«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Դժնդակ օրերի իսկական ռուսները

Դժնդակ օրերի իսկական ռուսները
07.07.2017 | 09:21

Նախորդ «Հայարանում»` «Իսկական ամերիկացիները» հրապարակման նախաբանում, շարադրել էի գրվածքիս դրդապատճառները: Բայց անարդար կլիներ գոնե մի փոքրիկ անդրադարձով չխոսել նաև իսկական ռուսների մասին:

Պատերազմող Ռուսաստանում մամուլի (այդ թվում և` հայ) նկատմամբ կիրառվում էր խիստ գրաքննություն: Դիցուք, անհասկանալի հապավումներով էին ներկայացվում ռազմական գործողությունների մասնակիցների անունները, բնակավայրերի անվանումները, իսկ հեղինակները հաճախ հանդես էին գալիս կեղծանուններով: Կատարեմ մի մեջբերում «Խորկնցող» կեղծանվամբ հեղինակի հոդվածից (իրադարձությունը տեղի է ունեցել Դոնի Ռոստովում):


«Յուզիչ լուրերը մէկը միւսից սարսափելի հասնում էին Կովկասից: Փախստականները պատմում էին մեր երևակայածը միայն: Գաղթը կարող էր մեծամեծ հետևանքներ ունենալ: Ահա այսպես էր մտածում տեղիս մտաւորականութիւնը, երբ որոշեց հանգանակութիւն սարքել նաև փողոցներում յօգուտ փախստականների, անցեալ (խոսքը 1914 թ. մասին է- Խ. Դ.) դեկտեմբերի 31-ին: Կարիքը աղաղակող էր, պէտք էր արտակարգ միջոցների դիմել, դիմել և ոչ հայերի օգնութեան:
Կաղանդի նախօրեակին էր: Ես տուփս ձեռքիս կանգնել էի մի անկիւնում: Դա քաղաքի դեմոկրատիկ մասն էր, այդտեղից պիտի գնային դէպի բազար բանուորներ, աշխատողներ: Այդտեղից պիտի անցնէին և զանազան հիմնարկութիւններում ծառայողներ: Կարող էին պատահել և հարուստներ, բայց այդ նրանց ճանապարհը չէր:
Առաւօտուայ ժամի 7 է: Սրտատրոփ սպասում եմ:
Եղբայրական օգնութիւնը սկսեց մի կին, որը երեսը խաչակնքելով ձգեց մի քանի կոպէկ: Թեթև էր նրա ձեռքը, այնուհետև սկսուեցաւ մի հունձ, մի քաղցր աշխատանք, որ տևեց մօտաւորապէս 5 ժամ: Ես հրապարակով պիտի խոստովանեմ, որ չիմացայ այդ ժամերի անցնելը, թէև ստիպուած էի անցնել մի մայթից միւսը, ընդառաջելով եկողներին ցեխի մէջ, անձրևի տակ: Շատերը չէին հարցնում նոյնիսկ, թէ որի համար է հանգանակութիւնը, տալիս էին իրենց կոպէկները կարօտեալին, լինի դա զինուոր, կամաւոր կամ փախստական: Տալիս էր և կառապանը, և հացթուխը, և ոստիկանը: Տալիս էին իրենց կարողացածի չափ:
Միայն երկու-երեք հոգու բերնից լսեցի կոպիտ պատասխան, թէ բաւական է մուրացածներդ, ամեն օր հավաքում էք…


Շատ լաւ վերաբերմունք ցոյց տուին ինտելլիգէնտ ծառայողները, որոնք համարեա բոլորն էլ մասնակցութիւն ունեցան հայի արցունքը սրբելու մէջ: Իմանալով, թէ որի օգտին է ժողովարարութիւնը, նրանք ձգում էին իրենց լուման:
Այսպիսով տուփս ծանրացաւ, ժամանակն էլ մօտենում է կեսօրին: Երթևեկութիւնը զգալի կերպով նուազում է: Մի քանի հարիւր նշանները արդէն չկան, նրանք ցրուեցան քաղաքի վարի մասերում, փոքրիկ տներում, իսկ նրանց լումաները յանձնուեցան ըստ պատկանելւոյն»:

1915 թ. սկզբին Ռուսաստանի տարբեր քաղաքներում կազմակերպվեցին «Հայկական օրեր»՝ ի նպաստ հայ փախստականների:
Այսպես, Տոմսկի ռուս բնակչությունը ժողովեց 1756 ռ., իսկ Օդեսայում` 11 հազար. այստեղ վաճառվեց նաև «Одесса – беженцам-армянам» մեկանգամյա լրագիրը, որտեղ հոդվածներով հանդես էին եկել Պետական դումայի պատգամավորներ Միլյուկովը, Անդրիանովը, Պասինսկին, Աճեմյանը և այլք:

1915 թ. փետրվարին Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցը հեռագիր հղեց Մոսկվայի քաղաքագլուխ Միխայիլ Չելնոկովին, որով շնորհակալություն էր հայտնում Մոսկվայի քաղաքային դումային բազմատանջ ու բազմաչարչար փախստականների նկատմամբ դրսևորած մարդասիրական, քրիստոնեական վերաբերմունքի և առատաձեռն ֆինանսական աջակցության համար:
Կաթողիկոսը հեռագիրն ավարտել էր հայրապետական օրհնությամբ` առ Մ. Չելնոկովը և դումայի պատգամավորները:

1915 թ. գարնանը Անդրկովկասում տեղի ունեցավ խոշոր մշակութային իրադարձություն: Երբ հայտարարվեց, որ մայիսի 8-ին Բաքվի Մայիլյան եղբայրների կառուցած օպերային թատրոնում տեղի է ունենալու հռչակավոր Ֆյոդոր Շալյապինի համերգը, իսկ տոմսերը կարելի է ձեռք բերել ապրիլի 23-ին, սկսվեց աներևակայելի եռուզեռ: Բոլոր տոմսերը վաճառվեցին երեք ժամվա ընթացքում, ընդ որում՝ բաժին հասան նրանց, ովքեր գիշերով էին հերթ կանգնել:
Բնականաբար, գլուխ բարձրացրին սպեկուլյանտները` «ձեռի վրայից» 1-ռուբլանոց տոմսը ծախելով 10-12 ռուբլով, իսկ առավել «աչքաբացները» կեղծ տոմսեր վաճառեցին:
ՈՒնևոր հայերից նրանք, ում տոմս չէր հասել, մեկնեցին Թիֆլիս` հույս ունենալով մայիսի 9-ին այնտեղ լսել Շալյապինին:


Ականավոր բասի համերգն ունեցավ շռնդալից հաջողություն: Ես գիտեմ, թե Շալյապինը որ կոմպոզիտորների որ ստեղծագործություններն է կատարել, բայց խոսքս դրա մասին չէ:
Բանն այն է, որ մայիսի 11-ին Ֆյոդոր Իվանովիչը Բաքվում ունեցավ ևս մեկ համերգ, որից ստացված ամբողջ հասույթը տրամադրեց հայ փախստականներին:

1915թ. հուլիսին Մոսկվայի ռուս վաճառականները հօգուտ հայ փախստականների նվիրաբերեցին 40 հազար ռուբլի: Նվիրատուները հանրահայտ մարդիկ էին` Մորոզովը, Կոնովալովը, Շչերբակովը, Պրոխորովը, Ցինդելը և այլք:
Բացի այդ, տեղի Հայկական կոմիտեն ռուսական ֆիրմաներից և զանազան անձանցից ստացավ ևս 40 հազար ռուբլի:

Պետրոգրադի քաղաքագլխի կարգադրությամբ 1915 թ. օգոստոսին թողարկվեցին բրոնզե, արծաթե ու ոսկեջրած ժետոններ, որոնց վաճառքից ստացվելիք ամբողջ եկամուտը հատկացվելու էր հայ ու լեհ փախստականներին:

1915թ., ի նպաստ հայ փախստականների, Պետրոգրադում կազմակերպվեց հանգանակություն և ժողովվեց 50 հազար ռուբլի:
Միաժամանակ կես միլիոն օրինակ տպաքանակով լույս ընծայվեց «ԻպՎփցՋՌվՈ» վերտառությամբ մեկանգամյա հանդես` կաթողիկոսի ու Հայաստանի քարտեզի պատկերներով, որի վաճառքից ստացված եկամուտը ևս փոխանցվեց հայ փախստականներին:

Կովկասի հայոց բարեգործական ընկերության (ԿՀԲԸ) փախստականների գործերով Հայկական կենտրոնական կոմիտեն հրապարակեց մի ցանկ, առ այն, թե որ քաղաքը որքան գումար էր հատկացրել փախստականների ծով կարիքները հոգալուն: Ցանկը վերաբերում էր 1914 թ. հոկտեմբերի 5-ից մինչև 1915 թ. հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածին:


Ներկայացնեմ այդ ցուցակը` ըստ գումարների.
1) Թիֆլիս-54 հազ. ռ. կամ ամբողջ գումարի 1/4-ը
2) Ալեքսանդրիա-20 հազ. ռ.
3) Մոսկվա և Սուխում-10-հազարական ռ.
4) Փարիզ-5 հազ. ռ.
5) Իրկուտսկ-4.300 ռ.
6) Լուգանսկ-2.445 ռ.
7) Դերբենտ-2.440 ռ.
8) Գրոզնի-2.410 ռ.
9) Լոնդոն-2.280 ռ.
10) Ղզլար-2.160 ռ.
11) Գանձակ-2.100 ռ.
12) Թեոդոսիա-1.947 ռ.
13) Խաբարովսկ-1.825 ռ.
14) Մոզդոկ-1.250 ռ.
15) Մերվ-1.240 ռ.
16) Նուխի-1.057 ռ.
17) Մազանդարան-1.024 ռ.
18) Շուշի-1.060 ռ.
19) Պյատիգորսկ-936 ռ.
20) Պենզա-720 ռ.
21) Բաքու-683 ռ.:

Թող չզարմացնի Բաքվի 21-րդ տեղը և Ռուսաստանի հնագույն հայկական գաղթօջախներից մեկի` Աստրախանի իսպառ բացակայությունը: Այդ քաղաքները ոչ թե Հայկական կենտրոնական կոմիտեի միջոցով, այլ ինքնուրույնաբար էին հոգում փախստականների կարիքները:


Հավելեմ, որ նշյալ ժամանակահատվածում Ռուսաստանի կայսրությունում դեռևս հաշվվում էր 150 հազար փախստական: Ինն ամսում ստացվել էր 189 հազար ռուբլի, որից ծախսվել էր 136 հազարը, մնացել` 53 հազար ռուբլի:

«Այս մեծագործ օրերին ես ուրախ եմ այն բանի համար, ինչ տեղի ունեցավ, նախ` որպես ռուս, ապա նաև որպես հայերի երկարամյա բարեկամ: Որքա՜ն տանջալիորեն ցավալի է գիտակցել, թե, իբր, ռուս ժողովուրդն է պատասխանատու այն ամենի համար, ինչ կատարվել է Ռուսաստանի ծայրամասերում, կատարվել ի՛ր անունից: Միապետական վարչակարգը մեկ անգամ չէ, որ երեսպաշտորեն քողարկվել է նրա շահերով` արշավելով ուրիշի մշակույթի վրա: Կոպիտ ռուսացումը ներխուժել է այն ասպարեզ, որտեղ ռուս գրականության և մտավոր կյանքի լավագույն պատվիրաններն ընդունվում էին ինքնակամորեն, երբեմն էլ` հաճույքով: Հայատյացությունը հրահրվում էր արհեստականորեն: Ռուսներին հայ իրականության հետ ծանոթացնելու փորձերը կասկածանք ու բռնաճնշումներ էին հարուցում:


Բայց մենք մշտապես հավատացել ենք, որ ռուս ժողովուրդն այդ ամենի հետ առնչություն չունի, որ նրա անունից ինքնակոչ խոսում են հարստահարիչներն ու ազատության թշնամիները: Չլինեին սադրանքները, հրահրանքները` չէին լինի և ցեղային թշնամանքի բռնկումները: Ռուս ժողովրդի հոգում ներդրված են այլոց իրավունքների հանդեպ հանդուրժողականության ու հարգանքի որոշակի սաղմեր: Նրան միայն հնարավորություն տվեք, և այդ զգացումները կփթթեն ու կծաղկեն:
Թող և հայ ժողովրդի համար, որն այնքան տառապել է հին իշխանության կամայականությունից, վրա հասնի նոր դարաշրջան: «Սև օրերը եկան-անցան»: Դարձ դեպի անցյալ` անհնար է: Հարկ է ընդհանուր ջանքերով կառուցել պայծառ ապագայի շենքը: Ազատ Ռուսաստանում ազատորեն կշնչեն նաև հինավուրց Հայաստանի զավակները: «Անցյալին` մոռացություն, գալիք օրվան` ողջո՜ւյն»:
Յուրի Վեսելովսկի
1917 թ. փետրվար


Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 5524

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ