Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

14-րդ «Ոսկե ծիրանում» ֆիլմեր են, որոնք կարող են տեղայնացվել մեր միջավայրում, մեր հասարակության մեջ, խոսել մեր հանդիսատեսի հետ»

14-րդ «Ոսկե ծիրանում» ֆիլմեր են, որոնք կարող են տեղայնացվել մեր  միջավայրում, մեր հասարակության մեջ, խոսել մեր հանդիսատեսի հետ»
07.07.2017 | 08:10

«Իրատեսի» հյուրը Երևանի «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի գեղարվեստական տնօրեն, կինոգետ ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ է:

«ԱՅՍ ՏԱՐԻ ԱՍՏՂԵՐ՝ ՀԱՆՐԱՅԻՆ ԸՆԿԱԼՄԱՄԲ, ՉԵՆ ԼԻՆԵԼՈՒ, ԼԻՆԵԼՈՒ ԵՆ ԱՍՏՂԱՅԻՆ ՌԵԺԻՍՈՐՆԵՐ ԵՎ ԱՍՏՂԱՅԻՆ ՖԻԼՄԵՐ»
-Տիկին Սուսաննա, ի՞նչ գեղարվեստական առանձնահատկություններով են աչքի ընկնում այս տարվա փառատոնային ֆիլմերը:
-Փառատոնի կոնցեպտը, որը ձևավորվել է «Ոսկե ծիրան» երկրորդ փառատոնից սկսած, սևեռված է դեպի ռեժիսորական կինոն, դեպի ոչ կոմերցիոն, «արտ հաուզ» ֆիլմերը: Ֆիլմեր, որոնք հոգևոր արժեք են ներկայացնում, խոսում են պարզ մարդկանց խնդիրների, հույսերի, նպատակների, ողբերգությունների մասին: Այդ ձևաչափը պահպանվում է մինչ օրս: Դա գուցե նաև պայմանավորված է այն հանգամանքով, որ ես և իմ կոլեգաները սիրում ենք հենց այդպիսի ֆիլմերը: Ոմանք ասում են, թե մեր ընտրած ֆիլմերը ինչ-որ տեղ միօրինակ են: Բայց դա հենց տեսակի խնդիր է: Մեր տարածաշրջանը շատ յուրահատուկ է, և մենք պիտի հասկանանք, թե ինչպիսի սոցիալական, պատմական ու արդիական կոնտեքստում ենք ցուցադրում ֆիլմերը, թե ինչպիսի հերոսներ ու խնդիրներ կարող են հետաքրքրել մեր հանդիսատեսին: Այո՛, մեր փառատոնում ժանրային, «էքշըն» կամ «հորոր» ֆիլմերն այնքան էլ տեղ չունեն: Գուցե և դա լավ չէ, որովհետև երիտասարդությունը սիրում է այդպիսիք: Դրանք մենք ներառում ենք փառատոնի զուգահեռ ծրագրերում, բայց ոչ մրցութայինում: Վերջին տարիներին ծրագրի ընտրությանը մասնակցում են նաև երիտասարդ կինոգետներ Րաֆֆի Մովսիսյանը, Վարվառա Հովհաննիսյանը, Արթուր Վարդիկյանը, Կարեն Ավետիսյանը, ուրիշներ, որոնք կինոյի ընկալման լավ ճաշակ ունեն, մեծացել են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի դաշտում, ձևավորել իրենց ճաշակը փառատոնի ֆիլմերով: Հուսով եմ, որ նրանք թարմ շունչ կհաղորդեն փառատոնին: «Ոսկե ծիրանի» նախօրյակին ամենաքննարկվող հարցն այն է, թե ինչ աստղեր են հյուրընկալվելու: Մենք միշտ խուսափել ենք այդ հարցից: Հիմա ինքս եմ ուզում խոսել այդ մասին և ասել, որ «Ոսկե ծիրան» 14-րդ կինոփառատոնին աստղեր՝ հանրային ընկալմամբ, չեն լինելու:
-Այսինքն՝ չե՞ն լինելու էկրանին երևացող աստղեր:
-Չեն լինելու, բացառությամբ՝ բրիտանական հայտնի դերասահուհի, Բոնդիանայի «դեմք» համարվող Մարիամ ԴþԱբոյի, որն աշխատելու է մեր ժյուրիներից մեկում: Մեր փառատոնը միշտ շեշտը դրել է ռեժիսորների, ռեժիսորական կինոյի վրա: Հենց այդ միտումով էլ մենք չունենք «Լավագույն դերասան/դերասանուհի» կամ այսօրինակ այլ անվանակարգեր «Ոսկե ծիրան» փառատոնում: Այս տարի հուրընկալելու ենք մեծանուն, աստղային ռեժիսորների մի փունջ և աստղային ֆիլմեր: Խոսքը և՛ այն ռեժիսորների մասին է, որոնք աշխատելու են մրցութային ժյուրիի կազմում, և՛ այն ֆիլմերի ռեժիսորների, որ ցուցադրվելու են փառատոնի շրջանակներում: Ֆիլմեր, որոնք մեծ ջանքերի շնորհիվ բերել ենք Կաննի, Բեռլինի, Վենետիկի կինոփառատոներից: Կարծում եմ, որ սա մեր փառատոնի համար ավելի կարևոր փաստ է, քան էկրաններից հայտնի որևէ աստղի «դեֆիլեն» կարմիր գորգի վրա: Այս տարի փառատոնին ուղարկված ֆիլմերի բազմազանության մեջ մեծամասնություն են այն ֆիլմերը, որոնք անդրադառնում են կանանց խնդիրներին: Դրանցում կինն է, որն իր վրա է վերցրել որոշումներ կայացնելու, ընտանիքը պահելու, պայքարելու, իր եսը պաշտպանելու պատասխանատվությունը:
-Այդպիսի խնդիր է առաջադրված նաև Բոյան Վուլետիչի «Տիկին Ջ.-ի ռեքվիեմը» ֆիլմում, որը թե՛ իր կերպարներով, թե՛ ներկայացվող միջավայրով, թե՛ միջանձնային հարաբերություններով, թե՛ անգամ հումորով չափազանց հայկական է թվում:
-Այո՛, և այս ֆիլմում նշածս խնդիրներն ասես սևեռվում ու խտանում են: Դա շատ կարևոր ֆիլմ է մեզ համար: Եթե ես հետադարձ հայացք ձգեմ այս տարի փառատոնի ստացած հարյուրավոր ֆիլմերի, ինչպես և այն ֆիլմերի վրա, որոնք մինչև «Ոսկե ծիրանին» ուղարկվելը մասնակցել են տարբեր միջազգային կինոփառատոների, կարող եմ վկայել, որ «Տիկին Ջ.-ի ռեքվիեմը» դրանցում բարձրացված խնդիրների համահավաք պատկերն է ներկայացնում: Այդ ֆիլմի պրեմիերան կայացել է Բեռլինի կինոփառատոնում, մենք հենց այնտեղ ենք դիտել և ընտրել այն՝ «Ոսկե ծիրանի» մրցութային ծրագրում ընդգրկելու համար: Եվ իսկապես, ֆիլմը շատ է հիշեցնում մեր իրականությունը. եթե սցենարից դուրս բերենք ազգային պատկանելությունը, դրանում բարձրացված բոլոր խնդիրները կարող ենք տեղայնացնել հայկական միջավայրում: Մենք ընտրում ենք հիմնականում հենց այդպիսի ֆիլմեր, որոնք կարող են տեղայնացվել մեր միջավայրում, մեր հասարակության մեջ, խոսել մեր հանդիսատեսի հետ:

«ԿԻՆՈՆ ՎԱՂՈՒՑ ՍՏԵՂԾԵԼ Է ՇԵՐՏԱՎՈՐՎԱԾ ՇՈՒԿԱ»


-Հեղինակային կինոն ենթադրում է կամերային լսարան, այն նախատեսված չէ լայն սպառման համար. գոնե Հայաստանի օրինակով կարելի է այսպես դատել: Իսկ ինչպիսի՞ն է պատկերը աշխարհում, կինոարվեստի կարևորագույն կենտրոններում:
-Կինոն վաղուց ստեղծել է շերտավորված շուկա: Կա լայն սպառման կինո, դա կոմերցիոն կինոն է, որն արտադրում է Հոլիվուդը: Այդ կինոն գրավել է մեծ կինոթատրոնները, առաջին դահլիճները: Բայց և այսօր շատ զարգացած են կինոլսարանի այլ շերտերը: Եվրոպայում և նույն Ամերիկայում համալսարանական կենտրոնները, հեղինակային կինոյի համար նախատեսված հատուկ դահլիճները միշտ լեցուն են, որովհետև ունեն իրենց համեմատաբար փոքրաթիվ, բայց կայուն լսարանը: Այդ դահլիճները չունեն տոմսերի սպառման խնդիր, որովհետև շատ ճկուն ծրագիր են ներկայացնում, որում ընդգրկված են և՛ արխիվային դասական, և՛ ժամանակակից հեղինակային ֆիլմեր: Փարիզում այդպիսի ծրագրով աշխատող մի քանի կինոթատրոն կա անգամ, և շատերն ուշադիր հետևում են ֆիլմացանկին, փնտրում-գտնում իրենց ուզած ֆիլմերն ու գնում դիտելու: Ցավոք, մեզ մոտ շատ միատեսակ է դիստրիբյուցիան: Մեր ունեցածը երեք-չորս կինոթատրոն է, որոնցում ցուցադրվում են հիմնականում Ռուսաստանի շուկայի համար ձեռք բերված ֆիլմեր, և դրանք հիմնականում մասսայական կինոյի նմուշներ են: Դա կինոյի առաջին շերտն է, մյուս շերտերը մեզանում չկան: Եվ մենք «Ոսկե ծիրանի» ողջ կազմով տարիներ շարունակ ձգտում ենք ունենալ մի այնպիսի հարթակ, որը հնարավորություն կտա փառատոնում ընդգրկված ֆիլմերի ցուցադրությունը դարձնել տևական, դրանով կատարել դաստիարակչական, լուսավորչական աշխատանք, պահել այն հանդիսատեսին, որն արդեն ձևավորվել է «Ոսկե ծիրանի» շուրջ: Ինձ համար շատ հաճելի է, որ ծանոթ ու անգամ անծանոթ մարդիկ մոտենում ու հարցնում են, թե երբ է լինելու փառատոնը: Մենք կարողացել ենք հուլիսյան այդ շաբաթի շուրջ այնպիսի հետաքրքրություն ստեղծել, որ մարդիկ անգամ արձակուրդ են վերցնում այդ օրերին, որպեսզի կարողանան ակտիվորեն մասնակցել փառատոնին, հնարավորինս շատ ֆիլմեր դիտել, ներկա գտնվել բոլոր իրադարձություններին: Բայց ցավալի է, որ այդ մեկ շաբաթն անցնում է, ու այն ամբողջ հարուստ բազան, որ հայերեն թարգմանությամբ մենք ստեղծում ու պահում ենք, այդպես արխիվացված էլ մնում է մեզ մոտ: Այնինչ կարող էր ցուցադրվել, հասանելի լինել մարդկանց ողջ տարվա ընթացքում:
-Տարիներ առաջ ձևավորված «Ռեժիսորներ առանց սահմանների» (ՌԱՍ) նախագիծն աջակցում էր համատեղ արտադրության ֆիլմերին, որպիսիք մշտապես ներառված էին լինում «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում: Ի՞նչ ֆիլմեր կառանձնացնեք այս տարվա փառատոնային ֆիլմացանկից, որոնք նկարահանվել են համատեղ աջակցությամբ:
-Վերջին երկու տարիներին «ՌԱՍ»-ը, որպես այդպիսին, չկար: Կար դրա մեկ բաղադրիչը՝ Հայ-թուրքական կինոպլատֆորմը: Այս տարի մենք մոդիֆիկացրել ենք ու մի քիչ ձևափոխել «ՌԱՍ»-ը: Վերցնելով այդ ծրագրի նպատակները՝ ներդրել ենք նոր ծրագրի մեջ, որը կոչվում է «Ստեղծարար Եվրոպա ֆորում»: Ծրագիրը գործում է Եվրամիության աջակցությամբ, և մենք այն ուղղորդել ենք դեպի «ՌԱՍ»-ի նպատակների իրագործում: Սա ենթադրում է ֆիլմարտադրություն, գործնական հանդիպումներ ոլորտի լավագույն մասնագետների հետ, համատեղ արտադրության ֆիլմերին ցուցաբերվող աջակցություն: Կարող եմ առանձնացնել առնվազն երեք ֆիլմ, որոնք ներկայացված են եղել մեր նախկին նախագծերում և աջակցություն են ստացել «Ոսկե ծիրանում»: Մեկը վավերագրական ֆիլմ է՝ ստեղծված Հայ-թուրքական կինոպլատֆորմի դրամաշնորհով: Կոչվում է «Դերդո մայրիկը և ընկուզենին», ռեժիսորն է Սերդար Օնալը: Այն այս տարի Ստամբուլի կինոփառատոնում ստացել է վավերագրական ֆիլմերի մրցույթի գլխավոր մրցանակը և ընդգրկված է «Ոսկե ծիրանի» մրցութային ծրագրում: Մյուսը Սոնա և Մարինե Քոչարյանների «Մուրադ» ֆիլմն է: Դա ևս վավերագրական ֆիլմ է, պատմում է Ստամբուլի հայերի մասին և ընդգրկված է «Ոսկե ծիրանի» «Հայկական համայնապատկեր» անվանացանկում: Երրորդը Գեորգի Օվաշվիլու «Խիբուլա» ֆիլմն է, որը երեք տարի առաջ եղել է «ՌԱՍ»-ի նախագծերից մեկը: Այսինքն՝ ամեն տարի լինում է այդպիսի երեք-չորս ֆիլմ, որոնք ստեղծված են մեր ծրագրերի, մեր կազմակերպած թրեյնինգների, հանդիպումների արդյունքում: Իսկ սա արդեն վկայում է «Ոսկե ծիրանի» տարածաշրջանային և ավելի լայն նշանակության մասին:

«ՉՄՈՌԱՆԱՆՔ, ՈՐ ՀԱՄՈ ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆԸ ԵՂԵԼ Է ՎՐԱՑԱԿԱՆ, ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿԻՆՈՅԻ ԱԿՈՒՆՔՆԵՐՈՒՄ»


-14-րդ «Ոսկե ծիրանը» բացվելու է Համո Բեկնազարյանի «Խասփուշ» ֆիլմով, որը պատմում է պարսիկ ընչազուրկ գյուղացիների ու արհեստավորների մասին և որակվում իբրև հեղափոխական բովանդակության կինոնկար: Արդյո՞ք սա վկայությունը չէ այն բանի, որ մեր կինոն դեռևս իր ակունքներում վեր է կանգնել նեղ ազգային խնդիրներից ու իր տեսադաշտում ներառել է համամարդկային թեմաներ:
-Լիովին համաձայն եմ այս դիտարկման հետ: Ավելին, դա հայկական կինոյի մոռացված, անտեսված արժանիքն է: Ամեն անգամ դրսի մեր կոլեգաների համար բացահայտում է լինում, երբ նրանք իրազեկվում են հայկական կինոյի, հատկապես համր կինոյի բովանդակությանը: Ոչ միայն «Խասփուշը», որը պատմական դրամա է՝ պարսկական նյութով, այլև անցյալ տարի փառատոնի բացման ժամանակ ցուցադրված «Զարեն» այդ են վկայում: Եվ ինչո՞ւ միայն դրանք: Եթե դիտարկենք Համո Բեկնազարյանի առաքելությունն ամբողջության մեջ, չպիտի մոռանանք, որ նա եղել է վրացական, ադրբեջանական կինոյի ակունքներում: Այսինքն իսկապես՝ նեղ, տեղային խնդիրներից դուրս գալու, թեմատիկ շրջանակն ընդլայնելու միտումը շատ բնորոշ է հայկական կինոյին դեռևս իր ստեղծման առաջին տարիներից: Եվ դա որակ է, ցուցանիշ, որը պիտի կարողանանք պահպանել, նաև հրամցնել, մատուցել, արժևորել:

«ԻՆՉՊԵՍ ԷԼ ԸՆԿԱԼԵՍ «ԽՈՍՏՈՒՄ» ՖԻԼՄԸ, ՓԱՍՏՆ ԻՆՔՆԻՆ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ Է»


-«Ոսկե ծիրանն» այս տարի կփակվի փաստագրական ֆիլմով, կցուցադրվի Ջո Բեռլինգերի «Բնաջնջման մտադրություն» ֆիլմը: Ներկայացրեք այն, խնդրեմ:
-Այս տարի Հայաստանի և համայն հայության համար կարևոր կինոիրադարձություն էր Թերի Ջորջի «Խոստում» ֆիլմի էկրան բարձրանալը: Այն ցուցադրվեց աշխարհի տարբեր երկրների էկրաններին: Շատ անսպասելի էր և ուրախալի, որ միջազգային կինոփառատոներից մեկի ժամանակ ինձ մոտեցան ու ասացին, որ Ղազախստանում ցուցադրվում է հայկական ֆիլմ՝ նկատի ունենալով «Խոստումը»: Փաստորեն, ֆիլմը միաժամանակ ցուցադրվում էր Հայաստանում, Ամերիկայում, Ռուսաստանում, Ղազախստանում և այլուր: Շատ կարևոր էր, որ այդ ֆիլմն իր առաքելությունը կատարեց և կրկին մի ալիք բարձրացրեց Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ: Եվ դա արվեց իսկապես հոլիվուդյան մակարդակով՝ մեծ բյուջեով, համաշխարհային կինոյի աստղերի մասնակցությամբ: Ինչպես էլ ընկալես այդ ֆիլմը, փաստն ինքնին շատ կարևոր է: Այն խոսակցությունները, որ ծավալվեցին «Խոստում» ֆիլմի շուրջ՝ թե՛ ստեղծման ընթացքում, թե՛ հետագայում՝ էկրան բարձրանալուց հետո, չափազանց արժեքավոր էին, և մենք չպիտի թերագնահատենք դա: «Խոստում» ֆիլմին զուգահեռ ստեղծվեց մի վավերագրական ֆիլմ, որը ոչ պակաս գեղարվեստական և փաստագրական արժեք ունի: Դա ֆիլմ է ֆիլմի մասին: Բացի այն, որ Ջո Բեռլինգերը վավերագրել է ֆիլմի նկարահանման բոլոր դրվագները, ներկայացրել, թե ինչ մոտիվացիայով է նկարվել այս կամ այն տեսարանը, թե ինչու է ընտրվել ֆիլմում այս կամ այն աստղի մասնակցությունը, թե ինչու է այս թեմային անդրադարձը հանձն առել հատկապես Թերի Ջորջի նման մեծանուն ռեժիսորը, այս ամենը նաև համադրել, զուգակցել է շատ արժեքավոր վավերագրական նյութով՝ ցեղասպանությունից մազապուրծ, հրաշքով վերապրող հայերի վկայություններով: Եվ ստացվել է շատ հետաքրքիր մի արդյունք: Ֆիլմը վավերագրության հետաքրքիր կառուցվածք ունի: Պրեմիերան կայացել է Ամերիկայում՝ խոշորագույն «Սանդանս» անկախ կինոփառատոնում: Կարծում եմ՝ ճիշտ որոշում էր 14-րդ «Ոսկե ծիրանը» փակել «Բնաջնջման մտադրություն» ֆիլմով. մեր հանդիսատեսը դիտել է «Խոստումը», հիմա էլ կդիտի այն լրացնող ու նորովի բացահայտող մեկ այլ արժեքավոր ֆիլմ:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 5312

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ