Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Այսօր կրթությունն ու գործարար միջավայրը կտրված են իրարից»

«Այսօր կրթությունն ու գործարար միջավայրը  կտրված են իրարից»
21.07.2017 | 09:01

«Marketers Community» հիմնադրամը հայտարարում է Հայաստանում առաջին բիզնես դպրոցի մեկնարկի մասին: Դասընթացները կանցկացվեն «Կոնգրես» հյուրանոցում՝ շաբաթական 2 օր, երեկոյան ժամերին: Բիզնես դպրոցն իր դռները կբացի սեպտեմբերի 11-ին: Մեկ տարվա կուրսի տևողությունը 6 ամիս է, յուրաքանչյուր տարվա մասնակիցների քանակը` մինչև 35: Սովորել կարող են 18 տարեկանից բարձր քաղաքացիները:


Հայաստանում առաջին բիզնես դպրոցը (Marketers Community | The First Business School In Armenian) համագործակցում է գերմանական դպրոցի (EU Business School) հետ: ՈՒսումնական մոդուլի մշակման համար հիմք է հանդիսացել 300 բիզնես դպրոցների փորձը: «Իրատեսի» զրուցակիցը Հայաստանում առաջին բիզնես դպրոցի հիմնադիր ԾՈՎԻՆԱՐ ՍԱՐԳՍՅԱՆՆ է:


-Որո՞նք են բիզնես դպրոցի ստեղծման հիմնական նպատակն ու շարժառիթը:
-Նպատակը որակյալ բիզնես կրթություն ապահովելն է, նոր բիզնես գաղափարների իրականացմանն աջակցելը, ինչպես նաև գործող բիզնեսների համար փորձառու մասնագետներ պատրաստելը: Նշված կետերը նպաստելու են ՀՀ-ում զարգացած բիզնես միջավայրի ստեղծմանը, որովհետև բիզնես միջավայրի զարգացման համար անհրաժեշտ են որակյալ կադրեր, իսկ որակյալ կադրեր ունենալու համար` համապատասխան կրթություն:
-Ովքե՞ր են դասավանդելու դպրոցում:
-Դասախոսական կազմում ընդգրկված են միջազգային շուկայի և հայաստանյան հաջողակ ընկերությունների փորձագետներ, ինչպես նաև սեփական բիզնես գործունեություն ծավալող անհատներ: Տեսաբաններ, որպես այդպիսին, չկան, բոլորը գործարարներ են, անհատներ, որ ունեն անցած ճանապարհ: Տրամադրվելու են առավելապես գործնական գիտելիքներ: Դա այն է, ինչ այսօր պակասում է մեր երիտասարդներին:
-Ինչպիսի՞ն է լինելու ընդունելության կարգը:
-Ընդունելությունը լինելու է երկու փուլով. գրավոր` հոգեբանական թերթիկի լրացման ձևով, և բանավոր` հարցազրույց: Գնահատելու ենք անձի որակները` տրամաբանություն, հաղորդակցման և կազմակերպչական հմտություններ, նոր գաղափարներ ստեղծելու պատրաստակամություն, վերլուծական միտք, տեղեկատվական հոսքեր գեներացնելու հնարավորություն, ինչպես նաև օտար լեզվի որոշակի իմացություն: Խիստ մասնագիտական գիտելիքներ ունենալը կարևոր չէ:
-Ի՞նչ է տալու դպրոցը բարձր որակական հատկանիշներով օժտված, որոշակի փորձ ունեցող կամ նոր-նոր քայլեր անող ուսանողներին:
-ՈՒսանողները կստանան պրակտիկ գիտելիք, փորձ, կապեր: Կծանոթանան և կապեր կհաստատեն ավելի քան 50 հաջողակ ընկերությունների գործարարների հետ: Նրանք, ովքեր սեփական բիզնես դնելու նպատակ չունեն, կարող են տեղ զբաղեցնել արդեն կայացած ընկերությունների կարևոր օղակներում, քանի որ մենք մրցունակ կադրեր ենք պատրաստելու: Այսօր կրթությունն ու գործարար միջավայրը կտրված են իրարից: Համալսարանը թողարկում է կադր, գործարար միջավայրը լրիվ ուրիշ բան է ուզում: Առաջարկն ու պահանջարկը չեն համապատասխանում: Մեր դպրոցը կստեղծի ապագա աշխատանքային ռեսուրսն իրական գործարարի հետ կապելու հնարավորություն: Այսօր շուկան չի սպասում: Աշխատաշուկա մտնելու համար պետք է ունենաս գործնական գիտելիք: Գործարարին պետք է ոչ թե տեսական գիտելիք, այլ իր խնդիրների լուծման տարբերակ: Կրթության դասական տարբերակը, որ մեզ սովորեցնում են համալսարաններում, իհարկե, անհրաժեշտ է, բայց ժամանակները, պահանջները, բիզնես միջավայրը փոխվել են: Բարձրագույն ուսումնական հաստատություններն այնքան ճկուն չեն, որ ժամանակին համընթաց վերափոխվեն, և կրթական այլընտրանքային հաստատությունները լրացնում են այն բացը, որ չեն կարող տալ համալսարանները:
Հավելեմ, որ ուսումնառության ընթացքում ուսանողները պետք է աշխատեն իրենց առաջարկած կամ մեր տրամադրած որոշակի գաղափարների վրա: Կուրսի ավարտին հանձնաժողովը գնահատելու է նրանց աշխատանքը: ՈՒսանողներից մեկը կստանա ֆինանսավորում՝ իր գաղափարն իրականացնելու համար:

«ԳԻՏԵԼԻՔԻ ՊԱԿԱՍՆ ԱՄԵՆԱՄԵԾ ՌԻՍԿՆ Է»


-Ինչո՞վ են առանձնանում նոր սերնդի գործարարները, եթե համեմատենք հայ գործարարների ավագ, ըստ էության, առաջին սերնդի հետ:
-Նախկին սերունդը զբաղվել է առևտրով, գործարարներ շատ քիչ են եղել: Մեր օրերում հաջողում է այն գործարարը, որն ավելի կրթված է, տիրապետում է նորագույն տեխնոլոգիաներին, առավել դինամիկ է ընդառաջ գնում փոփոխություններին: Գիտելիքի պակասն ամենամեծ ռիսկն է: Օրինակ` Zangi-ն, Menu.am-ը ստեղծվել են երկու տարի առաջ, բայց շատ ավելի հաջողված են, քան շուկայում 15-20 տարվա գործունեություն ծավալող բիզնեսները: Առևտրով զբաղվելը` մի տեղից գնել կամ ներմուծել, մյուս տեղում վաճառելն արդեն հետաքրքիր չէ: Առաջընթացն ապահովում է ինտելեկտուալ բիզնես արտադրությունը, այն բիզնեսը, որ հավելյալ արժեք է ստեղծում քո երկրի համար:
-Շատ է խոսվում տեղական արտադրանքը զարգացնելու մասին: Ի՞նչ է պետք, որ շատանան «Made in Armenia»-ները, նաև վստահություն լինի դրանց նկատմամբ: Ի՞նչ կտա այդ առումով բիզնես դպրոցը:
-Եթե ուզում ենք զարգանա հայկական բիզնեսը` հագուստ, սնունդ, տեխնոլոգիա, մենք պետք է ունենանք համապատասխան մասնագետներ, որոնք այդ ամենը կյանքի կկոչեն: Իհարկե, հնարավոր է, որ «Made in Armenia»-ին առավելություն տրվի՝ գերմանական, ճապոնական բրենդների համեմատ: Խնդիրը հետևյալն է. պետք է հասկանալ, թե երկիրն ինչ պոտենցիալ ունի, դա էլ սովորեցնել ուսանողին, որ ուսանողն իմանա` ինչ ուղղությամբ պետք է մտածել, որ ոլորտներում հնարավորություններ փնտրել: Եթե տրվեն գիտելիք, գործիքներ, գործնական կապեր, այդ ամենից հետո նա կլինի հերթական բիզնեսի ստեղծողներից մեկը:
-Դուք նշեցիք գիտելիքի, կրթվածության կարևորության մասին, ի՞նչ դեր ունեն գործարարի համար մշակութային ժամանցի ձևերը` ընթերցանություն, այցելություն կինոթատրոններ, ցուցահանդեսներ, թատրոն և այլն: Ընդհանուր եզրեր ունե՞ն բիզնեսն ու մշակույթը:
-Ժամանակակից գործարարները մեծ տեղ են հատկացնում ընթերցանությանը՝ հաջողակ բիզնեսի հիմքում ընկած է միտքը: Եթե ուզում ես հաջողություն ունենալ, պետք է տարբերվող, ստեղծարար մտածողություն ունենաս, ինչին մեծապես նպաստում են ընթերցանությունը, ինքնազարգացումը, նաև տեղեկացված լինելը: Գործարարը պետք է հետևի օրվա լրահոսին, իմանա` ինչ է կատարվում աշխարհում, ինչ հնարավորություններ կարող է օգտագործել, ինչից խուսափել, ինչ ռիսկերի դիմել: Ասեմ, որ ուսումնառության ընթացքում ֆիլմի և գրքի վերլուծություն է արվելու: ՈՒսանողներին տրվելու է բիզնես գրքերի ցանկ, ուսումնասիրելու են, շնորհանդես են կազմակերպելու` ներկայացնելով այն բոլոր մտքերը, գաղափարները, որ քաղել են այդ գրքից: Նույնը արվելու է ֆիլմերի դեպքում: Դրանք ինֆորմացիայի հսկայական աղբյուր են:
-Ասում են՝ մեր օրերում բիզնես մտածողություն պետք է ունենա նաև արվեստագետը: Համամի՞տ եք:
-Բիզնես մտածողությունը ենթադրում է ձգտում` ինչ-որ բան ստեղծելու, փոխելու, բարելավելու: Արվեստի գործը պետք է շրջանառել, իրացնել, վերածել բիզնես արտադրանքի, բայց դրանով պետք է զբաղվի ոչ թե արվեստագետը, այլ համապատասխան մասնագետը:


Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 15833

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ