Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Վիեննան, որ դարձավ Բրյուսել

Վիեննան, որ դարձավ Բրյուսել
14.07.2017 | 00:44

Խճանկարը չի պարզում գույները, խճերն իրենց տեղը չեն գտել՝ գունավոր հախճապակու փոխարեն մատուցվում են փայլեցված ածխակտորներ: Տեղեկատվությունն ու ապատեղեկատվությունը այնքան սերտ են ներհյուսված, որ տարբերելու համար մասնակից պիտի լինես իրադարձությանը և նույնիսկ այդ դեպքում կարող ես ենթատեքստը չհասկանալ:

Հուլիսի 11-ին Բրյուսելում հանդիպեցին Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները: Հանդիպումը կարող էր չլինել հուլիսի 4-ից հետո: Դա փաստարկված մերժում կլիներ: Բայց Բաքուն իր սադրանքի համարժեք ակնկալիքը չստացավ և ստիպված է բանակցել, Երևանը վարում է ոչինչ չմերժելու քաղաքականություն, եթե կնպաստի իրավիճակի կայունացմանը:
Մինչև Վիեննան Ադրբեջանը հրապարակեց ռուսական զենքի նոր խմբաքանակի ստացման տեսագրությունը: ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետի MO.1.01.04M արդիականացված հրթիռներ՝ հեռահարությունը 6000 մետր: «Սոլնցեպյոկի» «սովորական» հրթիռների հեռահարությունը մոտ 3500 մետր է: Փաստացի՝ ՌԴ-ն փոխում է կողմերի հարվածի հասանելիության տարածքը: Մոսկվան շարունակում է Բաքվին զինել՝ իմանալով՝ ում վրա է կրակելու: Այս պատմությունն այնքան երկար է տևում, որ չես հավատում արդար «բիզնեսին» ու «բացատրությանը», որ կոնֆլիկտի կողմերին զենքի մատակարարումներով Կրեմլը վերահսկում է իրավիճակը: Եթե վերահսկում է, ուրեմն մեղավոր է հրադադարի խախտման համար: Իր «բիզնեսը» արդարացնելու համար՝ հետայսու էլ Մոսկվան զինելու է կոնֆլիկտի կողմերին՝ յուրաքանչյուրին ասելով, որ մյուսը չունի, ինչ ինքն ունի: Հայաստանն ու Ադրբեջանը կարող են կրակել ու վնասել միմյանց զինուժն ու զինտեխնիկան, բայց խորտակիչ հարված չի լինի՝ Մոսկվան իրեն է վերապահում արբիտրի դերը, որը հնարավորություն է տալիս քաղաքական ճնշումներ գործադրելու մեկ այս, մեկ այն կողմի վրա։ Ռուսաստանի շահը ոչ-ոքի հաշիվն է հակամարտող կողմերի միջև: Մենք դա անվանում ենք ռազմավարական համագործակցություն: Իրականում դա Լավրովի պլանին համարժեք իրավիճակի ստեղծումն է: Այդ պլանը կենսական կդառնա սահմանին զոհառատ բախման պայմաններում, երբ կողմերը կդիմեն «արբիտրին»՝ Ռուսաստանին, ու Մոսկվան զորք կմտցնի հակամարտության գոտի: Կրեմլը ակտիվ պատրաստում է այդ քայլը, վկայությունը հայ-ռուսական սահմանապահների զորավարժություններն էին Իրան-Արցախ սահմանին:

Կրեմլը մի քանի թիրախ ուներ՝ վտանգելով բանակցային գործընթացը, կամ նոր իրավիճակ ստեղծելով՝ Արցախում ևս տարածել իր սահմանապահի իրավունքները, հաստատվել Իրանի սահմանին (մտադրություն կա «վերազինել» սահմանային գոտին)՝ հակառակ Թեհրանի բողոքի, Հայաստանն ու Արցախը կտրել Իրանից և լիովին շրջափակել, հիմնովին փչացնել հայ-իրանական հարաբերությունները՝ Թեհրանին ցույց տալով, որ սահմանից մայրաքաղաք ինքն է տերը: Համատեղ «զորավարժությունները» իրենց հեռագնա նպատակներով շատ ավելի վտանգավոր են, քան Ադրբեջանն ու Թուրքիան միասին վերցրած՝ իրենց քաղաքական ու ռազմական տեսակարար կշռով:


Վիեննայից առաջ Էլմար Մամեդյարովը նորից հայտարարեց տարածքային ամբողջականության սկզբունքով խնդրի կարգավորման պահանջը: Նալբանդյանը ԵԱՀԿ ԱԳ նախարարների հանդիպմանն ասաց՝ քանի չեն կատարվել Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, Ադրբեջանն է կրելու պատասխանատվությունը: Մինչև Բրյուսելում ԱԳ նախարարների հանդիպումը Համբուրգում հանդիպեցին ԱՄՆ և ՌԴ նախագահները, հուլիսի 10-ին ԱՄՆ պետքարտուղարը գնաց Անկարա, որտեղ հանդիպեց Էրդողանի ու Ալիևի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ նրանք քննարկեցին ղարաբաղյան խնդիրը: Հայկական կողմի հետ ԱՄՆ նոր վարչակարգը հանդիպումներ չի ունեցել: Այս հանդիպումներին Նալբանդյանը «հակադրեց» Լավրովի հետ հանդիպումը, որի նպատակն ու հետևանքը անհայտ են:

Հունիսի 30-ին ՌԻԱ-Նովոստին հաղորդեց, որ նախարարները կհանդիպեն Վիեննայում, ԵԱՀԿ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հավաքի շրջանակում, մինչդեռ հանդիպեցին Բրյուսելում: Փաստացի՝ հանդիպումը Վիեննայից Բրյուսել տանելը Լավրովից հեռացնել էր նշանակում: Հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ էր: Միակ ռեալ պայմանավորվածությունը՝ ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը սեպտեմբերին է, Նյու Յորքում, ՄԱԿ-ի ԳԱ ժամանակ։ Բրյուսելից հետո Իլհամ Ալիևը հայտարարեց. «Բոլորին հայտնի է, որ ապրիլյան իրադարձություններից հետո Հայաստանը բանակցությունները շարունակելու որոշ նախապայմաններ է ներկայացրել։ Ես արդեն այն ժամանակ ասում էի, որ սա Երևանի հերթական հիմարությունն է, և որ վաղ թե ուշ նրանք նորից վերադառնալու են բանակցային սեղանի շուրջ, պարզապես հերթական անգամ կզրկվեն հարգանքից, որն առանց այդ էլ չունեն: Այդպես էլ եղավ։ Երեկ կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, բանակցային գործընթացը վերականգնվել է, հայկական կողմի և ոչ մի նախապայման չի ընդունվել, բանակցությունները շարունակվել են առանց որևէ նախապայմանի»։

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևն էլ հայտարարեց՝ Բրյուսելում Մամեդյարովը հերթական անգամ ընդգծել է, որ շփման գծում լարվածությունը մեղմելու համար անհրաժեշտ է «համանախագահների ծրագրի համաձայն դուրս բերել հայկական զորքերը Ադրբեջանի օկուպացված տարածքներից»: Բայց ունե՞ն նման ծրագիր համանախագահները այսուհետ: Հանդիպումից հետո նրանք հայտարարեցին. «Նախարարները համաձայնեցին իրենց նախագահներին փոխանցել այս տարի ավելի ուշ բարձր մակարդակի հանդիպման՝ համանախագահների առաջարկը: Համանախագահներն իրենց աջակցությունն առաջարկեցին այդ հանդիպումը կազմակերպելու հարցում»: Քննարկվեց նաև ներկա իրավիճակը շփման գծում:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գնահատականով՝ միջազգային հանրությունն ու Մինսկի խումբը պետք է ճանապարհներ փնտրեն, անհրաժեշտության դեպքում ճնշման գործադրմամբ, Ադրբեջանին հարկադրելու, որ կատարի Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները. «Միջոցներ պետք է ձեռնարկվեն, որ Ադրբեջանը չարհամարհի այն պարտավորությունները, որ ստանձնել է և ի վերջո չարհամարհի Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտը: Դա ազդում է համանախագահ երկրների վարկանիշի վրա»: Ադրբեջանի նախագահի հայտարարությանը պատասխանել է նաև ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը. «Ադրբեջանի նախագահը կամ չի հասկանում, կամ էլ ձևացնում է, թե չի հասկանում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները կյանքի կոչելու կարևորությունը: Ինչպես և նախորդները, բրյուսելյան հանդիպումը նույնպես ուղղված էր ԼՂ բանակցային գործընթացի առաջմղման նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանը. ոչ ավել, ոչ պակաս: Ակնհայտ է, որ կրակի և ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի ամրապնդումը ոչ թե նախապայման է բանակցությունների, այլ անհրաժեշտ պայման՝ բանակցությունների արդյունավետության համար»: Այսքանը՝ առայժմ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Հանդիպումը կայացավ, առաջին մեկնաբանությունները հնչեցին, ու՝ ի՞նչ: Մեջբերումները, համեմատություններն ու համադրումները վկայում են.
1. բանակցությունների կարևորությունը, այնուամենայնիվ, կողմերը գիտակցում են: Բաքուն պատրաստ չէ դուրս գալ բանակցություններից, եթե նույնիսկ ամեն օր հերքում է բանակցելու մտադրությունը շփման գծում սադրանքներով: Եթե նույնիսկ բանակցելու իմաստը կասկածի տակ է դնում հայկական կողմերին ուղղված ռազմաշունչ հայտարարություններով ու սպառազինությունները պարբերաբար բազմապատկելով, բայց ձևականորեն դուրս չի գալիս բանակցություններից՝ պնդելով սուբստանտիվ օրակարգը:
2. Հայկական և ադրբեջանական կողմերի ակնկալիքները բացահայտ տարբեր են: Փաստացի՝ չկա կամ հրապարակավ հայտնի չէ բանակցության օրակարգը: Եթե Բաքուն խրվել-մնացել է սուբստանտիվ բանակցությունների գաղափարի մեջ, հայկական կողմը պահանջում է գագաթնաժողովների պայմանավորվածությունների կատարում ու բանակցային պայմանների ստեղծում, սա զրոյական կետ է, որից շարժումը կարող է լինել և դեպի առաջ, և դեպի հետ: Նախապայմանն ընդդեմ նախապայմանի՝ սա նոր մակարդակ է հայ դիվանագիտության համար:
3. ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, սակայն, առաջարկում են նախագահների հանդիպում մինչև տարեվերջ, այսինքն՝ կա ինչ-որ օրակարգ ու ինչ-որ նախնական պայմանավորվածություն, որ նախագահների մակարդակով պիտի քննարկվի: Այս վարկածը կհաստատվի, եթե հանդիպեն, և կհերքվի, եթե չհանդիպեն:
4. Բաքուն ակնհայտ շտապում է և ունի պատճառներ: Միջազգային մասշտաբով սկանդալները Ալիևների իշխանության շուրջ Ադրբեջանում նրա իշխանությունը երերուն են դարձնում՝ նրան Ղարաբաղում հաղթանակ է պետք՝ ազգայնականության ալիքի վրա ներքին խնդիրները հետին պլան մղելու ու իշխանությունն ամրացնելու համար: Չեն արդարանում Անկարայի հետ կապված նրա ակնկալիքները: Երկար ժամանակ Ալիևը հույս ուներ, որ Էրդողանն իր առաջ ճանապարհ կհարթի դեպի ԵՄ՝ առաջ մղելով էներգետիկ ծրագրերը: Արևմուտքի ու ԵՄ-ի հետ Թուրքիայի հարաբերությունների օրեցօր վատացումը նրան մենակ է թողնում Բրյուսելի հետ դեմ հանդիման: Բրյուսելում նրանից պահանջում են մարդու իրավունքները հարգել, համարում են տոտալիտար բռնապետ: Անգամ տասնամյակներով Բաքվի լոբբինգով զբաղված ԵԽԽՎ պատգամավորներն ապստամբեցին Ստրասբուրգում, մթնոլորտ է փոխվում, որտեղ նախկին սրընթաց հաջողությունը չունեն նավթադոլարները, առավել ևս, որ դրանց քանակը խիստ կրճատվել է: Ադրբեջանը պատրաստվում է ԵՄ-ի հետ համագործակցության նոր համաձայնագրի և նրան խիստ անհրաժեշտ է, որ փաստաթղթում արձանագրվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության անձեռնմխելիության սկզբունքը, որի բացակայությունը պատճառ դարձավ նախորդ համաձայնագրից հրաժարվելուն:
5. Ալիևն ունի իր իշխանության համար վախենալու ևս մեկ լուրջ պատճառ՝ Իրաքում ու Սիրիայում ԻՊ-ը կորցնում է խալիֆաթը, ազատագրվել է Մոսուլը, մարտեր են Ռաքքայում: ԻՊ-ի զինյալները շարունակելու են պատերազմ որոնել աշխարհում, ի՞նչ կկատարվի Ալիևի վարչակարգի հետ, եթե վերադառնան ԻՊ-ի շարքերում կռվող ադրբեջանցի ահաբեկիչները: Կհաջողվի՞ նրանց ուղղել շփման գիծ, թե՞ նրանք զենքը կուղղեն Ալիևի դեմ:
6. Աշխարհը զբաղված է Սիրիայի հարցով և Մերձավոր Արևելքով: Լեռնային Ղարաբաղը եղել ու մնում է տարածաշրջանային կոնֆլիկտ, որ միայն քառօրյա պատերազմի օրերին մտավ համաշխարհային օրակարգ ու արագ դուրս եկավ: Պուտինը զբաղված է նախագահական ընտրություններով, Թրամփը սկանդալներով մարսում է ընտրությունների արդյունքները, Մակրոնը նոր է ընտրվել, դեռ ներքին խնդիրներով է զբաղված, թեև խոստացել է հարցն ուշադրության կենտրոնում պահել: Նրանց ժամանակ է պետք՝ Ղարաբաղ հասնելու համար: Բոլորն էլ հայտարարում են, որ խնդիրը ռազմական լուծում չունի՝ փաստացի արգելելով Ալիևին նոր պատերազմ սկսել: Նրանք հիանալի գիտեն՝ ով է կրակում ու ինչու, բայց խուսափում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների քաղաքականությունից, որովհետև չունեն միասնական որոշում, թե դրանից հետո ո՞րն է լինելու հաջորդ քայլը՝ գունավոր հեղափոխություն Ադրբեջանո՞ւմ, որտեղ Ալիևը վերացրել է հավանական իրավահաջորդ հասկացությունը, թե՞ արմատական փոփոխություններ ամբողջ Հարավային Կովկասում, որին միանշանակ ու սպառնալից դիմադրում է Ռուսաստանը՝ համարելով տարածաշրջանը իր ազդեցության գոտի, բայց չապահովելով անվտանգության ու զարգացման նախադրյալներ:
7. Հայկական դիվանագիտության համար սա ոսկե ժամանակ է քայլեր անելու, որոնց բարձրաձայնումը, սակայն, իմաստազրկելու է արդյունավետությունը:

Դիտվել է՝ 4225

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ