Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Միավորումներին դեմ չենք»

«Միավորումներին դեմ չենք»
19.05.2017 | 12:27

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջարկը` ստեղծել ճանապարհային հիմնադրամ, խանդավառությամբ են ընդունել ոչ միայն ճանապարհաշինարարները, այլև ոլորտի գիտնականները։ Եթե այս ծրագիրը իրականություն դառնա, ուրեմն գիտնականների ձայնը վերջապես հասել է գործադիրին։ Նկատենք, որ ծրագիրն արժանացել է նաև ՀՀ նախագահի հավանությանը, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ այն իրականություն կդառնա։ Որտեղի՞ց է նախարարությունը հայթայթելու այն միջոցները, որոնք անհրաժեշտ են հիմնադրամի ստեղծման համար` հարցրինք տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար ՎԱՀԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ։

-Այս պահին ներկայացրել ենք հիմնադրամ ստեղծելու առաջարկությունը և ստացել ՀՀ նախագահի հանձնարարականը` աշխատել այդ ուղղությամբ։ Ինչ խոսք, հիմնադրամի ձևավորման համար առաջնայինը անհրաժեշտ միջոցների ներգրավումն է։ Այս պահին, մեր պատկերացմամբ, դրանք կարող են գոյանալ ճանապարհների եզրերին գտնվող օբյեկտների գույքահարկից, գովազդային վահանակներից և նմանատիպ այլ աղբյուրներից։
-Իսկ ավտոմեքենաների տեխզննումից և գույքահարկից գումարները չե՞ն ընդգրկվի հիմնադրամում։
-Իհարկե, ցանկալի կլիներ, սակայն որքանո՞վ դա ընդունելի կլինի ֆինանսների նախարարության կողմից։ Չմոռանանք, որ այդ գումարներն ուղղվում են պետբյուջե։
-Պարոն նախարար, վերջերս հայտարարեցիք, որ տրանսպորտային միջոցները գործելու են քարտային համակարգով։ ՈՒզում եմ հասկանալ` այդ համակարգը մե՞կ կազմակերպություն է ներդնելու, ինչպես եղավ, օրինակ, արագաչափերի դեպքում, ինչը դժգոհություն առաջացրեց հանրության շրջանում։ Եվ հնարավո՞ր է, որ այդ համակարգի ներդրումից հետո ուղեվարձը թանկանա։
-Այդ հարցին հստակ պատասխան տալ չեմ կարող, քանի որ դեռևս բանակցում ենք «Եվրասիական զարգացման բանկի» հետ` տեխնիկական առաջարկությունների շուրջ, ինչը կարևոր բաղադրիչներից մեկն է։ Իհարկե, հնարավոր է որպես տարբերակ դիտարկենք նաև պետական-մասնավոր համագործակցությունը, սակայն դա չի ենթադրում ուղեվարձի բարձրացում։
-Ծրագրի իրականացման համար վարկ պետք է վերցնեք։ Ի՞նչ եք կարծում, այս պահին, երբ պետությունը խոշոր վարկերի բեռան տակ է, արժե՞ բեռան վրա բեռ ավելացնել։
-Դա հաշվարկի խնդիր է։ Եթե այն փաստում է, որ ծրագիրն արդյունավետ է, ապա վարկից վախենալ պետք չէ։ Մենք պետք է այն դիտարկենք արդյունավետության տեսանկյունից։ Ցանկացած վարկային ծրագրի նպատակը տնտեսության զարգացումն է։ Եթե կարողանում ես սպասարկել վարկը և այն արդյունավետ օգտագործել, որևէ խնդիր չեմ տեսնում։
-Ո՞րն է լինելու քարտային համակարգով ուղևորափոխադրումների տնտեսական արդյունավետությունը։ Այսպես թե այնպես, ուղևորը վճարում է իր 100 դրամը։
-Մենք այդ ճանապարհով փորձում ենք նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը։ Նպատակ չունենալով վիրավորելու որևէ մեկին, այդուհանդերձ, կարող ենք, չէ՞, ենթադրել, որ կանխիկ վճարումները 100 տոկոսով չեն ուղղվում պետբյուջե, քանի որ այդ գումարները գոյանում են մեկ այլ տեղում։
-Երկու շաբաթ առաջ հրավիրած ասուլիսում նշեցիք, որ այլևս գծատերեր չեն լինի, այդ ուղղությունները կաշխատեցնեն օպերատորները։ Հիմա ի՞նչ տարբերություն` անունը գծատե՞ր կլինի, թե՞ օպերատոր։ Ռուսական մի լավ խոսք կա` «Рыжий покрасился в черный цвет, хотя душой остался рыжим»։ Այդ նույն գծատերերը կարող են միավորվել և հանդես գալ մի քանի օպերատորների տեսքով։
-Նման միավորմանը դեմ չենք, ավելին, կարող են ձևավորվել նաև բաց բաժնետիրական ընկերություններ։ Այդ դեպքում նրանք պարտավորություն կունենան սպասարկելու ամբողջ ցանցը։ Այդ միավորումը կնպաստի, որ ուղևորափոխադրումներ իրականացվեն այն ուղղություններով, որոնք ֆինանսապես շահավետ չեն։ Եկեք օբյեկտիվ գնահատենք իրավիճակը, և հասկանանք, թե ինչու շատ համայնքներ չեն սպասարկվում. պատճառը մեկն է` պահանջարկ չկա։
-Պահանջարկ չկա, որովհետև ունենք դատարկվող գյուղեր, և արտահոսքն էլ շարունակվում է։ Եթե գծատերը վերածվում է օպերատորի, պահանջարկի բացակայության դեպքում ի՞նչն է փոխվելու։
-Օպերատորի դեպքում ավտոհավաքակայանը պետք է ունենա մի քանի տասնյակից ավելի տրանսպորտային միջոց, ոչ թե մի քանի հատ, ինչպես այսօր է։ Այդ փոփոխությունը թույլ կտա շաբաթը մեկ բավարարել գյուղերի ուղևորափոխադրման պահանջարկը։ Այսինքն, այն ուղղությունների, որոնք ֆինանսապես շահավետ չեն։
-Ի՞նչ եք կարծում, օպերատորները չե՞ն բարձրացնի ուղեվարձը։
-Կարծում եմ` ոչ։ Միևնույն ժամանակ, եկեք անկեղծ լինենք. տրամաբանորեն ուղեվարձի բարձրացումից չպետք է վախենալ։ Ցանկացած բիզնես պետք է զարգանա, եթե այն փող չբերի, զարգացում հնարավոր չէ ապահովել։
-Ճիշտ եք, եթե բիզնեսը փող չբերի, չի զարգանա, իսկ շարքային քաղաքացին ի՞նչ անի, երբ աշխատանք չունի։
-Կիսում եմ Ձեր մտահոգությունը, սակայն չենք կարող այսօր անտեսել տրանսպորտային միջոցների տեխնիկական վերազինման անհրաժեշտությունը։ Դրա համար միջոցներ են պետք։ Հասկանալի է նաև, որ այդ ամբողջ բեռը չպետք է դրվի ուղևորի վրա։ Այդ նպատակով ուսումնասիրություն ենք իրականացնում, փորձում ենք միջոցներ գտնել, բայց և այնպես, ուղևորի ներդրումը բացառել չի կարելի։


Զրուցեց
Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1304

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ