Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Կհաջողվի՞ մեր «դեմքը պահել», մեր «անունին տեր լինել»

Կհաջողվի՞ մեր «դեմքը պահել», մեր «անունին տեր լինել»
04.07.2017 | 09:02

«Հիսուսը... նրանց ասաց. «Ո՞Ւմ եք փնտրում»: Նրան պատասխանեցին՝ Հիսուս Նազովրեցուն: Հիսուսը նրանց ասաց՝ Ե՛ս եմ: Երբ Հիսուսն ասաց՝ Ես եմ, հետ-հետ գնացին և գետին ընկան» (Հովհ.18.4-6)։


Հիսուսը աշխարհ եկավ Իր առաքելության ամբողջական գիտակցումով, և երբ Նա ամեն անգամ ասում էր՝ Ես եմ, հստակ գիտեր՝ ինչ է ասում:
Նա եկավ ոչ թե փնտրելու մեզ, այլ որ մենք ինքներս փնտրենք ու գտնենք մեզ Նրա մեջ:
Նա եկավ՝ մեզ փոխանցելու Իր վստահությունը, երբ ամեն անգամ «Ես եմ» փաստելու առիթը կունենանք: Բայց արդյո՞ք մենք այսօր արդեն գտել ենք մեզ, ճանաչել, հասկացել և ընդունել, և կկարողանա՞նք ներկա-բացակայի ժամանակ վստահ ասել՝ Ես եմ, երբ հավատի Զորագլուխը կանչի մեր անունը և փնտրի մեր դեմքը: Հայտնի է, որ անունը ենթադրում է դեմք, անուն և դեմք բառերը գրեթե հոմանիշներ են, իսկ դեմքը ենթադրում է պատիվ և հեղինակություն, հավատարմություն սեփական էությանը: Կհաջողվի՞ մեր «դեմքը պահել», մեր «անունին տեր լինել», ինչպես Հիսուս Նազովրեցին: Անունը Աստծո ստեղծագործության մեջ շատ կարևոր է, իսկ մի անուն հատկապես Տիեզերքի հիմքն ու առանցքն է. Աստծո Որդու՝ Հիսուս Քրիստոսի անունը, որով հաստատ է մնում ու կատարելագործվում ողջ արարչությունը: Աստված թույլ տվեց Իր պատկերակից մարդուն Իր հետ անվանադրել արարչությունը, և անունն էր, որ յուրաքանչյուր արարածի՝ շնչավոր, թե անշունչ, բանական, թե անբան, պիտի օգներ պահելու սեփական կերպարանքը կամ դեմքը, անցնելու իր տեսակի համար սահմանված ուղին կամ կերտելու սեփական նկարագիրը՝ հավատարիմ մնալով անվան բովանդակությամբ նախանշված քայլերին: Մենք չենք ճանաչում Աստծուն, և այդ Նրան պարտադրված միայնությունն է, որ ցավ է պատճառում Նրան, որովհետև մենք ընդունել ենք Նրան՝ որպես մեր Տեր և Փրկիչ, իսկ մեզ՝ որպես Նրա Մարմնի մաս, սակայն չենք ճանաչում Նրան և մեզ՝ Նրա մեջ: Մենք կորցրել ենք մեր ինքնագիտակցությունը: Աստված ստեղծել է մեզ Իր պատկերով և նմանությամբ: Նա բացահայտեց Իրեն, հայտնեց Իր անունը և հավաստիացրեց՝ Ե՛ս եմ, իսկ մենք չենք ճանաչում Նրան, սարսափում ենք այդ բացահայտումից և թաքնվում այդ հայտնությունից, որովհետև կեղծավոր ենք, փոքրոգի ու երեսպաշտ, մեզ համար թանկ են մեր խիստ մարդկային ծրագրերն ու անմեղ քմահաճույքները, աստվածճանաչողությունը մեզ համար ոչ թե ինքնակայացման երաշխիք է, այլ մեր նվիրական երազանքներից մեզ բաժանող անհաղթահարելի պատնեշ: Մենք մե՛զ չգիտենք ու... մե՞րն ենք պնդում: Մենք մեզնից ենք թաքցնում, որ և՛ գիտենք Նրան, և՛ Նա խոսում է մեզ հետ ու հաստատում. «Ե՛ս եմ: Հավատացե՛ք Աստծուն, հավատացե՛ք և Ինձ: Եթե չհավատաք, որ Ե՛ս եմ, կմեռնեք ձեր մեղքերի մեջ»:

Երեցկին
Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գորիս

Դիտվել է՝ 2652

Մեկնաբանություններ