Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Հայրենիքը սիրելը քիչ է, այն պետք է պաշտել» Նժդեհ

«Հայրենիքը սիրելը քիչ է, այն պետք է պաշտել» Նժդեհ
23.12.2016 | 11:30

Երբ բարձրաձայնվում է «հազարդրամանոց» համաժողովրդական տուրքի գաղափարը, խոր ցավ ու ափսոսանք ես զգում, որ ոչ միայն շարքային քաղաքացիները, այլև հասարակական-քաղաքական որոշ գործիչներ անվստահություն են արտահայտում այդ նախաձեռնությանը: Թերևս արժե ընդառաջ գնալ այս հայրենանվեր նախաձեռնությանը, ինչ-որ չափով նպաստելով Հայաստանի, Արցախի անվտանգության ամրապնդմանը, անձնազոհ, քաջարի զինվորների, սպաների սոցիալ-կենցաղային հարցերի բարելավմանը:


Ցավոք, իշխանությունները անցած տասնամյակներում անվստահություն են սերմանել հասարակության մեջ, մասնավորապես` դատաիրավական համակարգում, մաքսային, հարկային, վարչական ոլորտներում, և, որ շատ տագնապալի է, Արցախի ու Հայաստանի վերջնական անվտանգության խնդիրներում` որպես շարունակական երկչոտ քաղաքականության արդյունք` ամոթալիորեն հանդուրժելով, որ 25 տարի օրուգիշեր մոլագար, հայատյաց թուրքը գնդակոծի հայրենիքդ, տունդ: Ահա այս համընդհանուր անվստահությունն է, որ դարձել է իշխանությունների աքիլլեսյան գարշապարը:


Իշխանավոր տիկնայք ու պարոնայք, թերևս չենք կասկածում ձեր հայրենասիրությանը. բայց դա բավարար չէ: Հարկ է պարզապես պաշտել հայրենիք Հայաստանն ու Արցախը. այո, պաշտել նաև այնքան տառապած ժողովրդին: Եվ եթե այդպես լինի, ապա յուրաքանչյուր ոք կտառապի, կամաչի, որ Հայաստանի, Արցախի մի շարք գյուղեր խմելու ջուր չունեն. Գյումրիում, Սպիտակում, Վանաձորում, երկրաշարժից 28 տարի անց էլ, հայ մարդն ապրում է խղճուկ, անհարմարավետ տնակում` մեծահարուստների, նախարարների, պատգամավորների, գեներալների հարյուրավոր շքեղ դղյակների, առանձնատների առկայությամբ:


Յուրաքանչյուր ոք կտառապի ու կամաչի, որ աշխատասեր, ձեռներեց հայ մարդը, աշխատանք չունենալով, լքում է հայրենիքը, մասնավորապես սահմանամերձ ու ծայրամասային գյուղերը` առաջացնելով ժողովրդագրական ու ազգային անվտանգության խնդիրներ:
Յուրաքանչյուր ոք կտառապի ու կամաչի, որ ապրիլյան տխրահռչակ օրերին որոշ զինվորական պատասխանատուներ հանդգնել են կոռուպցիայով զբաղվել, լինել անփույթ ու անհետևողական և ընդամենը պաշտոնանկ են արվել կամ փոխադրվել մեկ այլ պաշտոնի` արած-չարածի համար չենթարկվելով խիստ պատասխանատվության:
Պարոնայք գեներալներ ու տարբեր կառույցի զինվորական գործիչներ, գեներալիսիմուս Սուվորովը, հայուհի Աշխենի որդին, ճաշում էր զինվորների հետ, քնում հասարակ վրանում` գլխի տակ ձիու թամբը:
Հայրենապաշտ Նժդեհը, տրեխներով, կիսաքաղց, իր գայլավաշտերով ջախջախում էր բոլշևիկյան ու թուրքական հայատյաց, մարդատյաց դիվիզիաները` Սյունյաց աշխարհը ժառանգություն թողնելով հայրենիքին` վտարանդվելիս իր հետ տանելով ընդամենը «Հայկազյան բառարանը»:


Հայրենապաշտ, զարմանալիորեն համեստ ու հասարակ, մարդասեր Մոնթեն` ժողովրդի սիրելի Ավոն, այնքան հավատ ու վստահություն էր ներշնչել հայրենակիցներին, որ երբ թշնամու ինքնաթիռը ռմբակոծում էր, տագնապահար կանայք հարցնում էին` ո՞ւր է մեր Ավոն. լսում են պատասխանը` այստեղ է. և բոլորն իրենց ապահով են զգում մեծ զորավարի ու մարդասերի ներկայությամբ: Արցախցի կանայք պատմում են` Ավոյի թիկնոցը քրքրված էր, գուլպաները` ծակ, սնվում էր շատ համեստ, բայց անչափ ուշադիր էր զինվորների նկատմամբ:
Տաղանդավոր զորավար Լեոնիդ Ազգալդյանի մասին զինակիցներն այսօր էլ մեծագույն հարգանքով ու սիրով են պատմում. մասնակցելով բազմաթիվ մարտերի, հերոս զորավարը բացառիկ կարգապահ բանակով մեկը մյուսի հետևից ազատագրել է Արցախի գավառները` տալով ընդամենը 6 զոհ: Հայրենապաշտ զորավարը վճռականորեն հայտարարում էր` Արցախը Հայաստան է և վերջ. իհարկե նա նկատի ուներ նաև ազատագրված տարածքները: Երբ ամերիկացի լրագրողը Ազգալդյանին հարցնում է` «ո՞րն է ձեր գույնը», այսինքն` որ կուսակցությանն եք պատկանում, հայրենապաշտ զորավարն ու գիտնականը մի բուռ հող է վերցնում և հպարտորեն ասում. «Ահա իմ գույնը...»: Ոչ թե, ինչպես այսօր է արվում` միջոցների մեջ խտրություն չդնելով, ընկեր-ընկեր խաղալով մտնել հանրապետական կուսակցություն` չգիտակցելով անցած տասնամյակների ներքին ու արտաքին երկչոտ քաղաքականության աղետալի հետևանքները. չէ՞ որ նորանշանակ վարչապետը հենց առաջին օրը ազնվորեն ու համարձակորեն հայտարարեց` երկրի տնտեսությունը չափազանց ծանր վիճակում է. և ո՞ր կուսակցությունը, ո՞ր վարչապետներն ու նախագահներն են մեղավոր այս ամենի համար: Իսկ պայծառ զորավարին, չգիտես ինչ քմահաճույքով, հերոսի կոչման չեն արժանացնում...


Ինչո՞ւ է այս ամենն այսպես. մի՞թե հայրենիքը, ժողովրդին պաշտող յուրաքանչյուր ոք չպիտի խորհի` հարկ է ապրել ինչ-որ չափով բարեկեցիկ, հարմարավետ, իսկ փառահեղ դղյակներ կառուցել, շքեղ եկեղեցիներ կանգնեցնել` մեղավոր հոգու փրկության համար քանդակելով հովանավորյալի անունը, միայն այն ժամանակ, երբ հայրենիք Հայաստանի ու Արցախի անվտանգությունը վերջնականորեն երաշխավորված կլինի, երբ կստեղծվեն հազարավոր աշխատատեղեր, և հայ մարդը ոչ թե կարտագաղթի, այլ կներգաղթի` հզորացնելով, ծաղկեցնելով թշնամիներով շրջափակված հայրենիքը: Չէ՞ որ նման պարագայում միլիարդավոր դոլարներ կհոսեին պետական անվտանգության բյուջե:
Այսօր ապօրինի հարստացման քրեականացման օրինագիծ է ներկայացվում, որը, չգիտես ինչու, հետադարձ ուժ չունի. թող այդպես լինի: Իսկ ինչո՞ւ «ճոխության հարկ» չգանձել` ի սեր և ի անվտանգություն հայրենիքի. չէ որ, տիկնայք և պարոնայք, մենք հավերժ չենք, իսկ հայրենիք Հայաստանն ու Արցախը, ապագա սերունդները հավերժ են:


Իշխանությունները ոչ միայն բավարար կամք, վճռականություն չեն ցուցաբերել` շահելու ժողովրդի վստահությունը, չեն պատժել իրենց պաշտոնական դիրքը չարաշահող, երկրի քաղաքական-տնտեսական գործունեությունը ձախողող վարչապետներին, նախարարներին, մարզպետներին, քաղաքապետներին ու գյուղապետներին, այլև կուսակցապետություն ստեղծելու մարմաջով կատարում են քայլեր ու հայտարարություններ, որոնք զարմանք, հիասթափություն ու անվստահություն են առաջացնում: Այսպես. Վանաձորի քաղաքապետարանի ընտրությունների անհասկանալի դրվագը, Գյումրիում կասկածելի բոնուսային տարբերակը. երկու դեպքում էլ` ամեն գնով իշխանությունը հանրապետականի՞ն:
Արդյոք զավեշտալի չէ՞, երբ հանրապետական կուսակցության գործիչները, վարչապետի ՀՀԿ-ին անդամակցելուն պես, հայտարարեցին` ՀՀԿ շարքերը համալրվեց 7 հազար անդամով: Թերևս դիպուկ և անկեղծ էր պատգամավոր Սեյրան Սարոյանի արձագանքը` «գազավիկները գազ են տվել»: Այսինքն` վարչապետն ու նրա ընտրյալ նախարարները «Գազպրոմից» են, ուրեմն համապատասխան 7 հազար աշխատողներ մի գիշերում դարձան ՀՀԿ անդամ. իսկ այդ 7 հազար հոգին ինչո՞ւ մինչ այդ չէր անդամագրվում ՀՀԿ-ին. նրանք մի գիշերում յուրացրի՞ն ՀՀԿ գաղափարախոսությունը, ընկալեցի՞ն ներքին ու արտաքին քաղաքականության «ձեռքբերումները», թե՞ ընկեր-ընկեր խաղալով` վարչապետի, նրա ընտրյալ նախարարների, դե, իհարկե, նաև ՀՀԿ մարզպետների, քաղաքապետների, գյուղապետների համակիրներով բազմապատկում հանրապետական կուսակցության շարքերը և... առաջ դեպի նոր ընտրություններ:

Դա թերևս բոլորովին էլ ժողովրդավարություն չէ, որի մասին այնքան պաթոսով ճառաբանում են պարոնայք հանրապետականները. այսինքն` միջոցների մեջ խտրություն չդնելով ստեղծվում է կուսակցապետություն: Եվ մի՞թե զարմանալի չէ, երբ գյուղատնտեսության նորանշանակ նախարարը հայտարարում է` ես ծանոթ չեմ ՀՀԿ գաղափարախոսությանը, բայց անդամագրվում եմ. գուցե այդ գաղափարախոսությունը հակասո՞ւմ է պարոն նախարարի հայացքներին, թե՞ նախարարը հայացքներ չունի: Թերևս իշխանության օղակներում յուրաքանչյուր ոք պետք է այնքան ինտելեկտուալ կարողություններ ունենա, որ հարգի իր սկզբունքները, և երկրի քաղաքական-տնտեսական շահը բարձր դասի ընկեր-ընկեր կամ համապատասխան պաշտոնին առաջադրված լինելու հանգամանքներից:
Ի դեպ, կոչ կանեի հայրենակիցներիս, հատկապես բոլոր աստիճանի իշխանավորներին` պարզապես սեղանի գիրք դարձնել Ռափայել Պատկանյանի «Հայերուս թուքը» և «Ազգային վարդապետարան» մարգարեական, շատ ժամանակահունչ գործերը և դառնալ ավելի քան հայրենապաշտ:


Աբրահամ ԾԱՏՈՒՐՅԱՆ

Դիտվել է՝ 3873

Մեկնաբանություններ