Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Սա հենց այն կռվախնձորն է

Սա հենց այն կռվախնձորն է
28.04.2017 | 09:56

Ադրբեջանական խնձոր ներկրողի իսկությունը պարզելու համար ՊԵԿ-ը հետաքննություն է սկսել։ Ստուգումներ է իրականացնում նաև գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը։


Իսկ մինչ այդ, կարծում ենք, անհրաժեշտ է հասկանալ, թե ինչու ադրբեջանական խնձորը հայտնվեց հայաստանյան շուկայում, այն էլ` հատուկ գրառմամբ ընդգծելով խնձորի ծագման երկիրը, այն էլ` ապրիլի 23-ին` Եղեռնի տարելիցի նախօրեին։ Մի քանի օր է` լրատվամիջոցների և սոցկայքերի էջերից խնձոր ներկրողների և վաճառողների տարբեր մեկնաբանություններ են հնչում, նրանց արարքը նույնացվում է դավաճանության հետ։ Ասել, որ վերջիններս այս պարզ ճշմարտությունը հաշվի չեն առել, միամտություն կլինի։ ՈՒրեմն ինչո՞ւ են խնձորների վրա հատուկ շեշտել ծագման երկիրը։ Սա պատահականությո՞ւն է, թե՞ մտածված քայլ... Իրավիճակին հետևելով` պատահականության հոտ չի գալիս։
Ցանկացած գործարար կամ գյուղմթերք վաճառող առաջին հերթին մտահոգված է իր եկամտով։ Վաճառքն է ապահովում եկամուտը` այս ոսկի կանոնը հայտնի բան է։ Հայտնի է նաև, որ ադրբեջանական ծագման, այն էլ այն հատուկ շեշտադրմամբ վաճառվող խնձորները բացասական ազդեցություն պետք է ունենային վաճառքի ծավալների վրա։ ՈՒրեմն ինչո՞ւ է այդ մականշումը արվել, ինչը նպաստավոր չէ առևտրի համար, հակասում է առևտրի ոսկի կանոնին։


Չի բացառվում, որ նման ձևով փորձ է արվում շոշափել հայ ժողովրդի մտածողությունը, տրամադրվածությունը։ Այո, իսկ ինչո՞ւ ոչ։ Եթե Հայաստանը Թուրքիայից ներմուծում է լոլիկ, ապա ինչո՞ւ չի կարելի հայկական տրամադրվածությունը շոշափել ադրբեջանական խնձորով։ Ի դեպ, մեր այս ենթադրության հիմքում նաև դեպքերի դասավորվածությունն է։ Անժխտելի փաստ է, որ Հայաստանը Ադրբեջանի հետ առևտուր չի անում, հետևաբար խնձորները ներմուծվել են կա՛մ Վրաստանով, կա՛մ Թուրքիայով։ Կառավարության նիստից հետո գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության պետ ԻՇԽԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ զրույցում մենք ճշտեցինք, որ այս ժամանակահատվածում խնձոր ներկրվել է ՈՒկրաինայից, Ռուսաստանից, Վրաստանից և Իտալիայից։ ՈՒ թեև Իշխան Կարապետյանը մեզ վստահեցրեց, որ ստուգումների ընթացքում ներմուծող ընկերություն չկա, այնուհանդերձ, անհասկանալի է մնում, թե ինչպես կարող է հազարավոր տոննաներով խնձոր ներմուծել ֆիզիկական անձը։ «Հաշվի առնելով արձանագրված դեպքը` սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, ՊԵԿ-ի հետ համատեղ, իրականացնում է գործողություններ։ Նպատակն է` Երևանում և հանրապետության բոլոր մարզերում բացահայտել եղած խմբաքանակը։ Արդյունքները ամփոփելուց հետո հանդես կգանք համատեղ հայտարարությամբ։ Մեր շրջայցերը շարունակվում են, և մեր նպատակն է հիմնական խմբաքանակը շուկայից հանել»,- մեզ հետ զրույցում ասաց սննդի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը։ Եթե նկատենք, որ շրջայցի ժամանակ ադրբեջանական խնձոր է հայտնաբերվել նաև Շիրակի և մյուս մարզերում, ապա ենթադրությունը, թե խնձոր ներկրողը ֆիզիկական անձ է, զրոյանում է։


Ինչպես երևում է, սա հենց այն կռվախնձորն է, որը բազմաթիվ հարցերի պատասխան պիտի տա, և եթե մի քիչ էլ զոռ տանք երևակայությանը, այս խնձորը կարող է գլորվելով մտնել... քաղաքական դաշտ։ Իսկ գուցե ոչ թե խնձորն են ներկրել, այլ պիտակնե՞րը, ո՞վ գիտի։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1345

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ