Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Իշխանական ապագա կոնֆիգուրացիայում ինչ-որ բան ուրվագծվում է, բայց…

Իշխանական ապագա կոնֆիգուրացիայում ինչ-որ բան ուրվագծվում է, բայց…
07.07.2017 | 02:21

Խորհրդարանում կառավարության ծրագրի հաստատումից հետո ջրերը փոքր-ինչ պարզվում են։ Մոտավորապես հասկանալի է դառնում, թե ինչ հեռանկարներ են ուրվագծվում 2018 թվականի ապրիլից հետո։ Եվ եթե մինչև վերջերս մամուլում, այդ թվում՝ իշխանությանը մոտ կանգնած տնտեսաքաղաքական խմբավորումների կողմից ուղղորդվող լրատվամիջոցներում, անընդհատ կասկածի տակ էր դրվում 2018 թ. վարչապետի հարցը, ապա այժմ ավելի առաջնային տեղ է գրավում այն տեսակետը, թե, այնուամենայնիվ, 2018-ին գործող վարչապետը, կարծես, շարունակելու է պաշտոնավարել։ Իհարկե, եթե ֆորսմաժորային իրավիճակներ չստեղծվեն` պայմանավորված տնտեսության մեծ փլուզմամբ կամ ռազմական զարգացումներով, ինչի պարագայում գլխավոր հրամանատարի դերում կարող է անհրաժեշտ լինել առավել ռազմականացված և պատերազմական բովով անցած գործիչ։ Սակայն եթե ամեն ինչ ընթանա առանց կտրուկ ֆորսմաժորային զարգացումների, ապա Կարեն Կարապետյանը կկարողանա իր պաշտոնավարումը շարունակել։


Միևնույն ժամանակ նույն շրջանակների կողմից շրջանառվում է այն գաղափարը, թե դեյուրե վարչապետը լինելու է Կարեն Կարապետյանը, սակայն իրական լծակները լինելու են գործող նախագահի ձեռքին, ով պահպանելու է ռեալ իշխանությունը։ Ընդ որում, այդ գաղափարը պաշտոնապես հրապարակողները հենց ՀՀԿ վերին էշելոնի գործիչներն են՝ Էդուարդ Շարմազանովը, Գալուստ Սահակյանը։


Ի՞նչ զարգացումներ են սպասվում, և ի՞նչ համակարգ կարող է գործել 2018-ից հետո։ Այս պահին դժվար է ասել` արդյոք ի սկզբանե որևէ պայմանավորվածություն եղե՞լ է գործող վարչապետի և նախագահի միջև, որոնք ստեղծեցին տանդեմ և՛ իշխանական կառավարման, և՛ քաղաքական առումներով։ Սակայն, կարծես թե, հեռանկարում հետևյալ դասավորությունն է. 2018-ի ապրիլից հետո իշխանությունը դառնում է երկբևեռ։ Այսինքն՝ ուժային և քաղաքական իշխանությունը կենտրոնանում է Սերժ Սարգսյանի ձեռքում, իսկ իշխանության տնտեսական հատվածն ամբողջությամբ վարչապետ Կարեն Կարապետյանի վերահսկողության շրջանակներում է։


Ի՞նչ բաղկացուցիչներ ունեն այդ իշխանությունները։
Սերժ Սարգսյանի ձեռքում, ինչպես նշեցինք, կենտրոնանում են պաշտպանության, ամենայն հավանականությամբ՝ ազգային անվտանգության համակարգերը, ինչ-որ բան, գուցե, ոստիկանական համակարգից։ Ըստ էության, Սերժ Սարգսյանը այս կամ այն կարգավիճակում (հիմա շատ է խոսվում ազգային անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնի մասին) խորհրդանշելու և համակարգելու է ազգ-բանակ կոնցեպցիան։ Այս պարագայում Վիգեն Սարգսյանը կշարունակի պաշտոնավարել որպես պաշտպանության նախարար, ինչի մասին նա ուղղակիորեն ասաց իր մամուլի ասուլիսում՝ ինքը չի ձգտում որևէ այլ կարգավիճակի, այլ փորձում է սկսած գործը շարունակել և արդյունքներ արձանագրել։ ՈՒղղորդվող մամուլում նաև նշվում է, թե հատուկ օրենք է գործելու Ազգային անվտանգության խորհրդի մասին, այդ մարմինը բավականին լայն լիազորություններ է ստանալու, և հասկանալի է՝ շատ բան հարմարեցվելու է կոնկրետ մի մարդու՝ գործող նախագահին (այս օրենքն առաջիկա ամիսներին պետք է ընդունվի)։


Բացի ուժային բլոկից, Սերժ Սարգսյանը, ամենայն հավանականությամբ, իր վերահսկողության տակ կպահի նաև արտաքին քաղաքական ոլորտը՝ ուղղակիորեն շարունակելով ղեկավարել նաև Արցախի հարցի բանակցային գործընթացը և Արցախի հետ կապված ռազմաքաղաքական զարգացումները։
Քաղաքական տեսակետից Սերժ Սարգսյանը, լինելով հանրապետական կուսակցության նախագահ, ըստ էության, ղեկավարելու է նաև խորհրդարանը, որն իր հերթին, բնականաբար, վերահսկելու է կառավարությունը։ Ստացվում է, որ Սերժ Սարգսյանն իրականում վերահսկելու է ամեն ինչ՝ ուժային, քաղաքական ոլորտները, ԱԺ-ի միջոցով՝ նաև գործադիր իշխանությունը՝ ունենալով վարչապետի և կառավարության նշանակման վերահսկիչ փաթեթը։ Սա Սերժ Սարգսյանի իշխանության ապագա տեսլականն է։


Ինչ վերաբերում է վարչապետ Կարեն Կարապետյանին, ապա, ինչպես վերը նշվեց, նրա ձեռքում են լինելու տնտեսությունը, արտաքին տնտեսական հատվածը, և ինչպես շատերը նշում են, վարչապետը պնդելու է, որ իր վերահսկողության տակ անցնի նաև ոստիկանությունը, որպեսզի ինքն էլ ունենա որոշակի ուժային լծակներ, քանի որ շատ դեպքերում, առանց նման լծակների, նույն տնտեսությունում շատ հարցեր անհնար է լուծել։ Առավել ևս որ 2018 թվականից, ՀՀ Սահմանադրության համաձայն, կառավարությանն առընթեր մարմիններ այլևս չեն լինելու, և ոստիկանությունն այլ ձևաչափով է գործելու (ըստ ամենայնի, այն կմիավորվի արտակարգ իրավիճակների նախարարության հետ՝ դառնալով ներքին գործերի նախարարություն)։


2018 թվականին ուրվագծվող սցենարը սա է, որը կարծես արդեն շրջանառության մեջ է դրվում։ Այս պարագայում հասկանալի է, որ ֆորմալ առումով երկբևեռ իշխանությունում բավականին շատ լծակներ մնում են Սերժ Սարգսյանի ձեռքին, և նա, ունենալով ԱԺ-ում վերահսկիչ փաթեթ, ցանկացած պահի կարող է փոխել վարչապետին։
Շատերն այսօր կենտրոնանում են 2018-ի վրա՝ քննարկելով վարչապետի հավանական թեկնածուների հարցը, սակայն սա ամենևին չի նշանակում, որ եթե 2018-ի ապրիլին կոնկրետ գործչի վարչապետ նշանակելու որոշում ընդունվի, այդ որոշումը վերանայման ենթակա չի լինի 2018-ի սեպտեմբերին, դեկտեմբերին կամ, ասենք, 2019 թվականին։ Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով սահմանված կարգը, թե 2018-ից հետո Հայաստանի թիվ մեկ պաշտոնյան վարչապետն է լինելու, իրականում նման է առասպելի, քանի որ վարչապետը, ինչպես և մյուս օղակները, նոր սահմանադրության պայմաններում բավականին խոցելի են, և գործող համակարգի պայմաններում որևէ մեկը երկարաժամկետ պաշտոնավարման երաշխիքներ չունի։ Լինելով քաղաքական իշխանություն և ունենալով բոլոր լծակները, քաղաքական ղեկավարությունը նաև իրեն ձեռնտու նախագահ է նշանակելու։


Այս սցենարը, իհարկե, իշխանական վերնախավի մի հատվածի նախընտրելի տարբերակն է, այլ հարց է՝ որքան է դա սրտամոտ իշխանական ապագա կոնֆիգուրացիայի մյուս հատվածին։ Պակաս կարևոր չէ, թե ինչքանով այս ամենում ներգրավված կլինեն նաև աշխարհաքաղաքական կենտրոնները, և որքանով հաշվի կառնվեն նրանց շահերը։ Աչքի առաջ ունենալով գործող վարչապետի բավականին սերտ գործնական և անձնական հարաբերությունները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի և Եվրամիության դեսպանների հետ՝ ասվածն ամենևին էլ երկրորդական չէ։ Չմոռանանք նաև մոսկովյան վարչախմբի և տնտեսական շրջանակների հետ Կարեն Կարապետյանի սերտ կապերը։ Այնպես որ, չի բացառվում՝ մինչև 2018-ի ապրիլը դեռ այլ տարբերակներ կամ եղածի ճշգրտումներ լինեն։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4420

Մեկնաբանություններ