Կլինի՞ փողոցային պայքար

Կլինի՞ փողոցային պայքար
03.10.2017 | 01:07

(Առաջին մասը)

Ամրագրենք մեկընդմիշտ` ոչ թե փողոցային պայքար, այլ պայքար փողոցի համար: Ասել է` այս պահին ընդդիմադիր կոչվող ուժերի համար գերխնդիրը մեկն է` առաջիկայում ո՞վ է լինելու փողոցի «տիրակալը», որ համապատասխան «հայրիկները» մատանիներ դնեն նրանց մատներին:
Ինչպես տեսանք` Սէֆիլյանն առաջինը «մեսիջավորեց» իր մատնեմատը. շտապելով և ապավինելով ենթագիտակցական հույսին, թե ազատազրկված «զոհի» իր կերպարը տողանի կշարի իր նշած անձանց մեծ մասին, սակայն «ՊՊԾ-ականների» հույսը մեռավ վերջինը: Ասել է` քաղաքական դաշտը մերժեց Սէֆիլյանենց լիդերությունը «փողոցում»։ Էլ չենք ասում, որ գեոքաղաքական նոր հստակեցման սկիզբ դարձավ. «Ելքից» ոչ թե Նիկոլ Փաշինյանը (որին, ի դեպ, մատնաշելով` Սէֆիլյանն իրականում ցանկացել էր նրան խաղից հանել, որովհետև այդ մատնանշումից հետո Նիկոլի շուրջ սկսեց հյուսվել տեսակետ, որ նա առանձնապես դեմ չէ Ռուսաստանին, ԵԱՏՄ-ից դուրս գալու մասով «կոնյունկտուրա» է բանեցնում, մանավանդ որ խոսակցություններ են պտտվում նրա և որոշ հայաստանյան օդիոզ դեմքերի մոսկովյան հանդիպման մասին), և ուրեմն` խաղի մեջ մտավ Արամ Սարգսյանը (համապատասխանաբար` Էդմոն Մարուքյանն էլ, որոնց «չէր դիմել» Սէֆիլյանը) ու կարճ-կոնկրետ ասաց` Սերժ Սարգսյանի պաշտոնավարության երրորդ ժամկետի դեպքում պատրաստ է ղեկավարելու ընդդիմադիր շարժումը: Պարզ է` փողոցում:
Հասանք գեոքաղաքական «հիբրիդին»: Ասել է` հայաստանյան փողոցում «կլինեն» խառը (իրանա-բեյրութա-ռուսական սիրահոժարության) հայկական քաղաքական կողմնորոշման «զորախմբեր»` մի կողմից, մյուս կողմից` արևմտյան կողմնորոշման քաղաքացիական հասարակության «տարրեր» ու «խմբեր»: Քաղաքագիտորեն ձևակերպած` ղեկավարելի քաոս, որից, ինչպես միշտ, առաջին հերթին կօգտվի իշխանությունը` խաղացնելով բոլորին համաժամանակյա սեանսով: Ասենք նաև` «հիբրիդի» մեջ է իշխանությունը ևս, որի որոշ «թևեր» ակտիվ խաղում են փողոցի «տիրապետման» գնացող ուժերի հետ, և այս օրերին ընթանում են որոշակի «պատրաստություններ»:


Եվ այնուհանդերձ, իշխանության համար «փողոցի» հարցը միանշանակորեն, ինչպես եղավ խորհրդարանական ընտրություններից հետո, լուծված չէ: Հենց միայն այն առումով, որ Քրդստանի անկախացմամբ տարածաշրջանը մտել է նոր շրջապտույտի մեջ, և վերադասավորություններն ու ֆորս մաժորները չեն բացառվում: Նաև` ԵՄ համաձայնագրի քննությունն է առջևում, նաև խոսվում է Սարգսյան-Ալիև հանդիպման մասին… Պաուզան փոքր-ինչ ձգենք. այս օրերին հետաքրքիր «սալդո» արեց ՄԱԿ-ի նստաշրջանի վրա «աղջիկ»` Մեհրիբան, տարած Ադրբեջանի խանը, որը, ի դեպ, եկող տարի` 18-ին ընդառաջ, գնում է ընտրությունների. փորձագետների մի մասը պնդում է` փոխնախագահ Մեհրիբանը կդառնա նրա իրավահաջորդը, եթե խանը չկարողանա լեզու գտնել «աշխարհի» հետ: Իսկ խանը փորձու՜մ է. արդեն իսկ «փռել-հավաքել» է «Դը Գարդիանի» «լվացքը» և նոր` 25 տարվա պայմանագիր կնքել «Բրիթիշ-պետրոլեումի» հետ` Ռուսաստանի գրկից կրկին թռչելով իր խնամակալի գիրկը` սպասելով «պարգևատրման»:


Սակայն Արևմուտքը չի շտապում շոյել Իլհամի «դատարկ» գլուխը ու խառն է Հայաստանի «խնամակալության» խնդիրներով. Սվիտալսկին խոսում է ԵՄ-ի հետ բաղձալի վիզային ռեժիմի ազատականացման մասին, Հայաստան ժամանած բրիտանացի նախարարը Ղարաբաղի առնչությամբ ասում է հայահաճո բաներ, ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչը Հայաստանից ուղիղ Արցախ է մեկնում…
Պարապ չէ նաև Ռուսաստանը` Հայաստանում ՀԱՊԿ զորավարժություններ է կազմակերպում, ԵԱՏՄ համաժողով նախաձեռնում Երևանում, Մեդվեդևն է գալիս…
Մի խոսքով, գեոխաղացողներն առայժմ իշխանությունների «հիբրիդացմամբ» են զբաղված, որից էլ ածանցված` կերևակվի` փողոցի ո՞ր մայթում հայոց ընդդիմադիրներից ո՞վ կկանգնի, ու՞մ ձեռքին ինչ խաղաքարտ կլինի, և ո՞վ կդառնա «հսկիչ փաթեթի»` «մատանիների տիրակալը»:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 6367

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ