Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Նեթվորք արշավից» մինչև «գյուղ-քաղաք» յուրատեսակ հարթակ

«Նեթվորք արշավից» մինչև «գյուղ-քաղաք» յուրատեսակ հարթակ
30.09.2017 | 14:24

Մեկ տարի առաջ Հայաստանում հիմք դրվեց, այսպես կոչված, «նեթվորք արշավին», երբ գործարար հաջողությունների հասած կամ հաջողությունների ձգտող մարդիկ հանդիպում են ոչ ֆորմալ միջավայրում` ակտիվ հանգիստը համատեղելով գործնական կապերի հետ: «Նեթվորք արշավը» ենթադրում է ծանոթություն, փորձի փոխանակում, հետագա համագործակցություն:


Նախագծի հեղինակ, գործարար ՄԱՅԻՍ ՄԱՐԳԱՐՅԱՆՆ ընդգծում է, որ ոչ ֆորմալ միջավայրը կարևոր նախապայման է, քանի որ արշավի ժամանակ կոտրվում է ցանկացած կարծրատիպ: Օրինակ է բերում, որ ուսանողը կարող է ձեռքը մեկնել ու քարի վրայով անցկացնել միլիոնատիրոջը: Արշավի գնում են մեկ տրանսպորտով: Սա նույնպես «նեթվորք արշավի» կարևոր պայմաններից է: Տեղանքն ընտրում են հետևյալ սկզբունքով. ամենակարևորը` արշավն ինքնանպատակ չպետք է լինի: Ընտրվում է այն ուղղությունը, որը տուրիստական պոտենցիալ ունի, բայց անարդարացիորեն անտեսված է:


Հետաքրքրվեցի` ի՞նչն է պատճառը, որ պատմական միջավայրի շատ հրաշալիքներ` հնավայրեր, բնական հուշարձաններ, դուրս են մնում ուշադրությունից: Զրուցակիցս ասաց, որ հոսքերը շատ են այն վայրերում, որտեղ ճանապարհները քիչ թե շատ բարվոք վիճակում են, միաժամանակ նկատեց, որ գոյություն ունի արկածային զբոսաշրջություն. «Արշավը հենց այն կատեգորիան է, որ ասֆալտապատ ճանապարհ չի ենթադրում: Շատ հաճախ արշավականներն իջնում են X կետում և երկար ճանապարհ են անցնում սարերով, ձորերով, անտառներով, որ հասնեն նպատակակետին. դա կարող է լինել սար, ջրվեժ, անտառում կորած հնավայր»: Վերադառնալով «Նեթվորք արշավ» նախագծին, Մայիս Մարգարյանն ասաց, որ ակտիվ հանգիստն ընդմիջվում է սեմինարով, որն անցկացնելու համար հրավիրում են բիզնես շուկայում դեր ունեցող գործարարի: Նախագիծը նաև մեկ այլ գործառույթ է ստանձնել. արշավի մասնակիցների տվյալները` մասնագիտությունը, աշխատանքի բնույթը, պաշտոնը, տարիքը արձանագրում են, ինչը յուրատեսակ տեղեկատվական բազա է դառնում հետագա համագործակցության համար:


«Նեթվորք արշավը» նաև «գյուղ-քաղաք» յուրատեսակ հարթակ է ստեղծում. օրվա վերջում, նախնական պայմանավորվածության համաձայն, այցելում են գյուղական օջախ: Գյուղացի-արշավականներ հանդիպումը չի սահմանափակվում սուրճի սեղանի շուրջ հաճելի զրույցով: Արշավի կազմակերպիչները վերցնում են գյուղացիների տվյալները, տեղեկանում` ով ինչ գյուղմթերք ունի, նպաստում են այդ մթերքի իրացմանը, օգնում, որ Երևանում գյուղմթերքի առևտրով զբաղվով գործարարները կապ հաստատեն գյուղացիների հետ: Օրինակ, նպաստել են Վարագավան գյուղի մեղրի իրացմանը, պանրի, գինու կապուղիներ են հաստատել: Մայիս Մարգարյանի խոսքով` գյուղացիների շրջանում բիզնես մտածելակերպի ու ժամանակակից մոտեցումների մեծ բաց կա. որպեսզի բիզնես-մշակույթը տարածվի գյուղական վայրերում, նախ պետք է փոխվեն մարդկանց մոտեցումները, մտածելակերպը: «Գյուղացուն ասում ենք, որ քո բնակավայրից քիչ վերև արշավական երթուղի կա, այն կարող է դառնալ ապրուստի միջոց: Պարզապես պետք է ունենալ հեռախոս, հեռախոսի մեջ` այն հավելվածը, որով զբոսաշրջիկը կգտնի գյուղական տները»,- ասաց զրուցակիցս, նշելով, որ զբոսաշրջիկները, մանավանդ եվրոպացի երիտասարդ զբոսաշրջիկները, նախընտրում են փոքր խմբերով ճամփորդել, մնալ գյուղական տներում:


Նեթվորքցիները եղել են նաև Արցախում: Ասկերանցիները մոտեցել են նրանց, ասել, որ արցախյան զբոսաշրջային-հոսքերը երբեք կանգ չեն առնում իրենց շրջանում: «Նպատակ ունենալով Ասկերան գնացող խումբ ձևավորել` երեքօրյա հանգիստ կազմակերպեցինք` գիշերակացով, երեքանգամյա սննդով, և այդ ամենը` աննախադեպ ցածր գներով: Դրանցից հետո Ասկերանի սրճարաններն սկսեցին հաճախորդներ ընդունել տուրիստական հոսքերից,- ասաց Մայիս Մարգարյանը, հավելելով, որ Ասկերանում ձեռք են բերել հրաշալի ընկերներ` սկսած գյուղի տատիկներից:- Գյուղի տատիկները երևույթ էին, մենք նույնիսկ վիճում էինք` իմ տատիկը քո տատիկից լավն էր»:


Հավելենք, որ «Նեթվորք արշավը» սոցիալական նախագիծ է, և արշավից գոյացած շահույթն ուղղվում է զինհաշմանդամների կարիքներին: Կամավորության սկզբունքով են աշխատում նախագծի հեղինակը, թարգմանիչը (որը զինհաշմանդամ է), ուղեկցողը, մենեջերը, լուսանկարիչը, մոնտաժողը, տոմսերի առաքիչը:
Արշավի վերջում նեթվորքցիները տեսահոլովակ են պատրաստում և նվիրում տեղացիներին:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 5387

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ