Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մայրաքաղաքը քավարանում

Մայրաքաղաքը քավարանում
14.07.2017 | 09:53

ՆԱԽԵՐԳ


Երևանի կառավարիչները կարծես թե կամենում են քավել իրենց և այլոց մեղքերը հայոց նախկին մայրաքաղաքների և ներկա քաղաքամոր առաջ։ Եվ այստեղ է, որ ծառս է լինում բոսոր կասկածանքի անսանձ ձին և աքացիներ հասցնելով աջ ու ձախ` խրխնջում է սրտակեղեք. մի՞թե հնարավոր է դարձի բերել Երևանը, չէ՞ որ այն կեղեքվել է աջից, ձախից, վերից, վարից։ Հնարավոր է, զի քաղաքափրկիչ մի շարժում է ծլարձակում, և պետք է ջրել շարժման տնկին, այն դարձնել կաղնի հզոր։ Եվ այս հոգեշահ գործը պետք է սկսել մայրաքաղաքի երկաթուղային գլխավոր դարպասից` «Սասունցի Դավիթ» կայարանից։

ԿԻՆՈԹԱՏՐՈՆԻ ԹԱՎՇԵ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐԸ
«Սասունցի Դավիթ» կայարանամերձ հրապարակը նշանավոր է նախ դյուցազներգության գլխավոր հերոս Սասնա ծռի վեհ ու վսեմ ձիարձանով, այնուհետև հարակից շինությունների քարեղեն գեղանկարով։ Որևէ այլ հրապարակ այսօր չունի նման գլուխգործոց հուշակոթող, այն էլ ի ձոն մեր էթնոսի առասպել-ասպետ Դավթին Սասունցի։ Բայց չէ՞ որ Դավիթը միայնակ չէր։ Կերպարվեստի երկրաշարժ Մաեստո Քոչարը (ի դեպ, սա բուն հողմաղացյան մեծարում է) դյուցազներգությունից 20-րդ դար էր հրավիրել Դավթի գաղափարական զինընկերներ Քուռկիկ Ջալալուն, Թուր Կեծակիին և Համբերանքի թասը։ Եվ միանգամայն բնական էր, որ հզոր ձիարձանից աջ կառուցված կինոթատրոնը ևս անվանակոչվեց «Սասունցի Դավիթ»։

«Սասունցի Դավթի» գիպսե նախօրինակը տեղադրվեց կայարանամերձ հրապարակում 1939-ին։ Համանուն կինոթատրոնը կառուցվեց 1940-ին։


ՈՒղղակի հայտարարեմ, որ գեղեցիկ շենք էր, ճարտարապետն էր Աննա Տեր-Ավետիքյանը։ Ի դեպ, վերջինիս գործերից էր նաև Հայաստանի ԳԱԱ-ի Լեզվի ինստիտուտի կառուցիկ շենքը, որը հանգրվանել էր Երևանի Սայաթ-Նովա և Աբովյան փողոցների խաչմերուկում։ Այս շենքը ևս զոհաբերվեց վասն վեհ գաղափարի, նրա տեղում այսօր հանդիսավոր խոյանում է Ամենայն հայոց կաթողիկոսի երևանյան նստավայրը։ Աննա Տեր-Ավետիքյանը մայրաքաղաքում ուրույն հետագիծ է թողել, ի մասնավորի` Մաշտոցի պողոտայի և Կորյունի փողոցի անկյունի գեղաշեն բնակելի շենքերը, վարչական ոչ պակաս տպավորիչ հասարակական նշանակությամբ շինություն` Նալբանդյան, Չարենցի և Հերացու փողոցների հատման հանգույցը կազմակերպող վարչական շենքը։ Այսինքն` ճարտարապետ Աննան պատահական մեկը չէր, նա քաղաք էր կերտում` խոնարհ թամանյանական պատգամին` «Քայլել աշխարհում և քաղաքներ քանդակել»։ Բայց նախորդ դարի 80-ականներին քանդեցին կայարանամերձ կինոթատրոնի շենքը։ Տեղում կառուցվեց-անավարտ մնաց հյուրանոցի շենքը։ Ժամանակի իշխանությունների մտահղացմամբ գալիք հյուրանոցը պետք է հյուրընկալ հանգրվան դառնար հանրապետության հյուրերի համար։ Չդարձավ։ Եվ ահա 2011-ին Երևանի գլխավոր ճարտարապետ տիար Նարեկը Սարգսյան հանդես եկավ խիստ հանրաշահ մի հայտարարությամբ, առ այն, որ անավարտ շինարարության տարածքը կարող է ճանաչվել հանրային գերակա շահ։ «Քաղաքը չի կարող տարիներով սպասել», հայտարարեց արգո Նարեկը Սարգսյան։ Պարզվեց` կարող է և սպասում է։ Սակայն վերոնշյալը պահային զեկույց չէր, չէ՞ որ տիար Նարեկը հիմնավորեց յուր հայտարարությունը. «Սասունցի Դավիթ» կինոթատրոնը կարող է վերականգնվել։ Շենքի (իմա` ներկա անավարտ աղբանոց-շինության-ծանոթությունը` հեղինակի) քանդման աշխատանքներին զուգահեռ կավարտվեն քաղաքապետարանի հետ շինարարական նախագծերի, այդ թվում` «Սասունցի Դավիթ» կինոթատրոնի վերականգնման քննարկումները»։ Ցանկությունն առկա է և եզակի է, զի բխում է մայրաքաղաքցիներիս սրտից։ Բայց քննարկումներն են շարունակվում ահա վեց տարի։ Հուսանք, որ, այնուամենայնիվ, մի գերկարևոր քննարկում կանցկացվի ՀՀ ներկա բարեփոխիչ կառավարությունում, կհեռացվի անավարտ շինության բետոնե կմախքը, և կկառուցվի «Սասունցի Դավիթ» կինոթատրոնը։ Անվերապահորեն միանգամայն տեղին կլինի, որ այս մասին հայտարարվի հենց այսօր, երբ «Ոսկե ծիրան» կինոփառատոնն է կիզակետում, բայց մեր մայր ոստան Երևանում կա ընդամենը երկու կինոթատրոն` «Մոսկվա» և «Նաիրի»։ Սա մի՞թե անարգանք չէ առհասարակ հինավուրց մայրաքաղաքի համար, որը հավակնում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնով մտնելու համաշխարհային կինոշուկա և ոտք գցելու Կաննի և այլ համբավավոր փառատոների հետ։ Իսկ ինչո՞ւ չէ, մի՞թե 20-րդ դարի, առհասարակ, համաշխարհային կինոարվեստի Պառնասի առաջնադիրքում չէին հանճարեղ կինոճարտարապետ Սերգեյը Փարաջանով և հրաշագործ կինոասքագիր Արտավազդը Փելեշյան։ Եվ մի՞թե այսօր, նաև վաղը կինոաշխարհ չեն մուտքագրվում Համո Բեկնազարյանի, Ռոման Բալայանի, Սերգեյ Միքայելյանի, Հենրիկ Հովհաննիսյանի, Ֆրունզե Դովլաթյանի, Հենրիկ Մալյանի, այո՛, այո՛, նաև Փարաջանովի և Փելեշյանի շնորհաշատ հոգեզավակները։
Միով բանիվ, «Սասունցի Դավիթ» կինոթատրոնի վերականգնումն այսօր պատմամշակութային դյուցազներգություն է, ոչ ավելի, ոչ էլ պակաս։ Սա ականջին ոսկե օղ արեք և անցեք գործի, տիարք և տիկնայք իշխանավորներ։

Ի ՑՈՒՅՑ ԴՆԵԼ ԵՎ ՔԱՎՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍԸ ՎԱՌԵԼ
Այս գիշեր հողմաղացը քունն առավ Սասունցի Դավթի արձանի քով, նստարանին թիկնած, ականջը, անշուշտ, «Համբերանքի թասի» Էրգրից հոսող ջրի կարկաչացայտ ձայնին։ Երազում նրան այցի եկավ վաստակաշատ սրբագրիչ Արմենակը Ղազինյան և կիսաշշուկ ընթերցեց մի քանի տող յուր «Ընծայագիրք» ժողովածուից.
Փայտասարն է մեր տան դիմաց
Հիմա ոսկով ներկվում,
ՈՒ ծառերն են կամաց-կամաց
Զգեստներից զրկվում։

Անկասկած, Փայտասարը անտառածածկ էր ժամանակին և շրջակա բնակչությանն ամուր ու ազնիվ բնափայտ էր մատակարարում։ Երևանում, սակայն, վերջին քառորդ դարում փայտացած մտածողությունը մեր հինավուրց տունն է ավերակում Ավան համայնքից մինչև Նուբարաշեն։ Գերանային է ներկա մայրաքաղաքի լինելության խորհուրդը լայնք-երկայնքով ասպատակողների մտածողությունը։ Սրանց համար անգթորեն անհարմար կեցության վայր էր Երևանը, խոյակն ու կամարը սրանց համար գերանհարմար հանգամանքներ են, իսկ լուծումը չի ուշանում, պարտադրում է խորտակել խոյակ և կերտել խոլական մի անհեթեթություն, ապակեպատ անտաշաքար և երկնասլաց, ինչպես որ եղել է... այո՛, այո՛, Բաբելոնում։ Չզարմանաք, երբ խոյակն ու կամարը սյունազարդ ու որմնաքանդակը դառնում են խանգարիչ հանգամանք, դրանք պետք է խեղանդամել կամ էլ ուղղակի շարքից հանել։ Հենց այս դիվահարված տրամաբանությամբ էլ քաղաքի աչքի առաջ հարկ առ հարկ ամորձատվեց մի ուշագրավ շինվածք` հանրածանոթ «Երիտասարդական պալատը»։ Ըստ քանդարարների մտահղացման` տեղում պետք է կառուցվեր համաշխարհային լավագույն ճարտարապետական նվաճումներն ամրագրող գերարդիական մի հյուրանոց։ Սակայն «Երիտասարդական պալատի» հիմքում «հանկարծ» հայտնաբերվեց բազալտի հանքավայր, որը որակյալ խիճ է արդյունահանում քաղաքի աչքի առաջ։ Եվ ահա ես` ծառան ձեր հեզ, աղաղակում եմ Մասիսն ի վեր` արդյոք կա՞ աշխարհում մի այլ մայրաքաղաք, որի սրտում խճաքարի հանք է շահագործվում։ Եվ այս պահին լուսաբանվում է դարակազմիկ այս խնդիրը. մոլեմսխուն կապիտալի տիրակալները միտք էլ չունեին «Երիտասարդական պալատի» փոխարեն ինչ-որ այլ պալատ կառուցելու, նրանց գերնպատակը բազալտի խճահանքի անխնա շահագործումն էր` բաց եղանակով։ Տե՜ր իմ Երկնավոր, եթե մի օր հանկարծ պարզվի, որ դիցուք «Հրազդան» մարզադաշտի հիմքի խորքում ձյունածո մարմարի հանքավայր է, իսկ ՀՀ ԳԱԱ-ի նախագահության շենքի տակ էլ ոսկու շերտեր կան անսպառ...

Ինչ խոսք, հանրահայտ «Փակ շուկան» պետք է ստանա իր նախկին գեղանկարի տեսքը, և, անկասկած, պետք է վերագործարկվի «Հայրենիք» գեղաշեն կինոթատրոնը (ի դեպ, մինչ օրս նախկին կինոթատրոնի ճակատը զարդարում է Hayrenik cinema գրությունը), կաղնեփայտ դռները պիտի բացի քառորդ դար գոցված «Հայրենիք» հանրախանութը։

Ահա թե ինչ է քարագրել երիտասարդ ճարտարապետ Դավիթ Ստեփանյանն իր «Հայերեն խոսող հուշարձաններ» վերլուծական պատկերագրքում. «Տանիքի վրայի ուղղանկյուն քարեղեն ծավալը, որի վրա տեղադրված են «Դվին» անվանման տառերը, թագավորական թագ հիշեցնող դեկորատիվ աշտարակաձև տարրը, ինչպես նաև Արա Շիրազի գեղեցիկ զարդաքանդակը նպաստում են կերպարի ստեղծմանը` իրենց հերթին ընդգծելով կառույցի հայեցի բնույթը։ Հետաքրքիր է, որ նույնիսկ դեկորատիվ մշակումների մեջ առկա է ժապավենաձև ուրվագիծը։ Երբեմն այն միջնադարյան հյուսվածք է հիշեցնում, երբեմն` խաղողի որթի մի հատված և, ձայնակցելով բազրիքների ժապավենային կառուցվածքին, ամբողջ շենքին հաղորդում է «Դվին» անվանմանը հարիր որոշակի պատմականություն և հստակ մշակութային պատկանելություն։ Պատահական չէ, որ քանդակազարդ պատին պատկերված նռներով ու խաղողի ողկույզներով զարդարված, թևերը տարածած թռչունն իր կատարին կրում է Դվինում պեղված պալատի հայտնի խոյակը։ 2003-ին «Դվին» հյուրանոցը վաճառվեց «Կովկասյան հաղորդակցական խումբ» ՓԲԸ-ին, որը պարտավորվել էր մինչև 2016 թվականը ամբողջությամբ վերակառուցել հյուրանոցը։ Ներկայացված վերակառուցման տարբերակում այս արժեքավոր շինությունն անճանաչելիորեն ձևախեղման է ենթարկված»։

ՎԵՐՋԵՐԳ
Համապետական պատվի գործ պետք է համարել հենց այսօր`
ա) «Սասունցի Դավիթ» կինոթատրոնի և «Երիտասարդական պալատի» վերականգնումը,
բ) «Դվին» հյուրանոցի և նախկին «Մանկական աշխարհի», նաև, ինչ խոսք, «Հայրենիք» կինոթատրոնի և դարձյալ «Հայրենիք» վաճառատան գործարկումը նախկին փառաշուք-հայեցի տեսքով, և այսպես շարունակ...
Զինչե՜ր ցուցանեցին առակներն այս Աստծո գառներին և մոլորյալներին։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 8201

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ