Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

«Նախագծում ձևակերպումներ կան, որոնք կարող են խաթարել մեր ընտանեկան անդորրը»

«Նախագծում ձևակերպումներ կան, որոնք կարող են խաթարել մեր ընտանեկան անդորրը»
24.10.2017 | 09:41

Հասարակական մեծ անհանգստության տեղիք տված «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ օրերս ՀՀ փաստաբանների պալատում կազմակերպված նախագծի քննարկման ժամանակ, ինչպես նաև ֆեյսբուքյան իր էջում արտահայտվեց նաև հիշյալ պալատի նախագահ ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ:


Նախապես նշենք, որ մասնագետների և հասարակության անհանգստությունն ամենևին անհիմն չէ: Ընտանիքաքանդ հիշյալ օրենքի նախագիծը միայն իր անվանումով է անմեղ ու բարի նպատակներ հետապնդող, իսկ իրականում այն ընտանեկան բռնության պատճառների դեմ չի ուղղված, այլ հետևանքների, հետևաբար, օրենքի վերածվելու պարագայում, չի կարող կանխարգելիչ դեր ունենալ:
Ավելին, այդ օրենքը եթե ընտանեկան բռնության, ասենք, 1000 դեպքից լավագույն դեպքում 1 տոկոսը կանխի, մնացած գրեթե բոլոր դեպքերում հանգեցնելու է մեծաթիվ ամուսնալուծությունների, հասարակության բնական ու հիմնական բջիջը հանդիսացող ընտանիքների կործանման, ինքնասպանությունների աճի, ամուսնությունների թվի ու, բնականաբար, մանկածնության էական կրճատման, իրենց տնից և ընտանիքից մինչև 20 օրով (անհապաղ միջամտության որոշման դեպքում), իսկ պաշտպանական որոշման դեպքում մինչև 9 ամսով արտաքսված շատ մարդկանց աշխատունակության անկման, չարացածության, հասարակության մեջ նրանց ագրեսիվ վարքագծի, նրանց կողմից տարբեր հանցագործությունների:


Անորոշություններով, հակասություններով, անհեթեթություններով լի այս խոտան ու խայտառակ, հակասահմանադրական ու հրեշավոր օրենքի նախագիծն իրականում իր սուր սլաքով ուղղված է հայ ընտանիքի, հասարակության, մեր հասարակական և ազգային անվտանգության դեմ:
ՈՒշագրավ ու, կարծում ենք, ՀՀ արդարադատության նախարարության իրական մտադրությունների առումով բնութագրական է այն հանգամանքը, որ փաստաբանների պալատում կազմակերպված հիշյալ քննարկմանը, չնայած հրավիրված լինելուն, արդարադատության նախարարությունից որևէ ներկայացուցիչ չէր մասնակցում:
Պաշտոնապես օրենքի նախագծի հեղինակ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչները, ինչպես նաև նախագծի պաշտպան, հիշյալ օրենքի ընդունումը քարոզող ու պաշտպանող, Հայաստանում Արևմուտքի դրամաշնորհներով գործող ու նրա հինգերորդ շարասյուն «հասարակական» կոչված կազմակերպությունները հաճախ են շահարկում այն հանգամանքը, որ ընտանեկան բռնության դեպքերը լատենտային (թաքնված) բնույթ ունեն, իրականում դրանք Հայաստանում վերջին տարիներին արձանագրված տարեկան այն մոտ 500-800 դեպքերը չեն միայն, որոնց մասին հայտնվել կամ հայտնի է դարձել իրավապահ մարմիններին, այլ շատ ավելին:


«Այն ձևակերպումները, որոնք ներկայացված են օրինագծի հիմնավորումներում, անձամբ ինձ չեն համոզում, որ այդ օրինագիծն անհրաժեշտ է,- փաստաբանների պալատում կազմակերպված քննարկման ժամանակ ասաց Արա Զոհրաբյանը:- Ինչո՞ւ… Ներկայացված են վիճակագրական տվյալներ` ընտանիքներում բռնությունների վերաբերյալ, և այս տվյալները, իհարկե, ընդհանուր բռնությունների համատեքստում մեծ չեն: Բայց մեր հարգելի գործընկերները ներկայացնում են, որ այդտեղ կա նաև լատենտայնության խնդիր, այսինքն` թաքնված խնդիր, որովհետև ոչ բոլոր դեպքերն են արձանագրվում և կազմում վիճակագրական տվյալ: Ես դրա հետ համաձայն եմ և, կարծում եմ, որևէ մեկը չի ժխտի, որ ընտանիքներում ոչ բոլոր բռնություններն են դառնում հանրային քննարկման առարկա կամ իրավապահ մարմինների քննության առարկա:


Բայց նաև այլ տեսակետից եմ ցանկանում խնդիրը ներկայացնել: Մենք բոլորս գիտենք, որ բռնության այլ տեսակներն էլ են լատենտային բռնություն, մասնավորապես` դպրոցում բռնությունները, դեռահասների միջև բռնությունները, ով ունի դպրոցական երեխաներ, բոլորը գիտեն` երեխաները միշտ իրար հետ կռվում են, իրար ծեծում են, այսինքն` այդ բռնությունները նույնպես թաքնված են, և վիճակագրությունը դրանք չի արտացոլում: Բուհերում բռնությունները, բանակում բռնությունները, Ազգային ժողովում բռնությունները` պատգամավորների միջև, բոլոր տեղերում, բոլոր ոլորտներում այդ բռնությունները կան, և ոչ բոլոր բռնություններն են դառնում վիճակագրական տվյալ: Եվ եթե մենք բոլոր բռնություններն արձանագրենք ու փորձենք հասկանալ դրանց մեջ ընտանիքում բռնությունների ցուցանիշը, ես վստահ եմ, որ այն դարձյալ կարող է փոքր լինել»:
Բնականաբար, հարց է առաջանում` եթե ՀՀ արդարադատության նախարարությունը, կառավարությունը մտադիր են հասնել մեր հասարակության մեջ առկա բռնությունների ընդհանուր թվի սոսկ փոքր մասը կազմող ընտանեկան բռնությունների վերաբերյալ առանձին օրենքի ընդունման, ապա նրանք ինչու՞ այդ նույնը չեն անում բանակում, դպրոցներում ու բուհերում, աշխատավայրերում առկա բռնությունների վերաբերյալ:


«Նախագծում ձևակերպումներ կան, որոնք կարող են խաթարել մեր ընտանեկան անդորրը,- ասաց փաստաբանների պալատի նախագահը:- Հոգեբանական տեսակետից «ընտանիք» հասկացության ներքո հասկացվում է անհատների միություն, որը բավարարում է չորս չափանիշների, որոնցից մեկը և կարևորը ընտանիքի փակ լինելն է և միջանձնային գաղտնիությունը: Այդ օրինագիծը կարող է հնարավորություն տալ, որ պետության ներկայացուցիչը ներխուժի այդ միջավայր: Ո՞րն է մեր անհանգստությունը: Կան, օրինակ, բռնությունների նոր տեսակներ` հոգեբանական և ֆիզիկական, և ուղղակի այդ ձևակերպումները կարդալով, մենք կարող ենք ընտանիքում ծնողի դաստիարակչական գործառույթը միացնել այդ դեպքի հետ: Այսինքն` մենք լավ գիտենք, որ երեխային դաստիարակելու մեթոդներից մեկը երեխայի իրավունքները, ազատությունները սահմանափակելն է: Օրինակ, գիրանալու հակում ունեցող երեխային երեկոյան հացաբուլկեղենից զրկելը, չթողնելը, որ նա սնվի՝ իր առողջությանը վնաս չպատճառելու համար, երեխաներին սովորեցնելը, որ իրենց ցանկություններն ու կրքերը զսպեն, որ երբ մեծանան, չափահաս դառնան, ինչ ցանկանան, ամեն գնով չհասնեն այդ ցանկացածին, որովհետև դրանով կարող են արդեն հանցագործներ դառնալ: Այսինքն` ծնողի այդ պարտականությունները կարող են առերևույթ նմանվել տնտեսական կամ հոգեբանական բռնությունների: Արդարադատության նախարարության ներկայացուցիչները նշում են, որ այդ դեպքերը, այսինքն` ծնողի դաստիարակչական գործառույթը չի կարող համարվել տնտեսական կամ հոգեբանական բռնություն: Ես ուրախ եմ, որ այդ տեսակետն ունեն, բայց եկեք տեսնենք, որ «Իրավական ակտերի մասին» օրենքի համաձայն, իրավական ակտը մեկնաբանվում է բառացի նշանակությամբ, դրանում պարունակվող արտահայտությունների բառացի նշանակությամբ: Եվ եթե, իրոք, այդպես են մտածում, ես կարծում եմ, որ մենք այստեղ կարող ենք շատ լավ կոմպրոմիսի գալ և, օրինակ, այդ ձևակերպումները համապատասխանեցնել հենց այդ մտքին:


Մյուսը, որը, կարծում եմ, նույնպես խնդրահարույց է, այն է, որ հոգեբանական բռնության տակ հասկացվում է նաև ֆիզիկական կամ տնտեսական բռնության սպառնալիքը, ֆիզիկական բռնություն էլ համարվում են ոչ միայն քրեական օրենսգրքով նախատեսված արարքները, այլև ցանկացած բռնի ուժ կիրառելու գործողություն: Հիմա, պատկերացրեք, ծնողը երեխային ասում է` մեկ անգամ էլ քեզ ծխելիս բռնացնեմ, ականջդ կտրելու եմ: Այստեղ կոնկրետ ֆիզիկական բռնության սպառնալիք է, ընդ որում՝ մենք բոլորս էլ լավ գիտենք, որ մեր ծնողները երբեք իրենց երեխաների ականջները չեն կտրում, և մեր հայկական չափազանցության մեջ այդպես վախեցնում են, բայց ձևական առումով դա ֆիզիկական բռնության սպառնալիք է: Քրեական օրենսգիրքը սպառնալիքների դեպքում ունի յուրովի մոտեցում, այն ասում է, որ կյանքին, առողջությանը, գույքին ուղղված սպառնալիքը, եթե իրագործելու ռեալ վտանգ կա, քրեական օրենսգիրքը միայն այդ դեպքում է դա համարում հանցագործություն: Տվյալ դեպքում այս օրինագիծը կարող է չարաշահումների տեղիք տալ:
Մյուս խնդիրը, որ մենք տեսնում ենք, պետական մարմիններին բավական լայն լիազորություններ տալն է` մտնելու ընտանեկան կյանք: Մասնավորապես` ոստիկանության ներկայացուցիչներն ունենալու են լիազորություն` միջամտելու և հետևանքներ առաջացնելու ընտանիքի անդամների նկատմամբ: Օրինակ, կարողանալու են ծնողներից մեկին հեռացնել բնակության վայրից, ընդ որում, հաշվի չառնելով նաև, որ այդ բնակարանի սեփականատերը կարող է լինել հեռացվող անձ: Կամ` ոստիկանությունը, օրինակ, իրավունք է ունենալու մինչև 20 օր ժամկետով սահմանել ժամանակավոր տեսակցության կարգ, ընդ որում՝ մենք ունենք Սահմանադրության 36, 37-րդ հոդվածները, որտեղ ուղղակի նշված է, որ ծնողների իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով, դատարանի որոշմամբ»:
Վերոնշյալի առումով նշելով օրենքի նախագծի հակասահմանադրական բնույթի մասին, Արա Զոհրաբյանը տեղեկացրեց նաև, որ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալը (խոսքը Վիգեն Քոչարյանի մասին է) արդեն փորձում է այս թեման անձնավորել, նշելով, թե փաստաբանների պալատն առաջարկություններ չի ներկայացրել:


«Ձեզ տեղեկացնեմ,- շարունակելով իր խոսքը՝ ասաց պալատի նախագահը,- որ փաստաբանների պալատը պաշտոնապես ներկայացրել է 2016 թվականի նոյեմբերի 6-ին առաջարկություն (հիմնավորումներով) արդարադատության նախարարությանը: Սա՝ մեկ: Երկրորդ՝ 2015 թվականին այս օրինագիծը, երբ շրջանառության մեջ էր դրված, մենք առաջարկություն և դիտողություն չենք ներկայացրել հետևյալ պատճառով. 2016 թվականի նոյեմբերի 16-ին մենք դիրքորոշում հայտնեցինք, որ առաջարկություն չունենք` այն պարզ պատճառով, որ որոշվել էր այս նախագիծը հանել շրջանառությունից, և 2016 թվականի նոյեմբերի 28-ին արդարադատության նախարարությունն արդեն պաշտոնապես իր կայքում հայտարարեց, որ այս նախագիծը ժամանակավորապես հանվում է շրջանառությունից: Բայց փաստաբանների պալատը դրանով կանգ չի առել, մենք նույնիսկ 2016 թվականի դեկտեմբերի 16-ին դիմել ենք ոստիկանությանը, խնդրել՝ մեզ տալ ֆիզիկական և սեռական բռնությունների վիճակագրական տվյալները, այդ թվում` այդ վիճակագրական տվյալներից առանձնացված` ընտանիքում բռնությունների վիճակագրական տվյալները: Այսինքն` մենք այս հարցում հետամուտ ենք եղել, աշխատանք ենք տարել, և այդ մասով մեր դիրքորոշումը շատ հստակ է»:
Ավելի վաղ հանդես գալով օրենքի նախագծի վերաբերյալ, Արա Զոհրաբյանն այն դիրքորոշումն է արտահայտել, որ եթե պետությունն այս նախագիծը պետք է ընդունի՝ հաշվի առնելով նաև միջազգային կառույցների առաջարկությունները, ապա պետք է կատարել առավել խոր և բազմակողմանի հետազոտություններ, նախագծով լուծել հնարավոր բաց հարցերը, նախագիծը ներկայացնել հասարակության լայն շերտերի քննարկմանը։ Իր այժմյան ձևակերպմամբ միանգամայն անընդունելի օրենքի նախագծի իր իրավական համառոտ վերլուծության կամ մեկնաբանության մեջ պալատի նախագահը այդ փաստաթղթի քարը քարին չի թողել:


Ըստ Արա Զոհրաբյանի, նշված օրենքի մշակման հիմքում պետք է ընկած լինեն հասարակական հարաբերությունների համապատասխան ոլորտի և դրա հետ առնչվող հարցերի իրավական, քաղաքական, սոցիոլոգիական և այլ ուսումնասիրությունները՝ պարզելու համար՝ գոյություն ունի՞ արդյոք այս օրենքի մշակման և ընդունման հասարակական պահանջարկ և անհրաժեշտություն, թե՞ ոչ: Երկրորդ՝ պետք է պարզել նաև առաջարկվող կարգավորումներն արդյոք չե՞ն վնասում պաշտպանության ենթակա այլ շահեր։
«Նման օրենքի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորելիս պետք է հաշվի առնել նաև սահմանադրի մոտեցումը ընտանեկան հարաբերություններին,- գրել է պալատի նախագահը:- ՀՀ Սահմանադրության 65-րդ հոդվածի համաձայն՝ ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ:


Այս սահմանադրական նորմը հստակ ցույց է տալիս պետության վերաբերմունքը ընտանեկան հարաբերություններին։ Ստացվում է, որ պետությունը հանցագործությունների բացահայտման շահը ստորադասել է ընտանեկան շահին։ Ընդ որում, որևէ բացառություն չի սահմանել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների համար։ Հետևապես նախագծի հեղինակներն առնվազն պետք է հիմնավորեն, թե ընտանեկան հարաբերությունների շահից առավել ինչ շահ պետք է պաշտպանել՝ առանց վնաս հասցնելու հասարակության բնական և հիմնական բջիջ, ինչպես նաև բնակչության պահպանման և վերարտադրման հիմք հանդիսացող ընտանիք ինստիտուտին»։
2014-2016 թթ. ՀՀ տարածքում արձանագրված բռնության վիճակագրական տվյալների (ընդ որում՝ այդ դեպքերը ոչ միշտ են դարձել քրեական գործերի առարկա) վկայակոչմամբ Արա Զոհրաբյանը փաստել է, որ դրանք չեն հաստատում այսպիսի օրենքի ընդունման անհրաժեշտությունը։


Oրինակ, 2014 թ. ոստիկանությունը արձանագրել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-119, 131-142 հոդվածներով նախատեսված ֆիզիկական և սեռական բռնության 4992 դեպք, որոնցից տուժել է միայն 10 անչափահաս (0,2 %), գրեթե նույն պատկերն է նաև (0,3 %) 2016 թ. 11 ամիսների վերաբերյալ ոստիկանության ներկայացրած տվյալներով:
«Նախագծով սահմանված ընտանեկան բռնության հասկացությունը խիստ խնդրահարույց է հատկապես տնտեսական և հոգեբանական բռնության մասով,- շարունակելով ներկայացնել իր նկատառումները, գրել է պալատի նախագահը:- Եթե ֆիզիկական և սեռական բռնությունը գործնականում հնարավոր է զատորոշել, ապա տնտեսական կամ հոգեբանական բռնությունը խիստ ընդհանրական և գործնականում դժվար որակվող երևույթ է: Նախագծի նշյալ կամ որևէ այլ հոդված չի պարունակում ինչ-որ մի չափանիշ կամ չափանիշների խումբ, որոնցով հնարավոր լինի գործնականում ընկալել և որակել տնտեսական կամ հոգեբանական բռնության դրսևորումները»:


Միանգամայն իրավացի է պարոն Զոհրաբյանը, որ նախագծի ներկայիս շարադրանքով օրենքն ընդունելու պարագայում ոստիկանության ծառայողը կարող է որպես տնտեսական բռնություն որակել, օրինակ, երեխայի կողմից իր ծեր ծնողին վերջինիս առողջության պահպանման նպատակով որոշակի սննդամթերք տալուց հրաժարվելը, հոգեբանական բռնություն կարող է որակվել, օրինակ, ծնողի կողմից անչափահաս երեխային գիշերային ակումբ այցելելու արգելքը։
«Ընդ որում՝ պրակտիկայում նման անհեթեթ դեպքերն ամենևին բացառված չեն, քանի որ օրենսդրորեն որևէ երաշխիք չկա այդպիսի իրավակիրառական պրակտիկայի դեմ,- վստահեցնում է պալատի նախագահը:- Այսպիսով, վերոգրյալի համատեքստում անձը կարող է ենթարկվել անձնական և տնտեսական բնույթի իրավասահմանափակումների այնպիսի գործողությունների համար, որոնք բխում են իր՝ որպես ծնողի, երեխայի կամ ընտանիքի այլ անդամի կարգավիճակից: Նմանօրինակ իրավակարգավորումներով պետությունը կարող է ներխուժել ընտանեկան-բարոյական միջանձնային հարաբերությունների ոլորտ, որն ավանդաբար և օբյեկտիվորեն չի կարգավորվել և չի էլ կարող կարգավորվել պետության և իրավունքի կողմից, քանի որ առնչվում է անձի անձնական և ընտանեկան կյանքին: Դա կարող է վատ նախադեպ ծառայել պետության իրավակարգավորիչ դերի անհամաչափ ընդլայնման համար, ինչը կարող է հակասել ժողովրդավարական պետության գաղափարին, որն ամրագրված է ՀՀ Սահմանադրության 1-ին անփոփոխ հոդվածում»:
Արա Զոհրաբյանի հավաստմամբ, նախագծում կան նաև բազմաթիվ այլ խնդիրներ՝ կապված, օրինակ, սեփականատիրոջն առանց դատարանի որոշման, իր տարածքից ժամանակավորապես վտարելու և նմանատիպ այլ միջամտությունների, ինչպես նաև երեխաներին և ծնողներին տարբեր մարմինների ապօրինի գործողություններից պաշտպանելու արդյունավետ մեխանիզմների բացակայության հետ:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1856

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ