Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թուրքիան և Ադրբեջանը Նախիջևանից «ինչ-որ բան» են նախապատրաստում իրենց հարևանների դեմ

Թուրքիան և Ադրբեջանը Նախիջևանից «ինչ-որ բան» են նախապատրաստում իրենց հարևանների դեմ
26.09.2017 | 14:00

Նախիջևանի մարզում զորքերի ու ռազմական տեխնիկայի նկատվող մեծ կուտակումների մասին վերջին մի շարք հայտարարությունների, այդ թվում նաև «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար և առաջատար քաղաքական փորձագետ Կարեն Վերանյանի օգոստոսի 30-ին հրապարակած տեղեկությունների լույսի ներքո մենք վկա ենք դառնում այն բանի, որ, ամբողջությամբ վերցրած, Նախիջևանի հարցը խիստ օրախնդիր է դառնում: Եվ առաջին հերթին՝ Հայաստանի և Արցախի անվտանգության առումով: Իհարկե, այդ տեսանկյունից ենք պարտավոր դիտարկել նաև թուրք-ադրբեջանական ռազմական շփումներն ու նախաձեռնությունները, այդ թվում նաև Նախիջևանի տարածքի օգտագործման վրա հիմնվածները: Նորագույն ժամանակներում Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական համագործակցության ուժեղացման ու ինտենսիվացման գործում, անշուշտ, հաշվարկի կետ պետք է համարել 2016 թ. ապրիլի սկզբին Արցախում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների 2-3 օրերը: Եվ զուր չէ, որ այն ժամանակ թե՛ Ռուսաստանը (ԱԳՆ մակարդակով), թե՛ Իրանը (խորհրդարանի խոսնակի և այաթոլլահ Խամենեիի ռազմական խորհրդական գեներալ Սեֆևիի մակարդակով) Թուրքիային կոշտ նախազգուշացրին, որ Մոսկվան ու Թեհրանը շատ լավ գիտեն, թե ով է հրահրել Իլհամ Ալիևին՝ սրելու լարվածությունն ու փորձելու վերսկսել լայնածավալ պատերազմը: ՈՒստի երբ ընթացիկ տարվա՝ հունվարի սկզբին Թուրքիայի նախագահ Էրդողանն անսպասելիորեն իր ելույթներից մեկում հայտարարեց, թե «Թուրքիայի անվտանգությունն սկսվում է ոչ միայն երկրի սահմաններից, այլև Նախիջևանից, Բաթումից, Բալկաններից ու Հալեպից», պարզ դարձավ, որ Անկարան, խոսքով հանդես գալով, իբր, որպես Իրանի և Ռուսաստանի գործընկեր, ասենք, Սիրիայում խաղաղության ու կայունության վերականգնման գործում, իրականում պատրաստվում է Անդրկովկասի հաշվին «երկրորդ ճակատ» բացելու ընդդեմ Թեհրանի ու Մոսկվայի: Եվ այդ նպատակով կարող է օգտագործվել հենց ԼՂՀ-ի և Ադրբեջանի հակամարտության գործոնը, քանի որ (ինչն արդեն շատերն են մոռացել-խմբ.) ԵԱՀԿ ՄԽ համանախագահների նախընթաց տասնամյակների որոշումների համաձայն, Նախիջևանի ինքնավարության տարածքն էլ է հակամարտության գոտի համարվում: Կամ էլ, հենց այն գործոնը, որ Թուրքիայի հետ 1921 թ. կնքված հնացած պայմանագրերի (Մոսկվայի և Կարսի-խմբ.) համաձայն, Թուրքիան շարունակում է իրեն համարել Նախիջևանի կարգավիճակի երաշխավոր:


Հարկ է հիշեցնել, որ Նախիջևանի կարգավիճակը սահմանվում է 1921 թ. Թուրքիայի և Խորհրդային Ադրբեջանի, Վրաստանի ու Հայաստանի միջև կնքված այն նույն Կարսի պայմանագրի համապատասխան հոդվածով. «Թուրքիայի կառավարությունը և Սովետական Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունները համաձայնում են, որ սույն պայմանագրի 3-րդ հավելվածում նշված սահմաններում Նախիջևանի մարզը կազմի ինքնավար տարածք՝ Ադրբեջանի խնամակալության ներքո»: Սակայն Ադրբեջանի հովանավորությունը Նախիջևանի նկատմամբ չի նշանակում, թե այն անպայման մտնում է նրա կազմի մեջ: Այս կապակցությամբ թուրքական շատ փորձագետներ սկսել են հարց տալ Էրդողանի կողմից Նախիջևանի հիշատակման պատճառների մասին, չէ՞ որ Հայաստանը կարծես հրապարակայնորեն հանդես չի եկել Կարսի պայմանագրի չեղարկման պահանջով: Ընդ որում` թուրք քաղաքագետ և լրագրող Բյուլենթ Էրենթաչը ժամանակին է համարում Էրդողանի նկատառումը «Թուրքիայի համար Նախիջևանի առանձնահատուկ դիրքի կարևորության մասին»: Եվ դա հարկավոր է անպայման համադրել թուրքերի ու ադրբեջանցիների այլ խոսքերի հետ, որոնք հնչել են 2017 թ. անցած ամիսների ընթացքում: Թուրքիայի նախագահի խորհրդական Յալչըն Թոփչուն, ինչպես հաղորդել է թուրքական «Anadolu» լրատվական գործակալությունը, հայտարարել է, թե «Հայաստանի կառավարությունը տարածքային պահանջներ ունի հարևան պետությունների նկատմամբ», նշել է, թե «Հայաստանի ներկա ղեկավար Սերժ Սարգսյանը ուզում է զավթել որոշ հողեր, այդ թվում` Աղրը (Արարատ) սարը»: Այստեղից Թոփչուն կոչ է անում, որ «հայ-ադրբեջանական պատերազմը օրակարգի հարց դառնա գրեթե երկու միլիարդ մուսուլմաններից յուրաքանչյուրի համար»: Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը հայտարարել է, թե «Հայաստանի քաղաքականությունը նպատակաուղղված է «Մեծ Հայքի» ստեղծմանը: Սակայն չկա Երևանի որևէ պաշտոնական փաստաթուղթ, որտեղ որևէ տարածքային պահանջ ներկայացված լինի հարևան պետություններին: Ավելացնենք նաև, որ Ադրբեջանի նախագահը, ավանդաբար վկայակոչելով անանուն աղբյուրներ, 2016 թ. նոյեմբերին հայտարարեց, թե իբր իր վրա «ճնշում են գործադրում, պահանջելով ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը», սակայն ինքը «թույլ չի տա, որ ի հայտ գա երկու հայկական պետություն»: Բայց թե ո՞վ է հայտարարում և ու՞մ հետ է հեռակա կարգով բանավիճում Ադրբեջանի առաջնորդը, Ալիևը համեստորեն լռում է: Վերջապես Թուրքիայի նախագահն իր ելույթներում վաղուց արդեն շրջանառության մեջ է դրել «փլուզում» տերմինը և հայտարարում է, որ «թույլ չի տա որևէ ձևի քրդական պետության ի հայտ գալը»:


Սակայն, ինչքան էլ տարօրինակ ու անդրկովկասյան գործերից շատ հեռու թվա, անկողմնակալ դիտորդները պարտավոր են Արցախի ու Նախիջևանի խնդիրները զուգորդել Քրդական հարցի արդի ընթացքի հետ: Ստորև պարզ կդառնա, թե ինչու: Բայց ահա, ինչպես պնդում է թուրքական «Cumhuriyet» թերթը, «2012 թվականից Թուրքիան Մերձավոր Արևելքում քրդական ուժերի ազդեցության մեծացումը համարում է իր անվտանգությանն սպառնացող վտանգ: Իրադրության դրամատիկությունն այն է, որ խաղին ակտիվ մասնակցություն են ցուցաբերում բազմաթիվ արտաքին ուժեր, որոնցից յուրաքանչյուրն իր շահն է հետապնդում: Անկարան, որը ՆԱՏՕ-ի գծով իր դաշնակիցների աջակցության կարիքն ունի, գտնվելով այնպիսի խմբերի ճնշման ներքո, ինչպիսիք են Քրդական աշխատավորական կուսակցությունը (PKK), «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը (PYD), «Իսլամական պետությունը» (ԻՊ), վկա է դառնում այն բանի, թե ինչպես են ՆԱՏՕ-ի որոշ անդամներ ուղղակիորեն կամ անուղղակիորեն աջակցում այդ շարժմանը»: Այդ նույն թերթը, վկայակոչելով մի շարք ազդեցիկ փորձագետների, համարում է, որ «տարածաշրջանը, որ մենք անվանում ենք Մերձավոր Արևելք, արդեն փաստորեն ծնունդ տվել է անկախ քրդական պետության», և պետք է խոսվի 1920 թվականի Սևրի պայմանագրի մասին, որը նախատեսում էր ստեղծել Մեծ հայկական պետություն և «միայն հնարավոր էր համարում Թուրքիայից անկախ քրդական պետության կազմավորումը»: Ավելին, «Cumhuriyet»-ը համարում է, որ «Անկարան երկարաժամկետ հեռանկարում այլընտրանք չունի, բացի անկախ Քրդստանի ճանաչումից», Հայկական հարցի լուծման դիմելուց, իսկ Ադրբեջանը՝ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումից: Միայն այսպիսի ծպտյալ ենթատեքստով են պարզորոշ ընկալվում թուրք ու ադրբեջանցի քաղգործիչների նշված հայտարարությունները: Այս ամենը վկայում է այն մասին, որ Արևմուտքը (կամ էլ ոչ միայն Արևմուտքը, որովհետև արդեն հայտնի է առնվազն 2014 թվականից, որ Իսրայելն էլ է մտադիր պաշտպանել, այսպես կոչված, «քրդական անկախությունը») Թուրքիան և Ադրբեջանը վերածում է տրիգեր (հարուստ, ինքնաբավ, նորարար, առաջատար, ակտիվ, ռազմավարական լավ դիրք ունեցող-խմբ.) պետությունների, աշխարհաքաղաքական ինտրիգի գործադրման, տարածաշրջանում ուժերի վերաբաշխման նախաձեռնության ձգանների: Հայտնի է, որ տրիգեր պետությունը ակտիվորեն է դրսևորում իրեն և ձգտում է ինքնիշխանության և դիրքի հասնել աշխարհում «մեծ դերակատարների»՝ խոշոր տերությունների շահերի կցակետում, որոնք ընդունակ են փոխելու ուժերի հավասարակշռությունն ու իրավիճակը համաշխարհային շուկայում: Իրենց հերթին, խոշոր դերակատարները շահագրգռված են նման տրիգերներով, որոնց օգնությամբ նրանք գլոբալ փոփոխություններ են մտցնում աշխարհաքաղաքականության մեջ: 2008 թ. Անդրկովկասում այդ դերում հանդես էին գալիս Վրաստանն ու նրա նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, հիմա այդ տեղը, ըստ երևույթին, զբաղեցրել են Ադրբեջանն ու նրա նախագահ Ալիևը, իսկ Մերձավոր Արևելքում՝ Թուրքիան ու նրա նախագահ Էրդողանը:


Դատելով ըստ շատ գործոնների և Մոսկվայից ու Թեհրանից արվող անուղղակի հայտարարությունների, «քրդական անկախություն» տերմինը հետաքրքրում է ոչ միայն Արևմուտքին ու Իսրայելին, այլև Ռուսաստանին ու Իրանին: Ճիշտ է, ո՛չ Սիրիայում և ո՛չ էլ Իրաքում: Բայց այդ դեպքում մնում է միայն Թուրքիայում: Իսկ այդ ժամանակ էլ խաղի մեջ է մտնում, ասենք, Փոքր Արարատ սարի ու նրա շրջակայքի, Նախիջևանի կարգավիճակի և, ի վերջո, 1921 թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերի պետք լինել-չլինելու մասին անցած դարի 30-ական թվականների իրանա-թուրքական գործարքի վերանայման «ժամանակացույցի մեխանիզմը»: Սակայն եթե Թուրքիան և Ադրբեջանը գիտակցել են, որ խաղասեղանին է դրված իրենց պետկազմավորումների ապագայի հարցը, ապա, հասկանալի է, նրանք կաշխատեն դիմադրել: Թեկուզև արմատական որոշումները անորոշ ժամանակով հետաձգելու նպատակով, ասենք, Անդրկովկասում հայերի ու ադրբեջանցիների միջև ռազմական բախման նոր ալիք բարձրացնելու միջոցով: Որովհետև դա թե՛ Արևմուտքին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Իրանին հաստատ կհարկադրի «շեղվել» Փոքր և Առաջավոր Ասիայի աշխարհաքաղաքական «վերաձևաչափման» վարկածներով (կողմերից յուրաքանչյուրին իր վարկածները) իրենց հաստատված ռազմավարական խնդիրներից:


Ընդ որում, Թուրքիան ու Ադրբեջանը հաստատ նկատի ունեն, որ կկարողանան Վրաստանին ստիպել մասնակցելու իրենց պլաններին ու ծրագրերին, որոնք արտաքուստ ասես ուղղված կլինեն հայերի դեմ, բայց իրականում ուղղված կլինեն Իրանի և Ռուսաստանի շահերի դեմ: Իսկ դա արդեն լիովին զուգադիպում է Թեհրանի ու Մոսկվայի դեմ ԱՄՆ-ի «պատժամիջոցային մարտավարության» նոր ալիքին: Այսինքն, հետևությունն ինքնըստինքյան հասկանալի է դառնում. անգամ երկյուղելով, որ Քրդական հարցի հետ Արևմուտքի և Իսրայելի սիրախաղերը կարող են վերջին հաշվով հանգեցնել այս կամ այն ձևով Թուրքիայի միասնության խախտմանը, Անկարայի իշխանությունները շարունակում են խոնարհաբար ապահովել արտատարածաշրջանային երկրների շահերը, այդ թվում նաև Անդրկովկասում: Վրաստանը ևս, ցավոք, ոչ մի անգամ չի մերժել Թուրքիայի ու Ադրբեջանի «նախաձեռնությունները»: Այսպես, դեռ 2016 թ. մայիսին Վրաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վախթանգ Կապանաձեն խոստովանեց, որ 2017 թ. ամռանը վրացական տարածքում կարող են անցկացվել Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի համատեղ եռակողմ զորավարժություններ: Ճիշտ է, Կապանաձեն, այնուամենայնիվ, մինչև վերջ հաստատակամ չէր. «Այո, այսպես ծրագրված է, բայց կարող է ինչ-որ բան փոխվել... Դրանք կլինեն լայնածավալ, դրանցում գլխավորը կլինեն հակաահաբեկչական և անվտանգության հարցերը»: Այդուամենայնիվ, հաշվի առնելով, որ այդ պայմանավորվածությունը Կուտկաշենի (Գաբալա) իրենց հանդիպման ժամանակ (2016 թ.) նախաստորագրել են այդ երեք երկրների պաշտպանության նախարարները, մենք հասկանում ենք, որ որոշումը եղել է ռազմավարական և սկզբում ընդունել են ամենաբարձր մակարդակում: Այսինքն, Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահները, Վրաստանի վարչապետը՝ արտատարածաշրջանային այն երկրների հետ մեկտեղ, որոնց համար մերձավորարևելյան տարածաշրջանում տիրող իրադրության վրա Ռուսաստանի և Իրանի աճող ազդեցությունը բացասական ու անընդունելի գործոն է: Իսկ դրանք, առաջին հերթին, ՆԱՏՕ-ի երկրներն են՝ ԱՄՆ-ի և Իսրայելի գլխավորությամբ: Դրանով էլ հենց, ի դեպ, բացատրվում է այն հանգամանքը, թե ինչու են, օրինակ, 2014-17 թթ. ընթացքում Իսրայելի զինվորական հոսպիտալներում բուժում «Իսլամական պետության» վիրավոր զինյալներին, և ինչու է Իսրայելը ԼՂՀ-Ադրբեջան հակամարտությունում ադրբեջանցիների ու Թուրքիայի կողմում:


ՈՒստի երբ այս տարվա մայիսի 1-5-ին տեղի ունեցան Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ մարտավարական զորավարժությունները, որոնցում, Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքի հաղորդման համաձայն, ներգրավված էր զրահատեխնիկա, օգտագործվում էին հրետանային կայանքներ ու ականանետներ, մարտական ու փոխադրական ուղղաթիռներ, ՀՕՊ և զենիթահրթիռային ստորաբաժանումներ՝ հանդերձված ժամանակակից պաշտպանական համալիրներով, որոնց նպատակն է խմբավորումները պաշտպանել օդից, տեղի ունեցան մարտական հրաձգություններ և այլն, ապա սրա համար արդեն պետք չէր զարմանալ կամ փորձել հասկանալ՝ սա «Հայաստանի՞ դեմ է», թե՞, այնուամենայնիվ՝ «ուղերձ» Իրանին և Ռուսաստանին: Զորավարժություններն անցկացվեցին երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին առկա համաձայնագրերին համապատասխան: Ինչպես այն ժամանակ հայտարարեց թուրքական պատվիրակության ղեկավար գնդապետ Հաքան Աչըքգյոզը, «անցկացվող զորավարժություններում ձեռք բերված փորձը դրականորեն կանդրադառնա երկու երկրների հետագա օպերատիվ պլանների վրա»: Այդ պլանների հարցում էլ հենց թաքնված է ինտրիգը, քանի որ Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմական գերատեսչությունները դրանք պաշտոնապես չեն հրապարակում: Սակայն Բաքվի որոշ լրատվամիջոցներում երևացել է միևնույն անստորագիր մեկնաբանությունը՝ ամենայն հավանականությամբ շոշափման բնույթի, որում նշվող պլանները որոշակի հետաքրքրություն են առաջացնում: Այդ մեկնաբանության մեջ ևս նշվում էր, թե մայիսյան զորավարժությունները «հերթական ուղերձն են Հայաստանին ու նրա հովանավորներին», առաջին հերթին, իհարկե, Ռուսաստանին: Բայց քանի որ օգտագործվում է հոգնակի թվով գոյական, ապա հասկանալի է, որ խոսքը միայն Մոսկվայի մասին չէ: Երկրորդ, ասվում է, որ «Ղարաբաղում անցած տարվա քառօրյա պատերազմից առաջ և հետո Ադրբեջանի ու Թուրքիայի զինված ուժերը համատեղ զորավարժություններ անցկացրին Կոնյայում», և բացահայտորեն հատուկ ընդգծվում է, որ «այդ շրջանում Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններում լարվածություն կար Cy-24-ի միջադեպի պատճառով», ընդ որում, «մի շարք քաղաքական ու փորձագիտական շրջանակներում նշում էին Թուրքիայի առանձնահատուկ դերը ադրբեջանական բանակի ապրիլյան հաջողություններում»: Երրորդ, սահմանվում է. «Քանի որ ադրբեջանա-թուրքական երկկողմ ռազմական կապերը Երևանի ու Մոսկվայի կապերի մակարդակին չեն, անհրաժեշտ է պայմանագիր ստորագրել Անկարայի և Բաքվի բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության մասին, ինչպես նաև Ադրբեջանի տարածքում, օրինակ, Նախիջևանում, ստեղծել գոնե մեկ թուրքական ռազմական բազա»:

(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 4200

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ