Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նախագիծն օրենքի վերածվելով, հանգեցնելու է ամուսնալուծությունների թվաքանակի հսկայական աճի, հայ ընտանիքների քայքայման նորանոր դեպքերի

Նախագիծն օրենքի վերածվելով, հանգեցնելու է ամուսնալուծությունների թվաքանակի հսկայական աճի, հայ ընտանիքների քայքայման նորանոր դեպքերի
17.10.2017 | 06:48

Անորոշություններով, հակասություններով, անհեթեթություններով լի «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» խոտան ու խայտառակ, հակասահմանադրական, ընտանիքաքանդ ու հրեշավոր օրենքի նախագիծը, արտաքուստ հետապնդելով ընտանեկան բռնության կանխարգելման և բռնության ենթարկվածների պաշտպանության նպատակ, իր սուր սլաքով ուղղված է հայ ընտանիքի, հասարակության, մեր հասարակական և ազգային անվտանգության դեմ: Օրենքի նախագիծը, եթե օրենքի վերածվի, իր 3-րդ, 4-րդ և այլ հոդվածների այժմյան ձևակերպումներով վստահաբար խթանելու է ամուսնալուծությունները և հանգեցնելու դրանց թվաքանակի հսկայական աճի, հայ ընտանիքների քայքայման նորանոր դեպքերի, ընտանիքների, որոնք ցանկացած հասարակության բնական և հիմնական բջիջներն են, հասարակության հիմքը:


ՀՀ արդարադատության նախարարությունը մշակելով, նախարար Դավիթ Հարությունյանն էլ անձամբ առաջ մղելով «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագիծն այն շարադրմամբ, ինչպիսին որ կա, ցանկանում են հասնել անվանմամբ արտաքուստ անմեղ ու բարի նպատակներ հետապնդող մի օրենքի ընդունման, որը քրեական օրենսգրքից ավելի խիստ ու դաժան է, իսկ ոստիկանությանն էլ անձանց, այդ թվում` քաղաքական ընդդիմության ներկայացուցիչների ընտանեկան կյանքին նաև անհարկի միջամտելու, նրանց պատիվն ու արժանապատվությունը ստորացնելու, սահմանադրական իրավունքները խախտելու գեստապոյական լիազորություններ է տալիս, վերածում գեստապոյի պես մի մարմնի:
Նախագծի 3-րդ հոդվածի համաձայն, ընտանեկան բռնություն համարվող ֆիզիկական բռնություն է նաև դիտավորությամբ ֆիզիկական ցավ պատճառելը, այսինքն` ապտակը, քանի որ այն դիտավորությամբ է տրվում և ֆիզիկական ցավ է պատճառում: Ստացվում է, որ ծնողն իր երեխային նույնիսկ հայրական կամ դաստիարակչական ապտակ տալու իրավունք չի ունենալու, քանզի այդ դեպքում ենթակա է խստագույն պատժի (նախագծի 16, 17, 18-րդ հոդվածներ): Այսպիսով ծնողը զրկվում է սեփական երեխային դաստիարակելու իր սահմանադրական իրավունքից, ինչպես նաև նույն հոդվածով սահմանված դաստիարակելու սահմանադրական պարտավորությունը կատարելու հնարավորությունից (Սահմանադրության 36-րդ հոդված):
Ավելին. օրենքի ընդունման դեպքում ծնողը զրկվելու է ՀՀ Սահմանադրության 36-րդ հոդվածով սահմանված իր երեխային դաստիարակելու սահմանադրական իրավունքից և այդ պարտավորությունը կատարելու հնարավորությունից նաև այն պատճառով, որ իրավունք չի ունենալու իր երեխայի վրա նույնիսկ գոռալու կամ երեխային արգելելու նրա դաստիարակության, կրթության կամ լիարժեք ու ներդաշնակ զարգացման շահերին հակասող, կամ նրա առողջության կամ կյանքի համար վտանգավոր ինչ-որ տեղ գնալ, կամ նրա դաստիարակության, կրթության կամ լիարժեք ու ներդաշնակ զարգացման շահերին հակասող, նրա կամ այլոց առողջության կամ կյանքի համար վտանգավոր, ի վերջո, հասարակական բարոյականության, հասարակության համար վտանգավոր ինչ-որ բան անել կամ այդպիսի վտանգ ներկայացնող ինչ-որ բանից զրկել: Իրավունք չի ունենալու, քանզի ծնողի այդ արարքները հեշտությամբ կարող են համարվել նախագծի 3-րդ հոդվածով սահմանված հոգեբանական կամ տնտեսական բռնություն (եթե անհրաժեշտ համարեք, կարող եմ մանրամասնորեն հիմնավորել): Այսպիսով խախտվելու է նաև ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածով սահմանված անձի ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը:


Ավելին. գուցե դեռ չգիտեք, բայց օրենքի ընդունման դեպքում ոստիկանության ծառայողը նախագծի 16-րդ հոդվածով իր համար սահմանված լիազորությամբ և ընտանեկան բռնությունից մեզնից յուրաքանչյուրի ընտանիքի այս կամ այն անդամին պաշտպանելու կամ ընտանեկան բռնության կանխարգելման պատրվակով (ընդգծում եմ` պատրվակով) կարող է մեր նկատմամբ կայացնել բռնության կիրառման անթույլատրելիության մասին պաշտոնական նախազգուշացում, եթե նույնիսկ մեր ընտանիքի որևէ անդամի կողմից ընտանեկան բռնության ենթարկված լինելու վերաբերյալ բողոք չունի: Ոստիկանը պաշտոնական նախազգուշացում կարող է կայացնել նույնիսկ այն դեպքում, երբ մեր ընտանիքի այն անդամը, որին համարում է, թե ընտանեկան բռնության է ենթարկվել, հայտարարում է, որ ինքն ընտանեկան բռնության չի ենթարկվել, իր նկատմամբ նույնիսկ այդպիսի բռնության սպառնալիք չկա, ինքն ընտանեկան բռնության ենթարկվելու վտանգի տակ չէ:
Նախագծի 16-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, «Պաշտոնական նախազգուշացումը կիրառվում է այն դեպքերում, երբ առերևույթ ընտանեկան բռնություն, այդ թվում՝ հոգեբանական և տնտեսական, գործադրելու մասին հաղորդում ստացվել կամ ոստիկանության կողմից հայտնաբերվել է առաջին անգամ»: Ընդ որում, ուշադրություն դարձրեք, որ սա իմպերատիվ պահանջ է, այսինքն` պաշտոնական նախազգուշացումը նշված դեպքերում ոչ թե կարող է կիրառվել, այլ պարտադիր կարգով կիրառվելու է:
Իսկ ումի՞ց է այդ հաղորդումը ստացվել… Պարզվում է` ցանկացածից, պարտադիր չէ, որ հաղորդում ներկայացնողը ձեր ընտանիքի անդամը լինի: Այսպիսով, ասենք, ձեզ վատություն անելու ցանկություն ունեցող ձեր հարևանը կամ մեկ ուրիշն այդ առումով լայն հնարավորություններ է ստանում ու կարող է ձեր կյանքը վերածել դժոխքի: Այս ամենից 1937 թվականի գարշահոտություն է գալիս:


Պաշտոնական նախազգուշացում կիրառելու համար ոստիկանը կարող է պատճառաբանել նաև, թե ինքն անձամբ տեսել է, որ ապտակում եք, ասենք, ձեր երեխային կամ կնոջը, կամ լսել է ձեր երեխային կամ կնոջն ուղղված ձեր գոռոցը կամ նրանցից մեկնումեկին արգելելը այսինչ բանն անել կամ այնինչ տեղը գնալ: Այսպես կարող է պատճառաբանել և պաշտոնական նախազգուշացում կիրառել նույնիսկ այն դեպքում, երբ իրականում ոչ ապտակել եք, ոչ գոռացել, ոչ արգելել…
Անձի նկատմամբ պաշտոնական նախազգուշացում կայացնելուց հետո, 8-րդ և 21-րդ հոդվածների համաձայն, ոստիկանությունը պարտադիր կարգով պրոֆիլակտիկ հաշվառման է վերցնելու պաշտոնապես նախազգուշացված անձին, որն արդեն 4-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, համարվելու է ենթադրաբար ընտանեկան բռնություն կատարած և ընտանեկան բռնություն կատարելուն հակված անձ: Այնուհետև, դարձյալ պարտադիր կարգով, ամսական առնվազն մեկ անգամ այցելելու է նրա ընտանիք: Այլ կերպ ասած, ոստիկանությունը, ոստիկանության ծառայողը ստանալու են մեզնից ցանկացածի կյանքը դժոխքի վերածելու հնարավորություն և ցանկության, քաղաքական կամ այլ պատվերի կամ կոռուպցիոն շահագրգռության դեպքում կարողանալու են վերածել դժոխքի` յուրաքանչյուր ամիս առնվազն 1 անգամ, բայց նաև իր քեֆն ուզածի չափով այցելելով և իր քիթն անհարկի խոթելով մեր ընտանիք: Ընդ որում, այցելելով նաև անպատեհ ժամերին (հանգստի, վատառողջ լինելու, վատ տրամադրության, տանն ինչ-որ հավաքույթի առկայության), խանգարելով մեր քունը, հանգիստը, ստվերելով մեր պատիվն ու բարի համբավը հարևանների, ինչպես նաև հարազատների, բարեկամների, աշխատանքային և այլ ընկերների շրջանում, որոնք կարող են այդ պահին տանը կամ մոտերքում լինել: Այսպիսով խախտվելու է ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածով յուրաքանչյուր անձի համար սահմանված նրա մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունքը:


Ավելին. ահա թե ոստիկանությունն ինչ հնարավորություններ է ստանում անձին թեկուզ և անհիմն կերպով, բայց իր ցանկությամբ պաշտոնապես նախազգուշացնելուց ու նրան ենթադրաբար բռնություն կատարած անձ համարելուց հետո: 17-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն, ընտանեկան բռնության ենթադրաբար ենթարկվածին անմիջականորեն սպառնացող վտանգի առկայության դեպքում նրա անվտանգության անհապաղ ապահովման նպատակով ոստիկանության իրավասու ծառայողի կողմից ենթադրաբար ընտանեկան բռնություն գործադրած անձի հանդեպ կայացվում է մինչև 20 օր ժամկետով անհետաձգելի միջամտության որոշում: Ոստիկանության ծառայողը ոստիկանության կողմից ենթադրաբար բռնություն կատարած անձ համարված (այդ թվում նաև` անհիմն կերպով) ցանկացածի նկատմամբ իր կամ իր վերադասի ցանկությամբ կարող է կայացնել անհետաձգելի միջամտության որոշում` նույնիսկ այն դեպքում, երբ նրա կողմից իր ընտանիքի անդամներից որևէ մեկին անմիջականորեն սպառնացող վտանգ և ընդհանրապես վտանգ իրականում գոյություն չունի, և այդ մասին հայտարարում են հենց իրենք` ընտանիքի անդամները:
Հիմա ուշադրություն դարձնենք, թե ինչ է նշանակում ընտանեկան բռնության ենթադրաբար ենթարկվածին անմիջականորեն սպառնացող վտանգ: Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի համաձայն, ընտանեկան բռնության անմիջականորեն սպառնացող վտանգը հիմնավոր ենթադրությունն է, որ անձի ֆիզիկական, սեռական կամ հոգեկան անձեռնմխելիությանը վրահաս վնաս է սպառնում: Թե ու՞մ հիմնավոր ենթադրությունը, կամ այդ դեպքում ի՞նչ է նշանակում հիմնավոր ենթադրություն, նախագծում ընդհանրապես նշված չէ, ինչը, ինչպես վերը նշվածը, կարող է տեղիք տալ տարբեր մեկնաբանությունների, կամայականությունների, չարաշահումների և կոռուպցիայի: Այսպիսով, ոստիկանության իրավասու ծառայողն իր կամ մեկ ուրիշի, այսպես ասած, հիմնավոր ենթադրության դեպքում, թե անձի կողմից իր ընտանիքի անդամին, ասենք, ապտակելու, նրա վրա գոռալու, նրան հայհոյելու, սեռական բռնության ենթարկելու կամ նրան ինչ-որ բան անելը կամ ինչ-որ տեղ գնալն արգելելու վտանգ և նշված գործողություններից թեկուզ մեկնումեկով նրա ֆիզիկական, սեռական կամ հոգեկան անձեռնմխելիությանը վրահաս վնասի սպառնալիք կան, կարող է այդ անձի նկատմամբ անհետաձգելի միջամտության որոշում կայացնել:


Ոստիկանության ծառայողը նշված որոշմամբ և օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասով տվյալ անձին մասնավորապես կարող է հարկադրել՝ անհապաղ հեռանալ, օրենքի ձևակերպմամբ, ընտանեկան բռնության ենթարկվածի, իսկ իրականում ոչ թե ընտանեկան բռնության ենթարկվածի, այլ այդպիսին համարվածի բնակության տարածքից, ինչպես նաև արգելել այդտեղ նրա վերադարձը` մինչև որոշմամբ սահմանված ժամկետի լրանալը (մինչև 20 օր): Օրենքի 18-րդ հոդվածի համաձայն, ոստիկանությունը ձեզ դատարանի պաշտպանական որոշման դեպքում նույնը կարող է հարկադրել և արգելել մինչև 9 ամսով (այդ որոշումն ու ժամկետի կիրառումը հետագայում կարող են կրկնվել): Այսպիսով ոստիկանությունը մինչև 20 օրով, իսկ դատարանի պաշտպանական որոշման դեպքում մինչև 9 ամսով կարող է ձեզ փաստացի զրկել ձեր իսկ տանը գտնվող, ձեր սեփականությունը և համասեփականությունը հանդիսացող գույքը (համակարգիչ, հեռուստացույց, լվացքի մեքենա, սառնարան, ավտոմեքենա և այլն), աշխատանքի միջոցները (օրինակ` համակարգիչ, ավտոմեքենայից օգտվելու հնարավորություն ընձեռող ավտոմեքենայի բանալի և այլն) և ապրուստի դրամական միջոցները տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու իրավունքից և հնարավորությունից, ինչը նույնպես մարդու սահմանադրական իրավունքի խախտում է (ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդված, «Սեփականության իրավունքը»):
Ոստիկանությունն ընտանեկան բռնություն գործադրած անձին օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասով կարող է նաև արգելել` այցելել իր հետ համատեղ բնակելի տարածքում չբնակվող ընտանեկան բռնության ենթարկվածին, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև նրա խնամքի տակ գտնվող անձանց` նրանց աշխատանքի, ուսման, հանգստի, բնակվելու կամ այլ վայրերում: Կարող է նաև նրան արգելել` 100 մետրից ավելի մոտենալ ընտանեկան բռնության ենթարկվածին, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև նրա խնամքի տակ գտնվող անձանց: Ավելին. կարող է նաև նրան արգելել` հեռախոսային, նամակագրական կամ կապի այլ միջոցներով հաղորդակցվել ընտանեկան բռնության ենթարկվածի, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև նրա խնամքի տակ գտնվող անձանց հետ: Ընդ որում, ոստիկանության ծառայողը վերոնշյալ հարկադրանքի և արգելքի միջոցները, որոնք, ըստ էության, պատժամիջոցներ ու ճնշամիջոցներ են, 17-րդ հոդվածի 4-րդ մասով կարող է ձեր նկատմամբ կիրառել, իր հայեցողությամբ, ինչպես առանձին-առանձին, այնպես էլ միաժամանակ:
Սակայն սա էլ դեռ ամենը չէ. եթե անձի նկատմամբ կայացվել է անհետաձգելի միջամտության որոշում, և նա օրենքով արդեն համարվում է ընտանեկան բռնություն գործադրած անձ, նրա, ասենք, 9-10 տարեկան երեխան կարող է, իր համաձայնությամբ, մինչև 20 օրով, իսկ պաշտպանական որոշման դեպքում մինչև 9 ամսով տեղափոխվել ապաստարան, որի հասցեն ծնողը կամ ծնողները չեն իմանալու, իսկ իմանալու դեպքում էլ նրան տեսակցելու, նրա հետ տեսակցությամբ կամ կապի որևէ միջոցով հաղորդակցվելու իրավունք չեն ունենալու: Հիմա 9-10 տարեկան երեխան շա՞տ է հասկանալու իր համաձայնության նշանակությունը, էությունը և հետևանքներն իր ծնողի կամ ծնողների համար: Ի դեպ, նախագծի որոշ հեղինակներ, պաշտպաններ այս օրերին փորձում են հերքել, թե երեխան օրենքով կարող է ընտանիքից խլվել: Նրանք այդպիսով ստում են, քանի որ եթե, օրինակ, դեռահաս երեխան, ասենք, ծնողի կամ ծնողների հնարավոր կամ իր կողմից ենթադրվող զայրույթից վախեցած, պահի տակ համաձայնում է գնալ աջակցության կենտրոնի աշխատողի առաջարկած ապաստարան, իսկ ծնողը կամ ծնողները դրան դեմ են, ֆիզիկապես ընդդիմանում են, բռնում երեխայի ձեռքը կամ քաշում դեպի իրենց, ապա ոստիկանության ծառայողը, օրենքի համաձայն, նրան ուժով խլելու է ընտանիքից:


Պատկերացրեք նաև մի այսպիսի իրավիճակ. եթե անձի նկատմամբ արդեն կայացվել է անհետաձգելի միջամտության որոշում, ինչի կայացումը, ինչպես արդեն ապացուցեցի, շատ հեշտ է, նրա, ասենք, կինը, օրինակ, իրեն ապտակելու, իր վրա գոռալու կամ իրեն հայհոյելու, իրեն ինչ-որ բան արգելելու կամ կատարման առումով իրականությունից հեռու սպառնալիքի (օրինակ` «Հիմա գլուխդ կջարդեմ» կամ «էսա վիզդ կկտրեմ» խոսքի) համար, զայրույթի կամ թեկուզ անհիմն վախի ազդեցության տակ, կամ վրեժխնդրությունից դրդված, կարող է համաձայնել աջակցության կենտրոնի աշխատողի առաջարկած ապաստարան տեղափոխվելուն և այնտեղ մնալ 1-2 կամ մինչև 20 օր, իսկ դատարանի պաշտպանական որոշման դեպքում` մինչև 9 ամիս, ընդ որում, իր հետ տանելով նաև իր խնամքի տակ գտնվող անչափահաս երեխային, որին տեսակցելը, որին 100 մետրից ավելի մոտենալը, որի հետ կապի ցանկացած միջոցով հաղորդակցվելը նույնպես ոստիկանության կողմից, անհրաժեշտության պատճառաբանությամբ, կարող է արգելվել (18-րդ հոդվածի 5-րդ մասի 2, 3, 7-րդ կետեր):
Շատ լավ իմանալով մեր հայ տղամարդկանց հոգեկերտվածքը, պատվի, արժանապատվության նրանց խոր զգացումը, մեր հասարակության մեջ ընդունված բարքերը, համոզված եմ, որ շատ տղամարդիկ դրանից հետո, առավել ևս, եթե իրենց կնոջից երեխա չունեն, նրան տուն չեն թողնելու կամ ամուսնալուծվելու են նրանից, քանի որ կնոջ այդ արարքը համարելու են իրենց պատվի, արժանապատվության նկատմամբ կատարված, շրջապատում իրենց խայտառակող ոտնձգություն: Ավելին` այդպես կարող են վարվել նաև այն պատճառով, որ տղամարդուն անհայտ մի վայր գնացած և ոչ իր կողքին, այլ այնտեղ թեկուզ մի քանի օր գիշերած կնոջ նկատմամբ կարող են առաջանալ ինչ-ինչ կասկածներ («Կինս իմ կողքին պետք է գիշերի կամ էլ կարող է հայրական կամ հարազատների տանը գիշերել» մտայնությունը հայ տղամարդկանց շրջանում շատ տարածված է): Այսպիսով Հայաստանում էապես ավելանալու է ամուսնալուծությունների առանց այն էլ գնալով ավելացող թիվը, քայքայվելու են հարյուրավոր կամ հազարավոր նորանոր ընտանիքներ, ինչով խախտվելու է ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածը («Ընտանիքի պաշտպանությունը»), որով պետությունը ընտանիքը, որպես հասարակության բնական և հիմնական բջիջ, բնակչության պահպանման և վերարտադրման հիմք, իր հատուկ պաշտպանության և հովանավորության ներքո պահելու պարտականություն կամ պարտավորություն ունի:
Նախագծի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, եթե ընտանեկան բռնության ենթարկվածն անչափահաս է, ապա պաշտպանական որոշման համար դատարան կարող է դիմել նաև խնամակալության և հոգաբարձության մարմինը: Ոչինչ չի նշված այն մասին, որ դա կարող է լինել միայն ընտանեկան բռնության ենթարկված անչափահասի գրավոր, իսկ գրելու անընդունակ լինելու պարագայում` բանավոր համաձայնության դեպքում:


Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն, «եթե ընտանեկան բռնության ենթարկվածն անչափահաս է, և պաշտպանական որոշումը կիրառվում է նրա հետ համատեղ բնակվող միակ օրինական ներկայացուցչի (կամ ներկայացուցիչների) նկատմամբ, դատարանը խնամակալության և հոգաբարձության մարմնի միջոցով լուծում է երեխայի ժամանակավոր խնամքի հարցը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ առաջնորդվելով նրանց շահերով» (նկատի ունենանք, որ դատարանն այդ շահերը կարող է նաև սխալ որոշել): Հենց այս դրույթն էլ, 18-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի հետ, դատարանի համապատասխան որոշման և երեխայի համաձայնության առկայության դեպքում, աջակցության կենտրոնի աշխատողին իրավունք ու հնարավորություն են տալիս երեխային, թեկուզ ծնողի կամ ծնողների առարկության, դիմադրության դեպքում, ոստիկանի հսկողությամբ կամ ոստիկանի միջոցով ընտանիքից ուժով հանելու, այսինքն՝ փաստացի խլելու ծնողից (ծնողներից) և տանելու ապաստարան:


Օրենքի ընդունման դեպքում հայ ընտանիքի յուրաքանչյուր ղեկավարի ահա այսպիսի հետևանքներ են սպասում, օրինակ, իր իսկ կնոջը կամ երեխային կյանքում թեկուզ մեկ անգամ ու թեկուզ հիմնավոր, արդարացված կերպով ծեծելու կամ նույնիսկ մեկ անգամ դաստիարակչական ապտակ տալու դեպքում: Ապտակը` անկախ նրանից` դաստիարակչական նպատակով է, թե ոչ, ՀՀ քրեական օրենսդրությամբ ծեծ չի համարվում, դրա համար պատասխանատվություն նախատեսված չէ, սակայն, ինչպես արդեն նշեցի, լիովին տեղավորվում է նախագծի 3-րդ հոդվածում որպես ընտանեկան բռնության տեսակ նշված ֆիզիկական բռնության սահմանման կամ մեկնաբանության շրջանակում:
Երեխայի նկատմամբ հոր կամ մոր սիրուց, մտահոգությունից, ոչ թե անտարբերությունից, այլ հոգածությունից բխող, երեխային թույլ տված լուրջ սխալի համար պատժելու, հետագա սխալներն այդպիսով կանխելու, կամ զավակի կողմից իր իսկ համար վտանգավոր, վնասակար քայլերն արգելելու, կանխելու նպատակով տրված հայրական ապտակը, որը մեր ժողովրդի մեջ դարերով ընդունված է և այժմ էլ լայնորեն կիրառվում է երեխայի դաստիարակության գործում (ինչին, ի դեպ, մեր ազգի թշնամիները շատ լավ տեղյակ են), օրենքի ընդունման պարգայում ունենալու է վերոնշյալ չափազանց լուրջ հետևանքները:
Օրենքի նախագծի խոշոր բացերից է նաև այն, որ նրանում հոգեբանական ու տնտեսական բռնությունները, «հետամտում», «սոցիալական ծայրահեղ մեկուսացում» հասկացությունները բավարար որոշակիությամբ սահմանված, բացատրված չեն, առկա են նաև այլ անորոշություններ: Այս ամենը տեղիք է տալիս և օրենքի ընդունման դեպքում տեղիք է տալու արդեն լուրջ հետևանքներ ունեցող անորոշության, տարընթերցումների, կամայական մեկնաբանությունների: Օրենքը, նախագծի ներկայիս շարադրանքով ընդունելու դեպքում, կարող է սխալ մեկնաբանվել, սխալ կիրառվել, ստեղծել նաև չարաշահումների, կոռուպցիայի պարարտ հող ու հնարավորություն, և ամենաահավորը՝ հանգեցնել շատուշատ երեխաների և ընտանիքների համար ճակատագրական հետևանքների:


Ինչպես նշեցի, վերոնշյալ անորոշությունները կարող են հանգեցնել կամայականությունների, չարաշահումների, կոռուպցիայի կամ պարզապես օրենքի սխալ մեկնաբանման ու կիրառման, մինչդեռ ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածի («Որոշակիության սկզբունքը») համաձայն, «Հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ»: Այս նորմը վերաբերելի է նաև «ընտանեկան բռնություն», «հոգեբանական բռնություն», «հետամտում», «սոցիալական ծայրահեղ մեկուսացում» հասկացությունների, նախագծում առկա մի շարք դրույթների համար, քանի որ եթե այդ հասկացությունները, դրույթները պարզ չլինեն, ապա քաղաքացին չի կարող իր վարքագիծը կանխատեսել, հետևաբար, կարող է հայտնվել նաև ենթադրաբար ընտանեկան բռնություն կամ ընտանեկան բռնություն կատարած անձանց շարքում, ինչի արդյունքում իր նկատմամբ կարող են իրավական հետևանքներ առաջանալ։ Այսպիսով, չհամապատասխանելով ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածով սահմանված որոշակիության սկզբունքին ու պահանջին, Սահմանադրության մի շարք այլ հոդվածների, «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը հակասահմանադրական է, հետևաբար օրենքի վերածվելու պարագայում իմ և իմ գործընկերների, համախոհների կողմից ՀՀ Սահմանադրական դատարանում վիճարկվելու է նրա սահմանադրականության հարցը, և եթե դատարանը պատվեր չի կատարում, ապա կասկածից դուրս է, որ օրենքը ճանաչելու է հակասահմանադրական:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3594

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ