Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Տղամարդն ու կինն ընտանեկան միության մեջ ունեն որոշակի և հստակ զանազանված դերեր

Տղամարդն ու կինն ընտանեկան միության մեջ ունեն որոշակի և հստակ զանազանված դերեր
26.09.2017 | 00:05

«Եվ ոչ ոքի պարտապան մի մնացեք, բացի միմյանց սիրելուց, քանի որ ով սիրում է ընկերոջը, կատարում է օրենքը. մի՛ շնացիրը, մի՛ սպանիրը, մի՛ գողացիրը, սուտ մի՛ վկայիրն ու մի՛ ցանկացիրը...» (Հռոմ. 13. 8-9):
«Ընտանիք» հասկացությունը, որը մարդկային պատմության և հանրային կյանքում դրսևորված հնագույն եզրույթ ու հասարակական միավոր է, խորհրդանշում և արտահայտում է մարդու՝ որպես անձի ամբողջականության սկզբունքը:
Հայ առաքելական եկեղեցում ընտանիքի քրիստոնեական ընկալումը բարձրագույն իմաստով արտահայտվում է Պսակի խորհրդով, այսինքն՝ այն ներգրավված է Եկեղեցու խորհրդական համակարգում՝ կյանքի սրբության և սրբագործված կյանքի բարձրագույն ըմբռնումով: Դավանաբանական առումով՝ Սուրբ Երրորդության ներքին կյանքի, անձերի հավասարության, յուրաքանչյուրի հատուկ դերակատարության, պատվի, իշխանության և վերջապես՝ անձերի միջև առկա սիրո հարաբերությունն է կազմում ընտանիքի մասին քրիստոնեական ընկալման, վարդապետական, դավանաբանական, գաղափարական և դրանից բխող հանրային դրսևորման և միջանձնային հարաբերության հիմքը: Աստված Իր մասին Ծննդ. 1. 26-ում խոսում է հոգնակի թվով՝ անուղղակիորեն խորհրդանշելով Իր ներքին համայնական կյանքը, որտեղ գերակայություն կամ ստորակայություն գոյություն չունի: Սուրբ Երրորդության երեք առանձնավորությունները՝ Հայր, Որդի և Սուրբ Հոգի, չնայած տարբեր առանձնավորական հատկություններին, պատկանում են միևնույն բնությանը: Այս առանձնավորություններից ոչ ոք չի ձգտում դառնալ մյուսը՝ փոխելով իր հատկությունները. Որդին չի ձգտում Հայր դառնալ, Սուրբ Հոգին՝ Որդի, այլ երեքն էլ Հոր անձի միջոցով անբաժանելի են մեկ և միակ բնության մեջ: Նրանք մեկ բնություն են՝ աստվածային սիրո մեջ հարատևող: Հետևաբար այդ նույն պատկերով և նմանությամբ ստեղծվածն էլ իր բնույթով արտապատկերում է տվյալ կյանքի սկզբունքը: Որպես աստվածային պատկերի և մարդկային պատկերի կրողներ՝ կնոջ և տղամարդու արարումն ամբողջանում և կատարյալ է դառնում սիրո միության մեջ: Սերը սոսկ տղամարդու և կնոջ՝ իրար ուղղված նայվածք չէ: Սխալ է կարծել, թե սիրել նշանակում է միայն մարմնապես պատկանել իրար: Իրական սերն այն է, որ միացնում է հոգիները, նայվածքները, որպեսզի երկուսը միասին նայեն նույն ուղղությամբ: Իսկ այդ սիրո միությունն ինքնարտահայտության բարձրագույն աստիճանին է հասնում մարդկային ցեղի շարունակականության պատգամով:


Դավանաբանական երկրորդ դրույթը, որ ներկայացնում է Պսակի խորհուրդը, Քրիստոսի և Իր Եկեղեցու միությունն է: Սուրբ Երրորդության երկրորդ անձը՝ Որդին, դառնում է Աստվածամարդ՝ Սուրբ Կույս Աստվածածնից մարդանալով և մարդկային բնություն առնելով: Բանն Աստված կատարյալ մարդկային բնություն զգեցավ՝ ամեն ինչով նման մեր մարդկային բնությանը՝ բացի մեղքից: Մարդեղության այս փաստի մեջ աստվածային և մարդկային բնությունների միացումը, անշփոթ կերպով դրանց հատկությունների արտահայտումը լույս կարող են սփռել այն միության վրա, որի մասին խոսում է Պողոս առաքյալը Եփեսացիներին ուղղված նամակում (Եփես. 5. 21-23): Ե՛վ Քրիստոսի մարդեղությունը, և՛ տարբեր սեռերի ներկայացուցիչների՝ տղամարդու և կնոջ միությունը խորհուրդ են: Երկուսից ոչ ոք չի կորցնում իր հատկություններն ու առանձնահատկությունները իբրև առանձին անձնավորություն, սակայն այդ միության մեջ անքակտելիորեն միանում է մյուսին: Այլ խոսքով, այդ միության մեջ առանձնավորությունը սովորում է ապրել ոչ միայն ինքն իր «հետ», այլև ինքն իր «համար», քանզի միությամբ արդեն դարձել է մեկ բնություն:
Քրիստոնեական բարոյականությունը, տղամարդու և կնոջ փոխհարաբերությունը պատկերացնելով Քրիստոսի և Իր մարմնի՝ Եկեղեցու միությամբ, միանշանակորեն շեշտում է նաև այդ միության եկեղեցական, հավաքական իմաստը: Միանալով և մեկ դառնալով իբրև մարդկային բնություն՝ այր և կին հաղորդակից են դառնում Քրիստոսի մարմնին: Այս վերջինիս հաղորդակցվելով է, որ Աստված, ինչպես դրախտում Ադամի ու Եվայի պարագայում, դառնում է նրանց միության վկան և սրբագործում է այն:


Արարչագործությամբ հաստատված սեռերի տարբերությունը ոչ թե ենթադրում է բաժանում, այլ ընդհակառակը, փոխլրացում և ամբողջացում ազատության և սիրո մեջ: Քրիստոնեական ըմբռնմամբ, ամուսնությունը սոսկ համաձայնագիր կամ պայմանագիր չէ, այլ խորհուրդ, սիրո խորհուրդ՝ Քրիստոսով միացած: Ամուսնական կյանքի կատարելությունն ու հարաբերությունների սկզբունքն արտահայտվում են Քրիստոսի և Եկեղեցու սիրո հարաբերությամբ: Այսպիսի հոգևոր բացարձակ ընկալումն է կազմում Պսակի խորհրդի հիմքը, որի առաջնային և հիմնական նպատակը տղամարդու և կնոջ սիրո հարաբերությունն է: Հենց այս սիրո հարաբերությունից է բխում որդեծնության ըմբռնումը, որն այդ սիրո և հաղորդության արգասիքն է, և այդ երեխաների ծնունդը, խնամքն ու դաստիարակությունն ամուսնական կյանքի կարևոր և առանցքային բաղկացուցիչն են:
Տղամարդն ու կինն ընտանեկան միության մեջ ունեն որոշակի և հստակ զանազանված դերեր: Այս առումով Պսակի սուրբ խորհրդի ծիսակատարության մեջ է, որ այր-կին փոխհարաբերությանն ու ամուսնական միությանն առնչվող մի քանի առանձնահատկություններ կարող ենք վերհանել: Նախ և առաջ պետք է նշել, որ Հայ եկեղեցին, մեծ նշանակություն տալով Պսակի խորհրդին և այն ընդունելով Քրիստոսի և Իր մարմնի՝ Եկեղեցու միջև առկա սրբազան փոխհարաբերության լույսի ներքո, Պսակի խորհրդի հետ առանձնացնում է նաև Նշան օրհնելու հատուկ կարգը, որը, ըստ էության, սուրբ Պսակի նախապատրաստական և ավելի հոգևոր երեսն է: Այս երկու՝ միմյանց լրացնող մասերը զննելով՝ կարող ենք փոքրիշատե տարորոշել տղամարդուն և կնոջը տրված դերերը՝ արարչագործությունը երկրի վրա շարունակելու սրբազան և աստվածային առաքելության մեջ: Տղամարդն ու կինն անվանվում են թագավոր և թագուհի: Խորհրդաբանորեն տրված այս որակումը մեզ տանում է դեպի Ծննդ. 1-3 գլուխները, երբ Ադամն ու Եվան դեռևս բացարձակ տեր և իշխանն էին իրենց կրքերի ու արարված ողջ բնության: Քահանան ամուսինների սրբազան կապը Խաչի նշանով օրհնելուց և նրանց գլուխների վրա նարոտները կապելուց հետո «վերացնում», այսինքն՝ դրանք հանելով՝ հաստատում է այս կապի իրականությունը:
Տղամարդն ու կինը քրիստոնեական կոչում ունեն միասին խորհելու և միասին ապրելու՝ մեկը մյուսի համար: Եկեղեցու այս վարդապետության համաձայն՝ ամուսնացած զույգը չի կարող պտղալից ձիթենու պես տնկվել Եկեղեցու անդաստանում, չի կարող որդեծնության աստվածադիր հրամանն ու պատգամը ճիշտ իրագործել, եթե միասիրտ և միախորհուրդ չէ: ՈՒրեմն տղամարդու և կնոջ դերակատարությունը քրիստոնեական պսակի մեջ որդեծնությունից առաջ այդ միությունը ճշմարիտ և անարատ սիրո վրա հիմնելն է:


Ամուսնական կյանքում սեր և համերաշխություն պահպանելու համար դերերի տեղաբաշխման մեջ չի կարող որևէ տարբերություն լինել, որովհետև սիրո այդ հարաբերությունը, ինչպես արդեն նշվեց, Քրիստոսի և Իր Եկեղեցու անքակտելի կապի օրինակն է: ՈՒրեմն և ամուսնական անկողինը սուրբ է, ամուսնական հարաբերությունների մեջ էլ կին և տղամարդ հավասար են կիսում պարտավորությունները: Այր և կին իրենց հոժար կամքով, միմյանց հանդեպ հոժարության և նվիրումի արտահայտմամբ, սրտի վկայությամբ հաստատում և կիսում են իրենց դերակատարությունը՝ Աստծո պատգամը՝ որդեծնությունը երկրի վրա իրագործելու համար: Համատեղ կյանքի և փոխադարձ սիրո անդրադարձի տրամաբանական զարգացումն է որդեծնությունը: Տղամարդու և կնոջ փոխադարձ պարտականություններն իմաստ չունեն, եթե դրանք ուղղված չեն նոր, «դրախտի ընտանիք» ստեղծելուն: Ինչպես Քրիստոսի և Իր եկեղեցու միության հոգևոր ծնունդն են մկրտության ավազանից ծնված և մեղքերից մաքրված քրիստոնյաները, այդպես էլ տղամարդու և կնոջ կոչումն է որդեծնության միջոցով Աստծո փառքը` արարչագործությունը, երկրի վրա միշտ անխախտ պահել:
Եկեղեցին ընտանիքը նկատում է որպես կրթական, դաստիարակչական այն բացառիկ միջավայրը, որն ուսուցանում է մերժել իրավունքի եսակենտրոն դրսևորումը և զարգացնում է հանրային պատասխանատվության գիտակցությունը: Ընտանիքը պատմության շարունակականության կրողն է, որտեղ սերունդների հիշողությունը փոխշաղկապված է նաև պատկանելության զգացումով: Այս առումով կարևորագույն նշանակություն ունեն ներընտանեկան հարաբերություններում առկա յուրաքանչյուրի դերն ու պատասխանատվությունը: Բարեհաջող է ամուսնությունը, և երջանիկ է ընտանիքը, եթե ամուսինները միմյանց հանդեպ հավատարիմ են և միմյանց սիրում են ինչպես սեփական անձը, եթե այր և կին չեն ներկայանում իբրև տարբեր անձ, այլ մի հոգի՝ բնակված երկու մարմնի մեջ, նաև ողջամիտ են ու աշխատասեր, ուրախ, հանդարտ, ընտանիքի փոխնիփոխ հոգածուներ, միմյանց մխիթարող ու օգնող, այնպես, որ ապրում են ոչ այլ բանի, եթե ոչ միմյանց օգտակարության ու հաճելի լինելու համար:

Տեր Պարգև քահանա ԶԵՅՆԱԼՅԱՆ
Սիսիանի տարածաշրջանի հոգևոր հովիվ

Դիտվել է՝ 2195

Մեկնաբանություններ