակը, Ռուսաստանն էր: Եվ այսօր Ռուսաստանը մեծ հույսեր է կապում նրա հետ, մանավանդ տեսնելով արտաքին գերատեսչական մարմնում մի պաշտոնյայի, բիզնեսմենի, որը մեծ շահեր ունի՝ կապված Ռուսաստանի հետ: Այսօր Թրամփի հավաքած քաղաքական թիմում հիմնականում բիզնեսի աշխարհի մարդիկ են, բիզնեսմեններն այսուհետ միլիարդներ չեն ծախսի որևէ ձեռնտու օրինագիծ կոնգրեսում անցկացնելու համար: Բիզնեսն ինքն է եկել քաղաքականություն: Դա, անշուշտ, ձեռնտու է Թրամփին, բայց, մյուս կողմից էլ, կա երկրի շահ, որը վեր է ցանկացած բիզնեսմենի շահից: Կառավարման ընթացքում ի հայտ կգա այդ շահերի բախումը, որը կարող է կործանարար լինել երկրի համար: Մի բան է ընտրարշավը, մեկ այլ բան՝ պրակտիկ կառավարումը, որ պիտի բխի երկրի շահերից: Թրամփն իր դասակարգի ներկայացուցիչն է, նա չի կարող դավաճանել այդ դասակարգին: Բացառված չէ, որ լինելով գործի մարդ, նա սիրաշահի Ռուսաստանին՝ ընդդեմ Չինաստանի, սիրաշահի Ռուսաստանին՝ ընդդեմ գլուխը կորցրած Եվրոպայի: Վերջապես, կա կոնկրետ պատմական օրինակը՝ Մոսկվա մտնելու «խաղաղ ճանապարհը», ինչը հանգեցրեց ԽՍՀՄ-ի կործանմանը: Ինչպես ասում են, ժամանակը ցույց կտա, թե ով է Թրամփ անհատը, քաղաքական աշխարհին անհայտ միլիարդատերը:

Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հ. Գ. Հերոստրատներ քիչ չեն եղել աշխարհում: Այդպիսի մի հերոստրատ ավերեց ԽՍՀՄ-ը և այսօր խոսում է նախկին տարածքում նոր միություն ստեղծելու մասին: Թրամփը չի կարող հերոստրատ լինել, որովհետև ԱՄՆ-ում միշտ էլ կա ուժ, որն ավելի վեր է, քան նախագահը: Տեղին է հիշել մի դեպք, որը կհաստատի ասվածը: ԿՀՎ-ի ղեկավար Ալեն Դալեսը պատերազմի վերջին ամիսներին գաղտնի բանակցում է կործանվող Հիտլերի դեմ գերմանական կայսրության գործող ուժերի հետ: Այդ բանակցությունները, փաստորեն, ուղղված էին ԽՍՀՄ-ի դեմ: Բանակցությունների ավարտից հետո նրա տեղակալը հարցնում է` արդյունքների մասին Դո՞ւք կզեկուցեք նախագահին, թե՞ ես ասեմ: Դալեսի պատասխանն ավելի քան զուսպ էր. Այդ մասին առայժմ ոչ մեկին ոչ մի խոսք, եթե նախագահն իմանա, մեր գլուխներն առնվազն կթռչեն»: Եվ ավելացնում է ավելի սառնասրտորեն. «Ամերիկայի շահը վեր է մեր գլուխներից»: Դա Ամերիկան է, ոչ թե ԽՍՀՄ-ը:

Դիտվել է՝ 1816

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ