Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Բնավորություն, միտք և հույզ

Բնավորություն, միտք և հույզ
23.12.2016 | 12:07

2016-ի նոյեմբերի 18-ը տոնական կարմիրով նշվեց նկարիչ ՅՈՒՐԻ ԽԱՉԱՆՅԱՆԻ օրացույցում։ Այդ օրը Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում բացվեց նրա անհատական ցուցահանդեսը՝ նվիրված նկարչի 70-ամյակին։ Սրահում ցուցադրված էին վեց տասնյակից ավելի աշխատանքներ՝ և՛ դիմանկարներ, և՛ նատյուրմորտներ, և՛ բնանկարներ և, որ ամենաուշագրավն էր, այդ ամենի համադրությամբ նաև ավետարանական թեմաներով կտավներ, առկա էին նաև կուբիստական ուղղվածությամբ աշխատանքներ։
Նկարներն աչքի են ընկնում միևնույն գույնի տարբեր երանգների օգտագործմամբ. խուսափելով գծից՝ որպես հիմնական արտահայտչամիջոց Խաչանյանն ընտրում է գույնը։ Հետաքրքիր է նաև նկարների ֆոնի ու բուն պատկերի համադրությունը։ Պատկերները կարծես տարրալուծվել ու ձուլվել են ֆոնին։ Օրինակ, առաջին հայացքից միանգամից չեն նշմարվում Ջերմուկի բնապատկերները. դրանք ներկայացված են վառ և ինչ-որ չափով հակասական գույներով։


Հոգեբանական վերլուծության շեշտադրումով են կերտված նկարչի դիմանկարները, ինչն այս ժանրում համարվում է դիմանկարի ամենաբարդ, բայց, միևնույն ժամանակ, կատարյալ ձևը։ Նա կարողացել է արտահայտել բնորդի բնավորությունը, մտքերն ու հույզերը։ Դիմանկարների մեջ է նաև հեղինակի ինքնադիմանկարը։ Այս շարքն արված է ավելի սառն ու մուգ երանգներով, որոնք առավել արտահայտիչ ու համոզիչ են դարձնում կերպարները։
Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում տրանսպորտային միջոցներում իրավիճակներ ներկայացնող կտավների շարքը։ Տեսարանները կարծես վերցրած են մերօրյա իրականությունից։ Մարդիկ պատկերված են տարբեր դիրքերով՝ նստած, կանգնած, հենված։ Բոլորի դեմքերն անհատականացված են, և յուրաքանչյուրն առանձին տրամադրություն է արտահայտում՝ հրճվանք, քմծիծաղ, մտազբաղություն, դժգոհություն։ Ֆիգուրների գլուխները մեծ են, դեմքերը՝ կլորավուն, ոչ այնքան նուրբ դիմագծերով։ Այս շարքի երկու նկար առավել տպավորիչ: Առաջինը «Միայնակը» կտավն է, որի կոմպոզիցիոն դոմինանտը՝ երթուղայինում կանգնած ֆիգուրը, ներկայացված է ամբոխի մեջ առանձնացված ու միայնակ։

Հավանաբար հեղինակը ներկայացրել է անհատի միայնության ու անտեսվածության գաղափարը, որն ավելի տպավորիչ է հնչում ֆիգուրը շրջապատող մարդկանց ներկայությունից, ինչը սոսկ ֆիզիկական բնույթ է կրում։ Երկրորդ կտավը, որը հակադիր տրամադրություններ է արտահայտում, «Հաճելի ուղևորուհի» նկարն է։ Ժպտադեմ ուղևորուհուն հակադրված է վարորդի մռայլ դեմքը։ Թվում է՝ հակասական արտահայտություններով նկարիչը փորձել է ավարտուն միտք հաղորդել կտավին։ Ամենայն հավանականությամբ, այստեղ ներկայացված է անտարբերության գաղափարը։
Այս ամենի կողքին անսպասելի են ընկալվում ավետարանական թեմաները ներկայացնող երեք կտավները։ «Քրիստոսի մուտքը» կտավում Քրիստոսը պատկերված է այլայլված, այնպիսի տպավորություն է, որ նա չի ցանկանում ներս մտնել։ Ֆիգուրը ներկայացված է ամբողջ հասակով՝ սևազգեստ, սև են նաև դռներն ու հետին խորքը։ Քրիստոսը նման է համաշխարհային արվեստում ընդունված նրա պատկերագրական տիպին։ Բայց, այս ամենի հետ մեկտեղ, կարծում ենք, որ խախտված են համաչափությունները, դիտակետը վերցրած է ներքևից, Հիսուսը ներկայացված է բարձրահասակ, իսկ գլուխը փոքր է, հագուստը քողարկում է մարմնի համաչափությունները։


«Խաչելությունը» ներկայացված է պուանտիլիստական մեթոդով՝ գույների այնպիսի համադրությամբ ու վրձնահարվածների այնպիսի արտահայտվածությամբ, որ միայն ուշադիր նայելու դեպքում է հնարավոր նկատել պատկերը։ Եվ եթե չլիներ կտավի վերնագիրը, դժվար կլիներ գուշակել, որ այդտեղ պատկերված է խաչելությունը։ Այս շարքի ուշագրավ կտավներից է նաև «Ավետումը», որն արված է յուղաներկով։ Նկատելի են ավանդական կանոնից շեղումներ՝ հրեշտակը կարծես սենյակ է ներխուժում լուսամուտից։ Նկարի ձախ հատվածում Տիրամայրն է, որը կիսով չափ է ներկայացված։ Պատկերում շեշտադրված է հրեշտակը, ինչը վկայում են թևերի մեծ չափերը։ Ավետումը պատկերված է աղբյուրի մոտ, որտեղ աղբյուրը ներկայացված է սեղանին դրված կուժի տեսքով։ Պատկերագրական առումով այս կտավը զուգահեռներ ունի արևելաքրիստոնեական արվեստի հետ։


Լաուրա ՆԱԶԱՐԵԹՅԱՆ
Արվեստաբան

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1345

Մեկնաբանություններ