«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Իշխանավորները հերթական անգամ դավաճանում են նրան, դնում սպառնալիքի տակ

Իշխանավորները հերթական անգամ դավաճանում են նրան, դնում սպառնալիքի տակ
30.06.2017 | 11:09

ՀՀ կառավարության 2017 թ. հունիսի 23-ի թիվ 688-Ա որոշմամբ, ինչպես արդեն հայտնի է, առաջարկվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին` 2017 թվականի հուլիսի 4-ին, ժամը 10:00-ին գումարել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետևյալ օրակարգով` «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»: Լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով նախատեսվում է 2017-ին Սևանա լճից բաց թողնվող 170 մլն խմ ջրի ծավալն ավելացնել լրացուցիչ 100 մլն խմ-ով, ինչը, ըստ բնապահպանների ու մասնագետների, խիստ վտանգավոր է և, անկասկած, անթույլատրելի:
Վերոնշյալի կապակցությամբ մեզ հետաքրքրեց նաև ջրային կառավարման ոլորտի մասնագետ, անկախ փորձագետ Լուսինե Թասլակյանի կարծիքը:


«Ոչ մի դեպքում ես չեմ կարող կողմնակից լինել ջրի մակարդակի իջեցմանը, այդ ավելի քան 3 մետրի բարձրացումը, որ մենք տեսել ենք վերջին տարիներին, կարող եմ ասել` ուղղակի հաջողակ ենք եղել, մեր բախտը բերել է, մեծ մասամբ բնության, կլիմայական պայմանների շնորհիվ է, ոչ թե ինչ-որ կառավարական ջանքերի,- ասաց Լուսինե Թասլակյանը:- Պարզապես բնությունը մեր հանդեպ բարյացակամ է գտնվել, տեղումներ շատ ենք ունեցել, թեկուզ ձմռանը մրսել ենք, ձյունը շատ է եղել, բայց դա օգնել է Սևանին, որ շարունակվի մակարդակի բարձրացումը:

Եթե մենք 2001 թվականից «Սևանա լճի մասին» օրենքով ընդունեցինք, որ լճի մակարդակը պետք է բարձրացվի 6 մետրով, դա հենց այնպես ընտրված թիվ չէ, գիտականորեն հիմնավորված է, ոչ ոք այդ թիվը չի հնարել: Գիտնականների, մասնագետների թիմ է աշխատել, հաշվարկներ են արվել, մաթեմատիկական մոդելավորում է արվել, լուսահոգի Ռաֆայել Հովհաննիսյանը` իմ առաջին ուսուցիչը հիդրոէկոլոգիայի ոլորտում, երբ ես 20 տարի առաջ սկսեցի աշխատել գիտությունների ազգային ակադեմիայի հիդրոէկոլոգիայի ու ձկնաբանության ինստիտուտում, այդ ամբողջ աշխատանքը կազմակերպել էր, Ազգային ժողովի փորձագետների հետ ինստիտուտի գիտաշխատողներն են աշխատել այդ օրենքի մշակման վրա: Այսինքն` այդ 6 մետրը պատահական ընտրված թիվ չէ, և մենք պետք է հետևողական լինենք, որ հասնենք այդ 6 մետրին, որովհետև դա այն նվազագույն մակարդակն է, որի դեպքում լճի էկոլոգիական հավասարակշռությունը կվերականգնվի:
Հիմնավորումները, որոնք հիմա ներկայացվում են Սևանա լճից լրացուցիչ 100 մլն խորանարդ մետր ջուր բաց թողնելու վերաբերյալ, ինձ, որպես մասնագետի, չեն բավարարում: Ես կառավարության խնդրո առարկա որոշման հիմք չեմ տեսնում: Ասում են, թե անցած ժամանակաընթացքը սակավաջուր է եղել, բայց մենք անզեն աչքով տեսել ենք որքան տեղումներ են եղել, ինչպե՞ս կարելի է ասել, թե սակավաջուր տարի է եղել, տեղումները քիչ են եղել, չոր է և այլ բաներ: Մամուլում կարդացի նաև, որ իմ գործընկերներից գնացել, ջրամբարները տեսել, նկարել են, ջրամբարներում լցվածություն կա, այնպես չէ, որ չեն լցվել, խնդիր է: Ի վերջո, եթե մենք ունենք այլ խնդիրներ ոռոգման համակարգում, ոռոգման ցանցն է մաշված, եկեք այդ խնդիրների վրա աշխատենք, այդ վարկային միջոցներն արդյունավետ ծախսենք, ոչ թե փոխարենը նորից ու նորից դիմենք Սևանա լճից հավելյալ ջուր բաց թողնելու համար»:


Սևանից 270 միլիոն խորանարդ մետր ջուր բաց թողնելն ու լճի մակարդակի իջեցումը, մասնագետի հավաստմամբ, նորից են խաթարելու լճի էկոլոգիական վիճակը: Եթե մենք մի փոքր բարելավում ենք այս պահին տեսնում լճում, պետք չէ նորից խփել, հարվածել, լիճը հազիվ ուզում է արթնանալ, նրանից այդ ծավալի ջուր բաց թողնելով` մենք Սևանը նորից տանում ենք ճահճացման:
«Չեմ ուզում,- շարունակեց Լուսինե Թասլակյանը,- բարդ, գիտական տերմիններ օգտագործել, բայց երևի բոլորն էլ անցած տարիների ընթացքում կարդացին «էվտրոֆացում» բառը, իմացան, որ այն նշանակում է կապտականաչ ջրիմուռների ծաղկում, եթե այդ օրենքն ընդունվի, լիճը կծաղկի նորից:

Հիմա մենք Սևանա լիճ լցվող կոյուղաջրերի, կեղտաջրերի մաքրման համար ոչ մի կենսաբանական կայան չունենք, այն, ինչ կառուցվել է վարկային ծրագրերով, մեխանիկական մաքրման կայաններ են: Լճի մոտ գտնվող բոլոր համայնքների` քաղաքների ու գյուղերի կոյուղաջրերը շարունակում են լցվել լիճ, այնտեղ կա նաև գյուղատնտեսական ծանրաբեռնվածություն, բոլորս էլ գիտենք, որ Գեղարքունիքի մարզում ակտիվ անասնաբուծությամբ են զբաղվում, էլ չեմ խոսում ձկնաբուծության խնդիրների մասին: Այսինքն` այդ տարրերի հոսքը դեպի լիճ չի կրճատվել, մաքրում չենք իրականացնում, շարունակում ենք աղտոտել: Այս առումով ջրի ծավալի մեծացումը, ջրի քանակի շատացումը գոնե մի փոքր օգնում է, որ լիճ լցվող կոյուղաջրերի, այդ ամբողջ օրգանական նյութի, կենսաաղբի խտությունը լճում նոսրանա: Եկեք մեջքով չշրջվենք մեր հանդեպ բնության լավ վերաբերմունքին:


Մենք սիրում ենք բողոքել, որ շատ վատ աշխարհաքաղաքական դիրք ունենք, վատ հարևաններ ունենք, ռեսուրսներ չունենք, գազ չունենք, նավթ չունենք: Բայց մենք ունենք ջրային պաշարներ, և այն, ինչ Աստված մեզ պարգևել է, հիմա մենք վտանգի տակ ենք դնում:
Հույս ունեմ ու կոչ եմ անում իմ այն ընկերներին, որոնք այսօր Ազգային ժողովում են, չընդունել այդ օրենքը: Բնապահպանության նախարարությունն իր բացասական կարծիքը բազմիցս ներկայացրել է, ես նրանց հետ զրուցել եմ, տեղյակ եմ, մամուլում էլ այդ մասին կա: Այսինքն` եթե նախարարությունը դեմ է, հանրությունը դեմ է, լճից լրացուցիչ 100 միլիոն խորանարդ մետր ջուր բաց թողնելու հիմնավորումները թույլ են, ինչպե՞ս են ուզում ընդունել այդ օրենքի նախագիծը: Հույսս մնում է այն, որ Ազգային ժողովը չի ընդունի տվյալ օրենքի նախագիծը, որովհետև վտանգում ենք, մեր սերունդներին զրկում ենք մաքուր լճից, շատ մոտ ապագայում դրա փոխարեն կարող ենք ունենալ ճահճացած Սևան: Չմոռանանք, որ Սևանա լիճը խմելու ջրի շատ լուրջ, ռազմավարական նշանակության պաշար է ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի համար»:


Անկախ փորձագետն անդրադառնալով Սևանա լճից ոռոգման նպատակով վերցվող ջրի ահռելի կորուստների խայտառակ ու հանցավոր իրողությանը ու նշելով, որ դրանք հասնում են մինչև 70-85 տոկոսի, ասաց. «Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանում ջրային ռեսուրսների կառավարում ուսանելիս, երբ մենք անդրադարձանք այդ թեմային` ջրային համակարգերին, բազմափորձ դասախոսը խնդրեց տարբեր երկրներից օրինակներ բերել, ինքն իր երկրի օրինակը բերեց, և երբ ես պատմեցի մեր ջրամատակարարման համակարգում առկա 70, 80, 85 տոկոս կորուստների մասին, բոլորն ապշահար ինձ էին նայում, հարցրին` իսկ այդտեղ ոռոգման ցանց ընդհանրապես կա՞, գոյություն ունի՞, այսինքն` ջրակորուստները Հայաստանում անհեթեթության աստիճանի են հասնում, երբ աղբյուրից վերցրած ջրի 20 տոկոսն է տեղ հասնում:


Տասնամյակներ շարունակ ու մանրակրկտորեն այդ լիճն ուսումնասիրվում է, եթե գիտնականներն ասում են, որ Սևանա լճի մակարդակի նույնիսկ 1 սանտիմետր նվազումը վտանգում է լճի հավասարակշռությունը, ես կարծում եմ, որ այստեղ, ընդհանրապես, քննարկելու բան էլ չկա: Այդ մարդիկ ամեն օր լճում են, անընդհատ մոնիտորինգ են իրականացնում և՛ քիմիական, և՛ կենսաբանական վիճակի, եթե գիտնականներն էլ են դեմ, էլ ի՞նչ կա այստեղ քննարկելու: Մեր երկրի շատ խնդիրներ, կարծում եմ, հենց այնտեղից են գալիս, որ այս կամ այն ոլորտում քաղաքականություն մշակելիս գիտական կարծիքը հաշվի չի առնվում, այդ դեպքում գիտությունն ինչի՞ համար է, գիտությունը հո ինքնանպատակ չէ՞, երկրի բարօրությանը պետք է ծառայեն գիտության արդյունքները: Եվ եթե գիտական կարծիքն արտահայտվել է, պետք է այն լսել, հաշվի առնել»:


Լուսինե Թասլակյանի տեղեկացմամբ, կոյուղաջրերով և այլ կերպ լիճ լցվող օրգանական նյութի քայքայման պատճառով առաջանում են ազոտ ու ֆոսֆոր, բայց դրանք հենց այն տարրերն են, որոնք նպաստում են կապտականաչ ջրիմուռների զարգացմանն ու ծաղկմանը, ինչը հանգեցնում է լճի ճահճացմանը, այսինքն` չի կարելի ամեն անգամ ասել` դե լավ, ոչինչ, լիճն այս էլ կտանի, այս էլ կտանի… Մինչև ե՞րբ…
72 հասարակական կազմակերպություն, ինչպես արդեն հայտնի է, պահանջում է մերժել Սևանա լճից լրացուցիչ 100 միլիոն խմ ջուր բաց թողնելու օրենքի նախագիծը: «SOS Սևան» նախաձեռնությունը, որում միավորված են 72 ՀԿ, հունիսի 27-ին նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, ԱԺ պատգամավորներին, ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդևան Գրիգորյանին` Սևանա լճից լրացուցիչ 100 միլիոն խմ ջուր բաց թողնելու օրենքի նախագիծը մերժելու պահանջով: Քանի որ նամակը բաց է միանալու համար, անցած օրերին դրան միացել են 100-ից ավելի կազմակերպություններ և անհատներ:
«SOS Սևան» նախաձեռնությունը դիմում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որպեսզի նա միջոցներ ձեռնարկի ՀՀ ԱԺ ներկայացրած «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը հետ կանչելու և ընդհանրապես օրակարգից հանելու համար, ինչպես նաև պատասխանատվության ենթարկի ջրի կորուստների համար պատասխանատուներին և օրենքի նախագծի հիմքում ընկած կեղծ տվյալներ ներկայացրած անձանց:


«SOS Սևան» նախաձեռնությունը, դիմելով ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին և պատգամավորներին, պահանջում է մերժել օրենքի նախագիծը, քանի որ այն անհիմն է և անօրինական:
«SOS Սևան» նախաձեռնությունը ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդևան Գրիգորյանին առաջարկում է հանձնաժողովի հունիսի 30-ի նիստին հրավիրել «SOS Սևան» նախաձեռնության ներկայացուցիչներին՝ այս նախագիծը քննարկելու:


«SOS Սևան» նախաձեռնության հիմնավորման մեջ մասնավորապես նշված է.
«ՀՀ Ազգային ժողովի հուլիսի 4-ի նիստի օրակարգում ընդգրկվել է ՀՀ կառավարության մշակած «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով նախատեսվում է 2017-ին Սևանա լճից օրենքով սահմանված 170 մլն խմ առավելագույն ջրառից բացի 100 միլիոն խմ լրացուցիչ ջուր բաց թողնել:
Սևանա լիճը հատուկ պահպանվող համակարգ է, որն ունի տնտեսական, բնապահպանական, սոցիալական, գիտական, ռեկրեացիոն, պատմամշակութային, գեղագիտական, առողջապահական, կլիմայական և հոգևոր արժեք ունեցող ռազմավարական նշանակություն: Այն քաղցրահամ ջրի ամենամեծ ռազմավարական շտեմարանն է, ինչն ամրագրված է «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքում:
ՀՀ կառավարության ներկայացրած օրենքի նախագծում նկարագրված չէ հավելյալ ջրառի ազդեցությունը Սևանա լճի վրա: Նախագիծը պատշաճ կերպով հիմնավորված չէ ո՛չ տնտեսական, ո՛չ սոցիալական, ո՛չ էկոլոգիական, ո՛չ գիտական առումներով:
Նախագծի հիմնավորման 1-ին կետը վերաբերում է Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ ընկած հողերի ոռոգման ջրապահովության դեֆիցիտը մասնակի մեղմելու/ջրապահովվածությունը բարձրացնելու անհրաժեշտությանը:
Օրենքի նախագծի հիմնավորման մեջ բացակայում են ջրամբարների և ջրհոսքերի հաշվարկները, մոնիտորինգի արդյունքները: Նշվում է, որ լճից 170 մլն խմ ծավալով ջրբացթողնման դեպքում ոռոգման ջրի դեֆիցիտը լրացվել է Մխչյանի, Ռանչպարի, ինչպես նաև խորքային հորերի պոմպերով մեխանիկական լրացուցիչ ջրարտադրության միջոցով, ինչն էլ ոռոգման ջրամատակարարման կազմակերպությունների համար բերել է բյուջեով չնախատեսված նոր ֆինանսական պարտավորություններ:


«Սևանա լճից լրացուցիչ 100 մլն խմ ծավալով ջրբացթողումները հնարավորություն կտան Սևան-Հրազդան ոռոգման համակարգի Մխչյանի և Ռանչպարի պոմպակայանների շահագործման փոխարեն կատարել մեխանիկական ջրարտադրություն Ախուրյան-Արաքս ոռոգման համակարգի իշխման տակ գտնվող Արմավիրի տարածաշրջանի տեղական խորքային հորերից, ինչի արդյունքում համակարգում շուրջ 1,2 մլրդ դրամի լրացուցիչ էլեկտրաէներգիայի ծախս չի առաջանա»,- նշված է նախագծում:
Հիշեցնենք, որ 2001-2012-ին ջրային տնտեսության պետական կոմիտեն իրականացրել է 30,8 միլիոն դոլար արժողությամբ Համաշխարհային բանկի «Ոռոգման զարգացման համակարգ» վարկային ծրագիրը, որի համաձայն՝ Արաքս գետի ջուրը պետք է ուղղվեր Արարատյան դաշտի ոռոգման համակարգ: Եթե այս ծրագիրը լիարժեք իրականացված է, ապա Սևանա լճից հավելյալ ջուր վերցնել պետք չէ, իսկ եթե առաջացել են նույն խնդիրները, ապա ինչի՞ վրա են ծախսվել վարկային գումարները:


Նշենք, որ ըստ Վերահսկիչ պալատի հաշվետվության (ՎՊ խորհրդի 2015 թ. մարտի 20-ի թիվ 7/7 որոշում), 2013-ին «Սևան-Հրազդան-ջրառ» ՓԲԸ-ի ջրառը կազմել է 502,240 հազ. խմ, ջրտուքը՝ 326,440 հազ. խմ, կորուստը` 175,800 հազ. խմ կամ փաստացի ստացված ջրի 35,0 %-ը: 2014-ին «Սևան-Հրազդան-ջրառ» ՓԲԸ-ի ջրառը կազմել է 559,800 հազ. խմ, ջրտուքը` 353,190 հազ. խմ, կորուստը` 206,610 հազ. խմ կամ փաստացի ստացված ջրի 36,91 %-ը:
Օրենքի նախագծում նշված է. «Ըստ ՀՀ ԱԻՆ հիդրոմետծառայության տված տեղեկատվության, 2016 թվականի համեմատ 2017 թվականին գրանցվել է գետերի շուրջ 20 % սակավ ջրատվություն, 2017 թվականի հունիսի 20-ի դրությամբ՝ անցած տարվա նույն օրվա համեմատ ջրամբարներում առկա ջրի դեֆիցիտը կազմել է 189 մլն խմ, չնայած այն հանգամանքին, որ անցած տարվա նկատմամբ այս տարի ջրամբարներից այդ օրվա դրությամբ 35 մլն խմ-ով պակաս ջրօգտագործում է իրականացվել: Նշվածով պայմանավորված՝ 2017 թվականի հունիսի 20-ի դրությամբ Սևանա լճից ոռոգման նպատակով ջրբացթողումն արդեն կազմում է 58,5 մլն խմ անցած տարվա 14,3 մլն խմ-ի փոխարեն»:
Այստեղ բացակայում են ջրամբարների լցվածության տվյալները և հիմնական պատճառները, թե ինչու ջրամբարները չեն լցվել: Տնտեսական հիմնավորումը թերի է, քանի որ բացակայում է Սևանա լճի էկոհամակարգին պատճառվելիք տնտեսական վնասի գնահատականը, այդ թվում` ձկնային պաշարների, ջրի որակի վատացման, կենսաբազմազանության կորստի և այլն:


Օրենքի նախագծում նշված է. «Էկոլոգիական տեսանկյունից լրացուցիչ ջրբացթողումները լճի վրա բացասական ազդեցություն չեն ունենա, քանի որ լճում առկա է ջրի բավարար քանակություն, մասնավորապես՝ օրենքի ընդունումից հետո (2001 թ.) մինչև ս.թ. հունիսի 19-ի համեմատ լճի մակարդակի փաստացի բարձրացում՝ 4,59 մ-ով (1896,32 մ - 1900,91 մ), արդյունքում ծավալի ավելացում շուրջ 6,0 մլրդ խմ-ով (459 սմ x 13 մլն խմ):
Լրացուցիչ 100 մլն խմ ջրբացթողումը, ըստ հաշվարկների, կարող է բերել Սևանա լճի ջրի մակարդակի մինչև 8 սմ անկման, ինչի պարագայում նույնպես անցած տարվա նույն օրվա նկատմամբ կապահովվի շուրջ 10 սմ (18 սմ-8 սմ) Սևանա լճի ջրի մակարդակի բարձր նիշ: Նշվածով պայմանավորված, լրացուցիչ ջրբացթողումները չեն խախտի օրենքով սահմանված Սևանա լճի ջրի մակարդակի դրական հաշվեկշռի պահպանման պայմանները»:
Նախագծում բերված տվյալները, թե 2001-ից մինչև 2017-ի հունիսի 19-ը լճի մակարդակը բարձրացել է 4,59 մետրով, չի համապատասխանում իրականությանը: Նշված թիվը հաշվարկվել է մեթոդական անթույլատրելի սխալներով: Այս թվում ներառված է 2011-ի Բալթիկ ծովի մակարդակի նկատմամբ հաշվարկված կորեկցիայի 20 սմ-ը, և երկրորդ՝ 2017-ի հունիսի ամենաբարձր մակարդակի տվյալները համեմատել են 2001-ի լճի ամենացածր մակարդակի հետ, ինչը մեթոդական կոպիտ սխալ է և հանգեցնում է մի քանի տասնյակ սանտիմետր մակարդակի արհեստական բարձր ցուցանիշի: Իրականում լճի մակարդակը 2001-2017 թթ. բարձրացել է 3,94 մ հունվարի 1-ի դրությամբ: Հետևաբար, լճում ջրի ծավալն ավելացել է ընդամենը 5,12 միլիարդ խմ-ով, այլ ոչ թե 6 միլիարդ խմ-ով:
Ինչ վերաբերում է նախագծում նշված մուլտիպլիկատիվ էֆեկտին, ապա այն միայն բացասական բնապահպանական ազդեցություն կունենա, ինչը պետք է բացառվի Սևանա լճի համար՝ որպես բնության հատուկ պահպանվող տարածք:


Օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ բնապահպանության նախարարության առարկության մեջ նշված է. «Նույնիսկ լճի ներկայիս մակարդակի հետագա պահպանումը կրկին հարցականի տակ կդնի հատակում ձևավորվող պաշտպանական շերտի՝ հիպոլիմնիոնի գոյությունը, վերջինիս արդյունքում կակտիվանան ներջրամբարային պրոցեսները, և կենսածին տարրերը տիղմից կանցնեն ջրային միջավայր՝ նպաստելով լճի էվտրոֆիկացման գործընթացին: Կլիմայի փոփոխման պայմաններում Հայհիդրոօդերևութաբանական ծառայության տվյալների համաձայն, եթե Սևանա լճի ջրի ջերմաստիճանը 1 աստիճանով բարձրանա, սպասվում է շուրջ 70 մլն խմ ջրի կորուստ գոլորշացման պատճառով, իսկ տեղումների կրճատման դեպքում՝ ևս 36 մլն խմ: Մակարդակի իջեցման պատճառով լճի ծավալի փոքրացումը միայն կմեծացնի ջերմաստիճանային ռեժիմի խախտումը:
Համաձայն նախագծի, Սևանա լճից ևս 100 մլն խմ ջրաքանակ բաց թողնելու դեպքում լճի մակարդակը կիջնի ևս 8 սմ-ով՝ արդյունքում խախտելով «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքով սահմանված տարեկան ջրային դրական հաշվեկշռի սահմանաչափը: Մինչդեռ, Սևանա լճի էկոհամակարգի ոչ կայուն էկոլոգիական վիճակից ելնելով, անհրաժեշտ է ապահովել «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքով սահմանված տարեկան ջրային դրական հաշվեկշիռը»:


Մեր կողմից հավելենք, որ լճի դրական հաշվեկշիռը չի որոշվում կամայականորեն ընտրված ժամանակահատվածի համար, ինչպես նշված է նախագծի հիմնավորման «Էկոլոգիական» բաժնում: Հաշվեկշիռը համարվում է դրական, եթե ապահովվում է մշտական աճ: 2012 և 2014 թվականներին Սևանա լճից հավելյալ ջրառի իրականացման արդյունքում գրանցվել է Սևանա լճի մակարդակի բացասական հաշվեկշիռ:
Նախագծում հղում է արվում ՀՀ ԳԱԱ առընթեր Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի դրական եզրակացության վրա: Հանձնաժողովը ընդունել է կամայական որոշում` ի դեմս հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանի, որն անտեսել է հանձնաժողովի անդամների բացասական կարծիքը: Հասարակությունը պետք է պարտադիր կերպով ներգրավված լիներ նախագծի քննարկումներին, ինչը չի արվել:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 7132

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ