Ադրբեջանի խորհրդարանի նոր կազմի առաջին նիստում Իլհամ Ալիևը խաղաղության պայմանագիր ստորագրելու Երևանի առաջարկն անվանել է «պարզունակ» և «անհամարժեք»։ «Բոլոր չհամաձայնեցված դրույթները բացառվել են նրանց խաղաղության պայմանագրի տարբերակից։ Մի շարք պահեր հիմք են տալիս ասելու, որ Հայաստանն իրականում խաղաղություն չի ուզում, այլ ցանկանում է ժամանակ ձգել»,- հավելել է Ալիևը:               
 

Կարոտի ցավը

Կարոտի ցավը
23.12.2016 | 11:11

Ծննդավայրը… Անմոռանալի է, քանզի նախնիների շիրիմներ կան այդտեղ, անհոգ մանկան հուշեր: Ցավ պատճառած փուշն անգամ կարոտով է հիշվում: Կարոտի ցավը ավելի է սաստկանում, երբ տարիների հեռվից և անհասանելիությունից ես նայում: Անմար հուշերից նորից չայրվելու համար, ծննդավայրիս մասին գուցե վերջին հոդվածն եմ գրում… Դրա համար մտքերս այնպես են խառնված, որ չգիտեմ, թե ընթերցողներին ինչպես մատուցեմ:
Հորս և հազարավոր հանգուցյալների գերության տանջանքի ցավից կփորձեմ զսպել հուզմունքս ու ապրումներս, ցավով ու ափսոսանքով պատմել իմ վերջին այցելության մասին: Ծննդավայրիս նկատմամբ կարոտի ցավն է ինձ տանջում:


Գյուղը, որի մասին պատմում եմ, գտնվում է Գողթան գավառում, Կապուտջուղ լեռան ստորոտում: Մեսրոպ Մաշտոցը այստեղ 17 տարի ճգնելու և գործելու համար այն անվանվել է Մեսրոպավան, որոշ աղբյուրներում` Մսրվանիս, հետագայում` Նասիրվազ (Օրդուբադի շրջան): Տասնյակ ավանդություններ կան այս գյուղի հետ կապված:
Հրաշալի դիրք ունի Մեսրոպավանը: Կուտակ գյուղ է` երկու ձորակի արանքի բլուրների վրա: Աջից «մեծ գետն» է, ձորահովիտներ` մեղմ, եզրերը ժայռերին: Ձորը գնալով ձագարաձև նեղանում է ու հանգչում Կապուտջուղի ծոցում: Դարեր տեսած ընկուզենիներ կան այնտեղ: Գյուղին կից Մեսրոպ Մաշտոցի շինած դպրոց-եկեղեցուց 1988 թ. կանգուն էր հին պարսպի մի մասը:


Գյուղը տվել է գիտության, մշակույթի տասնյակ նշանավոր դեմքեր: Ակադեմիկոս Վլադիմիր Սարգսյանը, երկրահանքաբանական գիտությունների դոկտոր Սերգեյ Սարգսյանը, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Հենզել Մկրտչյանը, բժշկական գիտությունների թեկնածուներ Նատալյա Ոսկանյանը, Վարվառա Գրիգորյանը, ՌԴ տեխնիկական ակադեմիայի ակադեմիկոս Արկադի Սարգսյանը, Երևանի Լենինյան շրջանի շրջխորհրդի գործկոմի երկարամյա նախագահ, ապա` Երևանի քաղխորհրդի նախագահի տեղակալ Հրաչ Սիմոնյանը, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Ռազմիկ Արզումանյանը, ԽՍՀՄ սպորտի վարպետ Նորիկ Մկրտչյանը, Նախիջևանի ԻԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, Նախիջևանի քաղկոմի քարտուղար, ապա` քաղխորհրդի նախագահ, մթերումների մինիստր Գրիգոր Մկրտչյանը, Հայրենական մեծ պատերազմի տարիներին Նախիջևանի ԻԽՍՀ զինկոմի տեղակալ, Ադրբեջանի վաստակավոր լրագրող Հարություն Մկրտչյանը և գյուղատնտեսության ու արտադրության մի շարք աշխատողներ, բարձրաստիճան զինվորականներ:
Կշարունակվեր այս գյուղի պատմությունը, եթե չլիներ Սումգայիթը: Պատանի էի, երբ դուրս եկա գյուղից: Հետագայում աշխատանքի բերումով ապրել եմ տարբեր բնակավայրերում: Բայց որտեղ էլ եղել եմ, ամեն տարի գնացել եմ հայրենի գյուղ, խնամել այգին, քնել պապենական տանը, զգացել տոհմիս կենդանի շունչը: Այցելել եմ հարազատներիս շիրիմներին, շրջել ողջ գերեզմանատանը, բազմիցս կարդացել խաչքարերի սեպագրությունները, ապա խնկարկել նրանց հիշատակին: Ահա մի գրություն. «Խաչս Պաղվոսինն» է (1458):


ՎԵՐՋԻՆ ԱՅՑԸ
Բայց ավաղ, 1988 թ. սեպտեմբերին իմ վերջին այցը եղավ: Հովհաննես Սամվելյանի հետ գնացինք գյուղ: Հանդիպեցի մեր գյուղի ադրբեջանցի երեք ընտանիքի անդամների հետ, ոչ ոքի վերաբերմունքը չէր փոխվել, բայց հանրապետության տարբեր բնակավայրերից եկած երկրաբան ազերիների աչքերից, ինչպես ասում են, արյուն էր թափվում: Քանի որ դեռևս կար Խորհրդային Միության շունչը և իմ ճանաչելիությունը, չէին համարձակվում որևէ գործողություն կատարել: Մայրս ասաց, որ հավաքվում են, գյուղացիների տների տեղը որոշում, խմբեր կազմում: «Ինձ էլ ասում են,- շարունակում է մայրս,- թող տղաներդ չգան, մենք քեզ կուղարկենք: Հերիք է, ամեն տարի մեր ունեցվածքը տանես Երևան, այս տարի դա մերը կլինի»:
Ի դեպ, պետք է ասել, որ ինչպես մայրս, համագյուղացիներից շատերը տարիներ շարունակ վաղ գարնանը գյուղ էին գնում, վերադառնում ուշ աշնանը: Նրանք այնտեղ տնտեսություն ունեին` անասուններ, մեղուներ, ձմռանը հանձնում էին մշտաբնակներին: Ամռանն իրենց ընտանիքով շատ քաղաքաբնակներ հանգստանալու էին գնում, օգտվում բնական, մաքուր բարիքներից: Իսկ աշնանը վեց-յոթ ամսվա բոլոր տեսակի ուտելիքներով վերադառնում էին քաղաք: Մորս համոզում էի, որ աշնան բերք ու բարիքին չսպասի, թողնի տասնյակ պարկերով ընկույզն ու լոբին, կարտոֆիլը, դույլերով մեղրն ու պանիրը, կարասով լի թթի օղին, միասին գնանք քաղաք: Դե, ինչպես համոզեի մի մարդու, որ հավատում էր պետությանը, ժողովուրդների բարեկամությանը: Ամբողջ գիշեր չքնեցի… մտմտում էի` ինչպես վարվել: Պայմանավորվել էինք, որ մի քանի օր մնանք գյուղում: Բայց վաղ առավոտյան Հովհաննեսը մեքենայով եկավ մեր տուն: Նա գունատ էր ու ջղագրգիռ: Ասաց, որ ազերիները գիշերը հարձակվել են իրենց տան վրա և պահանջել, որ անհապաղ վերադառնա, թե չէ Սումգայիթի օրը կգցեն:


Այլայլվեցի: Ամեն ինչ հասկանալի էր: Միայն Հովհաննեսին խնդրեցի, որ մի քանի րոպե հետաձգենք, որ հորս գերեզմանին հրաժեշտ տամ: Տարիներ են անցել, ոչինչ չեմ մոռացել, բայց դժվար է պատմել այդ պահի մեր ապրումները:
Ինչպես միշտ, մայրս պետք է գար նոյեմբերի վերջին, բայց հոկտեմբերի սկզբին վաղ առավոտյան իմացա, որ մայրս եկել է եղբորս տուն: Նրանից խլել էին ամեն ինչ: Սերո Խանզադյանն իր «Հայրենապատումի» Զ գրքում գրում է. «...Ծեգին արթնացա ցնցումով: Պատրանք է: Հազիվ շառագունած պատուհանի մշուշում երևաց Մսրվանիսը, գլխի ժայռաելուստին տնկված երկու ոռնացող բորենի: Մշուշի մեջ երևաց նաև որսկան Նավասարդը, անզեն, գլխաբաց, կարծես անմարմին:- Հասե՜ք … մեզ կոտորո՜ւմ են…
Վազեցի Սլավիկի տուն, որն իմ տնից քիչ հեռու չէ, պատկառելի համարով` «Նորք, 88»: Բաց կապույտ դարպաս է, ավելի բաց կապույտ պատշգամբ: Սլավիկն արթնացել է: Ի՞նչ է պատահել, նա էլ է լսել հոր կանչը, տեսել գյուղի գլխին ոռնացող բորենիներին:
-Ի՞նչ է եղել, Սլավիկ:
Նա նստեց դիմացս` աթոռին: Ծանր նստեց:
-Աղետ է,- ասաց հառաչելով,- մեր Մսրվանիսի վերջին հային քշեցին, զրկեցին իր տուն ու հողից: Մաշտոցի հիմնած դպրոցը քանդեցին: Վտարել են մորս, քենակալիս, բոլորին…»:
Երբ տեսա ու զգացի այդ և նման դեպքերը, ակամայից մտաբերեցի մի քանի դրվագ, որ ազերիներն իրենց հանրապետությունում ապրող էթնիկ հայերի հայրենիքը համարում էին Հայաստանը և այդ ոճով էլ տարիներ շարունակ հայաթափում էին հայկական բնակավայրերը, իսկ մտավորականներին ճնշում գաղափարապես:
Ադրբեջանի ամենախոշոր շրջանն էր Շամախին: Աշխատավայրս և կուսակցական ենթակայությունս Բաքվում էր, բայց քանի որ սպասարկում էի Շիրվանու գոտու 14 շրջան, նստավայրս Շամախի քաղաքն էր: Երկար տարիներ այդտեղ լինելով, բոլորը ճանաչում էին, գիտեին իմ նախիջևանցի լինելը:


Շրջանային կուսկոմիտեի համագումարը լուսաբանելու հանձնարարություն էի ստացել: Համագումարի ավարտից հետո, սովորականի պես, ղեկավարների համար խնջույք էր կազմակերպվել: ՈՒշ ժամ էր: Շեքիից Բաքու էր վերադառնում Ադրբեջանի Հանրապետության կոմերիտմիության կենտկոմի առաջին քարտուղար, հետագայում Սումգայիթի քաղկոմի առաջին քարտուղար Մուսլիմզադեն, նույն ինքը` Սումգայիթի ոճրագործության կազմակերպիչն ու ղեկավարը: Նա միացավ խնջույքին: Գովեց «Բադամլու» հանքային ջուրը: Ես ասացի, որ դա իմ հայրենիքի ջուրն է: Նա սաստեց ինձ, թե Նախիջևանը քո հայրենիքը չէ, քո հայրենիքը Հայաստանն է, «և ընդհանրապես,- ասաց նա,- բոլոր հայերի հայրենիքը Հայաստանն է: Նրանք ինչո՞ւ են այստեղ ապրում, չեմ հասկանում: Նրանք պետք է գնան Հայաստան: Հայերը զբաղեցնում են մեր հանրապետության ամենալավ տարածքները»:
Իհարկե, շատ վատ զգացի, կորցրի հավասարակշռությունս: Միայն ասացի, որ հայերը դարեր շարունակ ապրել են այդ հողում, իսկ իմ յոթ պորտը` Նախիջևանում, ուրեմն դա նաև մեր պապերի հայրենիքն է:
Ապա Սումգայիթի և հայկական այլ բնակավայրերի ջարդերը ցույց տվեցին ազերիների տարիների պլանավորածը:
Տողերը գրելիս թվում է, թե կանգնել եմ «մեծ գետի» կամրջի վրա և նայում եմ գյուղ տանող ճանապարհին ու լսում գետի խշշոցը: Ալիքները արցունքի կաթիլներ են ասես, որ հեկեկալով կանչում են ` ո՞ւր եք, իմ հարազատ զավակներ:


Մելս ՄԿՐՏՉՅԱՆ
«Նախիջևան» հայրենակցական միության նախագահ, լրագրող

Դիտվել է՝ 2125

Մեկնաբանություններ