Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Բարեփոխումները շատ են և նպաստում են միջազգային հարթակում մեր համակարգի նկատմամբ վստահության պահպանմանը»

«Բարեփոխումները շատ են և նպաստում են միջազգային հարթակում մեր համակարգի նկատմամբ վստահության պահպանմանը»
06.10.2017 | 07:02

Մինչ շատերը մտածում են, որ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն զբաղվում է միայն գույքի գրանցմամբ, կոմիտեն ծավալուն ռազմավարական ծրագրեր է իրականացնում տնտեսության և գիտության ոլորտներում, սկսած տիեզերական նկարահանումներից, վերջացրած ազգային ատլասի ստեղծմամբ։ Այսօր Հայաստանը, ինչպես յուրաքանչյուր պետություն, իր համար կարևորում է երկրատեղեկատվական ամբողջական համակարգի ստեղծումը, ինչը ռազմավարական նշանակություն ունի պետության համար։ Այս տարի նման ի՞նչ ծրագրեր են իրականացվել համակարգում և ի՞նչ նպատակով։ Այս և 2017-ին իրականացված այլ ծրագրերի շուրջ զրուցեցինք անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ ՄԱՐՏԻՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ։

-Այս պահին ընթանում են Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքները, որոնք կավարտվեն մինչև տարեվերջ, իսկ ներդրվող բազային համակարգը հիմք է հանդիսանալու գերատեսչական տարբեր բնագավառների խնդիրների լուծման համար: Արդյունքում կստեղծվի Հայաստանի Հանրապետության միասնական գեոպորտալ, որտեղ միասնական տեղեկատվական բանկում տվյալները կթարմացվեն իրական (օո-liոe) ժամանակում և կապահովվի պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և հանրության համար էլեկտրոնային եղանակով համացանցային միջավայրում տեղեկատվության հասանելիությունը: Երկրատեղեկատվական համակարգը համայնքի ղեկավարներին հնարավորություն կտա ամբողջությամբ ձեռքի տակ ունենալու համայնքի բոլոր ենթակառուցվածքների վերաբերյալ տեղեկությունը, և որոշումներ կայացնելու ժամանակ քաղաքացին այլևս պարտադրված չի լինի դիմելու տարբեր ընկերությունների` տեղեկանքներ ստանալու։ Ծրագիրն ունի լուրջ ռազմավարական նշանակություն ոլորտների համար, այդ թվում` արտակարգ իրավիճակների։ Այս համակարգը, ըստ համայնքների, հնարավորություն կտա հստակեցնելու անտառների սահմանները, ճանապարհները, ինչը շատ կարևոր է։ Այս տարվա ամռանը բռնկած անտառային հրդեհները փաստեցին, որ այդ ուղղությամբ պետք է լուրջ աշխատանքներ արվեն։
-Վերջերս ասուլիսում Դուք խոսեցիք Սևանա լճի երկրատեղեկատվական համակարգի ստեղծման ծրագրի մասին. ի՞նչ է այն ենթադրում, և ե՞րբ է այդ համակարգը ներդրվելու։
-Հաշվի առնելով այն խնդիրները, որոնք կարող են առաջանալ Սևանա լճի բարձրացման դեպքում` կոմիտեն նախաձեռնեց Սևանա լճի երկրատեղեկատվական համակարգի ստեղծումը: Այն ներառում է 1900-1905 մետր բարձրության վրա գտնվող տարածքների տեղանքի և ռելիեֆի թվային մոդելը: Սա կարևոր ծրագիր է և ունի ռազմավարական նշանակություն։ Ծրագիրն արդեն ստեղծված է։ Դուք ինքներդ էլ գիտեք, որ վերջին 17 տարում լճի մակարդակի բարձրացման հետևանքով տեղի են ունեցել և՛ բնապահպանական, և՛ տեղանքային փոփոխություններ. շատ օբյեկտներ, ենթակառուցվածքներ, շինություններ, ծառեր մնացել են ջրի տակ։ Այժմ անհրաժեշտություն կա այդ խնդիրը լուծելու համակարգված ձևով։ Դրա համար ստեղծեցինք վերը նշված երկրատեղեկատվական համակարգը, որը եռաչափ մոդել է և էլեկտրոնային ավտոմատացված հաշվետվությունների համակարգ, ամփոփում է 1900-ից մինչև 1905 հորիզոնականների միջակայքում ընկած տարածական օբյեկտները, ըստ տեսակի, մակերեսի, քանակի և հորիզոնականի անկման: Օրինակ, ընտրելով 1901 բարձրության հաշվետվություն` հնարավոր է ստանալ ամփոփ տվյալներ, թե քանի էլեկտրական սյուն, հողամաս, շենք և այլ օբյեկտներ կմնան ջրի տակ ըստ մակերեսների և քանակի: Բնականաբար, երբ այս կանխատեսումը հասանելի լինի տարածքային կառավարման և զարգացման, բնապահպանության, գյուղատնտեսության նախարարություններին, այս կառույցներն իրենց հետագա անելիքներն ավելի պարզ կպատկերացնեն։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե այդ համակարգը գործնականում երբ կներդրվի, պետք է ասեմ, որ համակարգն ամբողջովին պատրաստ է։ Մենք այժմ աշխատում ենք «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հետ` համադրելով ներկայացված տեղեկությունը։ Այս գործընթացի ավարտից հետո, հուսով եմ, այն գործնականում կյանքի կկոչվի։
-Վերջերս մամուլում նշվեց, որ կադաստրի պետական կոմիտեն 2016 թվականի վերջից դիմումատուներին հնարավորություն է ընձեռում դիմումը ներկայացնելուց հետո 2 ժամվա ընթացքում գրանցելու անշարժ գույքը կամ ստանալու տեղեկություն: Սա, ըստ էության, աննախադեպ արագություն է, որին կարող են նախանձել նաև որոշ եվրոպական երկրներ։ Ինչի՞ արդյունքում եք կարողացել ապահովել այդ արագությունը։
-Ընդհանրապես, ցանկացած գործում արդյունավետություն ստանալու համար անհրաժեշտ նախապայմանը համակարգված աշխատանքն է, փոխպայմանավորվածությունը։ Այո, մենք կարողանում ենք այսօր երկու ժամում գրանցել անշարժ գույքը կամ քաղաքացուն տրամադրել անհրաժեշտ տեղեկությունը, ինչին հասել ենք համակարգված աշխատանքով` նախապես 2 մլն 300 հազար կադաստրային գործ ամբողջությամբ թվայնացվել է և ներառվել անշարժ գույքի տեղեկատվական բազայում։ Հաջորդը մեր աշխատակիցների փորձառությունն է։
Ի դեպ, էլեկտրոնային եղանակով տեղեկության հասանելիությունը մատչելի է դարձել ոչ միայն գույքի գրանցման, նաև այլ գործարքների դեպքերում։ Մասնավորապես, մշակվել և ներդրման փուլում է ԴԱՀԿ ծառայության և կադաստրի կոմիտեի միջև գույքի նկատմամբ սահմանափակումների գրանցման և դրանք վերացնելու էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգը։ Սոցիալական ծառայության մարմինների համար ստեղծել ենք ծրագրային ապահովում, որով առանց կադաստրի և անշարժ գույքի կոմիտե հարցում ուղարկելու, հնարավոր է ճշտել գյուղատնտեսական նշանակության հողամասերի վերաբերյալ առկա տեղեկությունը։ Մինչև տարեվերջ նախատեսվում է կադաստրի e-cadastre.am պաշտոնական կայքի միջոցով տեղեկության որոշ տեսակներ տրամադրել առցանց` ինքնաշխատ եղանակով, որի դեպքում հարցումը կատարելուց հետո տեղեկությունը կտրամադրվի անմիջապես: Կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակներում ներդրվել են էլեկտրոնային էկրաններ, որոնք մեզ հնարավորություն տվեցին իրականացնելու սպասարկման գրասենյակի աշխատակիցների ռեյտինգային գնահատում։ Նորամուծություն է նաև հերթերի կառավարման նոր` բջջային կապով հերթագրման համակարգը, ինչը հնարավորություն է տալիս առանց սպասարկման գրասենյակ այցելելու բջջային կապով ստեղծել վիրտուալ կտրոն` ընտրելով սպասարկման գրասենյակը, ծառայությունը, ամսաթիվը, ժամը և այլն։ Ներդրվեցին մի շարք նոր ծառայություններ, մասնավորապես՝ դիմումների ընթացքի վերաբերյալ պաշտոնական էլեկտրոնային կայքում (e-cadastre.am) ամբողջական տեղեկության տրամադրումը, դիմումի քննարկման ընթացքի ավարտման վերաբերյալ կարճ հաղորդագրությամբ ծանուցումը և այլն: Մի խոսքով, այս ոլորտում իրականացված բարեփոխումները շատ են նպաստում միջազգային հարթակում մեր համակարգի նկատմամբ վստահության պահպանմանը։ Համոզված եմ, որ մեզ կհաջողվի Դուինգ բիզնեսում պահպանել մեր առաջատար դիրքը. այս պահին 150 պետությունների շարքում մենք զբաղեցնում ենք 13-րդ տեղը։
-Բարեփոխումները, որոնք իրականացվում են կադաստրի և անշարժ գույքի համակարգում, եթե ոչ ուղղակիորեն, գոնե անուղղակի ձևով կնպաստեն ներդրումների առնչությամբ վստահության աճին։
-Հնարավոր է։ Բոլոր դեպքերում երկրի տնտեսության բոլոր ճյուղերի զարգացումն ու առաջընթացը կարևոր երաշխիք են ներդրումների համար։ Բնականաբար, եթե մարդը Հայաստանում գործնականում տեսնում է, որ պետական կառույցում տեղեկանքների համար քաշքշուկ չի ստեղծվում, և գործարքն անհարկի չի ձգձգվում, հասկանում է, որ իրավիճակ է փոխվել, ինչը վստահություն է ներշնչում։ Նշեմ, որ այս տարի իրականացվել է նաև ՀՀ խոշորացված համայնքների կադաստրային ու հողաշինարարական հատակագծերի և այդ համայնքների ճշտված հողային հաշվեկշիռների կազմման ծրագիրը։ Նախատեսվում է 2018-22 թթ. իրականացնել ՀՀ հողային պաշարների կառավարման գլխավոր սխեմայի կազմման և հողերի խոշորացման աշխատանքներ, որոնք, ի դեպ, ընդգրկված են կառավարության 2018-2022 թթ. ծրագրում։


Զրուցեց
Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 7105

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ