Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Նախարարությունն իր խայտառակ գործելակերպով վարկաբեկեց ինքն իրեն, իսկ նախարարն ուղղակի հրապարակայնորեն ստեց

Նախարարությունն իր խայտառակ գործելակերպով վարկաբեկեց ինքն իրեն, իսկ նախարարն ուղղակի հրապարակայնորեն ստեց
13.10.2017 | 07:41

Ի՞նչ է` ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի սիրած Եվրամիության երկրներում, այդ թվում` իրեն ուսուցչի, Դ. Հարությունյանին և ՀՀ ղեկավարությանն էլ աշակերտի տեղ դրած ու նրանց բառացի «տնային աշխատանքը» կատարելու հանձնարարություն տված, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու հայրենի երկրում` Լեհաստանում, արդեն փոխվե՞լ են ժողովրդավարության չափանիշները…


Գուցե Լեհաստանում և Եվրամիության մյուս երկրներում այլևս չկա՞ն այլակարծության նկատմամբ հանդուրժողականություն, ազատ խոսքի, ազատ արտահայտվելու իրավունք, ու մենք պարզապես տեղյակ չե՞նք այդ ամենին… Արևմտյան «արժեքներին» իր հավատարմությամբ վաղուց հայտնի Դավիթ Հարությունյանին առաջարկում ենք, եթե իրոք նման բան կա, իմաց տալ հայաստանյան հանրությանը, որի մի ստվար հատվածն առայսօր հայացքը հառել է «լուսավոր» Եվրոպային, Արևմուտքին…
Շատ հետաքրքիր է` Պյոտր Սվիտալսկին և Եվրամիության ղեկավարությունը ՀՀ արդարադատության նախարարին դիտողությո՞ւն են անելու, թե՞ գովաբանելու են, որ արդարադատության նախարարությունը պաշտոնապես իր մշակած, հասարակական մեծ կարևորություն ունեցող, հասարակական մեծ հետաքրքրության արժանացած ու հնչողություն ստացած «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկում կազմակերպելով, այն վերածեց յուրօրինակ թատրոնի կամ նախագիծը գովազդելու նպատակ ունեցող խայտառակ շոուի: Մասնավորապես` հրաժարվեց օրենքի նախագծի հեղինակների, պաշտպանների ընդդիմախոսներին ելույթով իրենց կարծիքն ու փաստարկները ներկայացնելու, քննարկմանը մասնակցելու հնարավորություն տալուց: Ա՛յն մարդկանց, որոնք դեմ են օրենքի նախագծի ներկայիս ձևակերպումներին, քանի որ եթե այն այժմյան շարադրանքով վերածվի օրենքի, կհանգեցնի ամուսնալուծությունների թվի հսկայական աճի, բազմահազար հայ ընտանիքների քայքայման, երեխաների ու չափահասների ճակատագրերի խեղման: Բացի այդ, խիստ բացասաբար կազդի երեխաների դաստիարակության վրա, մի խոսքով, լրջագույն վտանգ ու սպառնալիք կլինի մեր ընտանիքների, հասարակության և ազգային անվտանգության համար:


ՀՀ արդարադատության նախարարությունը հոկտեմբերի 9-ին Մատենադարանի նոր մասնաշենքում հիշյալ քննարկման վերաբերյալ իր հրապարակած տեղեկությամբ մարդկանց կոչ էր արել մասնակցել «Ընտանեկան բռնության դեմ պայքար. իրականացված աշխատանքներ և հետագա քայլեր» խորագրով հանրային քննարկմանը և արտահայտել իրենց կարծիքը այս կարևոր թեմայի վերաբերյալ։


Վերոնշյալ պետական կառույցը, սակայն, չեղավ իր խոսքի ու խոստման տերը: Արդարադատության նախարարությունը թեև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, մեր հանրության անդամներին կեղծավորաբար կոչ էր արել մասնակցել հիշյալ քննարկմանը և արտահայտել իրենց կարծիքն այս կարևոր թեմայի շուրջ, ներկայացնել ու փոխանակել կարծիքներ նշված օրենքի նախագծի մասին, սակայն, մյուս կողմից, նախագծին (այժմյան ձևակերպմամբ) դեմ, դրա վտանգավորությունն ու վնասակարությունը փաստարկելու, իրենց հիմնավոր մտահոգություններն արտահայտելու, այդ առումով առկա խնդիրները քննարկելու նպատակով եկած քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, մեր հանրության անդամներին զրկեց իրենց կարծիքն այս իսկապես կարևոր թեմայի շուրջ արտահայտելու հնարավորությունից: Նախարարությունն այդ հնարավորությունը սկզբնապես տվել էր միայն օրենքի նախագիծը գովազդելու, օրենքը խիստ անհրաժեշտ և անվտանգ ներկայացնելու նպատակով եկած արդարադատության նախարարության ներկայացուցիչներին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, ինչպես նաև Արևմուտքի տված դրամաշնորհներով գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին:


Նրանց, ընդհանուր առմամբ, շուրջ 45 րոպե տևած 5 ելույթից հետո, որի ընթացքում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից մեկը օրենքի նախագծի ընդդիմախոսների ավելի վաղ հրապարակված մտահոգություններին գնահատական տվեց` դրանք անհիմն կերպով ներկայացնելով իբրև սին մտահոգություններ, իսկ քննարկումը վարող նախարարության ներկայացուցիչը կամ նախարարության հրավիրած մոդերատորը` Մարինե Մանուչարյանը, հայտարարեց, որ օրենքի նախագծի ընդդիմախոսներին ելույթի հնարավորություն չի կարող ընձեռել, նրանք կարող են միայն հարցեր տալ, տողերիս հեղինակը, որը գիշերը չքնելով, համապատասխան ելույթ էր նախապատրաստել, հայտարարելով, որ չի եկել լոլոներ լսելու և նախարարության կազմակերպած շոուին մասնակցելու, ցուցադրական կերպով դուրս եկավ դահլիճից: Նախարարության ներկայացուցիչն այդ ընթացքում առաջարկեց դահլիճից դուրս գալ բոլոր նրանց, ովքեր դահլիճը ցուցադրաբար (որպես բողոքի նշան) լքելու ցանկություն ունեն:
Օրենքի նախագծի վտանգավորությունը, ներկայիս տեսքով այն օրենքի վերածելու անթույլատրելիությունը գիտակցող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, մեր հանրության անդամներն այս պահից արդեն ըմբոստանալով նախարարության այս խայտառակ և հակաժողովրդավարական վարվելակերպի դեմ, բարձրաձայնեցին իրենց բողոքը: Դահլիճում որոշ ժամանակ իրարանցում առաջացավ, լրագրողներն օրենքի նախագծի ընդդիմախոսներին խնդրում էին պատասխանել իրենց հարցերին, որից հետո քննարկումը վարող նախարարության ներկայացուցիչը մասամբ տեղի տալով, նախագծին դեմ արտահայտվողներին առաջարկեց իրենց շարքերից ընտրել 4 հոգու և խոստացավ նրանցից յուրաքանչյուրին տալ 2-3-րոպեանոց ելույթի հնարավորություն:


Սակայն, քանի որ նշված ժամանակը, անկասկած, անբավարար էր օրենքի նախագծի թեկուզ հիմնական վտանգները ներկայացնելու համար, դրանք բարձրաձայնելու պատրաստ անձանցից գրեթե բոլորն էլ հրաժարվեցին ելույթից, և ելույթով հանդես եկավ միայն «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը: Վերջինս իր խոսքի սկզբում նշեց, որ քննարկման կազմակերպիչն ամեն պայման ստեղծեց նախագծին դեմ անձանց արտահայտվելու հնարավորությունից զրկելու համար:


Հայկ Նահապետյանի ելույթից հետո ցանկացավ ելույթ ունենալ նաև նախագծի ընդդիմախոսներից հասարակական գործիչ, մասնագիտությամբ բժիշկ Զաքար Խոջաբաղյանը, որին քննարկումը վարող (մոդերատոր) Մարինե Մանուչարյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով նախապես ելույթի հնարավորություն էր խոստացել: Սակայն քննարկումը վարողը տեղում մերժեց նրան ելույթի հնարավորություն տալը, և Զաքար Խոջաբաղյանը ստիպված եղավ իր ասելիքը մասամբ ներկայացնել անջատված միկրոֆոնով:
Ինչևէ, ՀՀ արդարադատության նախարարությունն իր այս խայտառակ գործելակերպով ուղղակի վարկաբեկեց ինքն իրեն և էլ ավելի խորացրեց հիշյալ օրենքի նախագծի, ինչպես նաև իր և օրենքի ընդունմամբ շահագրգիռ, ՀՀ ղեկավարությանը տնային աշխատանք տված եվրոպական համապատասխան կառույցների իրական մտադրությունների վերաբերյալ եղած հիմնավոր կասկածներն ու հասարակական մտահոգությունները:


Ավելին. ՀՀ արդարադատության նախարարության հրապարակած տեղեկության մեջ նշված էր նաև. «Միջոցառման ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության, Հայ առաքելական եկեղեցու, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և քաղաքացիական հասարակության, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները կներկայացնեն և կփոխանակեն կարծիքներ ընտանեկան բռնության կանխարգելման, դրա դեմ պայքարի և «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին»: Մեկ անգամ ևս արձանագրենք, որ օրենքի ներկայիս նախագծին դեմ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին նախագծի վերաբերյալ իրենց կարծիքներն արտահայտելու, կարծիքներ փոխանակելու հնարավորություն, ըստ էության, չտրվեց:


Տեղեկացնենք նաև, որ չնայած այժմյան ձևակերպմամբ իր սուր սլաքով հայ ընտանիքի, հասարակության, մեր հասարակական և ազգային անվտանգության դեմ ուղղված հիշյալ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության կազմակերպած էլեկտրոնային քվեարկության ընթացքում որոշ շահագրգիռ ուժերի և անձանց թույլ տված կեղծիքներին, որոշակի հնարքով կատարված էլեկտրոնային լցոնումներին, նախագծի քվեարկության արդյունքում «դեմ» ձայների մոտ 400-ի հասնող առավելությամբ նշված օրենքի նախագիծը հանրությունը համարեց անընդունելի: ՀՀ արդարադատության նախարարությունը (եթե նրա իսկ կազմակերպած քվեարկությունը ձևական չէ, կարծում եմ, պետք է հաշվի նստի քվեարկության արդյունքների հետ և հասարակության ընդվզմանը տեղիք չտալու համար, ոչ թե ձևական, այլ բովանդակային էական խմբագրումներ կատարի օրենքի նախագծում: Սակայն դրա վերաբերյալ նախարարության կազմակերպած հիշյալ հանրային քննարկման ընթացքում, ցավոք, չտեսանք օրենքի նախագծի շուրջ կառուցողական քննարկում կազմակերպելու և նախագիծն էական խմբագրումների ենթարկելու ՀՀ արդարադատության նախարարության պատրաստակամությունը:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4116

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ