Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Նրա կտավներում մեր երկրի պատմությունն է, անցյալն ու ներկան, վիշտն ու ցավը, սերն ու ուրախությունը»

«Նրա կտավներում մեր երկրի պատմությունն է, անցյալն ու ներկան, վիշտն ու ցավը, սերն ու ուրախությունը»
26.09.2017 | 14:28

Երբ գրիչն առնում ես ձեռքդ քեզ այնքան հարազատ դարձած մարդու մասին հուշերդ հանձնելու թղթին, անասելի մի տխրությամբ ու նուրբ թախծով է պարուրվում հոգիդ. արվեստագետ, որի թողած հարուստ ժառանգությունը, դառնալով պատմություն, մեր ժողովրդի ստեղծած հոգևոր արժեքների անքակտելի մասն է: Նրա հետ ունեցած բազմաթիվ շփումները, ծանոթությունից մինչ հանդիպումներ ու տարաբնույթ զրույցներ, կյանքիդ ու կենսագրությանդ անբաժանելի ուղեկիցն են դառնում, ու մի օր էլ վճռում ես այդ ամենին հաղորդակից դարձնել նաև ընթերցողիդ: Արվեստաբան, բանասեր, Հայաստանի նկարիչների միության անդամ Սյուզաննա Փիլոսյանի հուշագրությունը, նվիրված վրձնի մեր ավագագույն վարպետներից, հայ կերպարվեստի երախտավորներից մեկին՝ Էդուարդ Իսաբեկյանին, գրված է մեծ անմիջականությամբ ու անկեղծությամբ, սիրով և խոնարհումով: Մասնագիտական գործունեության ողջ ընթացքում, տարիներ շարունակ վայելելով ստեղծագործական հարուստ ու բեղմնավոր ուղի անցած նկարչի՝ Էդուարդ Իսաբեկյանի մտերմությունը, իր հուշերում մշտարթուն պահելով նրա հետ կայացած բազում հանդիպումները, արվեստաբանը սույն հուշագրությամբ կերտել է Իսաբեկյան արվեստագետի, Իսաբեկյան մարդու և քաղաքացու, ի վերջո, իր ժողովրդի ցավերով ու հոգսերով տառապող, իր հայրենիքին, հողին ու ջրին ամուր կառչած, իր մշակույթի ու պատմության ճակատագրով մտահոգ Իսաբեկյան կերպարը:

«Կենսասեր, բազմակողմ հետաքրքրություններով, խորապես ազգային մտածողությամբ արվեստագետ էր Իսաբեկյանը,- գրում է արվեստաբանը:- Նա դիմացկուն էր, ուժեղ, հոգով հարուստ: Չեմ կարող ասել՝ ինչու, բայց կարծում էի, թե մահն անզոր է նրա առաջ, միշտ ապրելու է և, ծխախոտի գլանակը ձեռքին, հնաոճ բազկաթոռին բազմած, իր խոսքն ու զրույցը շռայլորեն բաժանելու է ներկաներին... Նրանք, ովքեր ծանոթ են եղել Էդուարդ Իսաբեկյանի հետ, իրենց հոգում միշտ կպահեն այն լույսն ու ջերմությունը, որ ճառագում էր նրանից»:


Ճշմարիտ մտավորական ու արվեստագետ, ստեղծագործական բարդ խառնվածքով օժտված, կյանքի յուրաքանչյուր երևույթի հաղորդակիցն էր Էդուարդ Իսաբեկյանը, ում արվեստն էլ հենց իր նկարագրի՝ մերթ խոհական ու ըմբոստ, մերթ փխրուն ու հաստատակամ լինելու դրսևորումն էր: Ինչպես գեղանկարչական երկերը, նույն տաղանդավոր գրչով է երկնել Վարպետն իր «Իգդիր» վեպը, իր ծննդավայրին նվիրված այդ պատումում հոգու մորմոքով ու անհուն թախծով խտացրել ու արտացոլել հայրենի Էրգրի կարոտը: «Թեև չէր ապրել Իգդիրում, սակայն հոգում անջինջ էին ծննդավայրի պատկերները,- գրում է Սյուզաննա Փիլոսյանը:- Կորուսյալ հայրենիքի կարոտը նրան հանգիստ չէր տալիս, դա նրա մարդկային էության մեջ էր... Չէր ապրել Իգդիրում, բայց իգդիրցի էր իր նիստուկացով, հայրենասիրությամբ ու հավատարմությամբ: Այս հուշապատումն ընթերցելիս հայ արվեստասերն ավելի լայնորեն բացահայտեց Իսաբեկյան նկարչին, գրողին ու բանաստեղծին, Իսաբեկյան մարդուն, ՀԱՅ մարդուն, ով անհագ սիրով էր լցված հանդեպ իր հայրենիքն ու ժողովուրդը, ով քաջատեղյակ էր իր պատմությանը, հայ ու համաշխարհային գրականությանը, ով հաղորդակցվել է ժամանակի անվանի մտավորականների՝ Մարտիրոս Սարյանի, Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի, Պարույր Սևակի, Հրաչյա Հովհաննիսյանի, Համո Սահյանի, Վահագն Դավթյանի և այլոց հետ, եղել նրանց մտերիմ ընկերն ու ժամանակակիցը: Արվեստաբանն իր հուշապատումով մեզ լայնորեն ներկայացրեց մի արվեստագետի, որը «մի ամբողջ դարաշրջան էր հայկական կերպարվեստում, մշակույթում, հայ կյանքում՝ առհասարակ: Նրա կտավներում մեր երկրի պատմությունն է, անցյալն ու ներկան, վիշտն ու ցավը, սերն ու ուրախությունը»: Նկարչին նվիրված այս գրքում, որը համեստ հուշի մի փորձ է, վեր հառնեց մի ՀԱՅ մարդ, որը «հեռացավ կյանքից՝ իր ժողովրդին թողնելով գեղանկարչական բացառիկ արժեքներ, տաղանդաշատ մի մեծ ՀԱՅ՝ ՀՀ ժողովրդական նկարիչ, մեր ԱՆԿՐԿՆԵԼԻ ԻՍԱԲԵԿՅԱՆԸ»:


Արմեն ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1708

Մեկնաբանություններ