Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Եվ, այնուամենայնիվ, ես ինչ-որ հրաշքի եմ սպասում»

«Եվ, այնուամենայնիվ, ես ինչ-որ հրաշքի եմ սպասում»
10.10.2017 | 09:25

(Նախորդ մասը)

«Իմ ամենամեծ և ամենախստապահանջ քննադատը ես ինքս եմ թե՛ խաղալիս, թե՛ գրելիս: Ես շարունակ առաջնորդվել եմ ամենաբարձր չափանիշներով, միշտ ձգտել եմ ինքս ինձ գերազանցել,- ասում է ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի, արձակագիր, թարգմանչուհի ԱՆԱՀԻՏ ԹՈՓՉՅԱՆԸ, իր անավարտ վեպին անդրադառնալով էլ անկեղծորեն խոստովանում է.- վկա է Աստված, ես չէի ուզի այդպիսի վեպ գրել… Բայց նաև չգրել չեմ կարող»:
«Ես մի մասնիկն եմ այն «անհետացումների», որ արդեն քառորդ դար տեղի են ունենում Հայաստանում»:
-Ստեղծագործական միառժամանակյա դադարից հետո Ձեր վերադարձը շատ հետաքրքիր էր և անսպասելի: Դուք վերադարձաք իբրև արձակագիր, գրող: Ձեր գրքով Դուք պատմեցիք Ձե՞ր մասին, անկեղծացաք ընթերցողի, Ձեր հանդիսատեսի, Ձեր երկրպագուների, բարեկամների և թշնամիների հե՞տ, թե՞ գրականությունը մի նուրբ շղարշ է, յուրատեսակ միջոց «անհետացման»:

-Եթե նկատի ունեք իմ «Անհետացում» վեպը, ապա, այո, ինչ-որ առումով այն նաև իմ մասին է, քանի որ ես մի մասնիկն եմ այն «անհետացումների», որ արդեն քառորդ դար, բնական, բայց ավելի հաճախ անբնական, ես կասեի հանցավոր գործունեության հետևանքով տեղի են ունենում Հայաստանում: Իսկ եթե նկատի ունեք հեղինակի և հերոսուհու պարզունակ նույնացումը, որ բացահայտ կամ սքողված արտահայտվեց բանավոր և գրավոր ելույթներում, ապա պիտի ասեմ, որ դա ինքնակենսագրական վեպ չէ, դա «սելֆի գրականություն» չէ, չնայած կենսագրական որոշ զուգադիպություններին:
-Իսկ ինչո՞վ կբացատրեք այդ կտրուկ անցումը թատրոնից ու կինոյից դեպի գրականություն: Գուցե Փարիզում առաջվա պես այլևս օրնիբուն զբաղված չէի՞ք՝ թատրոն, կինո, հեռուստատեսություն, ռադիո, ուստի ահագին ազատ ժամանակ ունեիք:
-Ես երբեք ազատ ժամանակ չեմ ունեցել, այլ կերպ ասած, պարապ չեմ եղել: Իսկ գրականությունը Փարիզում ինձ համար դարձավ նոր իրականության գեղարվեստական յուրացման միջոց: Ես նոր մարդկանց էի տեսնում, տիպեր, կերպարներ, իրադրություններ, վերջապես, սյուժեներ, որոնք պահանջ էի զգում հանձնելու թղթին: Ինձ համար մի նոր Փարիզ էի հայտնագործում, որը նման չէր մինչ այդ իմ տեսածին: Ես բազմաթիվ գրքեր էի կարդացել Ֆրանսիայի մասին, ֆիլմեր ու ներկայացումներ դիտել, բայց գրում էի ոչ թե դրանց, այլ հենց կյանքի ազդեցությամբ: Իմ առջև մի նոր, անծանոթ աշխարհ էր բացվել՝ կատարելապես տարբեր այդ գրքերից ու ֆիլմերից: Այնպես որ, կարող եմ վստահորեն ասել, որ դա ի՛մ գրականությունն է, ի՛մ Փարիզը, լավ թե վատ: Ի դեպ, փարիզյան կյանքը ներկայացնող իմ «Lady S.D.F.» ժողովածուի առիթով գրված գրախոսություններից մեկում այսպիսի դիտարկում կա, որ հաստատում է իմ ասածը. «Նա հրաշալի է մատուցում նոր Փարիզը, որ արդեն ո՛չ Պիկասոյի Փարիզն է, ո՛չ էլ Հեմինգուեյինը»:
-Ձեր պատմվածքների և վեպերի առիթով Հայաստանի և Սփյուռքի մամուլում բազմաթիվ հիացական անդրադարձեր եղան, չնայած դրան, մի առիթով Դուք ասացիք, որ այդ հաջողությունը չի կարող փոխարինել բեմին: Ինչպե՞ս կբացատրեք:
-Դա անբացատրելի է, դա դժվար է բառերով արտահայտել, դա պետք է ապրել, երբ բեմից դահլիճ, դահլիճից բեմ մի աներևույթ կապ է ստեղծվում, երբ զգում ես, որ գրավել, նվաճել ես հանդիսատեսին և ստեղծել մի կախարդանք, որը պիտի մնա ժամանակի մեջ: Քո ամբողջ էությամբ ես արարում այդ հրաշքը: Գրականությունն ուրիշ հմայքներ ունի, բայց, ավա՜ղ, անձամբ ես կարծում եմ, որ դրանք չեն հասնի բեմին: Դերասանի համար բեմի հմայքն անփոխարինելի է և անհամեմատելի:

«ՀԻՄԱ ԻՆՁ ԱՅԼԵՎՍ ՈՉԻՆՉ ՉԻ ԶԱՐՄԱՑՆՈՒՄ»


-Գրող, կին, դերասանուհի Անահիտ Թոփչյան: Ի վերջո՝ մայր: Այս բոլոր «տեսակներից» ո՞րն է Ձեզ ավելի շատ դուր գալիս:
-Ես չեմ կարող դրանք իրարից առանձնացնել, այդ բոլորը ես եմ, դրանք ինձ համար մի անտրոհելի միասնություն են, և մեկը մյուսին չի խանգարում, այլ լրացնում է և, վերջապես, դրանցից յուրաքանչյուրն իր տեղն ու ժամանակն ունի կյանքում:
-Երազներին հավատու՞մ եք, կարո՞ղ են դրանք կանխատեսել կամ հուշել ինչ-որ բան: Ի դեպ, դրանք նաև գրականության թեմա են դառնում գրողների համար:
-Երազներին հավատում եմ և դրանց շնորհիվ շատ բաներ, իրոք, կանխատեսել եմ: Ես շատ հետաքրքիր, կարող եմ նույնիսկ ասել՝ մարգարեական երազներ եմ տեսնում: Դրանք կարող են, անշուշտ, ոգեշնչել գրողին: Ժամանակին մի ամբողջ մշակույթ է ստեղծվել՝ երազի և իրականության սահմանագծում: Բայց այսօր, երբ իրականությունն ամբողջ աշխարհում, հարթմնի, օրը ցերեկով դարձել է ահասարսուռ մի երազ և այնպիսի հրատապ, կարևոր ու գրեթե պատրաստի սյուժեներ է հուշում, այսքան պրոբլեմների մեջ, մեղմ ասած, սխալ կլինի միայն քնի մեջ տեսած երազներին ապավինել:
-Կյա՞նքն է զարմացնում Ձեզ, թե՞ ավելի շատ Դուք՝ կյանքին:
-Հիմա ինձ այլևս ոչինչ չի զարմացնում: Իսկ ես զարմացնու՞մ եմ կյանքին, թե՞ ոչ, չգիտեմ, չեմ կարող ասել, հարցրեք կյանքին:
-Պատահե՞լ է, որ հայրենիքում ավելի հեռու լինեք հայրենիքից: Ներքին, հոգեբանական արտագաղթի մասին է խոսքը:
-Սա շատ ցավոտ, խիստ արդիական, ես կասեի նույնիսկ Հայաստանի համար կենսական կարևորություն ներկայացնող մի հարց է, որին երկու բառով անկարելի է պատասխանել: Սա մի ամբողջ հարցազրույցի, մի ամբողջ ուսումնասիրության նյութ է: Ինձ ճիշտ հասկացեք, ես չեմ խուսափում պատասխանից, այս երևույթն ինձ քաջ ծանոթ է, այո, ես ապրել եմ այդ դրաման տարիներ շարունակ՝ ի՛մ քաղաքում, ի՛մ երկրում, բազմիցս անդրադարձել դրան իմ գրականության մեջ և շարունակելու եմ անդրադառնալ: Մենք բոլորս, վերջապես, պիտի շիտակորեն պատասխան տանք, թե ինչու մարդն իր հայրենիքում իրեն օտար է զգում, մեկուսացված, վտարված: Այս երևույթը գոյություն ուներ դեռևս խորհրդային տարիներին, սակայն մեր օրերում ավելի ահավոր դրսևորումներ է ստանում, շարունակվում է, և դրա վերջը չի երևում:

«ԱՅՍ ՍԵՐԻԱԼԱՅԻՆ, ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՏԽՄԱՐԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈՒՄ Ի՜ՆՉ ՍՈՒՐԲ ՇՈՒՇԱՆԻԿ»


-Խաղացել եք մոտ 100 գլխավոր դեր՝ կինոյում, հեռուստատեսությամբ և թատրոնում: Ո՞րը կառանձնացնեիք՝ առանց մտածելու, միանգամից:
-Ամենայն խստությամբ նայելով իմ անցած ուղուն՝ չեմ գտնում որևէ դեր, որ կուզեի ջնջել իմ կենսագրությունից: Գուցե դրանցից շատերը գլուխգործոցներ չէին, սակայն հաստատ ոչ իմ պատճառով: Փոխարենը կարող եմ բազմաթիվ դերեր թվարկել իմ խաղացանկից, որոնք պատիվ են բերում ոչ միայն ինձ, այլև մեր հայոց թատրոնին: Եթե մի քանիսը էտապներ են եղել իմ ստեղծագործական կյանքում, ապա շատերը էտապներ են եղել նաև թատրոնի կյանքում: Կլեմենտին՝ «Մոռանալ Հերոստրատին», Գերտրուդ՝ «Համլետ», Պոլինա՝ «Խաղամոլը», Էլեոնոր՝ «Մսյո Ամիլկար», Կարմեն՝ «Դահիճ», Ելենա Անդրեևնա՝ «Քեռի Վանյա», Հեղինե՝ «Տրոյական պատերազմը չի լինի», Վասիլիսա՝ «Հատակում», Շազիկ հանըմ՝ «Թաղականին կնիկը», Փառանձեմ թագուհի՝ «Արտագերս» և, վերջապես, Ժան Կոկտոյի «Ձայն մարդկային» մոնոդրաման:
-Դուք ներկայացնում եք Ձեր մոնոդրամաները: Զգացողությունն ինչպիսի՞ն է, երբ ինքդ քո գրածն ես խաղում: Եվ խի՞ստ եք դատում, երբ խաղում են Ձեր գործերը:
-Խաղում եմ ավելի մեծ պատասխանատվությամբ, քանի որ հաշվետու եմ ոչ միայն դերակատարման, այլև տեքստի համար: Չնայած ես միշտ եմ խստապահանջ: Եթե ինձ համոզում են իրենց խաղով, ես ուրախ եմ և ողջունում եմ:
-Մենաթատրոնը Հայաստանում քաղաքացիական իրավունք ստացավ Ձե՞ր ջանքերի շնորհիվ:
-Հավանաբար այդպես է, քանի որ, եթե չեմ սխալվում, մոնոդրամա Հայաստանում առաջին անգամ ես խաղացի՝ Ժան Կոկտոյի «Ձայն մարդկային»-ը, 1974 թ., Երևանի ռադիոյով, որն այնուհետև մտավ «Ոսկե ֆոնդ» և պարբերաբար հաղորդվում է: (Ի դեպ, դա եղավ նաև այդ գործի առաջին կատարումը ԽՍՀՄ-ում): Մինչ այդ, Հայաստանում ոչ մի դերասան կամ դերասանուհի մոնոդրամա չէր ձայնագրել, ինչ վերաբերում է բեմին, այնտեղ էլ նշված թվականից առաջ մոնոդրամա չի խաղացվել, բայց թող հայ թատրոնի պատմության մասնագետներն ասեն:
-Ամերիկայի, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի 20 քաղաքներում խաղացել եք ավելի քան 60 ներկայացում: Տարբեր քաղաքների հանդիսատեսը տարբե՞ր է:
-Զգալիորեն տարբերվում են, և դա բնական է:
-Ձեզ համար առավել կարևոր է թատերագետների՞, կինոքննադատների՞, գրաքննադատների՞ խոսքը, թե՞ հանդիսատեսի, կինոդիտողի և ընթերցողի: Մեծ հաշվով, ո՞վ է Ձեր ամենամեծ քննադատը:
-Բոլորն էլ կարևոր են: Թող անհամեստ չհնչի, իմ ամենամեծ և ամենախստապահանջ քննադատը ես ինքս եմ՝ թե՛ խաղալիս, թե՛ գրելիս: Ես շարունակ առաջնորդվել եմ ամենաբարձր չափանիշներով, միշտ ձգտել եմ ինքս ինձ գերազանցել:
-Ինչո՞վ կբացատրեք, որ հայ դերասանուհիներից միայն Դուք պարբերաբար նկարահանվեցիք Մոսկվայում և միութենական այլ կինոստուդիաներում:
-Ոմանք դա բացատրում են իմ արտաքինով: Ես խաղացել եմ ավստրիացի ուսանողուհու, իտալացի երգչուհու դերեր, Տաջիկստանում նկարահանվեցի երկու տարբեր ֆիլմերում, իսկ ամենահետաքրքիրը այլմոլորակային կնոջ դերն էր՝ Կիևի կինոստուդիայում, Լեոնիդ Բիկովի հետ: Բայց թույլ տվեք ենթադրել, որ արտաքինը չէր միայն որոշիչը:
-Այդպիսի հարուստ ստեղծագործական կյանք ապրելուց հետո այսօր բավարարվա՞ծ եք: Կայի՞ն դերեր, որոնք երազում էիք խաղալ, բայց ինչ-ինչ պատճառներով չհաջողվեց:
-Եղան այդպիսի դերեր, հատկապես բեմական կերպարներ, որոնք երազում էի խաղալ, բայց, ցավոք, չխաղացի. Լևոն Շանթի «Հին աստվածները», «Կայսրը», «Ինկած բերդի իշխանուհին», Օսկար ՈՒայլդի «Սալոմեն»՝ Տերյանի հոյակապ թարգմանությամբ, Ստրինդբերգի «Օրիորդ Ժյուլին», նույնիսկ ֆրանսերենից թարգմանեցի այդ պիեսը և ուրիշ գործեր: Եվ, վերջապես, երազում էի սուրբ Շուշանիկի կերպարը մարմնավորել՝ մեր պատմության բացառիկ և հերոսական անձնավորություններից մեկը: Ալեքսանդրը, իմ խնդրանքով, հրաշալի մի սցենար գրեց հատուկ ինձ համար, որն առայսօր անտիպ է: Այսինքն, այդպես էլ պիտի լիներ: Այս սերիալային, կազմակերպված տխմարացման ժամանակներում ի՜նչ սուրբ Շուշանիկ… Սրբերն այսօր տեղ չունեն մեր կյանքում, նրանք պահանջարկված չեն:

«ՉԵՄ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԱՎԱՐՏԻՆ, ՈՂԲԵՐԳԱԿԱ՜Ն ԱՎԱՐՏԻՆ ՀԱՍՑՆԵԼ ՎԵՊԸ, ՀՈՒՅՍՍ ԴԵՌ ՉԵՄ ԿՏՐԵԼ ԵՎ ՍՊԱՍՈՒՄ ԵՄ ՀՐԱՇՔԻՆ»


-Գրողը նաև դերասան է: Թարգմանությունը նույնպես փոխանցում է ուրիշի խոսքը, մտնում ուրիշի կերպարի մեջ: Ընդհանուր եզրեր կա՞ն Ձեր նախասիրությունների, ընտրած մասնագիտությունների և կոչումների միջև: Ինչպե՞ս կբնորոշեիք դերասանի և գրողի ստեղծագործական ազատությունը:
-Այդ հարցին, կարծում եմ, պատասխանել եմ մոտ քսան տարի առաջ. «Դերասանը երջանիկ է բեմում, որովհետև ազատագրվում է ինքն իրենից: Նա ազատ է զգալու և խոսելու ինչ ուզում է: Այն, ինչ չէր համարձակվի ասել ու անել ԻՐ անունից, ասում և անում է իր հերոսի անունից: Նա երջանիկ է բեմում, քանզի ազատ է, թեպետ այդ ազատությունը, ավա՜ղ, երևակայական է… Գրողը ևս ազատագրվում է, երբ իր պերսոնաժների անունից է խոսում: Բայց նրանից ավելի մեծ արիություն է պահանջվում՝ ճշմարտությունն ասելու համար, քանզի նա ինքն է ստեղծում իր հերոսներին: Նա ինքն է ստեղծում իր ազատությունը, իր երջանկությունն ու դժբախտությունը»: Այսօր կավելացնեի նաև, որ գրելը, ի տարբերություն բեմի և էկրանի, բացառապես կախված է քեզնից, դու մենակ ես ճերմակ թղթի առջև, և ոչ ոք չի կարող գրիչը ձեռքիցդ խլել: Ինչ վերաբերում է թարգմանությանը, հատկապես դրամատուրգիայի, այո, կերպարանափոխվում ես, թարգմանելիս, փաստորեն, խաղում ես բոլոր կերպարները, և դա շատ մոտ է թատրոնին:
-Նոր գիրք, նոր դեր, թարգմանություններ… Ի՞նչ նորությունների կարող ենք սպասել:
-Վաղուց, արդեն քսան տարի կլինի, ինչ սկսել եմ մի վեպ, էջեր են գրվել, քսան, երեսուն, գուցե ավելի… Տարօրինակ է, սովորաբար վերնագրերը դնում եմ վերջում: Բայց այս անգամ նախ վերնագիրը ծնվեց. «Ամենուր, բայց ոչ մի տեղ»: Կարծում եմ՝ պարզ է, թե խոսքն ինչի մասին է. հեռացում հայրենիքից, արտագաղթ, մարդիկ, ովքեր զանազան հանգամանքների բերումով հայտնվել են դրսում: Ոմանք շարունակում են դեգերել աշխարհով մեկ, շատերն էլ հաստատվել, քաղաքացիություն են ստացել, գործի, ապրուստի տեր դարձել, բայց միևնույն է, «ոչմիտեղության» տանջալից զգացումը չի անհետանում, բացահայտ կամ թաքուն զգալ է տալիս: Այդ ընթացքում մի քանի տասնյակ հոդվածներ տպագրեցի, պատմվածքների երկու ժողովածու, երկու վեպ, թարգմանական մոտ տասնհինգ գիրք… բայց ինչ-որ բան խանգարում էր սկսած վեպը շարունակելուն: Տարիների հետ վերնագիրը փոխվեց և դարձավ «Ցիրուցան», իսկ բոլորովին վերջերս դրանց փոխարինեց մեկ այլ, ավելի ծանր, գուցեև դաժան վերնագիր. «Ջարդուփշուր»: Ինչպես տեսնում եք, վերնագրից վերնագիր տագնապն աճում է՝ մոտեցնելով բուն իրողությանը, ստիպելով ավելի սթափ հայացքով նայել այդ ողբերգությանը: Ինձ համար արդեն որոշ բաներ հստակվում են, թվում է՝ արդեն գիտեմ, թե ինչպես պիտի շարունակվի վեպը, նույնիսկ որոշ տեսարաններ կան գլխումս, բայց դարձյալ վարանում եմ, թվում է՝ սոսկումից կքարանամ, եթե անթարթ, դեմ հանդիման նայեմ այդ ահավոր իրողությանը: Վկա է Աստված, ես չէի ուզի այդպիսի վեպ գրել… Բայց նաև չգրել չեմ կարող:
-Իսկ գուցե մի նոր վերնագի՞ր ծնվի, փոքր-ինչ լավատեսական, նույնիսկ լուսավոր…
-Տա՛ Աստված: Գուցե դա է պատճառը, որ չեմ կարողանում ավարտին, ողբերգակա՜ն ավարտին հասցնել վեպը, հույսս դեռ չեմ կտրել և սպասում եմ հրաշքին: Ես դա արդեն գրել եմ 1995 թ.: Իմ «Lady S.D.F.» կամ «Լեդի բոմժ» մոնոդրաման ավարտվում է հետևյալ բառերով. «Եվ, այնուամենայնիվ, ես ինչ-որ հրաշքի եմ սպասում: Փրկության հրաշքին: Բոլորիս համար: Ոչ ոք չի կարող փրկվել, երբ փրկված չեն բոլորը: Տեր Աստված, օգնի՜ր»: Այսօր էլ կուզեի նույն բառերով ավարտել մեր զրույցը, ավելացնելով միայն՝ մինչև ե՞րբ պիտի մնանք միայն Աստծո հույսին:

Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 3719

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ