ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլքեր Թյուրքը չորեքշաբթի կոչ է արել Սիրիայում և Լիբանանում առնվազն 12 մարդու կյանք խլած փեյջերի պայթյունների առնչությամբ անկախ հետաքննություն անցկացնել։ «Պետք է անկախ, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն անցկացել այս զանգվածային պայթյունների հանգամանքների վերաբերյալ, և նրանք, ովքեր պատվիրել և իրականացրել են նման հարձակումը, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է նա։               
 

Մեր ազրայել Արթուրն ու մնացած ինը

Մեր ազրայել Արթուրն ու մնացած ինը
23.12.2016 | 11:51

ՈՒզենք թե չուզենք, հերթական օրացուցային տարին մոտենում է ավարտին, ու ինչ-որ բաներ ամփոփելու, հանրագումարի բերելու ժամանակն է: ՈՒ քանի որ մեր տիրույթում բացառապես երկրի մարզական կյանքն է, առաջին հայացքից բացարձակապես անվնաս ոլորտ, իրականում լավ էլ երկսայրի, բնականաբար չենք խոսի մեզանում գրանցված թե չգրանցված տնտեսական աճից, կոռուպցիայի դեմ պայքար մղելու իշխանության մղած թե չմղած պայքարից (էսքան մղե՞լ կլինի, որ, իրենք իրենց մսխելով, սրանք մղում են), բանանի ներկրման մենաշնորհի ոլորտում (ՊՈԱԿ-ների ու ԾԻԳ-երի վերացման կողքին կառավարության ամենաօրակարգային հարցը հանուրիս կյանքում) «Քեթրինի» Միհրանի արձանագրած, թե չարձանագրած հետքայլից, քաղաքական կյանքից իբր հեռացած ու նույնքան իբր վերադարձած Վիկտոր Դալլաքյանի ֆենոմենից, Ծառուկյանի «գրկի» տաքությունը նորից շոշափելիորեն զգալու Վերստուգիչի Իշխանի ժամանակային ոչ մի չափում չճանաչող հերթական խաղ-խարդավանքներից կամ (վերջին մեկ-երկու տարում խեղճի ախորժակը ոնց որ թե փակել կամ ժամանակավորապես չափավորել են՝ գահընկեցության հող նախապատրաստելով), ապրիլյան քառօրյայի հնարավոր ամոթի դեմն իրենց կյանքի գնով առած մեր դյուցազնազարմ պատանյակների հերոսաքայլից հետո քաղաքականաշինությանը (արհեստական բառ է, բայց դե, կներեք, այդ ի՞նչը մեզանում արհեստական ու մտացածին չէ), բանակաշինությանն առավելություն տալու Սեյրան Օհանյանի չգիտեմ էլ թե ինչից ու բազմաթիվ նման բաներից, որոնցով անհեթեթորեն լցրել են մեր կյանքը՝ վերածելով մի իրականության, որտեղ ամեն ինչի առանցքում «ինձ հարմար լինի, մնացածի տիրոջ…» գիտակցությունն է:


Ինչևէ: Խոհեմաբար դառնանք բուն խնդրին, թե չէ նորից բորբոքելու եմ իմ հավատավոր ընթերցողներից մեկի` «այստեղ որտե՞ղ եք տեսնում սպորտ» արդարացի զայրույթն ու իմ հավատավոր ընթերցողներից մյուսի` «իսկ այստեղ որտե՞ղ չեք տեսնում սպորտ» ընդդիմացումը և էշը ցեխից հանելու, կողմերին հաշտության բերելու համար նորից հարկադրված պետք է հագնեմ խաղաղության աղավնու իմ հանդերձը, ինչ է թե արյան գետեր չհոսեն (տեսնես ինչո՞ւ ինձ խաղաղության Նոբելյան մրցանակ չեն տալիս):
ՈՒրեմն՝ մարզական տարին:


Բնականաբար, դրանում թիվ մեկն Արթուր Ալեքսանյանն է՝ մեր ազրայել ըմբիշը, որ ում գրկում՝ գետնովն է տալիս՝ անկախ ազգային ու կուսակցական (հը՞, մի քանիսդ վախեցա՞ք) պատկանելությունից, մաշկի գույնից, դավանած կրոնից: Օլիմպիական ոսկին ըմբշամարտում նրա գերազանցության հերթական հավաստումն էր, ու ես այդքան էլ լավ չհասկացա, թե ինչու նրան այդպես խելագարված ընդունեցինք ազգովին: Աա՜, ուրեմն կասկածողներ են եղել ու որ քթներին (կամ մարմնի մեկ այլ բաղկացուցչին) չստանալու և կաշիները փրկելու համար հեռատեսորեն գնացել էին իբր իրենց սերն ու հիացքն արտահայտելու: Փարիսեցինե՜ր: Սույն պահվածքը հավասարազոր է նրան, որ Տիրոջը փոխանակ մեջդ կրելու, նեղ օրվա մեջ ես հիշում Նրան ու վազում Դուռը՝ ինչ է թե գլխիդ մի փորձանք չգա: Բարոյականության հարց է, բայց խնդրի վրա առանձնապես չծանրանանք:


Երկրորդը, որ իրականում նույնքան առաջին է, Միհրան Հարությունյանն է: Մեր այս ըմբիշից, գիտեք, օլիմպիական ոսկին գողացան, որ սիրաշահեն սերբերին: Մեզ հետ այսպես վարվելը եկեք չհամարենք փոքր ազգի սինդրոմ, թեպետ ազգը փոքր չի լինում, փոքրաթիվ է լինում, բայց դե հիմա միջազգային խուժանության այդ համախտանիշը, ի դեմս մեր ոսկե տղայի, մեր գլխին փաթաթվեց: Ամենակարևորը դուխից չընկնելն է: Թե չէ, ի՞նչ է եղել, Գագիկ Ծառուկյանը, որ ուրիշ տեղից էլ չէ, մատի մատանին կծախի, հարյուր հատ ոսկե մեդալ կսարքի, կտա տղերքին: Ասածս, ինչ խոսք, չի նշանակում, որ նա այլոց օրինակով չպիտի շարունակի հարկերը ողջ ծավալով չմուծել ու մեր բյուջեին, գեղավարի ասած, քոմակ չկանգնել:


Երրորդն ու չորրորդը մեկը մեկից «ջեհե՜լ», մեկը մեկից սիրուն, մեկը մեկից ուժեղ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Ալեքսանյանն են լավագույն տասնյակի յոթերորդ հորիզոնականում հանգրվանած Անդրանիկ Կարապետյանի հետ (հլա տեսնեմ բիլակը չծռվեր ու էդ անտեր վնասվածքը չստանար՝ վազելով որերորդ տեղն էիք տալու էդ բոմբ տղին): Իհարկե, կպատշաճեր նրանց առանձին-առանձին ներկայացնել, բայց դե ի՞նչ անեմ, խմբագրությունից զանգել, ասում են՝ տարեվերջյան համար է, տեղի նեղություն ենք անում, թերթային կես էջով բավարարվիր (ասես իրենք չեն պատեհ ու անպատեհ առիթով զանգողն ու ամեն մեկի նաև մասնավոր կյանքով հետաքրքրվողը՝ կոշիկի մազից մինչև մաշկի գույն, սիրած աղջիկ ու հարակից բաներ): Ինչևէ: Թե մեր էս սերուցքի գլխին բան էլ կա կոտրվելու, թող նման բաներ կոտրվեն ու թող որ Աստված միշտ նրանց թիկունքին լինի, որ ազգի ու երկրի հոգին հաղթության ոգով լցնեն:
Հինգերորդը մեր անուշիկ գեղեցկուհի, ադամանդի պես պինդ Նազիկ Ավդալյանն է, ում հետ ճակատագիրը չար կատակ խաղաց, սակայն չկարողացավ բեկել: ՈՒ եթե մեր ծանրորդուհին դեռ մրցահարթակ է դուրս գալիս, դուրս գալն էլ հեչ, ժրաջան մեղվի պես դեռ մեդալներ էլ է բերում, սա արդեն ֆանտաստիկայի ոլորտից է: Գրեցի ֆանտաստիկա ու ինքս իմ գրածից մոլորվեցի. գյումրեցու համար ի՞նչ ֆանտաստիկա, երբ ինքը, որպես տեսակ, ոտքից գլուխ ֆանտաստիկա է այս աշխարհում:


Յոթերորդ տեղում հանգրվանած Հարություն Մերդինյանը հայկական մարմնամարզության ոգեղեն գենի կրողն է՝ լավագույն տասնյակը եզրափակած Արթուր Դավթյանի հետ: Երկուսն էլ բազմիցս փայլել են միջազգային մրցաշարերում, երկուսն էլ առնականությունը գեղեցկության հետ միաձուլած այս մարզաձևի սիրահարների համար պայքարի ու հետևողականության վառ օրինակ են, Հրանտ Շահինյանի ու Ալբերտ Ազարյանի ոսկեղեն զարմի շարունակությունը:
Տասնյակից առ այս պահը չհիշատակված երկուսը ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանն ու ըմբիշ Վարշամ Բորանյանն են, մարզիկներ, ովքեր հայկական սպորտում ունեցած իրենց ներդրումով հավասարազոր չեն, սակայն մարզիկ ու մարդիկ են, որոնց ունենալու համար ամեն երկիր իրեն պատեպատ կտար:


Ընդհանուր գծերով ահա այսքանը 2016-ի Հայաստանի լավագույն տասնյակի մասին, տասնյակ, որ արդեն անցնող տարում մեզ քիչ լուսավոր պահեր չի պարգևել ու դեռ շատ է պարգևելու, որովհետև Տեսակ է, Զարմ, Ինքնություն:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1479

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ