ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

«Կոլցո» Սերժ Սարգսյանի շու՞րջ

«Կոլցո» Սերժ Սարգսյանի շու՞րջ
24.10.2017 | 08:44

Ներքաղաքական կյանքի «մահվան» մասին լուրերը, պարզվում է, խիստ չափազանցված են: Եռքը քիչ-քիչ հատակից վեր է բարձրանում` հասնելով ամենաբարձր մակարդակների: Օրակարգում է հարցադրումը` արհեստակա՞ն է վարչապետ-նախագահ «պայքարի» թեման, թե՞ օր օրի «թեժացող» ասուխոսն ունի նաև լուրջ հենք, ի՞նչ «խարիսխներով»:


Նկատենք` քաղաքական հետնաբեմերում, մամուլում «պայքարն» ընթանում է մի քանի ուղղություններով. ոչ միայն կառավարության, այլև ԱԺ-ի ու էլ առավել` ուժային կառույցների: Տեսանելի ու անտես մեթոդոլոգիայով: ՈՒ թե պաշտպանության նախարարության դեպքում իրավիճակը «հասկանալի» է, և կուլիսային պայքարողները պարզապես միջանձնային խնդիրների տիրույթում են փորձում «սասանել» Վիգեն Սարգսյանի «հանձնառությունը»` շրջանառության մեջ դնելով հազար ու մի խնդիր, անգամ որ` Կորյուն Նահապետյանն էլ էնտեղ է իրեն «անհանգիստ» զգում, որովհետև «թըմի» անդամ է, իսկը թիմը ոչ միայն «մոտիկ է խաղում» Սամվել Կարապետյանի, հետևաբար` Կարեն Կարապետյանի հետ, այլև Սամվել Ալեքսանյանն էլ պատրաստվում է թիվ մեկ օլիգարխի տիտղոսի «ստանձնմանը», ուստի ինչու՞ Նահապետյանն էլ այլ ամբիցիաներ չունենա` իր հետագա պաշտոնեական «դրսևորումների» մասով, և այսպե՜ս շարունակ: Այս ամենը, իհարկե, առաջացնում է թե՛ Վիգեն Սարգսյանի թիմի, թե՛ նրա ղեկավարության, թե՛ մնացյալի ժպիտը, սակայն է՛լ ավելի «հետաքրքիր» է վիճակը ոստիկանության դեպքում:


Ասել ենք` վերջին շրջանում ուժեղացող-թուլացող ռեժիմով թիրախավորման տակ են այդ երկու, այսպես ասած, Սերժ Սարգսյանի «հիմնասյուները» (թե՛ ինստիտուցիոնալ, թե՛ մարդկային առումներով)` Վիգեն Սարգսյանն ու Վլադիմիր Գասպարյանը: Թուլացնել նրանց նշանակում է թուլացնել Սերժ Սարգսյանին` կարծում են «թուլացուցիչները»: Պրոֆեսիոնալիզմի մաստեր-կլասներ տված Վլադիմիր Գասպարյանի «թուլացման» մասով ասքաբանությունն էլ իր հերթին է ժպիտ առաջացնում «գործից» հասկացողների շրջանում: Սակայն, ի տարբերություն Վիգեն Սարգսյանի գերատեսչության, այս դեպքում կա մեկ անպատասխան հարց` ոստիկանությունը 2018-ին կդառնա՞ նախարարություն, թե՞ ոչ: Ինչպիսի՞ն կլինի այդ առընթեր մարմնի կարգավիճակն առաջիկայում (նոր Սահմանադրությունը չի նախատեսում առընթեր մարմիններ)` այս պահին որևէ մեկը հստակ չգիտի: Ի դեպ, եթե այնպես ստացվի, որ ոստիկանությունը դառնա նախարարություն, էլ չենք ասում, որ եթե իր մեջ ներառի ԱԻՆ-ը և տեղական ինքնակառավարման նախարարությունը, և եթե այդ «սուպերությունն» էլ ստանձնի Վլադիմիր Գասպարյանը, ապա կարելի է պատկերացնել, թե ինչու պետք է հենց այսօրվանի՛ց պայքարել ոստիկանության դեմ: Ընդ որում` ոչ թե պետք է, այլ պարտավոր են:


Ի դեպ, ոչ պակաս հետաքրքիր զարգացումներ են ընթանում նաև ԱԺ մատույցներում: «Կոնկուրենտ ֆիրման», որն ի սկզբանե ԱԺ նախագահի «պոստում» էր տեսնում արաբական մամուլում գեղեցկուհի հռչակված Արփինե Հովհաննիսյանին, այսօր «մտմտում» է նաև Արա Բաբլոյանի «մասով», «կարծելով», որ վերջինս տարիքին առնչվող որոշ «նրբություններ» ունի և 2018-ին հրաժեշտ կտա իր պաշտոնին:


Ավաղ: Դատելով այն հանձնառություններից, որոնք վերջին շրջանում դրված են Արա Բաբլոյանի վրա (նա, ի դեպ, նույնպես համարվում է Սերժ Սարգսյանի «միջավայրի» մարդ), կարող ենք պնդել մեր մշտական համոզումը` նա լուրջ «ֆունկցիա» է. տե՛ս նրա ելույթներն ու հանդիպումները Սանկտ Պետերբուրգում, տե՛ս նրա այցը Լեհաստան, և այն էլ ԵՄ-ի հետ համաձայնագրի կնքման այս կարևորագույն փուլում, երբ Լեհաստանը «սողացող» գործընթացների մեջ է, սակայն հայկական կողմը չի ցանկանում այդ մասին բարձրաձայնել, և կարծում է` կհաղթահարի այդ «վետոն»:
Վետոյի հաղթահարումը, փաստորեն, հանձնարարված է նաև Բաբլոյանին և Վարշավա մեկնած նրա թիմին:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 4357

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ