«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Ինչի մասին են վկայում և հուշում Հաղարծնի մոտ ճանապարհի փակումն ու բացումը

Ինչի մասին են վկայում և հուշում Հաղարծնի մոտ ճանապարհի փակումն ու բացումը
24.09.2017 | 01:23

Այս տարի Հայաստանում վառելափայտի ձեռքբերման լուրջ խնդիր կա: Ասում են՝ խստություն է, արգելել են անտառահատումը, փայտ չկա կամ շատ քիչ է: Չգիտես ինչ ճանապարհով վառելափայտ ձեռք բերողներն ու իրացնողները վերը նշվածի պատճառով բարձրացրել են դրա գները՝ 1 խորանարդ մետրի (այն էլ՝ իրականում դրանից պակաս) գինը հասցնելով 20 000 դրամի, ևս 1500 դրամ պահանջելով նշված ծավալի փայտը բենզասղոցով կտրելու համար: Խստացումն արդեն ունի իր արձագանքը… Սեպտեմբերի 17-ի երեկոյան ընկերներիցս մեկը «Ֆեյսբուքով» հայտնել էր հետևյալը.


«Հենց հիմա Տավուշի մարզի Հաղարծին գյուղի մոտ ենք, արդեն 2 ժամից ավելի է, գյուղացիները փակել են Դիլիջան-Իջևան մայրուղին... տասնյակ, հարյուրավոր մեքենաներ կանգնած են, երկուստեք երթևեկ չկա և ըստ երևույթին ամբողջ գիշեր չի լինի, քանի որ գյուղացիները վճռական են տրամադրված:
ՈՒ գիտե՞ք ինչ աբսուրդ պատճառով՝ ծառահատումների արգելքի դեմ. ասում են՝ կանգնելու են էնքան, մինչև վարչապետը կամ կառավարության որևէ ներկայացուցիչ գա...»:
Ըստ ճանապարհը փակածների, այս տարի խստություն է, կառավարությունը հանձնարարել է ոստիկանությանը՝ գյուղացիներին արգելել անտառից վառելափայտի տեղափոխումը, ոստիկանությունն էլ արդեն անտառներ տանող ճանապարհները փակել է:
Եթե խոսքն անտառից զուտ թափուկի դուրսհանման մասին չէ, այլ իբրև թափուկ ներկայացվողի (վաղուց կիրառվող հայտնի ու հանցավոր պրակտիկա), ապա կառավարությունը շատ ճիշտ էլ արել է, որ արգելել է անտառից վառելափայտի տեղափոխումը, դրանով իսկ, փաստորեն, ապօրինի անտառահատումը: «Հետք»-ի հրապարակման համաձայն, հավաքվածները պահանջել են, որ «պետությունն իրենց թույլատրի անտառից վառելափայտ տեղափոխել և վաճառել, ինչպես նաև նվազեցնի դրա համար նախատեսված պետական տուրքը»:


Ինչպես հայտնի դարձավ հետո, ոստիկանության (ընդ որում՝ ոչ միայն ճանապարհային) աշխատակիցներն այցելել են հիշյալ վայր, ճանապարհը բացելու նպատակով բողոքավորների հետ բանակցություններ վարել: Որոշ տեղեկությունների համաձայն, Հաղարծին են մեկնել նաև Տավուշի մարզի դատախազը, Ազգային անվտանգության ծառայության Դիլիջանի տարածքային բաժնի պետը և Դիլիջանի ոստիկանապետը, ՀՀ ոստիկանապետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը: Ժամը 22:40-ի սահմաններում վերջինիս հաջողվել է համոզել բողոքավորներին, որ ճանապարհը բացեն, սակայն հաջորդ օրը ճանապարհի արգելափակումը շարունակվել է, ըստ Aravot.am-ի, սեպտեմբերի 18-ի առավոտյան ժամը մոտ 12-ի դրությամբ ճանապարհը դեռ արգելափակված է եղել:


Ի՞նչ է կատարվածը, եթե ոչ զոռբայության հրապարակային արտահայտություն: Հաղարծնի շրջակա անտառները Հաղարծին գյուղի բնակիչների սեփականությունը չեն, դրանք ողջ Հայաստանի ու նրա բնակիչների սեփականությունն են: Նույնը կարելի է ասել Սևանա լճի սիգի ձկնապաշարների վերաբերյալ. դրանք միայն Նորատուսի և լճի մոտ գտնվող այլ համայնքների բնակիչների, ավելի ճիշտ, նրանց սոսկ մի փոքր մասը կազմող ձկնագողերի սեփականությունը չեն, Հայաստանի Հանրապետության ու նրա ողջ բնակչության սեփականությունն են: Սիգի արդյունագործական պաշարների ոչնչացման պարագայում, երբ սիգի որսը պաշտոնապես թույլատրված չէ, չի կարելի որսալ այդ ձկնատեսակը, չի կարելի գողանալ: Հատկապես ապօրինի անտառահատումների, ինչպես նաև ծառերի հիվանդությունների ու հրդեհների պատճառով Հայաստանում անտառների նախկին մակերեսը հսկայական չափով կրճատվել է, հետևաբար ապօրինի հատումների հանցավոր պրակտիկան հիմա առավել ևս չի կարելի շարունակել:
Սակայն, արի ու տես, որ իրենց եսամոլական նեղ շահերով առաջնորդվող տեղի բնակիչների մի մասի գիտակցությանն այս պարզ ճշմարտությունները չեն հասնում, ու նրանք գրեթե ամեն կերպ փորձում են հասնել իրենց նպատակին: Նույնիսկ լրբությամբ ու դեմագոգիայով են զբաղվում, խնդիրն այնպես ներկայացնում, թե նշված ու շրջակա մյուս համայնքների ողջ բնակչությունն այդ վառելափայտի, ձկան վաճառքից գոյացած գումարներով է ապրում, որ ծառերի ապօրինի հատումը և ձկնագողությունն արգելելու պարագայում իրենք բոլորը սովի են մատնվելու: Իրականում ապօրինի անտառահատումներից ու ձկնագողությունից առաջացած գումարները գնում են այդ համայնքների սակավաթիվ բնակիչների ու մեկ էլ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության, ոստիկանության և պետական այլ մարմինների այն կոռումպացված չինովնիկների գրպանները, որոնք փաստացի թույլատրում են այդ գողությունն ու գողոնի վաճառքը:
Մեր աղբյուրի հավաստմամբ, Հաղարծին գյուղի մոտ ճանապարհն արգելափակողների թվում ակտիվիստներն ընդամենը 15-20-ն են եղել: Մնացած մոտ 400 հոգին, հավանաբար, եղել են այն մարդիկ, որոնց այդ ակտիվիստները կարողացել են ոտքի հանել: Հասկանալի է, եթե այդ ակտիվիստներից յուրաքանչյուրն իր հարազատներից, բարեկամներից, ընկերներից մոտ 20 հոգու էլ կարողանար հրավիրել կամ բերել այդտեղ, ապա ճանապարհը փակելու համար անհրաժեշտ և իշխանությունների վրա ազդեցություն գործելու միտում ունեցող զանգվածը կապահովվեր:


Այլ խնդիր է, թե իշխանությունները այս պարագայում ենթարկվե՞լ են այդ ազդեցությանը, թե՞ ոչ: Այն, որ և՛ ՀՀ ոստիկանությունը, և՛ ՀՀ կառավարությունը ճանապարհի փակման, հիշյալ բանակցությունների էության և արդյունքի մասին լռում են (նրանց կայքերում այս ամենի վերաբերյալ բառ անգամ չկա), ոչինչ չեն հաղորդում, թե բանակցությունների արդյունքում ինչ է որոշվել, իշխանության ներկայացուցիչները բողոքավորների հետ ինչ-որ ընդհանուր հայտարարի եկե՞լ են, թե՞ ոչ, ի վերջո, ինչի՞ շնորհիվ է բացվել ճանապարհը, վերոնշյալի առումով կարծես թե լավ բան չի հուշում:
Միաժամանակ չի կարելի բացառել, որ ոմանց վերոնշյալ բիզնեսին զուգահեռ, Հաղարծնի բնակիչները ձմռան վառելափայտի խնդիր ունեն: Խնդիր, որին տվյալ համայնքի ղեկավարը և Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն արդեն պետք է լուծում տված լինեին (առայժմ գոնե դեռ տեղեկատվական մակարդակով), որ բանը չհասներ ճանապարհ փակելուն:
Վերջում ընդգծենք, որ սեպտեմբերի 17-ին Հաղարծին գյուղի մոտ ճանապարհը փակելը թերևս «բացահայտեց» այն հանցավոր իրողությունը, որ նախորդ տարիներին եղել է: Հարց չի՞ առաջանում, թե տեղի բնակիչները նախորդ տարիներին ճանապարհն ինչու չէին փակում…
Պաշտոնապես ներկայացվում է, թե «Հայանտառ»-ի ենթակայության տակ 277,1 հազ. հա անտառածածկ տարածք կա, սակայն, ըստ բնապահպանների և անտառին գիտակ մարդկանց, ապօրինի անտառահատումների և այլ պատճառներով իրականում այդքան տարածք այլևս չկա:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3215

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ