«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Քրեական հետապնդում սփյուռքահայ գործարարի նկատմամբ, այն էլ` Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովից առաջ

Քրեական հետապնդում սփյուռքահայ գործարարի նկատմամբ, այն էլ` Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովից առաջ
26.09.2017 | 14:19

Մահափորձ են կատարել 1985 թվականից Հայաստանում հաստատված լիբանանահայ գործարար, մասնագիտությամբ ռեժիսոր Օհաննես (Հովհաննես) Ստեփանյանի ընկերոջ ու գործընկերոջ` «ԳեղԱստղ» ծրագրի կազմակերպչական գծով տնօրեն Տիգրան Եղոյանի նկատմամբ, բարեբախտաբար՝ անհաջող: Երկու տեղից դանակահարել են սփյուռքահայ ֆերմերի հորթին, սատկեցրել շներից երկուսին… Սա ավելին է, քան անձի ու նրա սեփականության նկատմամբ հանցագործությունը, քանի որ, անկախ նպատակից, այն փաստացի ուղղված է Հայաստանի Հանրապետության տնտեսության ու մեր երկրի զարգացման դեմ:


Մինչ կատարվածի մանրամասները ներկայացնելը նշենք, որ Օհաննես Ստեփանյանն իր ընկերոջ հետ զբաղվում է անասնապահությամբ, մասնավորապես` ոչխարի և այծի հայկական գրեթե վերացած ցեղատեսակների (այլ ցեղատեսակների համեմատ մի շարք առավելություններ ունեցող) անասնագլխաքանակի վերականգնման հայրենանվեր գործով, նաև մեղվապահությամբ, գյուղական զբոսաշրջության զարգացմամբ:
Նոր կառուցված, իրար հետևից շարված բազմաթիվ հէկերի գործունեության պատճառով որոշակի հատվածում Եղեգիս գետի ջրային հոսքի խաթարման, նվազման կապակցությամբ Օհաննես Ստեփանյանը համեմատաբար վերջերս դիմել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին: Իր իրավունքների, օրինական շահերի ոտնահարման, իր սեփականության նկատմամբ կատարվող ոտնձգությունների կապակցությամբ դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության համակարգում գտնվող «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության (այսուհետ` ԲԷՑ) կողմից իր սեփականության նկատմամբ թույլ տրված ոտնձգությունների, դրանց շարունակման փորձերի կապակցությամբ սփյուռքահայ գործարարը դիմել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին:
«Ստացանք որոշ նամակների պատասխաններ, կարող եմ ասել, որ ստացանք 4 նամակ, որոնցից 3-ը գրավոր են, մեկը, կարող եմ ասել, խոսքով է և գործնական,- ասաց Օհաննես Ստեփանյանը:- Երեքից 2-ն իրենց բովանդակությամբ ավելի շատ սուտ կարող եմ անվանել, մեկը, ընդհանրապես, չեզոք, իսկ չորրորդը` ահաբեկչական, որի մասին հստակ հայտարարելու ենք:


Առաջին նամակը ստացել ենք բնապահպանության նախարարությունից: Մենք գրել էինք այն 19 հէկերի մասին, որոնց պատճառով մեր կողքից անցնող գետը, ընդհանրապես, վերածվել է առվի, չորանում է: Ի պատասխան, ստացել ենք նամակ, որում նշված է, որ 9 հէկեր կան (չնայած իրականում 19-ն են), հավանաբար, այստեղ սկզբի «1» նիշը մոռացել են կամ ուզել են մոռանալ: Երկրորդ խնդիրը նամակի վերջում եղած այն բացատրությունը կամ պատասխանն է, թե ջուրը կարող է պակասած լինել, որովհետև կա նաև ոռոգման խնդիր»:
Հիմա, կարծում ենք, արդեն հասկանալի է, թե սփյուռքահայ գործարարն ինչու էր իր բովանդակությամբ ավելի շատ սուտ համարում նաև ՀՀ բնապահպանության նախարարությունից ստացված պատասխանը: Ստացվում է, որ նախարարությունում անտեղյակ են, որ այնտեղ իրականում 19 հէկ կա (եթե, իհարկե, պատասխանում նշված թիվը` 9, վրիպակի հետևանք չէ), կամ էլ ստել են: Ըստ Օ. Ստեփանյանի, իրականությանը չի համապատասխանում նաև պատասխանի այն մասը, թե ջուրը կարող է պակասած լինել, որովհետև կա նաև ոռոգման խնդիր, քանի որ գետի հիշյալ վիճակն իրականում անհաշվենկատ կերպով այդքան մեծաթիվ հէկերի կառուցման թույլտվություն տալու, դրանց կառուցման ու շահագործման հետևանք է:
Չեզոք պատասխանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից ստացված պատասխանն է: Դրա համաձայն, քանի որ հիշյալ նախարարության համակարգում գտնվող «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության հետ կապված խնդիրը դատական գործընթացում է, իրենք չեն միջամտում դրան:


Մյուս «նամակը» (խոսքովը), որը թերևս յուրօրինակ հաղորդագրություն («մեսիջ») է եղել, Օհաննես Ստեփանյանը ստացել է այստեղ գործ անող առևտրականների հետ վերջերս տեղի ունեցած «պատահական» հանդիպման ընթացքում:
«Նրանցից մեկը,- շարունակեց սփյուռքահայ գործարարը,- պատմեց, թե, գիտե՞ս ինչ, կար մեկ ուրիշ վաճառական, որին մի օր մի պետական պաշտոնյա ասել է` եղե՞լ է, արդյոք, երբևիցե, որ քո ավտոմեքենայի անիվը, հենց այնպես, միանգամից տրաքի, եղե՞լ է, որ քո տան առաջ միանգամից աղբակույտ հայտնվի, և այդպես շարունակ… Եվ վերջում ասել է` եթե դրանցից որևէ մեկը եղել է, ուրեմն ժամանակն է, որ երկիրը թողնեք ու գնաք: Մենք հայտարարում ենք, որ երկիրը չենք թողնելու և գնալու, չնայած սրանից ավելի սարսափելի բաներ են արդեն տեղի ունեցել ու շարունակում են ունենալ»:
Այդ ավելի սարսափելի բաների կամ խոսքով նամակի հետ, ըստ էության, աղերսվող գործնական, ահաբեկչական «նամակի» մասին պատմեց Օ. Ստեփանյանի ընկերն ու գործընկերը` «ԳեղԱստղ» ծրագրի կազմակերպչական գծով տնօրեն Տիգրան Եղոյանը, որը, սակայն, մինչ հարցին անդրադառնալը, պատմեց հետևյալի մասին.
«Բառացիորեն 1 ամիս առաջ եղել եմ Վրաստանում: Վրաստանում պետավտոտեսչության աշխատողներն իմ մեքենան կանգնեցրին: Ոստիկանն ինձ մի այսպիսի հայտարարություն արեց` սա Վրաստանն է, սա ձեր Հայաստանը չէ, սա օրենքի երկիր է: Դժբախտաբար, այդ պահին Վրաստանի ոստիկանության աշխատողը ճիշտ էր, և ես ինձ շատ նվաստացած զգացի, որ Հայաստանում ինչ է կատարվում: Կատարվում են ոտնձգություններ, վարվում է սխալ և ապօրինի քաղաքականություն»:


Տիգրան Եղոյանը ներկայացրեց, թե ինչ ոտնձգություններ, ավելի ճիշտ, ահաբեկչական գործողություններ են կատարվել իր և իրենց նկատմամբ: Թե ովքեր են դրանց հետևում կանգնած, ըստ Եղոյանի, իրավապահ մարմինների պարզելու խնդիրն է:
«Ես ներկայացնում եմ փաստերը,- ասաց «ԳեղԱստղ» ծրագրի կազմակերպչական գծով տնօրենը:- Գնացել եմ Շատին, որտեղ մեր անասնագոմերն են, գիշերը մոտավորապես 11-ի կողմերը: Երբ մեքենայով մոտենում էի գոմերին, նկատեցի, որ մեքենայի հետևից լույս կա… Եվ ինչ տեղի ունեցավ. եռաֆազ հոսանքատարը (մալուխը) միանգամից ընկավ մեքենայի վրա»:
Տ. Եղոյանի պատմելով, լույսը, որը նկատել է, ինչ-որ մեկի լապտերի լույսն է եղել, լարման տակ գտնվող մալուխն ընկել է իր վարած «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վրա, ինքն անմիջապես կանգնեցրել է «Վիլիսը» և իջել:
«Մեքենայի տակ,- շարունակեց նա,- գետինն ամբողջությամբ ջուր էր և բենզին: Սա ի՞նչ է նշանակում… Ոստիկանությանը չդիմեցի մեկ պատճառով, որովհետև վստահ չեմ, որ մեր իրավապահներն այս գործերին անաչառ լուծում կտան, որովհետև մենք տեսել ենք… Դրանից առաջ եկել եմ մեր անասնագոմեր, տեսել, որ դռան կողպեքը ջարդված է, ներսն ամբողջությամբ` ավերված: Դիմել եմ ոստիկաններին, եկել են ոստիկանները Վայոց ձորից: Եվ ինչ են ասում` սա զգուշացում է ձեզ: Ի՞նչ է նշանակում զգուշացում… Վերջերս երեկոյան ժամը յոթն անց կեսին մեր աշխատողներից զանգեցին, ասացին, որ մեր սեփական հորթերից չկան: Եկել եմ Գեղարքունիքի մարզի Աստղաձորի այդ սարը, որտեղ մեր ամառային արոտավայրում մեր անասուններն են գտնվում, կես ժամ հետո զանգեցին, ասացին, որ այդ հորթն ընկած է գետնին: Գնացել ենք, տեսել ջարդված հետևի վերջույթներն անասունի և երկու տեղով դանակահարված: Սա, նորից եմ կրկնում, ահաբեկչություն է: Զանգահարել եմ Գեղարքունիքի ոստիկանություն, հայտարարել, որ նման ոտնձգություն է կատարվել: Ոչ մի ոստիկան չի ժամանել: Հաջորդ օրը նոր միայն ոստիկանությունը եկել է դեպքի վայր: Եվ ինչ են ասում` միգուցե գյուղացիներն են… Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ` այն գյուղացին, որն անասուն է պահում, գիտի գյուղի հոգսերը, պրոբլեմները, ընդունակ չէ նման բարբարոսության: Սա հրեշավոր բան է»:


«Դրանից հետո,- շարունակեց Օհաննես Ստեփանյանը,- մեր ձմեռային գոմի վրա (Վայոց ձորի մարզում) գրվել է` «Վաճառվում է հորթի միս»»:
Դեպքը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզում, Մարտունու տարածաշրջանում, դեպքից 2 օր հետո հիշյալ գրությունը արվել է Վայոց ձորի մարզում գտնվող Օ. Ստեփանյանի անասնագոմի վրա, ինչը վկայում է, որ սփյուռքահայ գործարարի նկատմամբ, իրոք, առկա է քրեական բնույթի հետապնդում, ինչ-որ մեկը կամ ինչ-որ մարդիկ ուզում են, որ նրանք վերջ տան իրենց տնտեսությանը և հեռանան այդտեղից: Մի՞թե այս ամենը «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի թույլ տված ապօրինության դեմ կամ հէկերի հետ կապված Օհաննես Ստեփանյանի բողոքի հետևանքը չէ… Եթե ոչ, ապա ու՞մ ձեռքի գործն է:
Տիգրան Եղոյանի տեղեկացմամբ, իր մեքենայի վրա ընկած մալուխի միջով մոտ 40 սանտիմետրը մեկ մետաղյա ձողեր են անցկացված եղել, որպեսզի հոսանքը հաղորդի մեքենային, սակայն իր բախտը բերել է, քանի որ «Վիլիսի» թափքի վերին մասը ծածկված է եղել ծածկոցով, որը մեկուսիչ է, հոսանք չի հաղորդում:


«Հինգ հարյուր ոչխարն ու՞մ տնտեսությանը պետք է խանգարեր, ես չեմ կարող դա հասկանալ,- ասաց գործարարը:- Մնացած հարցերը մի քիչ ավելի այլ տեղ են տանում: ԲԷՑ-ի և մնացած հարցերով մենք դիմել ենք ոստիկանություն: Ոստիկանությունը որոշեց միջնորդել մեր և ԲԷՑ-ի միջև: ՈՒրեմն Տիգրանը գնացել է բանակցությունների, և այնտեղ եղել են նաև դատախազության ներկայացուցիչներ, նաև մնացածը, որպեսզի բանակցեն, տեսնեն ինչ է կատարվել, ինչ ավերածության մասին է խոսքը: Եվ հանկարծ, զարմանալի պատահականությամբ, այդ բոլորը որոշում են Տիգրան Եղոյանին դիմել որպես Եսայան, հետո Եսայանը դարձավ Ալբերտիչ: Մենք այդտեղ որ նոր սկսեցինք մեր գործը, մեր մասին ասում էին` պարսիկ է եկել, արաբ է եկել… Հետո տարօրինակորեն այդ «արաբ» անվանումը դարձավ լուրջ մականուն: Վերջերս այդ մտահոգությունից, երբ հայտնվեցին այդ անվանումները` Եսայան, Ալբերտիչ, պարզեցինք, որ ժամանակին եղել է մի օրենքով գող` Տիգրան Ալբերտի Եսայանը, որը կոչվել է Արաբ (մականունը): Հիմա ու՞ր են տանում, ի՞նչ են ուզում, ես չեմ հասկանում»:
Օհաննես Ստեփանյանը պատմեց նաև իր ընկերոջ վերաբերյալ պետական մարմիններից մեկի պաշտոնյայի գրած ու վերջինիս տգիտության մասին վկայող պատասխանի մասին, որում Տիգրան Եղոյանի առնչությամբ գրված է` «Լիբանան քաղաքի քաղաքացի…»:


Կարճ ասած, ինչպես արդեն հասկանալի է՝ ոմանք իրենց առջև խնդիր են դրել սփյուռքահայ գործարարին ու նրա ընկերոջը «արտաքսել» այդ կողմերից կամ, ինչպես ասում են նման դեպքերում, «խռիկ» տալ: Նրանց նպատակը պատժե՞լն է, ԲԷՑ-ի կողմից իր տնտեսական ձեռնարկի ապօրինի իրականացման ճանապարհին հայտնված խոչընդոտը վերացնե՞լը, թե՞ երկուսն էլ միաժամանակ, չգիտենք, իրավապահ մարմինների պարզելու խնդիրն է, սակայն մի բան հաստատ կարող ենք ասել` այդպիսի հանցագործների ու սրիկաների համար որևէ նշանակություն չունի, որ այդ դեպքում սփյուռքահայ գործարարի հիմնած տնտեսությունը կարող է ի չիք դառնալ, ոչխարի և այծի գրեթե վերացած հայկական ցեղատեսակները կորստից փրկելու, մեղվաբուծության և գյուղական զբոսաշրջության զարգացման նրա սկսած ծրագրերին կարող է վերջակետ դրվել: Այո՛, նրանց համար որևէ նշանակություն չունի, որ սփյուռքահայ գործարարն ու նրա ընկերը մի օր զզվելով կամ պայքարելուց հոգնելով, կարող են որոշել Հայաստանից հեռանալ, որ արտերկրից բազմաթիվ սփյուռքահայ գործարարներ իմանալով այս ամենի մասին, կարող են ընդհանրապես հրաժարվել Հայաստան գալու, այստեղ գործարարությամբ զբաղվելու կամ այս երկրում ներդրումներ կատարելու մտքից:
Եթե մի փոքր խոր մտածենք, կատարվածը ահաբեկչություն է ոչ միայն Տ. Եղոյանի ու սփյուռքահայ գործարարի տնտեսության, այլև Հայաստանի Հանրապետության տնտեսության դեմ, որով պարտավոր են ու պետք է զբաղվեն նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, անձամբ վարչապետն ու նախագահը: Բայց կզբաղվե՞ն արդյոք…
Մյուս պատասխանը, որն իր բովանդակությամբ ավելի շատ սուտ է, վարչապետ Կարեն Կարապետյանին Օհաննես Ստեփանյանի ուղղած դիմումին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից տրված պատասխանն է:
Արտագաղթը խթանող, Հայաստան գալու և այստեղ ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող սփյուռքահայերին մեր երկրից հիասթափեցնող ու վանող, արդեն իսկ ներդրումներ կատարած սփյուռքահայ գործարարներին ճամպրուկները հավաքելու դրդող, փոքր ու միջին բիզնեսը սպանող, ի վերջո, այս երկիրն ավերող ՀՀ կառավարության խայտառակ գործելակերպը շարունակվում է: Ըստ էության, մենք գործ ունենք կադրային հանցավոր քաղաքականության արդյունքում ձևավորված մի համակարգի հետ, որը, չնայած վարչապետների փոփոխությանը, ոչ մի կերպ չի փոխվում:


Օ. Ստեփանյանն իր սեփականության նկատմամբ կատարված ոտնձգությունից, պատճառված վնասից, բացահայտ ապօրինության շարունակման փորձերից հարկադրված, 2017 թ. հուլիսի 4-ին գրավոր դիմել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, ինչպես արդեն նշեցինք, բողոքել է այդ ամենի հետևում կանգնած ԲԷՑ-ի դեմ: Վարչապետը գուցե չի էլ կարդացել նրա դիմում-բողոքը: Թե ում է վստահել դիմումին ընթացք տալը, իր գործը, իր խնդիրն է, բայց տրված ընթացքի համար, առաջին հերթին, ինքն է պատասխանատու, որովհետև դիմումը հենց իրեն էր հասցեագրված, ոչ թե մեկ ուրիշին: Վարչապետը կամ նա, ում պարոն Կարապետյանը վստահել է տվյալ դիմումին ընթացք տալը, փոխանակ սփյուռքահայ գործարարի դիմումը վարչապետի վերահսկողական ծառայություն ուղարկելու, այն հասցեագրել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն, որի համակարգում է գտնվում Օհաննես Ստեփանյանի սեփական հողատարածքի նկատմամբ ապօրինություններ կատարած հիշյալ ընկերությունը: Սակայն, սա դեռ մի կողմ, ընդունենք, որ վարչապետը կամ նրա համապատասխան ենթական կարող էր նաև այդպես վարվել, ի վերջո, կարևորը դիմումի օբյեկտիվ քննությունն է, դիմումում բարձրացված հարցերին լուծում տալը և դիմումատուին հավուր պատշաճի պատասխանելը:
Այս հոդվածը գրելու առիթն ու անհրաժեշտությունը չէին լինի, եթե ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը կամ նրա տեղակալը Օհաննես Ստեփանյանի դիմումի հետ չվարվեին հին և արատավոր մեթոդով: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը փոխանակ դիմումի քննությունը հանձնարարելու նախարարության իրավաբանական վարչությանը, անձնակազմի կառավարման բաժնին, կամ, թեկուզ, ինքը ըստ էության, դիմումը քննելու և հավուր պատշաճի պատասխանելու, Օ. Ստեփանյանին ս. թ. հուլիսի 25-ի թվագրությունն ունեցող մի գրությամբ տվել է հետևյալ պատասխանը.
«Ի պատասխան ՀՀ վարչապետին ուղղված 2017 թ. հուլիսի 4-ի Ձեր դիմումի, հայտնում ենք, որ հարցը քննարկվել է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող էլեկտրամատակարարման հուսալիություն ծրագիրն իրականացնող «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի հետ: Քննարկման արդյունքներով կից ներկայացնում ենք «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի պարզաբանումները դիմումում բարձրացված հարցի վերաբերյալ»:


Նախարարությունը ԲԷՑ-ի հետ, այո՛, պետք է քննարկեր հարցը, նշված ընկերությանը պետք է հարցեր առաջադրեր, նրանից պատասխաններ պահանջեր, բայց հետո ստուգեր այդ պատասխանների կամ պարզաբանումների ճշմարտացիությունը, հիմնավորվածությունը, տվյալ հարցում ընկերության իրավացի լինել-չլինելը, բարձրացված հարցերի հետ կապ ունենալ-չունենալը, և դրանից հետո նոր միայն պատասխաներ Օ. Ստեփանյանին: Ինքը պատասխաներ, ոչ թե դիմումատուին փոխանցեր այն ընկերության` ԲԷՑ-ի «պարզաբանումները դիմումում բարձրացված հարցի վերաբերյալ», որի կողմից իր սեփականության նկատմամբ կատարված ոտնձգության դեմ բողոքել է սփյուռքահայ գործարարը: Ի՞նչ է ստացվում. Օհաննես Ստեփանյանը ՀՀ վարչապետին բողոքել է իր սեփականության նկատմամբ ԲԷՑ-ի ոտնձգության դեմ, ներկայացրել նշված ընկերության կողմից իրեն պատճառված վնասը, իսկ իր դիմումին պատասխան և հարցին լուծում տալու փոխարեն, նախարարության մի քանի տողանոց հիշյալ գրությանը («պատասխանին») կից ստացել այն ընկերության «պարզաբանումները», որի դեմ բողոքել է: Ընդ որում, այդ ամենը (նախարարության 25.07.2017 թ. գրությունը` ԲԷՑ-ի փոխանցած փաստաթղթերով) «Հայփոստ» ընկերությունը ստացել է միայն սեպտեմբերի 1-ին, ինչը նույնպես խայտառակություն է: Նշանակում է` կամ նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանն է իր այդ «պատասխան» կոչվածն այդքան ժամանակ իր մոտ պահել, կամ կատարող Հրայր Հարությունյանը, իսկ այդպես են աշխատել, որովհետև գիտեն, որ օրեցօր ձեռքից գնացող այս երկրում դրա համար պատասխան չեն տա, եթե, իհարկե, մարդիկ մի օր հարկադրված զենք չվերցնեն…
Հիմա տեսնենք, թե իրենցից ինչ են ներկայացնում ԲԷՑ-ի «պարզաբանումները»: Փաստաթղթերի փաթեթում ներկայացված է Շատին համայնքի նախկին ղեկավար Մ. Սմբատյանի 24.09.2016 թ. տեղեկանքն առ այն, որ Օհաննես Ստեփանյանին պատկանող «հողամասը փաստացի օգտագործում է Շատին համայնքի բնակիչ Առաքել Հմայակի Խուդոյանը»:


«Սուտ է, նման բան չկա, սա կեղծիք է»,- ասում է Օհաննես Ստեփանյանը:
Բնականաբար, հարց է առաջանում` ի՞նչ է այս տեղեկանքը, եթե ոչ պաշտոնեական կեղծիքի արտահայտություն, որի համար քրեական պատասխանատվություն է նախատեսված: Լավ, սոսկ մի պահ ենթադրենք, թե 2016 թ. սեպտեմբերի դրությամբ Շատին համայնքի հիշյալ բնակիչը փաստացի օգտագործել է Օհաննես Ստեփանյանին պատկանող հողամասը, այսինքն` վերջինս Շատինի տվյալ բնակչին, ասենք, տվել է իր անասունները, որպեսզի արածեցնի իրեն պատկանող հողամասում, կամ խոտհունձ կատարի: Սակայն դա, ի՞նչ է, ԲԷՑ-ին իրավու՞նք է տալիս, որ նա առանց հողի սեփականատեր Օհաննես Ստեփանյանի թույլտվությունը, համաձայնությունն ունենալու, նրա կամքին դեմ գնալով, իր պատվերը կատարող հնդկական «AL Kalpataru Power Transmission» կապալառու ընկերության միջոցով ներխուժի Օհաննես Ստեփանյանին պատկանող հողատարածք, ծանր տեխնիկայի համար ճանապարհ բացի դեպի իրեն պատկանող 241 քմ հողատարածք, որպեսզի այնտեղ էլեկտրահաղորդման գծերի համար հենասյուն տեղադրի: Իհարկե՛ ոչ: Ինչպես արդեն նշել ենք, ճանապարհ բացելու համար լուրջ վնաս է պատճառվել սեփականատիրոջը, որի հետևանքները դեռ վերացված չեն, սեփականատիրոջը պատճառված վնասը փոխհատուցված չէ, այդ կապակցությամբ հիմա Օ, Ստեփանյանի հայցով դատական գործընթացը շարունակվում է:
ԲԷՑ-ի ներկայացրած հաջորդ փաստաթուղթը ԲԷՑ-ի գլխավոր տնօրեն Արթուր Բաղդասարյանի կողմից ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանին հասցեագրված 20.07.2017 թ. պատասխան գրությունը կամ պարզաբանումն է, որում նշված է.
«Նշված 0,0241 հա մակերեսով հողամասի վրա կապալառու ընկերության կողմից պայմանագրով սահմանված ժամկետներում և կարգով պետք է տեղադրվեր Նորատուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-Որոտան 1 220 կՎ օդային էլեկտրահաղորդման գծի մաս կազմող հենարանը, սակայն տվյալ հենարանով ծանրաբեռնված «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության սեփականությունը հանդիսացող 0,0241 հա մակերեսով հողամասը բոլոր կողմերից հատվում է (սահմանակից է) Օհաննես Ստեփանյանին պատկանող հողամասերին, ուստի տվյալ հողամասի վրա շինարարական աշխատանքներ իրականացնելը` առանց վերջինիս պատկանող հողամասերի տարածքով դրանց մոտենալու, անհնար է»:
Այ՜ քեզ բան, ԲԷՑ-ի գլխավոր տնօրենը կամ ԲԷՑ-ը նո՞ր պարզեց, որ իր սեփականությունը հանդիսացող 0,0241 հա մակերեսով հողամասը բոլոր կողմերից հատվում է (սահմանակից է) Օհաննես Ստեփանյանին պատկանող հողամասերին, ուստի տվյալ հողամասի վրա շինարարական աշխատանքներ իրականացնելը` առանց վերջինիս պատկանող հողամասերի տարածքով դրանց մոտենալու, անհնար է: Եթե Արթուր Բաղդասարյանը կամ ԲԷՑ-ի մեկ այլ պաշտոնյա դա նոր է պարզել, ապա այդ խայտառակ բացթողման համար համապատասխան պաշտոնյան պետք է պատասխանատվության ենթարկվի: Եթե Արթուր Բաղդասարյանին կամ ԲԷՑ-ի մեկ այլ պաշտոնյայի նշված հանգամանքը հայտնի է եղել ի սկզբանե, սակայն մտածել են, որ կարիք չկա դիմել, որպեսզի այդ տարածքի և, ընդհանրապես, Օ. Ստեփանյանին պատկանող ողջ հողատարածքի (մոտ 10 հա) նկատմամբ նույնպես ճանաչվի բացառիկ գերակա հանրային շահ ու սեփականատիրոջը փոխհատուցվի, նախընտրել են դրա փոխարեն անցնել Օ. Ստեփանյանի իրավունքների և օրինական շահերի վրայով, ապա դրա համար նույնպես պետք է պատասխանատվության ենթարկվի ԲԷՑ-ի գլխավոր տնօրենը կամ համապատասխան պաշտոնյան:


«Հաշվի առնելով վերոնշվածը, Օհաննես Ստեփանյանի հետ նախնական բանավոր համաձայնություն է ձեռք բերվել հենարանի մոտեցման ճանապարհների կառուցման վերաբերյալ»,- նշված է Արթուր Բաղդասարյանի հիշյալ գրության մեջ:
Օ. Ստեփանյանը պնդում է, որ դա նույնպես սուտ է, չի համապատասխանում իրականությանը, ինքը երբևէ, թեկուզ բանավոր չի տվել իր համաձայնությունը հենարանի մոտեցման ճանապարհների կառուցման վերաբերյալ:
Ի՞նչ է նշանակում նախնական բանավոր համաձայնություն սեփականության հետ կապված այդպիսի լուրջ հարցում: Հենարանի մոտեցման ճանապարհների կառուցման վերաբերյալ համաձայնությունը իրավական ուժ և արժեք կունենար միայն գրավոր լինելու դեպքում, մինչդեռ գրավոր համաձայնություն չկա: Այսպիսով, ԲԷՑ-ի գլխավոր տնօրենը վկայել է իր ցածր իրավագիտակցության մասին, ինչի վառ արտահայտությունը տեսնում ենք նրա պարզաբանման նաև հաջորդ պարբերությունում.
«Միաժամանակ, հիմք ընդունելով, որ Շատին համայնքի ղեկավարի կողմից 24.09.2016 թվականին տրված տեղեկանքի համաձայն` նույն համայնքում գտնվող Օհաննես Ստեփանյանին պատկանող, ինչպես նաև վերջինիս կողմից վարձակալված հողամասերի փաստացի օգտագործող է հանդիսանում Շատին համայնքի բնակիչ Առաքել Հմայակի Խուդոյանը, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերությունը տվյալ հատվածով անցնող հենարանների մոտեցման ճանապարհները գրավոր համաձայնեցրել է նաև Առաքել Խուդոյանի և Շատին համայնքի ղեկավարի հետ»:
ԲԷՑ-ն այսպիսով հողամասի սեփականատիրոջը թողած, հենարանների մոտեցման ճանապարհները գրավոր համաձայնեցրել է ոմն Առաքել Խուդոյանի և Շատին համայնքի ղեկավարի հետ: Հարց չի՞ առաջանում, որ եթե ԲԷՑ-ը գրավոր համաձայնեցման կարգն ու ճանապարհը գիտեր, ինչո՞ւ այդ ճանապարհների կամ, թեկուզ, 0.0241 հա մակերեսով իր սեփական հողատարածք տանող ճանապարհի կառուցման հարցը գրավոր չի համաձայնեցրել Օ. Ստեփանյանի հետ, որի սեփական հողատարածքով պետք է անցներ այդ ճանապարհը: Կամ, ընդհանրապես, ո՞վ է, ասենք, Առաքել Խուդոյանը, որ նրա հետ է գրավոր համաձայնեցրել, այն դեպքում, երբ Առաքել Խուդոյանն այդպիսի համաձայնություն տալու իրավասություն և լիազորություն չի ունեցել ու չունի:


Եթե նորմալ երկրում ապրեինք, ապա թեկուզ միայն իր ցածր իրավագիտակցության համար ԲԷՑ-ի գլխավոր տնօրենին պաշտոնանկ կանեին, սակայն Հայաստանում, որը խժռված է կոռուպցիայի կողմից, նորություն չէ, որ խայտառակ ու հանցավոր բարքեր են:
Ինչպես ակնհայտ է, Ա. Բաղդասարյանի պարզաբանման վերը մեջբերված հատվածն ավարտվում է «հենարանների մոտեցման ճանապարհները գրավոր համաձայնեցրել է նաև Առաքել Խուդոյանի և Շատին համայնքի ղեկավարի հետ» բառերով: Եվ ահա դրանից անմիջապես հետո, հաջորդ պարբերությամբ ԲԷՑ-ի գլխավոր տնօրենը շարունակել է.
«Սակայն, հետագայում վերջինս հայտնել է, որ հենարանի կառուցման աշխատանքները իրականացվում են նախագծով սահմանված հատվածից դուրս և դրա կառուցման արդյունքում քարեր են թափվում իր հողատարածք և կարող են վնասել իր շինությունները»:
Ո՞վ է հայտնել` Շատին համայնքի ղեկավա՞րը… Հողատարածքը, շինությունները նրա՞նն են… Պարզ է, որ այս անհեթեթությունը Արթուր Բաղդասարյանի անպատասխանատու աշխատանքի, խայտառակ գործելաոճի հետևանք է: Այլ խնդիր է, որ նա Օ. Ստեփանյանին է նկատի ունեցել, բայց գրել է Շատին համայնքի ղեկավարի վերաբերյալ: Սակայն խնդիրը սոսկ սա չէ… Իր ներկայացրած պարզաբանման այս և նախավերջին պարբերություններով ԲԷՑ-ի գլխավոր տնօրենը կիսաճշմարտությունը ներկայացնելով, մոլորության, թյուրիմացության մեջ է գցել իր վերադասին` ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանին: Իրականում Օ. Ստեփանյանը հայտնել է նաև, որ դեպի հենարանի կառուցման վայր տրանսպորտի, ծանր տեխնիկայի համար ճանապարհը բացվել է իրեն սեփականության իրավունքով պատկանող ու նախագծով չնախատեսված հողատարածքում, քարերը թափվել են նաև ճանապարհ բացելու ընթացքում:


«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերությունը, կարևորելով անձանց առողջությանը սպառնացող ենթադրյալ վտանգը նախապես կանխարգելելու անհրաժեշտությունը, անկախ տվյալ հատվածում քարերը շինարարական աշխատանքների արդյունքում թափվելու հանգամանքից, տեղում ուսումնասիրել է խնդիրը Օհաննես Ստեփանյանի և կապալառու ընկերության հետ միասին,- իր պարզաբանումը շարունակելով, գրել է Արթուր Բաղդասարյանը:- Արդյունքում, պարզվել է, որ հենարանը կառուցվում է նախագծի պահանջների համաձայն և դրանով նախատեսված տեղում»: Ի՜նչ էլ անձանց առողջությունը կարևորող ընկերություն է… Կարևորող լիներ, ի սկզբանե կհետևեր, որ չառաջանար նշված իրավիճակը` ճանապարհի կառուցման պատճառով քարերը չթափվեին սփյուռքահայ ֆերմերի հողատարածք ու չվտանգեին նրա շինությունները և ոչ միայն…
Ահա և ԲԷՑ-ի գլխավոր տնօրենի պարզաբանման նախավերջին պարբերությունը. «Միաժամանակ, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերությունը հանձնարարել է կապալառու ընկերությանը ամեն դեպքում վերացնել անձանց սպառնացող բոլոր հնարավոր վտանգների աղբյուրները, որի արդյունքում կապալառու ընկերության կողմից Օհաննես Ստեփանյանին պատկանող հողատարածքը մաքրվել է քարերից, ինչպես նաև վերացվել է ենթադրյալ քարաթափության վտանգը»:


Մենք չգիտենք, թե ԲԷՑ-ը կապալառու ընկերությանն իրականում ինչ է հանձնարարել, բայց Հ. Հարությունյանին ուղղված Ա. Բաղդասարյանի հիշյալ` 20.07.2017 թ. գրությունից հետո, օգոստոսի 11-ին անձամբ ենք եղել տվյալ վայրում ու մեր աչքերով տեսել, որ Օհաննես Ստեփանյանին պատկանող հողատարածքը քարերից մաքրված չէ, վերացված չէ նաև քարաթափության վտանգը: Այդ վտանգն առկա է ոչ ուժեղ երկրաշարժի, նաև Օ. Ստեփանյանին պատկանող անասունների տեղափոխման դեպքում, եթե վերջինս փորձի իր անասուններն անցկացնել այդ վայրով` արոտավայրից դեպի գոմ միակ ճանապարհով:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության «պատասխանին» կից ներկայացված «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության «պարզաբանումների» փաթեթում առկա մյուս փաստաթուղթը Շատին համայնքի այժմ արդեն նախկին ղեկավար Մ. Սմբատյանի վերոնշյալ ընկերությանը տված արդեն ժամկետանց շինթույլտվությունն է: 2016 թ. հունիսի 1-ին տրված այդ շինթույլտվության մեջ հստակ նշված է` «Շինարարական աշխատանքներն իրականացնել 01.06-01.11. 2016 թ. ընթացքում»:
Երկրորդ. տվյալ փաստաթուղթն ընդհանրապես կապ չունի Օ. Ստեփանյանի բարձրացրած խնդրի հետ, քանի որ այն ընդամենը համայնքի վարչական տարածքում բարձրավոլտ էլեկտրահաղորդման օդային գծերի մետաղական հենարանների կառուցման շինթույլտվությունն է, մինչդեռ սփյուռքահայ գործարարը բողոքում է ոչ թե հիշյալ ընկերության կողմից վերջինիս պատկանող հողատարածքում նշված հենարանների կառուցման դեմ, այլ դրանցից մեկը կառուցելու նպատակով իր սեփական հողատարածք ներխուժելու, ծանր տեխնիկայի համար ճանապարհ բացելու, իր անասունների կերակրմանը ծառայող խոտհարքը ոչնչացնելու, տարբեր չափերի, այդ թվում նաև հսկայական քարերը ներքև, դեպի ձորը գլորելու և քարաթափության վտանգ առաջացնելու դեմ:


Ի վերջո, հիշյալ շինթույլտվության մեջ հստակ նշված է նաև. «Կառուցապատողը նախքան շինարարություն սկսելը, ինչպես նաև դրա ընթացքում, պարտավոր է հասցվելիք վնասների փոխհատուցման համար համաձայնության գալ կառուցապատման հետևանքով վնասներ կրող սուբյեկտների հետ»: Թե համայնքի ղեկավարն ու՞մ է նկատի ունեցել որպես կառուցապատման հետևանքով վնասներ կրող սուբյեկտներ, չգիտենք, բայց միանշանակ կարող ենք ասել, որ կառուցապատողը Օ. Ստեփանյանի (իր հողատարածքին հարակից հողատարածքի սեփականատիրոջ) հետ կառուցապատման հետևանքով պատճառվելիք վնասների վերաբերյալ որևէ համաձայնություն ձեռք չի բերել:
Հիմա ի՞նչ, այս ամենից հետո ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը համարելու է, թե իրեն ուղղված սփյուռքահայ գործարարի դիմում-բողոքին պատասխա՞ն է տվել կամ տրվել… Հետո էլ զարմանալու՞ է, թե ինչու է երկիրը դատարկվում, ներդրումները քիչ են, անբավարար, տնտեսությունը` խղճուկ, ողորմելի վիճակում:
Ի հեճուկս իրենց և իրենց սեփականության, տնտեսության դեմ ոտնձգած, իրենց նկատմամբ հետապնդումներ սկսածների, Օհաննես Ստեփանյանը և Տիգրան Եղոյանը հրապարակայնորեն հայտարարում են, որ իրենք չեն ընկճվելու, չեն հեռանալու Հայաստանից, շարունակելու են իրենց ծրագրերը և պայքարը մինչև վերջ, ավելին` ՀՀ-ում ապրող մյուս սփյուռքահայերին և, ընդհանրապես, Հայաստանի ողջ բնակչությանը կոչում են հետևել իրենց այս օրինակին:


Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովից առաջ սփյուռքահայ գործարարի նկատմամբ տեղի ունեցածը կատարյալ խայտառակություն է: Իշխանությունների կողմից այսպիսի վերաբերմունքի դեպքում չափազանց դժվար է հավատալ, թե նրանց նպատակը կամ, թեկուզ, նպատակներից մեկը Հայաստանի ու Սփյուռքի ջանքերի մեկտեղմամբ Հայաստանն ու նրա տնտեսությունը ներկայիս դժվարին վիճակից հանելն է: Հավանաբար մտածում են, թե, ասենք, 100 «ախպարի» մեջ, ինչպես էլ լինի, 1-2-ը միամիտ, Հայաստանում առկա իրավիճակին անտեղյակ ու չափազանց հայրենասեր կլինեն, համոզենք նրանց, ներդրումներ կատարեն, իսկ հետո մեր տղաների, ախպեր տղերքի համար փայ մտնելն ու աստիճանաբար բիզնեսին տիրանալը դժվար չի լինի, քանի՛ քանիսի ունեցվածքին են տիրել, կերել ու մարսել… Վստահեցնում ենք այդպիսի ախորժակ ունեցողներին` գալու է այն օրը, երբ այլևս չեք կարողանալու զխկտվել, կոկորդներիդ է կանգնելու:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4865

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ