Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Էհեհե՜յ

Էհեհե՜յ
04.07.2017 | 00:24

Հուլիսի 4-ը Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է՝ առավոտից մտքումս զրնգում է նրա հանճարեղ «Էհեհե՜յը» «Մենք ենք, մեր սարերից», ինչ անում եմ՝ «Էհեհե՜յ»-ը արձագանքում է՝ ասես ստվերս լինի: Մհեր Մկրտչյանի ծննդյան օրը համաժողովրդական տոն պիտի լիներ, հայկական բեմն ու կինոն շատ էին փոքր՝ նրա արտիստական կարողությունների առաջ, ու նա մնաց հայկական, առավելագույնը՝ սովետական երևույթ, համաշխարհային ճանաչում ունեցող որևէ գերաստղի չէր զիջում ոչնչով, միայն ասպարեզն էր փոքր՝ նրա մեծությունը աշխարհինը դարձնելու համար: Ինքն էլ հավակնություններ չուներ նոր Չապլին, նոր Գաբեն, նոր Մաստրոյանի դառնալու համար: Տարիներ առաջ, երբ Հրանտ Մաթևոսյանին հարցրի՝ ինչո՞ւ հայ գրողները Նոբելյան մրցանակ չեն ստանում, այդքան անտաղա՞նդ են, պատասխանեց լակոնիկ. «Կենսատարածք չունեն»: Ի՞նչ է կենսատարածքը, որ ուրիշներն ունեն, մենք՝ ոչ:
Առաջին հերթին՝ ինքնագիտակցություն: Պատճառը ընթացիկ խնդիրներով տարվածությունն է, մեզ հետաքրքրում է գինը, մենք հազվադեպ ենք արժեքը պարզում: Ընդհանրական արժեքային համակարգ չենք ձևավորում, նույնիսկ չենք ընդունում քրիստոնեական արժեհամակարգը՝ իբրև քրիստոնյա: Պատմությունը կատակել է, մենք չենք հասկացել կատակը՝ մեզ թվում է, որ մեր առաքելությունն աշխարհից պաշտպանվելն է, մինչդեռ պաշտպանվելով անվտանգ չես դառնում: Ամեն ինչում մենք դարձել ենք երկրորդ ալիքի ժողովուրդ՝ մտածում ենք միայն պատասխանի մասին, հակաքայլի, քայլ անելը թողնում ենք ում ասես, բայց մեզ չենք վերապահում այդ իրավունքը:


Երկրորդ հերթին՝ ինքնավստահություն: Ինքնագիտակցության բոլոր արատները միավորվում են ու ստեղծում ինքնավստահության պակաս: Ինքնավստահության պակասը մեզ դարձնում է ճարպիկ, ագրեսիվ, ինքնագլուխ ու ինքնամփոփ: Մենք պատրաստ ենք ամեն ինչի՝ նպատակին հասնելու համար, վստահ չենք, որ որևէ մեկը մեզ աջակցելու է: Երբ բոլորս ենք ինքնավստահության ճգնաժամի մեջ, այդպիսին է երկիրը: Ճչացող ինքնավստահությունը, որ աչք է քերծում, սեփական ուժերին չվստահելու հետևանք է:
Երրորդ հերթին՝ մենք վախեցած ենք: Ամեն ինչից: Երկրաշարժից, կարկուտից, շոգից: Ցանկացած աղետ մեզ համար անդառնալի ու անվերահսկելի հետևանքներ է ունենում: Մենք ապրում ենք՝ ինքնահոսի թողած ամեն ինչ, որ, մեր գնահատականով, վեր է մեր ուժերից: Դա պրագմատիզմ չէ, պրագմատիզմը պիտի թելադրեր՝ եթե օբյեկտիվորեն չես կարող պատճառը վերացնել, սուբյեկտիվ վնասները կրճատել սովորիր: Մենք այնքան ենք սովորել վախենալ, որ վախը կորցրել է իմաստը:


Չորրորդ հերթին՝ մեր հանճարներին ընդունում ենք, երբ օտար երկինքների տակ են հաջողության հասնում: Մեր գնահատելու ունակությանը չենք հավատում, մինչև մեզ չասացին, որ Արամ Խաչատրյանը հանճարեղ կոմպոզիտոր է, մենք նրան հայ կոմպոզիտոր չհամարեցինք, Առնո Բաբաջանյանը Երևանում մնար, աշխարհում կպակասեր սքանչելի երաժշտության նրա մասը, ու՝ այդպես: Փայտի մյուս ծայրն էլ կա՝ դրսում մի թեթևակի ծափը այստեղ դառնում է օվացիա, որովհետև նաև ստրկամիտ ենք՝ ինչպե՞ս՝ նրանք հասկացել են, մենք չհասկանա՞նք:
Հինգերորդ հերթին՝ մենք չենք ճանաչում մեր իրական հարստությունը ու չենք կարողանում աշխարհին մատուցել: Ո՞րն է Հայաստանի բրենդը աշխարհում՝ մոռացվող երկրաշա՞րժը, Ղարաբաղի հավերժական հա՞րցը, տեղ-տեղ կոնյա՞կը, որ խմել է ՈՒինստոն Չերչիլը: Հունաստանը Պարթենոնը դարձրեց աշխարհինը, մենք նոր միայն մեր արքայական դամբարաններն ենք գտնում: Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ, ու այդպես էլ մնում է, որովհետև թանգարանը ենթադրում է իմացություն, խնամք, մատուցում՝ մենեջմենտ, որի իմաստը մենք չհասկացանք ոչ քաղաքականության, ոչ տնտեսության, ոչ էլ, առավել ևս, մշակույթի մեջ:
Վեցերորդ հերթին՝ մենք կորցրել ենք արտադրողի ունակությունը, սպառող ենք դարձել, սպասում ենք, որ աշխարհը մեզ պահի, ու նեղացած ենք, որ չի անում:

Իսկապես էլ՝ մենք այսքան պայծառ, դիմացկուն, համբերատար, ու մեզ թողած՝ իրենք իրենցով են զբաղված: Ինչո՞ւ փող չեն տալիս ապրենք, ինչո՞ւ չեն գալիս մեզ համար տներ ու գործարաններ կառուցեն, մեզ աշխատանք տան, որ տնից-տեղից չկտրվենք, ու ընդհանրապես՝ ինչո՞ւ մեզ չեն հասկանում, ինչո՞ւ մեզ չեն սիրում:
Մեզ թվում է, որ ուրիշները մեզնից գեղեցիկ են, խելացի և ուժեղ: Այո, մենք օտարասեր ենք, ու դա չխառնեք հյուրասիրության հետ: Մենք չենք ընկալում, որ յուրաքանչյուրն ինքնատիպ է, անկրկնելի ու անփոխարինելի, մենք՝ ևս, կարծրատիպերով մտածողությունը մեզ մղում է կարծրատիպերի մեջ պատյանվելու, ու ցանկացած նոր մեզ համար կասկածելի է, վստահություն չներշնչող, տագնապի պատճառ, թեպետ ազատությունը մեզ համար միշտ էլ բարձրագույն արժեք է եղել:
Ամեն ինչ բոլորս գիտենք: Տեսականում: Համաձայն ենք, համաձայն չենք, վիճում ենք, հաշտվում ենք, բայց ընտելացել ենք ոչինչ չանելուն: Նույնիսկ այն, որ առանձնապես ճիգ ու ջանք, խելք ու բախտ բերել չի պահանջում:
ՌԴ ռազմավարական մշակումների կենտրոնը հրապարակել է ՌԴ արտաքին քաղաքականության հայեցակարգը: Ալեքսեյ Կուդրինի ղեկավարած կենտրոնի կազմած հայեցակարգում խոսվում է ամեն ինչի ու նաև ԼՂ հակամարտության մասին: «Ռուսաստանը և հարևան երկրները բախվում են անվտանգության ընդհանուր մարտահրավերների: Դա հրամայական է դարձնում ՀԱՊԿ-ի առկայությունը, որպես հետխորհրդային տարածքում առաջատար ռազմաքաղաքական ինստիտուտի»,- սահմանում է հայեցակարգը, հեղինակները կարծում են, որ ահաբեկչության և արմատական իսլամիզմի սպառնալիքը ՀԱՊԿ-ի համար առանցքային է: Հիմնական ռիսկերը Կենտրոնական Ասիայում են՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի ընդհանուր վատացումը բացասական է անդրադառնում Կենտրոնական Ասիայի կայունության վրա: «Ռուսաստանը պետք է նպաստի ՀԱՊԿ ներուժի զարգացմանը, արագ արձագանքման ուժերի ամրապնդմանը, հակաահաբեկչական բաղադրիչի կատարելագործմանը: Կարևոր են ՀԱՊԿ շրջանակում համագործակցության այլ ուղղությունները, այդ թվում՝ օդատիեզերական պաշտպանության ընդհանուր համակարգի զարգացումը»,- շեշտվում է փաստաթղթում: Նշվում է, որ հետխորհրդային տարածքում պահպանվում են սառեցված հակամարտություններ, և Ռուսաստանը պետք է շարունակի ջանքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ՝ որպես միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի երկխոսության միջև:

Բայց ավելի կարևոր է հայեցակարգի փիլիսոփայությունը. Ռազմավարական մշակումների կենտրոնի գնահատականով՝ հետխորհրդային տարածքը վերածվել է Ռուսաստանի և Արևմուտքի (ԵՄ և ՆԱՏՕ) մրցակցության ասպարեզի: Հեղինակները համոզված են, որ արևմտյան կառույցներին ինտեգրումը կամ նրանց հետ սերտ համագործակցությունը երկարաժամկետ հեռանկարում կմնա գրավիչ ծրագիր հետխորհրդային տարածքի երկրների համար: Նկատեք՝ ծրագիր, բայց ոչ իրականություն, որովհետև Ռուսաստանին այդպես է պետք: Թեպետ՝ «Ռուսաստանը ևս հետաքրքրված է արևմտյան կառույցների հետ համագործակցությամբ՝ հարցերի լայն շրջանակով: Ռուսաստանին անհրաժեշտ է ողջամիտ, հետևողական և գրավիչ ծրագիր հետխորհրդային տարածքի համար: Նա չի կարող և չպետք է հիմնվի նեոիմպերիալիստական հիմքերի, կամ Արևմուտքի հետ կոշտ դիմակայության վրա: Պահանջվում է ապահովել իրավահավասար, խոր փոխգործակցություն ինչպես արևմտյան, այնպես էլ արևելյան նախաձեռնությունների հետ»՝ սահմանում է Իգոր Կուդրինի ղեկավարած կառույցը: Նույն Իգոր Կուդրինը դարասկզբից կրկնում էր, ծրագրեր էր կազմում, համոզում էր՝ Ռուսաստանը չի կարող նավթ ու գազի էժան փողերին ապավինել, դիվերսիֆիկացիա է պետք, տնտեսության կառուցվածքը պետք է ոչ թե հանքահումքային լինի, այլ ապրանքի արտահանման վրա հիմնվի: Համաձայն էին, չէին առարկում, ու ոչինչ էլ չէին անում: Սահմանվեցին պատժամիջոցները, Ռուսաստանը հարկադրված եղավ արտասահմանյան ապրանքների ներմուծումը փոխարինել սեփական արտադրանքով, բայց, միևնույն է, հիմքում մնաց նավթ ու գազի հաշվին ապրելը: «Իրավահավասար, խոր փոխգործակցություն ինչպես արևմտյան, այնպես էլ արևելյան նախաձեռնությունների հետ»՝ քաղաքական սխրանք է, որին Ռուսաստանը պատրաստ չէ ու չի լինի երբեք՝ դա նշանակում է կայսերական նկրտումները ծալել, մի կողմ դնել ու հետխորհրդային տարածքում տեսնել ոչ թե հպատակներ, այլ գործընկերներ: Բնական է, որ հայեցակարգում կարևորվել է ԵԱՏՄ-ն՝ անվանվելով «որակյալ քայլ դեպի առաջ՝ հետխորհրդային տարածաշրջանում փոխշահավետ և իրավահավասար ինտեգրացիոն կառույցների ստեղծման ուղղությամբ»: «Անհրաժեշտ է զարգացնել Վիետնամի հետ ազատ առևտրի գոտու դրական փորձը, խթանել գործընկերային կապերը այլ երկրների և ինտեգրացիոն միավորների հետ: Այդ կապերում հատուկ տեղ պետք է զբաղեցնի ԵԱՏՄ-ի և չինական «Մետաքսի ճանապարհ» ծրագրի զուգակցումը: ԵԱՏՄ-ն պետք է ձգտի ԵՄ-ի կողմից որպես իրավահավասար գործընկերոջ ճանաչմանը, ապահովի ԵՄ-ԵԱՏՄ ապաքաղաքական երկխոսությանը»՝ ամրագրվել է հայեցակարգում: Իսկ իրականո՞ւմ: Իրականում ԵԱՏՄ-ն՝ ԵԱՏՄ, Կրեմլն ունի իր ծրագրերը: Եթե սա է ՌԴ արտաքին քաղաքականության հայեցակարգը, ինչո՞ւ է Կրեմլը խոչընդոտում ԵԱՏՄ անդամ Հայաստանի գործակցությանը Իրանի հետ, ինտեգրմանը Մետաքսի ճանապարհի ծրագրում, ԵՄ-ի հետ իրավահավասար ու ապաքաղաքական գործընկերությանը: Ինչո՞ւ Հայաստանին առաջարկվեց ութ միլիարդ դոլար ներդրում, ոչ միայն շահավետ, այլև անհրաժեշտ, հեռանկարային ու տնտեսության զարգացում բերող, իսկ մենք չենք ընդունում։

Որովհետև առաջարկողը ԱՄՆ-ն է: ՈՒթ միլիարդը տարիների հետ բերելու է այլընտրանքային էներգետիկայի զարգացում, ուրեմն՝ անկախություն ՌԴ գազից: Դա նշանակում է Հայաստանի շահը պաշտպանել, մոռանալով Ռուսաստանի շահը: Որովհետև մենք մեզ ներշնչել ենք, որ Ռուսաստանն է մեր անվտանգությունն ապահովողը: Ներշնչել ենք, որ Ռուսաստանն է ԼՂ հարցը լուծողը ու Թուրքիայից մեզ պաշտպանողը: Իսկ ներշնչանքը սուրբ գործ է՝ ստիպում է «չնկատել», որ մեր անվտանգությունը վտանգող Ադրբեջանին ու մեզ Կրեմլը կշեռքի նույն նժարին է պահում, և Բաքվի նժարն ավելի ծանր ու կարևոր է: Չնկատել, որ ԼՂ հարցի լուծումը Կրեմլին բոլորովին պետք չէ՝ խաղաքարտ է՝ Երևանին ու Բաքվին իր ազդեցության դաշտում պահելու, իր զենքը վաճառելու ու միջազգային ասպարեզում խաղացող մնալու համար: Չնկատել, որ Գյումրու ռազմաբազան ոչ թե Թուրքիայի դեմ է, այլ հենց մեր, եթե փորձենք ինքնուրույն դառնալ: Տարաբախտ ութ միլիարդը հայելի է, որ որերորդ անգամ մեզ ցույց տա մեր ինքնիշխանության չափն ու ձևը: Ի վերջո՝ մեր տեղը: Իսկ մենք հավեսով, երկար-բարակ քննարկում ենք՝ 2018-ի ապրիլին ի՞նչ է լինելու, մնալո՞ւ է Սերժ Սարգսյանը, գնալո՞ւ է, Կարեն Կարապետյանը մնալո՞ւ է վարչապետ, թե՞ նախագահ է դառնալու: Իսկ ի՞նչ տարբերություն: Ի՞նչ է փոխվելու միջին վիճակագրական հայի մեր կյանքում ներհամակարգային փոփոխություններից ու տեղափոխություններից: Տնտեսական ա՞ճ, որ չի նշանակում տնտեսական զարգացում: Հեռանկա՞ր՝ ավելի ինտեգրվելու ԵԱՏՄ-ում, որ քաղաքական նախագիծ է ու տնտեսության վրա ազդում է քաղաքականության տեսակետից՝ խոչընդոտելով փոփոխությունները տնտեսության մեջ: Թե՞ Ղարաբաղի հարցն է լուծվելու: Թե՞ չորս միլիոն ենք դառնալու: Գլխավորն ու երկրորդականը չտարբերելը մեր հիմնական սխալն է, որից ձերբազատվելու գիտակցությունը մշուշում է օրվա հացը վաստակելու հոգսը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. «Էհեհե՜յ» սա՞ է պատասխանը: Ազգովին դարձել ենք ոչխար գողացած հովի՞վ, որին պետությունն էր պարտք, ոչ թե ինքը պետությանը, բայց պետությունն իր ոտքով տանում էր դատարան, որ դատի ու դատապարտի՞: Մե՞նք ենք մեր սարերը: Հա՞: Բացահայտորեն՝ ոչ: Մնացածը դուք մտածեք: Եթե չեք ալարում, ի վիճակի եք:

Դիտվել է՝ 5114

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ