Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ստրասբուրգ՝ հրաժեշտ Վալենսիային

Ստրասբուրգ՝  հրաժեշտ Վալենսիային
30.06.2017 | 00:29

Ստրասբուրգը պատմության խաչաձևումների փառահեղ անցյալ ունի, միայն Մայր տաճարի պատմությունը հազարավոր էջերով է գրվել, այստեղ՝ Հռենոսի ափին է առաջին անգամ հնչել Ինտերնացիոնալը: Էլզասի մայրաքաղաքն այսօր նաև ԵՄ մայրաքաղաքներից է Բրյուսելի հետ, որտեղ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ու ԵԽԽՎ-ն են: Պատմական ու արդիական՝ տիպիկ եվրոպական Ստրասբուրգում այս շաբաթ տիպիկ եվրոպա-ասիական խաղեր էին, որոնց արդյունքում դարի հաղթանակը կայացավ՝ ԵԽԽՎ-ն հաղթեց ԵԽԽՎ նախագահին: Գարնանային նստաշրջանում անվստահություն հայտնեց, ամառայինում ասաց՝ հեռացիր, աշնանայինում նոր նախագահ կունենա: Սովետական մենթալիտետ ունեցողներիս համար տարօրինակ է հնչում, որ ԵԽԽՎ-ն չէր կարողանում ազատվել իր ընտրած նախագահից: Փաստորեն մեզ ցույց տրվեց՝ ինչ են անում ժողովրդավարական կառույցները՝ խնդրի հանդիպելիս, որ առաջ չեն ունեցել: Տարօրինակ էր տեսնել՝ ինչպես քաղաքական խմբերը, հանձնաժողովները նրան հեռացնելու որոշումներ էին կայացնում, ինչպես զեկույց նախապատրաստվեց ու ընդունվեց, որ փոխեց ԵԽԽՎ կանոնակարգը: Օրենքի գերակայությունը դա է, մենք սովորել ենք իրավունքի գերակայության, երբ բարձրաստիճան պաշտոնյաները իրենք էլ չիմանալով ինչու ու երբ հրաժարականներ են տալիս, ու բոլորս ընդունում ենք, որ «կամավոր» էր:


Օրենքի ու իրավունքի տարբերության պատճառը միայն մենթալիտետի տարբերությունը չէ: Գուցե նաև Ստրասբուրգ-Երևան հեռավորությունն է պատճառը, որ Հայաստանում ԵԽԽՎ իրադարձությունները պտտվեցին Պեդրո Ագրամունտի շուրջբոլորը: Միջին վիճակագրական եվրոպացի, որ պատիվ ունեցավ ընտրվել ԵԽԽՎ նախագահ և անպատվություն՝ ԵԽԽՎ պատմության մեջ առաջին նախագահը դառնալ, ում պաշտոնավարման ժամկետն այդպես ընդհատվեց: Ո՞վ է նա: Ծնվել է 1951-ին, Վալենսիայում: 1974-ին ավարտել է Վալենսիայի համալսարանը: 1989-ից Ժողովրդական կուսակցության անդամ է, 1990-1993-ին ղեկավարել է կուսակցության Վալենսիայի բաժանմունքը: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կուսակցական է եղել, որ անդամակցությունից մեկ տարի հետո սկսել է ղեկավարել: 1993-ից Իսպանիայի Սենատի պատգամավոր է, 2000-ից Իսպանիայի խորհրդարանի պատվիրակության կազմում ԵԽԽՎ պատգամավոր: 2016-ին նա ընտրվեց ԵԽԽՎ նախագահ, 2017-ի հունվարին վերընտրվեց: Գուցե միջին վիճակագրական եվրոպացու համար 16 տարին նույն կառույցում շատ երկար էր՝ միայն աշխատանքով զբաղվելու համար:


Պեդրո Ագրամունտի կոռումպացվածության՝ նավթադոլարների ու խավիարասիրության, ադրբեջանական հյուրասիրությունը նախընտրելու մասին ԵԽԽՎ-ում քննարկվող տարբեր զեկույցների առիթով տասնյակ հրապարակումներ են եղել եվրոպական մամուլում, նրանք շեշտում էին Ադրբեջանի նախագահի հետ Պեդրո Ագրամունտի սերտ կապերը: ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը տասնյակ ելույթներ է ունեցել այս թեմայով, որոնց ընթացքում նիստը նախագահող Պեդրո Ագրամունտը անջատում էր խոսափողը: Իսկ նրանք պահանջում էին, որ ԵԽԽՎ-ն առաջնորդվի ոչ թե շահերով, այլ սկզբունքներով, որ հավատարիմ մնա իր կանոնադրությանը: Ճիշտ է՝ պահանջները զուգահեռվում և ուղղվում էին ադրբեջանական պատվիրակության դեմ, բայց դա ավանդույթ է: Ավանդույթ չէր, որ ԵԽԽՎ նախագահը սպասարկի թուրք-ադրբեջանական շահերը: ԵԽԽՎ պատվիրակների գերակշռող մասը այդ ամենին մնում էր անտարբեր: Ի՞նչը նրանց շարժեց:


Պատգամավորների զայրույթի հիմնական պատճառը մարտին Ագրամունտի այցն էր Սիրիա և նրա հանդիպումը Բաշար Ասադի հետ։ Հարցը ԵԽԽՎ-ում բարձրաձայնեց ՈՒկրաինայի պատվիրակության անդամ Բորիսլավ Բերեզան, և հիմա ուկրաինական մամուլը Ստրասբուրգում տեղի ունեցողը հայտարարում է միջազգային ասպարեզում իր երկրի հերթական հաղթանակը: Ապրիլին ԵԽԽՎ բյուրոն անվստահություն հայտնեց նախագահ Ագրամունտին՝ զրկելով ԵԽԽՎ անունից բանակցություններ վարելու, պաշտոնական այցերի կամ հայտարարությունների իրավունքից:

Ինչո՞ւ: ԵԽԽՎ նախագահը Սիրիա էր մեկնել ՌԴ Սենատի պաշտոնական պատվիրակության կազմում ու ռուսական ինքնաթիռով: ՌԴ պատվիրակությունը տևական ժամանակ է՝ չի մասնակցում ԵԽԽՎ աշխատանքներին, ժամանակ առ ժամանակ Մոսկվայում բարձրացվում է ԵԽԽՎ-ից դուրս գալու հարցը, որ քննարկվում է՝ իբրև քաղաքական գործիք՝ առանց որոշման հասնելու: Փաստացի Պեդրոյի ու Իլհամի դոլարահամ բարեկամությունը կարող էր շարունակվել անվերջ, եթե նրանց ճանապարհին չկանգներ նույնիսկ ոչ թե Բաշար Ասադը, այլ Մոսկվան: Սա արդեն ոչ թե ենթադրություն է, այլ փաստ: Վիճակագրության վկայությամբ՝ միջազգային կառույցներում հայկական պատվիրակությունները հավատարմության հրաշքներ են գործում հանուն Ռուսաստանի, չգնահատված հրաշքներ, ՌԴ պատվիրակությունը (համենայն դեպս, ԵԽԽՎ-ում) իր քվեարկություններով պաշտպանում է ոչ թե Հայաստանի, այլ Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը: Հայաստանում այս հարցերի մասին ընդունված չէ խոսել՝ կարևորվում է նվիրումը դաշնակցին և չի բացատրվում, թե որն է միակողմանի հավատարմության իմաստը:


Հունիսի 27-ին ԵԽԽՎ պատգամավորները «Խորհրդարանական վեհաժողովում պատասխանատվության սկզբունքի ճանաչումն ու իրագործումը» զեկույցը քննարկեցին ու ընդունեցին: Հեղինակը Շվեյցարիայի պատվիրակ Լիլիան Մորի Պասկիեն է, որ գլխավորում Է ԵԽԽՎ-ի կանոնակարգի հանձնաժողովը: ԵԽԽՎ կանոնակարգում ամրագրվում է բարձրաստիճան պաշտոնյաների հետկանչի մեխանիզմ: Զեկույցն ընդունվեց 154 կողմ, 30 դեմ հարաբերակցությամբ: Փաստացի՝ մնացել են ընդամենը 30 պատգամավորներ, որ բացահայտ պաշտպանում են նստաշրջանի լիագումար նիստերի դահլիճում այդպես էլ չհայտնված Պեդրո Ագրամունտին՝ չմտածելով իրենց վարկանիշի ու հեղինակության, հետագա ճակատագրի մասին: Եվ, բնականաբար, ամբողջ կազմով հանուն Ագրամունտի մարտի էր գնում Ադրբեջանի պատվիրակությունը: Ի՞նչ էին ասում Ագրամունտին (այսինքն՝ իրենք իրենց) պաշտպանողները: Նրանք փորձում էին ժխտել կոռուպցիոն շղթայի գոյությունը և միայն առանձին անձանց կամ առանձին զեկույցներ էին նշում, փորձում էին Լուկա Վոլոնտեի գործը դուրս բերել ԵԽԽՎ շրջանակներից, փորձում էին ժամանակ շահել՝ պատճառաբանելով, որ չի կարելի իրավական հարցերը հապճեպ լուծել, պետք է հետաձգել հոկտեմբեր, դիմել Վենետիկի հանձնաժողովին և այլն, և այլն: Նրանք պարտվեցին՝ որոշումը կայացվել էր: ՈՒ՝ ի՞նչ:


1. ԵԽԽՎ-ն գնում է ինքնամաքրման՝ իր շարքերից փորձելով հեռացնել իրենց համաեվրոպական մակարդակով վարկաբեկած պատվիրակներին, բայց դա իրավական կամ բարոյական ինքնագիտակցության զարթոնք չէ, քաղաքական որոշում է, որից պետք է բազմակողմանի հետևություններ անել:
2. Ազատվելով Պեդրո Ագրամունտից՝ իբրև ԵԽԽՎ նախագահից, ԵԽԽՎ-ն չի ազատվում իր բանաձևերի, զեկույցների կոռումպացվածության և պատվիրվածության վտանգից: Դա տևական գործընթաց է, որին խանգարում է ոչ միայն առանձին պատվիրակների ընչաքաղցությունը, այլև ընդհանուր քաղաքական պատվերի բացակայությունը:
3. Շահերի լոբբինգը ինքնին արգելված կամ խոտելի չէ, բայց կան ընդունված կանոններ և շրջանակներ, որոնցից դուրս քայլերը սահմանակցում են քրեական հանցանքների հետ: Լինելով խորհրդարանական վեհաժողով, որտեղ պատգամավորները ազատ են արտահայտել իրենց անձնական կարծիքը և ազատ են իրենց քվեարկությունների մեջ՝ պարտադրված չլինելով արտահայտել իրենց երկրի տեսակետը, պատվիրակությունների անդամները չունեն պատասխանատվություն իրենց քվեարկությունների համար: Սա և ազատության դրսևորում է, և վտանգ՝ խորհրդարանական գործունեությանը քրեական ուղղվածություն տալու: ԵԽԽՎ կանոնակարգը այս հարցերին չի անդրադառնում:
4. Հայ-ադրբեջանական շահերի բախումների միջազգային հարթակ դարձած ԵԽԽՎ-ի մյուս պատվիրակությունները վաղուց ձանձրացել են երկու պետությունների պատվիրակների պատերազմից: Նրանք անգիր գիտեն՝ որ պատվիրակությունն ինչ է ասելու, որը՝ ինչ է պատասխանելու: Բայց դա միայն Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունների մեղքը չէ: Հին ու հայտնի փաստ է, որ Ադրբեջանն իր արտաքին քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հարցում չի ցանկանում սահմանափակել միայն ԵԱՀԿ Մինսկի խմբով և աշխարհի բոլոր միջազգային կառույցներում փորձում է ստանալ իրեն ձեռնտու որոշումներ, որոնք իմպերատիվ չեն, բայց ազդում են մթնոլորտի վրա: ԵԽԽՎ-ում՝ հատկապես, այս կառույցի կանոնադրությունն ու հնարավորությունները շատ հարմար են իրենց նպատակներին հասնելու համար՝ վճարիր և ստացիր սկզբունքով: Բայց նաև ԵԽԽՎ-ն է շահագրգիռ՝ օգտագործել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը իր ներգործությունը Հարավային Կովկասում տարածելու համար: Տասնամյակներ շարունակ ԵԽԽՎ-ն ապարդյուն փորձել է ազդել բանակցային գործընթացի վրա՝ մի կողմից հայտարարելով, որ ընդունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը, մյուս կողմից ԼՂ հարցով հանձնաժողովներ ու ենթահանձնաժողովներ ստեղծելով, որոնց աշխատանքը ձախողվել է, առավելագույն հաջողությունը եղել է երկու պատվիրակությունների անդամների հանդիպում կազմակերպելը կամ առաձին-առանձին նրանց հետ հանդիպելը: Բաքուն շարունակելու է նույնը, հակաթույն է պետք, որը պետք է գործի Ստրասբուրգից դուրս:
5. Եվրոպայում գլոբալ փոփոխություններ են, որոնք չեն կարող չանդրադառնալ ԵԽԽՎ-ի վրա և չարտացոլվել վեհաժողովի որոշումներում: Հայաստանը ԵԽԽՎ անդամ է և իր գործունեության մեջ միայն հայկական շահերի պաշտպանությամբ չպիտի զբաղվի՝ բոլոր հարցերն են մերը, և բոլոր հարցերի վերաբերյալ մենք իրավասու ենք տեսակետ ունենալ ու որոշումներ կայացնել:
6. ԵԽԽՎ կանոնակարգի հանձնաժողովի նախագահ Լիլիան Մորի Պասկիեի զեկույցում առաջարկված փոփոխությունները վերաբերում են ԵԽԽՎ նախագահին, փոխնախագահներին, հանձնաժողովների նախագահներին, շատ կարևոր է, որ ցանկում ընդգրկվեն զեկուցողները (այս առաջարկը լիագումար նիստում ներկայացրել է ԱԺ պատվիրակության անդամ Հերմինե Նաղդալյանը), որը կմեծացնի պատասխանատվությունը և կամայականության հնարավորությունները կսահմանափակի:
7. Միջազգային կառույցներում Հայաստանի պատվիրակությունների քվեարկությունները առանցքում պիտի ունենան միայն ու միայն Հայաստանի Հանրապետության շահը, դա պահանջելու է հեղափոխություն արտաքին քաղաքականության մեջ, բայց այդ հեղափոխությունը հետաձգելը զրոյացնում է Հայաստանի ինքնիշխանությունը և համարժեք վերաբերմունք ձևավորում Հայաստանի նկատմամբ, որի արտահայտությունն են դառնում ադրբեջանամետ քայլերը: ԱԺ պատվիրակությունը ԵԽԽՎ-ում ծանր շրջանն արդեն անցկացրել է՝ 2013-ին ԵԱՏՄ-ն ԵՄ-ից նախընտրելուց հետո բարեկիրթ եվրոպացիները դուռը ոչ փակեցին, ոչ ժպիտները նվազեցրին, զգացին ու զգացրին, թե որքան է ու որտեղ է Եվրոպան, և որտեղ է ու ինչպիսին է Ասիան: Հիմա այլ վերաբերմունք է, բայց պետք չէ ապավինել քաղաքակրթությանը՝ Եվրոպան գինն ու արժեքը տարբերում է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Տարիներ առաջ Վալենսիայում էի, կին քաղաքապետի որոշմամբ քաղաքի բյուջեից 70000 եվրո էր հատկացվել 12 կամուրջները միջազգային գիտաժողովի առիթով ծաղիկներով զարդարելուն: Կամրջի մի կողմում բողոքի հանրահավաք էին անում որոշման դեմ վալենսիացիները, մյուս կողմում՝ քաղաքապետի պաշտպանները: Հազարավոր զբոսաշրջիկներ նկարվում էին կամուրջների վրա ու գովազդում Վալենսիան: Գիտաժողովը մոռացել եմ, կամուրջների սքանչելի ու բուրումնավետ ծաղկաշղթաները հիշում եմ: Պեդրո Ագրամունտին պաշտոնազրկելուց հետո Իսպանիայի Սենատն աուտոդաֆե չի անի, սուգ է Բաքվում ու Մոսկվայում՝ որոնում են իրենց շահերի նոր պաշտպանի:

Դիտվել է՝ 5314

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ