Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Մեզանում չի ձևավորվել սոցիոլոգիական հարցումների ավանդույթը. ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը»

«Մեզանում չի ձևավորվել սոցիոլոգիական հարցումների ավանդույթը. ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը»
15.09.2017 | 00:04

«Իրատեսի» հարցերին պատասխանում է գլոբալացման և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:

-Երկուշաբթի օրը Դուք ներկայացրիք ամռանն անցկացրած հարցման արդյունքները` ո՞րն էր նպատակը:
-Հունիսից սեպտեմբեր իրականացված սոցիոլոգիական հարցման գլխավոր նպատակն էր պարզել հասարակության տրամադրությունները միջազգային կառույցների հետ Հայաստանի հարաբերությունների վերաբերյալ` ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի, որ մեր ռազմավարական դաշնակիցն է: Մենք ուզում էինք իմանալ` ի՞նչ տրամադրություններ ունի ժողովուրդը, արդյունավե՞տ է համարում այդ կառույցների հետ աշխատանքը, թե՞ ոչ: Կատարվեց դասական, սոցիոլոգիական հարցում, 900 հարցվածները ապրում են Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Մարտունիում, Եղեգնաձորում, Վայքում, Սպիտակում և այլ քաղաքներում: Հարցման աշխարհագրությունն ընդգրկում էր նաև մարզերը` ունենալու համար ընդհանրական պատկեր: Հարցումն անանուն էր, որ ստանանք անկաշկանդ ու անկեղծ պատասխաններ:
-Արդյունքները սպասելի՞ էին, թե՞ անակնկալ:
-Արդյունքները հետաքրքիր էին ու մտածելու տեղիք տվող: Օրինակ` Ռուսաստանն ապահովու՞մ է մեր անվտանգությունը հարցին՝ «այո» էր պատասխանել 25,67 %-ը, «ոչ»` 30,56 %-ը, «մասամբ»՝ 3,67 %-ը: Համանման տրամադրություններ արձանագրվեցին Եվրամիության դեպքում` առաջին հարցն էր` Հայաստանը պե՞տք է ակտիվ աշխատի ԵՄ-ի հետ, որին 88,76 % -ն «այո» էր պատասխանել, «ոչ»` 10,67 %-ը, չէր պատասխանել միայն 0,67 %-ը: Կապու՞մ եք Հայաստանի ապագան ԵՄ անդամակցության հետ հարցին «այո» է պատասխանել 58,89 %-ը, «ոչ»` 38,22 %-ը, չի պատասխանել 2,89 %-ը: Նման տվյալներն ինձ համար անակնկալ չեն, ես ունեմ պատճառների բացատրությունը, իմ գլխավոր նպատակն է քաղաքական էլիտային և իշխանություններին ցույց տալ` ինչ խմորումներ կան հասարակության ներսում: Օրինակ` ինչու՞ են Ռուսաստանին վերաբերող թվերը ցածր, ավելին, հարց կար` Ռուսաստանը համարու՞մ եք ՀՀ-ԵՄ համագործակցության խոչընդոտ, որին «այո» է պատասխանել 40,22 %-ը. «ոչ»` 29,67 %-ը, «մասամբ»` 29,67 %-ը: Ռուսաստանին վերաբերող այս թվերը շատ պարզ բացատրություն ունեն` ապրիլյան պատերազմի ժամանակ նրանք մեզ չաջակցեցին` առաջին, երկրորդ` ռուսական զենքի վաճառքը Ադրբեջանին վերջին հինգ տարիներին, այն էլ` նման քանակով: Ռուսաստանին վերաբերող հարցերը մի քանիսն էին, մեկը չէր, որ պատասխանը կասկածներ հարուցի: Ինչո՞վ է բացատրվում ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի նկատմամբ դրական վերաբերմունքը: Մարդիկ այլընտրանք են որոնում: Նրանք համոզվել են, որ ՀԱՊԿ-ից ու Ռուսաստանից չեն ստանում ինչ ակնկալում էին` անվտանգություն, երաշխիքներ, տնտեսական վիճակի փոփոխություն և որոնում են այլ տարբերակներ: Ինչու՞ են այդքան մեծ թվեր ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի դեպքում, բացատրությունը մեկն է` մենք ուսումնասիրությունները կատարել ենք մեծ ու փոքր քաղաքներում, եթե մտնեինք գյուղերը, թվերը կարող էին 3-4 % իջնել, բայց ոչ ավելին: Վերջին ժամանակներս, իրոք, ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի հետ շատ են միջոցառումները, մարդիկ գնում են Եվրոպա, շփվում են, համեմատում են:
-Ձեզ չի՞ կասեցնում այն փաստը, որ Հայաստանում սոցիոլոգիական հարցումների նկատմամբ կայուն անվստահություն կա` իբրև խոհանոցային թվանկարչության:
-Դժբախտաբար մեզ մոտ չի ձևավորվել սոցիոլոգիական հարցումների ավանդույթը, ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը` ստանալով իր ունկն ու աչքը շոյող թվեր: Բայց ես սոցիոլոգ չեմ, ես վերլուծաբան եմ ու քաղաքագետ և ինձ համար կարևորը արդյունքի մաքրությունն էր` մենք ստուգման կոշտ մեխանիզմով ենք անցկացրել տվյալները: Բոլոր հարցաթերթիկները պահել ենք, բոլորի վրա կա իմ ստորագրությունը, որ ոչ ոք չկարողանա թիվ նկարել ու հրամցնել: 15 հարցազրուցավարների հետ նախապես անցկացվել են թրեյնինգներ, նրանց տրվում էր 50 կամ 100 հարցաթերթիկ, ոչ ավելին, նույն շենքում երկու-երեք հոգուց ավելիի իրավունք չունեին հարցեր ուղղել: Ձեր տված հարցը շատ կարևոր է, ես ինքս անվստահություն ունեմ սոցհարցումների նկատմամբ և ստուգման մեխանիզմները առավելագույնս խիստ են եղել: Սոցիոլոգիական հարցումների տարբեր ձևեր կան` ուղղակի շփումներ, փոստային հարցաթերթիկներ, մենք աշխատել ենք բաժանման մեխանիզմով: Արդյունքները ստանալուց հետո մենք նաև օգոստոսին անցկացրինք օնլայն հարցում մեր կայքում, որին մասնակցեց 175 մարդ: Բոլորս էլ գիտենք, որ սոցցանցերում հասարակության առավել ակտիվ մասն է, որ նաև ավելի արևմտամետ է, լավ տեղեկացված և իր տեղեկությունները չի ստանում հայկական հեռուստաալիքներից: Հետաքրքիր էր` ի՞նչ թվեր կստանանք օնլայն հարցումից: Եթե այդ թվերը ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի վերաբերյալ նույնը լինեին, ես կկասկածեի, բայց օնլայն հարցման թվերը սպասելի բարձր էին` 6-7 %:
-Սոցհարցումները շարունակելու՞ եք, թե՞ մեկանգամյա էին:
-Շարունակելու ենք: Հաջորդը վերաբերելու է գենդերային վիճակին: Մենք տալիս ենք ընդհանուր պատկերը, հետո փորձում ենք պարզել հարցազրույց տվող կանայք ու տղամարդիկ ինչ կարծիք ունեն, ինչ պատկեր ունենք տարիքային տարբեր խմբերում: Բնականաբար այդ ուսումնասիրությունների համար ժամանակ է պետք:
-Դուք ինչպե՞ս եք բացատրում ռուսական տոկոսները:
-Իրոք անսպասելի է, որ Ռուսաստանն ունի առավելագույնը 30 % վստահություն Հայաստանում: Աշխարհում շատ ուժեղ են կարծրատիպերը, որ մենք ռուսամետ ենք, բայց մենք քնած հասարակություն չենք և աշխարհում ու Հայաստանում կատարվող իրադարձություններին համարժեք արձագանքում ենք: Ես կարծում եմ, որ այս հարցման արդյունքները շատ օգտակար կարող են լինել և՛ հասարակության, և՛ քաղաքական էլիտայի համար: Համենայն դեպս մտածելու տեղիք տվող են: Ասեմ նաև, որ մենք առանձին հարցազրույցներ ենք արել քաղաքական կուսակցությունների հետ` պարզելու նրանց դիրքորոշումները, և այդ հարցումը, բնականաբար, անանուն չէ: Ես շատ շնորհակալ եմ, որ բոլորն արձագանքեցին, ու մենք պարզեցինք` ինչ տրամադրություններ կան քաղաքական էլիտայում` և խորհրդարանական, և արտախորհրդարանական ուժերի շրջանում:
-Բաց հարցման պարագայում հավատու՞մ եք քաղաքական ուժերի անկեղծությանը:
-Նրանք անկեղծ են, որովհետև չեն կարող թաքցնել իրենց դիրքորոշումը, որ արտահայտված է նաև իրենց կուսակցական ծրագրերում: Ես համարում եմ անկեղծ ու համապատասխան իրենց վարքագծին: Առաջիկայում կներկայացնենք նաև այդ հարցման արդյունքները, և Դուք կարող եք գնահատել նրանց անկեղծությունը:


Զրույցը՝
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 4377

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ