Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Քրդական իշխանությունը քայլ է անում բանակցային սեղանի շուրջ նստելու համար

Քրդական իշխանությունը քայլ է անում բանակցային սեղանի շուրջ նստելու համար
27.10.2017 | 09:51

Օրերս Քրդստանի կառավարությունը սառեցրեց անկախության հանրաքվեի արդյունքները։ Թուրք-քրդական հակամարտությունների փորձագետ ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ նկատում է, որ քրդական կառավարությունը որոշել է սառեցնել սեպտեմբերի 25-ի անկախության հանրաքվեի արդյունքները, բայց ոչ չեղարկել: Այսինքն, արդյունքների սառեցումը կրում է ժամանակավոր բնույթ:

«Քրդստանի իշխանության պաշտոնական պատճառաբանությունն այն է, որ չեն ուզում առճակատման տանել իրաքյան և քրդական ռազմական ուժերին, ինչի հետևանքով տուժելու է նույն ժողովուրդը: Այսինքն, քրդական իշխանությունը քայլ է անում բանակցային սեղանի շուրջ նստելու համար՝ միաժամանակ առաջ քաշելով երեք նախապայման. 1. անհապաղ դադարեցնել քրդական շրջաններում ռազմական գործողությունները, 2. սառեցնել Քրդստանում անցկացված անկախության հանրաքվեի արդյունքները, 3. Իրաքի կենտրոնական իշխանության և քրդական իշխանության հետ ուղղակի բանակցելու հնարավորություն Իրաքի սահմանադրության հիման վրա: Սակայն այս որոշման մեջ իր դերակատարությունն է ունեցել ԱՄՆ-ը. ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղարությունը կոչ էր արել կողմերին (Բաղդադ, Էրբիլ) անհապաղ դադարեցնել հակամարտությունը, քանի որ տարածաշրջանում իրանական գործոնը սկսում է ազդել կոնֆլիկտի վրա: Չի բացառվում, որ այս որոշումը կայացվել է արտաքին ճնշումների ազդեցության տակ, քանի որ բառացիորեն երկու օր առաջ Բարզանին հանդես եկավ ուղերձով` միջազգային կառույցներին և սփյուռքի քրդերին հորդորելով սատար կանգնել անկախ Քրդստանին»,- ասում է Կարեն Հովհաննիսյանը:


Քրդերը պետականություն են ստեղծում՝ հույսը դնելով արտաքին օգնության վրա, սակայն, ըստ Կարեն Հովհաննիսյանի, բացահայտ աջակցություն ստացան միայն Իսրայելից, որը ցանկանում էր Իրանի քթի տակ ունենալ ռազմական ներկայություն: Մյուս կողմից, այստեղ կարծես թե բոլոր գերտերությունների շահերը համընկնում են՝ տարածաշրջանում ունենալ քրդական միավորում, բայց ոչ անկախ պետական միավոր: «Թե՛ ԱՄՆ-ը, թե՛ Ռուսաստանն այստեղ ունեն հետաքրքրվածություն, քանի որ հենց այստեղ է Իրաքից արտահանվող նավթի 40 %-ը: Իսկապես ԱՄՆ-ը ռազմական աջակցություն է ցուցաբերում փեշմերգային, սակայն ոչ թե իրաքյան բանակի, այլ ԻՊ-ի դեմ պայքարում: Քրդերը պետականություն ստեղծելու հարցում դեռևս կայացած չեն, քանի որ իրենք իրենց մեջ ունեն չլուծված հարցեր, արտաքին աշխարհը որքան էլ ցանկանա ստեղծել պետություն, միևնույն է, այն չի ստացվի, դրա վառ ապացույցն են հենց հոկտեմբերի 16-ի դեպքերը, երբ Քիրկուկում քրդական մեկ այլ անվանի ընտանիք՝ Թալաբանիները, համաձայնության եկավ իրաքյան և, որոշ աղբյուրների համաձայն` իրանական ուժերի հետ, և Քիրկուկը փաստացի հանձնեց Իրաքի կենտրոնական իշխանությանը: Այսինքն, Բարզանիների տոհմին հակադրվեցին ու իրենց ազդեցության տակ գտնվող աշխարհագրական շրջանը հանձնեցին այլ ուժերի վերահսկողությանը: Փաստորեն, քրդերի միակ հույսը արտաքին աշխարհի աջակցությունն էր»,- նկատում է փորձագետը:


Այս ընթացքում քրդական տարբեր կուսակցությունների և ցեղամիավորումների միջև հակասությունները հաստատում են այն տեսակետը, թե քրդերին որպես մեկ ազգ կամ մեկ էթնոս դիտարկելը վիճելի հարց է: Կարեն Հովհաննիսյանը նկատում է, որ քրդերը որպես մեկ ազգ դեռևս կայացած չեն, դրա մասին է խոսում նաև լեզվական տարբերությունը, քրդերը չեն կարող դիտարկվել որպես մեկ ազգ. «Անգամ հենց իրենց կուսակցությունները համախմբում են տարբեր ցեղերի ներկայացուցիչների։ Հատկապես Իրաքի քրդերը բավականին տարբերվում են իրարից: Հենց քրդական շրջանում կամ Իրաքյան Քրդստանում բնակվող քրդերը տարբերվում են թե՛ սուննի և շիա լինելով, թե՛ լեզվով, թե՛ պետություն ունենալու իրենց տեսլականով: Սակայն նույնը չէի ասի Թուրքիայի քրդերի մասին, որտեղ նրանք ավելի միատարր են ու ավելի միակամ` առանձին պետականություն ունենալու հարցում: Այստեղ, թերևս, Օջալանի դերակատարությունն է մեծ, որ կարողացել է համախմբել Թուրքիայի քրդերին կամ, գոնե, նրանց մեծ մասին»:


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2526

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ