«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

«Կեղծ համեստություն չեմ ուզում անել ու ինձ թույլ եմ տալիս մտածել, որ ռեժիսորներին հետաքրքիր է աշխատել իմ պիեսների հետ»

«Կեղծ համեստություն չեմ ուզում անել ու ինձ թույլ եմ տալիս մտածել,  որ ռեժիսորներին հետաքրքիր է աշխատել իմ պիեսների հետ»
30.06.2017 | 11:23

«Իրատեսի» հյուրն է դրամատուրգ, արձակագիր, «Գրական թերթի» գլխավոր խմբագիր ԿԱՐԻՆԵ ԽՈԴԻԿՅԱՆԸ:

«ՀԻՇԵՆՔ, ԹԵ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻՆ ԻՐ «ՈՂԲԸ» ԻՆՉ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԷՐ ԳՐՈՒՄ»


-Տիկին Խոդիկյան, ո՞վ, եթե ոչ «Գրական թերթի» գլխավոր խմբագիրը, կարող է լավագույնս իրազեկված լինել մերօրյա գրական ընթացքին: Լավատես լինելու հույսեր փայփայե՞նք այն իմաստով, թե տնտեսական, տարածքային, քաղաքական հետաճ գրանցող Հայաստանը առաջընթացի նշաններ է ցուցաբերում գրականության դաշտում:
-Հիշենք, թե Մովսես Խորենացին իր «Ողբը» ինչ ժամանակներում էր գրում: Նրա հիշատակած ողբերգական բոլոր բաղադրիչներով հանդերձ՝ մենք այդ ժամանակաշրջանում այնպիսի՜ պատմիչներ ունեցանք, այնպիսի՜ գրականություն ստեղծվեց: Հետագայում՝ միջնադարում, երբ ներքին խնդիրներից բացի, ունեինք արտաքին լուրջ մարտահրավերներ, այնպիսի՜ սիրերգություն գրվեց: Այսինքն՝ ես ավելի քան լավատես եմ, որովհետև գիտեմ, որ գրողը կարող է ամենադժնի ժամանակներում ստեղծել լավագույն գործերը (Հովհաննես Թումանյանի ականջը կանչի): Ամեն մեկն իր ունեցած զենքով է կռիվ տալիս իր երկրի, իր հայրենիքի համար: Գրողինն էլ բառն է ու ասելիքը:

-Ձեր ստեղծագործության գերակա ժանրը դրամատուրգիան է, և Ձեր թատերգությունները բեմադրվում են հայաստանյան տարբեր թատրոններում: Ինչո՞վ եք բացատրում բեմադրիչների հետաքրքրվածությունը Ձեր ստեղծագործությամբ:
-Եթե Հայաստանում «չար» լեզուներին լսենք, կտեսնենք, որ պատճառները մի քանիսն են. պիեսները լավն են գուցե, Խոդիկյանին լավ են ճանաչում, Խոդիկյանն արդեն հայտնի անուն է և այլն, և այլն: Բայց եթե համացանցում փնտրեք իմ պիեսները, կտեսնեք, որ դրանք (ռուսերեն թարգմանվածները) Ռուսաստանի, ՈՒկրաինայի, ԽՍՀՄ նախկին այլ հանրապետությունների (որտեղ ռուսախոս բնակչություն կա) քանի քաղաքներում են այսօր բեմադրվում: Կեղծ համեստություն չեմ ուզում անել ու ինձ թույլ եմ տալիս մտածել, որ ռեժիսորներին հետաքրքիր է աշխատել իմ պիեսների հետ:

«ԵՍ Ո՞Վ ԵՄ, ՈՐ ԴԱՏԵՄ ԻՄ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ, ԹԵԿՈՒԶ ԵՎ ՆՐԱՆՑ ԻՆՔՍ ԵՄ ՍՏԵՂԾԵԼ»


-Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում Հակոբ Ղազանչյանի բեմադրությամբ ներկայացվում է Ձեր «Սիրային քառանկյունի» կատակերգական դրաման: Օրինական կնոջ, սիրուհու և նորահայտ սիրահարվածության լաբիրինթոսում հայտնված տղամարդու պատմություն է այդ թատերգության սյուժեում: Նման իրադրության մեջ Դուք ո՞ւմ եք զոհ համարում. խաբված կանա՞նց, թե՞ բարդ հարաբերություններում խճճված տղամարդուն:
-Իմ գործերում երբեք դատավորի կեցվածք չեմ ընդունում: Գուցե դա գալիս է աստվածաշնչյան «Մի՛ դատիր, որ չդատվես» հայտնի բանաձևումից: Իմ վերջին պիեսներից մեկի հերոսուհին ասում է. «Կյանքն ապրելը ուղիղ գիծ գծել չէ»: ՈՒրեմն, ես ո՞վ եմ, որ իմ հերոսներին դատեմ, թեկուզ և նրանց ինքս եմ ստեղծել: Նրանցից ամեն մեկը և՛ զոհ է, և՛ դահիճ: Բայց ամեն մեկն ապրում է իր ընտրած կյանքով. կարևորը սա է: Ես հարգում եմ սեփական ընտրությամբ ապրող մարդկանց. նկատի ունեմ անձնական կյանքը, որովհետև հասարակական կյանքում կան բոլորովին այլ պարտավորություններ, դրված են այլ խնդիրներ մարդու առջև: Պարզապես պիտի հասկանանք, որ անձնական կյանքում մարդու ընդունած որոշումից կախված է երկու, գուցե չորս հոգու ճակատագիր, իսկ հասարակական կյանքում՝ առավել շատ: Անձնական կյանքում գործած սխալի համար մարդն ինքն է պատասխանատու, իսկ հասարակական կյանքում անհատի ¥առավել ևս՝ ղեկավարի¤ որոշման համար պատասխան է տալիս ողջ հասարակությունը, իսկ թե ինչպիսին է լինում այդ պատասխանը՝ հիշենք մարդկության պատմությունը:
-Ամիսներ առաջ «Մետրո» թատրոնում ներկայացվեց «Մնաց յոթ օր» բեմադրությունը՝ Ձեր «Օժիտի բուրդը» թատերգության հիման վրա: Այն գրվել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի պատվերով: Այստեղ բարձրաձայնվում է եզդի կանանց էմանսիպացիայի խնդիրը: Եզդի տղամարդիկ անհամաձայնության դրսևորումներ չե՞ն ունեցել այս թեմայի առնչությամբ:
-ՄԱԿ-ն ունի թիրախային հատուկ լսարանների ուղղված ծրագրեր, որոնք անդրադառնում են խոցելի խմբերի իրավունքներին, արատավոր երևույթներին, փորձում են դրանք հանրամատչելի ներկայացնել: Այդպիսի մի միջոց է թատրոնը, որը պատմում է նման երևույթների մասին: Դուք էլ, կարծում եմ, նկատեցիք, գործը բեմադրված էր բավական նրբանկատորեն, հանդուրժողականության օրենքներին համահունչ: Բայց կար մի հանգամանք. բեմադրությունն ուներ երկու «տարբերակ»: Այդպես էինք պայմանավորվել ռեժիսոր Գոռ Մարգարյանի հետ: Առաջին տարբերակը խաղացվել է հենց այդ թիրախային խմբի համար, և դրանում այլ կերպ էին դրված շեշտերը: Իսկ մյուսում, այսպես ասեմ՝ վաղաժամ ամուսնությունների թեման առավել ընդհանրացված էր՝ ազգային նեղ շրջանակից դուրս հանված:
-Կարելի՞ է առանց վերապահումների պնդել, թե հայաստանցի հայուհիները զերծ են այն խնդիրներից, որոնք արծարծվում են Ձեր այդ թատերգության մեջ՝ եզդի կանանց առնչությամբ:
-Իհարկե զերծ չեն: Պիեսում արծարծվող թեման՝ եզդի կանանց վաղաժամ ամուսնությունը, միայն եզդիներին չէ, որ վերաբերում է: Հենց այն օրերին, երբ ես աշխատում էի պիեսի վրա, իմացա որ տասնհինգ տարեկան հայ աղջկա են փախցրել: Այնպես որ, երևույթը մեզանում էլ կա:

«ԿՅԱՆՔԸ ՈՒՂԻՂ ԳԻԾ ԳԾԵԼ ՉԷ»


-Պատանի հանդիսատեսի թատրոնում Հրաչյա Գասպարյանը բեմադրել է Ձեր «Հրավիրված եք ծնունդի՞» թատերգությունը, որի հերոսուհիները, ըստ հայ ավանդական ընկալումների, թեթևաբարո կանայք են: Սակայն դիտում ես ներկայացումն ու համակրանքով լցվում նրանց նկատմամբ: Բարոյականության ընկալման չափանիշները փոխվե՞լ են մեր օրերում:
-Այս դեպքում հանդես գամ իմ հերոսուհիների դատապաշտպանի դիրքերից: Հերոսուհիներից մեկի համար հերոսը, որը պիեսում արդեն հանգուցյալ է, և որի ծնունդին են եկել նրա կյանքի կանայք, առաջինն է, ում հետ ինքը համբուրվել է: Ընդ որում՝ դա երկուսի համար էլ եղել է առաջին համբույրը, առաջին սերը: Այսինքն՝ այս կնոջ կողքով անգամ չի կարող անցնել «թեթևաբարո» բառը: Չգիտեմ՝ ում համար ինչպես, բայց ինձ համար առաջին սերը սուրբ է: Միլիոնից մեկը կարող է ասել, որ իր առաջին սերն ու առաջինն իրեն համբուրած տղան հետագայում դարձել է կյանքի ընկերը: Համարյա թե չկա այդպիսի բան: Մյուս կինը՝ Էմուլիկը, եղել է միայնակ կին, երբ հանդիպել է այդ տղամարդուն: Իսկ եթե կինը միայնակ է, ոչ ոք թող չասի, թե նա անձնական կյանքի իրավունք չունի: Ընդհակառակը, ես սարսափում եմ անձնական կյանք չունեցող կանանցից, որովհետև դրանք դառնում են հասարակության մեջ չարություն ու մաղձ արտադրող հիմնական զանգվածներից մեկը: Մնաց Անահիտը, որին նույնպես թեթևաբարո չեմ համարում, որովհետև ամեն մեկի կյանքում լինում է մեծ սեր, և միշտ չէ, որ այդ սերն ու ամուսինը համատեղվում են: Դա նախ մեծագույն դժբախտություն է, հետո նաև՝ երջանկություն: Անահիտն այդ ճակատագրական սերն ունեցել է: Ներկայացման ընթացում նա բոլորից, պատեհ-անպատեհ, ներողություն է խնդրում: Բայց երբ հանգուցյալի թոռն ու Էմուլիկը, մեկը՝ լուրջ, մյուսը՝ ծաղրալի, առաջարկում են ներողություն խնդրել տատիկից, որից նա «գողացել» է օրինական ամուսնուն, ամեն րոպե ներողություն շաղ տվող Անահիտն ըմբոստանում է ու ասում. «Երբե՛ք»: Այդ «երբեքի» համար հարգում եմ նրան: Իմ հերոսուհիները հարուստ ներաշխարհի տեր, ինքնահեգնանքով իրենց «երես տվող», կյանքի չարն ու բարին տեսած ու չչարացած կանայք են: ՈՒ պատահական չէ հանդիսատեսի տաք վերաբերմունքը նրանց նկատմամբ: Որովհետև, այո՛, «Կյանք ապրելը ուղիղ գիծ գծել չէ»: Եվ ամեն ինչի համար պատասխան տալը, արածիդ տեր կանգնելը մեծ շնորհք է: Այդ կանանց տրված է այդ շնորհքը: Այնպես որ, նրանց թեթևաբարո չէի կոչի, բայց և սուրբ չէի կոչի: Իմ հերոսուհիները մարդիկ են, որոնք իրենց կյանքում արած ամեն ինչի համար պատասխանատու են: Նրանք ոչ մեկի մեջ մեղավոր չեն փնտրում ու գիտեն, թե իրենք ինչ են անում: Անելուց հետո էլ թփերի տակ չեն թաքնվում ու չեն ուրանում իրենց արածը:
-Արածի համար պատասխան տվող, թփերի տակ չթաքնվող հերոսների նախատիպերը շա՞տ են մեր այսօրվա իրականության մեջ:
-Համենայն դեպս, կուզենայի, որ շատ լինեն: Իմ շրջապատում, իմ ճանաչած մարդկանց մեջ կան: Իսկ եթե դուրս գանք նեղ անձնական շրջանակից, կուզենայի, որ մեր հասարակության անդամները, ավելին ասեմ՝ քաղաքացիները, կարողանային պատասխան տալ արածների համար:
-Լույս է տեսել Ձեր «Մեծ եռագրություն» ժողովածուի 3-րդ հատորը, որում արձակ գործեր են՝ պատմվածքներ: Առաջին երկուսը պիեսներ էին:
-Այս «Եռագրության» անփոփոխ խմբագրի՝ գրականագետ Արմեն Ավանեսյանի հետ որոշեցինք այս հատորում զետեղել տարբեր տարիներին գրված 23 պատմվածք, որոնք ոչ միայն արձակում իմ գրական ընթացքի զարգացումն են երևակում, այլև (ու սա ավելի եմ կարևորում) «գեղարվեստականացնում են այսօրվա հերոսին, այսօրվա պատմությունն ու դառնում մեր օրերի տարեգրությունը» (մեջբերումը՝ Ա. Ավանեսյանից): Դե՛, իսկ չորրորդ հատորում նորից կվերադառնամ թատերագրությանը:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 5782

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ