Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

12 միլիոն եվրո կաշառքը (30 արծաթը) վերցնողների քթից հազարապատիկ է դուրս գալու

12 միլիոն եվրո կաշառքը (30 արծաթը) վերցնողների քթից հազարապատիկ է դուրս գալու
27.10.2017 | 11:47

«Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող Հայկ Նահապետյանը «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ընտանիքաքանդ օրենքի նախագծի առնչությամբ առաջարկում է դիտարկել միջազգային պրակտիկան, այսինքն` կա՞ն երկրներ, որոնք նույնաբնույթ օրենք ընդունելուց հետո ունեն ընտանեկան բռնության կանխարգելման դրական արդյունք:


«Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը (և ոչ միայն նա) բազմիցս հրապարակայնորեն ասել է, որ ընտանեկան բռնության մասին օրենքներ ընդունել են շուրջ 120 երկրներ,- օրերս ՀՀ փաստաբանների պալատում օրենքի նախագծի վերաբերյալ կազմակերպված քննարկման ժամանակ ասաց Հայկ Նահապետյանը:- Այսինքն` օրենքը մշակողները պետք է գոնե կարողանային գնահատական տալ` այդ 120 երկրում օրենքների ընդունումից հետո ինչպիսի՞ն են վիճակը, վիճակագրությունը, դեպքերի քանակը, ընտանեկան բռնությունների թիվը, ամուսնալուծությունների, երեխաներին տվյալ ընտանիքներից ապաստարաններ օտարելու քանակը: Եվ եթե այդ 120 թիվը պարոն Քոչարյանը հպարտությամբ է ասում, ապա երբ Ազգային ժողովում քննարկման ժամանակ նրան հարց ուղղվեց` այդ 120 երկրից կարո՞ղ եք ասել երկրների անուններ, որտեղ վիճակագրությունը ցույց է տալիս, որ օրենքի ընդունումից հետո կա դրական տեղաշարժ, ի զարմանս բոլորի, նա պատասխանեց, որ դա կարևոր չէ: Մոտավորապես այդպես… Այսինքն` չկա մի երկիր, որտեղ օրենքի ընդունումից հետո կա դրական տեղաշարժ»:


Նախաձեռնության համակարգողի հավաստմամբ, արդարադատության նախարարությունն այս օրենքի նախագծի ոչ թե մշակողն է, այլ լրամշակողը, և երբ լրամշակել է, տվել է հիմնավորում, որից Հայկ Նահապետյանը մեջբերում կատարեց.
«Վերջին տարիներին ընտանեկան բռնության տարածվածությունը և դրա ծանր հետևանքներն ավելի և ավելի մտահոգիչ են դառնում: Միայն պաշտոնական վիճակագրության համաձայն` 2016 թ. 8 ամիսների ընթացքում գրանցվել է կանանց դեմ ընտանեկան բռնության 452, 2015 թ.` 784, 2014 թ.՝ 575, 2013 թ.՝ շուրջ 500, 2012-ին՝ 625 միջադեպ: Ավելին, ՀՀ քննչական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2015 թվականին ընտանեկան բռնության համատեքստում սպանությունները կազմում են հանրապետությունում գրանցված սպանությունների 17 տոկոսը»:


Նախաձեռնության համակարգողն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ընտանեկան բռնությունը, որը, որպես բռնության տեսակ, նախագծում ձևակերպված է, առայսօր այլ տեղ ձևակերպված չէ, միակ տեղը «Սոցիալական աջակցության մասին» օրենքն է, որտեղ գրված է, թե ինչ բան է ընտանեկան բռնությունը, նշված է նաև հոգեբանական բռնությունը, սակայն դարձյալ սահմանված կամ մեկնաբանված չէ, թե հոգեբանական բռնությունն ինչ է, հետևաբար իրավակիրառողն այդ հասկացությանը տարբեր մեկնաբանություններ կարող է տալ: Այդ իսկ պատճառով «Սոցիալական աջակցության մասին» օրենքի տվյալ դրույթը նույնպես, ինչպես «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը հակասահմանադրական է, քանի որ հակասում է ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածով սահմանված իրավական որոշակիության սկզբունքին: Ավելին, երբ վերջնականապես հայտնի չէ, թե ինչ ասել է «ընտանեկան բռնություն», «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքն էլ դեռ ընդունված չէ, ինչպե՞ս կարող են ընտանեկան բռնության վերաբերյալ թվական տվյալներ ներկայացվել:


Անդրադառնալով ընտանեկան բռնության թվերին, Հայկ Նահապետյանն ասաց.
«2014-2016 թվականներին ընտանիքներում ամուսինների միջև միմյանց նկատմամբ բռնությունների թիվը կազմում է ընդհանուր բռնությունների թվի 8-9 տոկոսը, ծնողների կողմից երեխաների նկատմամբ բռնությունները` 1,3-1,5 տոկոսը, անչափահասների նկատմամբ բռնությունները` 0,3-0,5 տոկոսը: Սա` թվերի հետ կապված, որովհետև հիմնավորումը սկսվում է թվերով»:
Ինչ վերաբերում է ՀՀ քննչական կոմիտեի հրապարակած այն տվյալին, որի համաձայն, 2015 թ. ընտանեկան բռնության համատեքստում կատարված սպանությունները հանրապետությունում գրանցված սպանությունների 17 տոկոսն են, մի թիվ, որը արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը հաճախ է շահարկում, ապա այդ կապակցությամբ նախաձեռնության համակարգողն ասաց, որ փոխնախարարը, գուցե և միտումնավոր, մի շատ կարևոր բան է բաց թողնում. այդ 17 տոկոսը ձևավորած մահվան ելքով 16 դեպքից 7-ի պարագայում սպանողների նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ են կիրառվել, այսինքն` ամուսիններից մեկը, որը սպանել է մյուսին, հիմա բուժվում է, հոգեկան հիվանդ է: Այլ կերպ ասած, նրանց կատարած սպանությունն ընտանեկան բռնություն ներկայացնել չի կարելի, որովհետև այդ անձինք իրենց կատարած արարքը չեն գիտակցել և նույն հավանականությամբ կարող էին սպանել նաև իրենց հարևանուհուն կամ հարևանին, ընկերոջը, եթե այդ պահին նրանք լինեին իրենց մոտ: Բացի այդ, այս դեպքում ոստիկանությանը և համապատասխան բուժհաստատություններին պետք է հարցնել` բա չգիտեի՞ք, որ այդ մարդիկ հոգեկան հիվանդ են, որպեսզի կանխարգելեիք, այսինքն` այդ մարդկանց տեղը բուժհաստատությունն էր:


Ավելին, ինչպես նախաձեռնության համակարգողը տեղեկացրեց, սպանության մնացած 9 դեպքից 3-ի պարագայում քրեական գործերը կարճվել են, միայն մնացած 6 դեպքում է, որ գործերը մեղադրական եզրակացությամբ դատարաններ են ուղարկվել: Հայկ Նահապետյանի հավաստմամբ, վտանգն էլ ավելի մեծ է, քան կարելի է պատկերացնել հիշյալ օրենքի նախագիծն ընթերցելով:
Եվրոպական միությունը 2015 թ. Հայաստանին առաջարկել է 2017 թվականին մարդու իրավունքների ոլորտին բյուջետային աջակցություն (ընդհանուր առմամբ, 12 մլն եվրոյի յուրօրինակ կաշառք), որը ստանալու նախապայմաններից մեկն այն է, որ Հայաստանն ընդունի ընտանեկան բռնության մասին օրենքը, ինչպես նաև «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» Եվրախորհրդի կոնվենցիան (Ստամբուլյան կոնվենցիա, ընդունվել է Ստամբուլում 2011 թ.) և միասեռականներին ու մյուս այլասերվածներին լայն իրավունքներ տվող «Խտրականության դեմ» օրենքը: Եվրամիության և ՀՀ-ի միջև բյուջետային հիշյալ աջակցության վերաբերյալ համաձայնագիրը ստորագրվել է 2015 թվականի դեկտեմբերին: Ըստ նշված համաձայնագրի, Հայաստանը դեռ մինչև 2016 թ. ավարտը պետք է ընդունած լիներ «Ընտանեկան բռնության մասին» հորջորջված ընտանիքաքանդ օրենքը, ինչպես նաև պղծության տանող, մեր ժողովրդի ու պետության հարցերը լուծող, երկիրը ներսից ավերող մյուս օրենքն ու Ստամբուլյան կոնվենցիան, սակայն իշխանությունները, վախենալով հասարակության առողջ և այս ամենի հանդեպ ոչ անտարբեր հատվածի ընդվզումից, անցյալ տարի չեն համարձակվել այդ քայլերը կատարել:


Հիմա, այս տարի Հայաստանի իշխանությունները վերոնշյալ գումարը ստանալու համար փորձում են Եվրամիության առջև իրենց պարտավորությունների կատարումը սկսել «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ընտանիքաքանդ օրենքի ընդունումից: Հանուն ճշմարտության, պետք է նշել, որ իշխանության մեջ բոլոր պաշտոնյաները չէ, որ, օրինակ, ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի ու նրա տեղակալ Վիգեն Քոչարյանի նման կողմ են կամ ձգտում են հասնել հիշյալ փաստաթղթերի ընդունմանը: Պաշտոնյաների թերևս մեծ մասը դեմ է, քիչ չեն նաև այնպիսիք, նրանց թվում նաև` ՀՀ ԱԺ «Հայաստանի հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավորներ, որոնք հասկանում են, որ վերոնշյալ օրենքների և կոնվենցիայի ընդունումը նույնն է լինելու, ինչ Եվրամիության ձեռքից Հայաստանի բնակչության, մեր հասարակության համար մահացու թույնով լի երեք բաժակ վերցնելն ու իրար հետևից խմելը:


«Այս օրենքը չէ միայն… Այս օրենքը ներկայացվում է այլ օրենքների հետ միասին, մեկը «Խտրականության դեմ» օրենքն է, մյուսը` Եվրախորհրդի կոնվենցիան «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին», այսինքն` այդ երեքը միասին են»,- ասաց նախաձեռնության համակարգողը և հավելեց, որ շուտով, այս մեկի ընդունումից հետո, փորձելու են ընդունել նաև մյուսները:


Հայկ Նահապետյանը նշեց նաև, որ Ստամբուլյան կոնվենցիայի նպատակները, գործողության շրջանակները, սահմանումները, սկզբունքները հիմք են հանդիսանում «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի համար: Կոնվենցիայով ընտանեկան բռնություն է համարվում ոչ միայն ամուսինների, այլև զուգընկերների միջև կատարվող բռնությունը, իսկ զուգընկերները միասեռական զույգերն են (միմյանց հետ պարբերաբար սեռական հարաբերություն ունեցող անձինք): Այսինքն` Ստամբուլյան կոնվենցիայի ընդունմամբ Հայաստանը, ոտնահարելով մեր ժողովրդի ավանդական պատկերացումն ընտանիքի մասին, միասեռական զույգերի միջև բռնությունը նույնպես համարելու է ընտանեկան բռնություն, այսպիսով, ուղղակիորեն թե անուղղակիորեն, միասեռական զույգերի միությունը ճանաչելով իբրև ընտանիք: Թույլ տալու՞ ենք սա… Իհա՛րկե ոչ: Հարկ եղած դեպքում հասարակության առողջ հատվածը, կարծում ենք, կգնա նաև ծայրահեղ քայլերի:


Ըստ նախաձեռնության համակարգողի, իրենք բազմիցս հիմնավորել են, որ սույն օրենքի («Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին».-Ա. Հ.) նախագիծն իրականում չի ներառում կանխարգելում, քանի որ կանխարգելումը նշանակում է բռնությունների պատճառների վերհանում, գնահատում և օրենսդրական համապատասխան քայլեր այդ պատճառների վերացման ուղղությամբ: Չնայած այս իրողությանը, ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչները, շարունակելով մոլորեցնել հանրությանը, պարբերաբար այնպես են ներկայացնում, թե այդ նախագիծն օրենքի վերածվելու պարագայում կանխարգելելու է ընտանեկան բռնությունները:
«Ես ձեզ հավատացնում եմ` նախագծում ոչ մի կանխարգելում չեն գրել, ինչու՞,- հարցադրեց Հայկ Նահապետյանը և շարունակեց,- որովհետև հիմա ես կկարդամ, թե ինչ ասել է, ըստ այդ կոնվենցիայի, կանխարգելում: ՈՒղղակի եթե հանկարծ իրենք կոնվենցիայով նախատեսված կանխարգելումը նշեին մեր օրենքի նախագծի մեջ, մի քանի բան միանգամից կբացահայտեին… Հիմա ես կարդում եմ, թե ինչ ասել է կանխարգելում, ըստ այս կոնվենցիայի, որի մասին արդարադատության նախարարության ներկայացուցիչը չի ասում. մասնակից պետությունները պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն կանանց և տղամարդկանց վարքագծի սոցիալական և մշակութային վարվելակերպերում փոփոխություններ մտցնելու նպատակով` այն մասով, որպեսզի արմատախիլ արվեն այն նախապաշարումները, սովորույթները, ավանդույթները և մյուս բոլոր երևույթները, որոնք հիմնված են կանանց ստորադասվածության կամ կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա: Այ սա է կանխարգելումն ըստ Ստամբուլյան կոնվենցիայի: Եվ երկրորդն եմ ուզում կարդալ. մասնակից պետությունները պետք է ապահովեն, որպեսզի մշակույթը, սովորույթը, կրոնը, ավանդույթը կամ, այսպես կոչված, «պատիվը» չվկայակոչվեն սույն կոնվենցիայի առարկա հանդիսացող բռնության որևէ գործողություն արդարացնելու համար: Սա՛ է իրականությունը, և պետք չէ նրանց, ովքեր ընդդիմանում են, նախարարի շուրթերով «օրենքի նախագիծը չկարդացած կամ չհասկացող մարդիկ» պիտակները տալ»:


Հետաքրքիր է, թե մասնակից պետությունը, որպիսին դառնալու է նաև Հայաստանը` կոնվենցիան ստորագրելու դեպքում, այդ ի՞նչ միջոցներ պետք է ձեռնարկի մեր սոցիալական և մշակութային վարվելակերպերում փոփոխություններ մտցնելու նպատակով, որո՞նք են տվյալ փաստաթուղթը որոճած եվրաչինովնիկների կողմից անհրաժեշտ համարված այդ միջոցները: Եվ եթե ոչ այդ եվրաչինովնիկները և մասնակից մյուս պետությունները, ապա ՀՀ իշխանությունները հաշվի առնու՞մ են, թե այդ միջոցները ձեռնարկելու նույնիսկ փորձից հետո Հայաստանում ինչ տեղի կունենա, ոմանք ինչ ծայրահեղ քայլերի կգնան…
Տեսեք` Ստամբուլյան կոնվենցիան, այդ փաստաթղթի հեղինակներն ու մասնակից պետությունները դեմ են կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարին և այն բոլոր սովորույթներին, ավանդույթներին և մյուս բոլոր երևույթներին, որոնց վրա հիմնված է այդ գաղափարը: Կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարներից մեկն էլ այն է, որ տղամարդը տղամարդ է, կինը` կին` Աստծու կամ բնության կողմից իրենց տրված հատկություններով, պարտականություններով, գործառույթներով: Հիմա այս աշխարհի ճարտարապետների դերը ստանձնած և Աստծո սահմանած այս և այլ կարգերին դեմ գնացող Եվրոպայի կամ Արևմուտքի ճիվաղները փորձում են խախտել այդ դերաբաժանումը, նոր կարգ սահմանել` կոնվենցիայի ընդունմամբ ապահովելով դրա օրենսդրական հենքը: Փակագծերն էլ ավելի՞ բացենք… Եվրաճիվաղները և եվրոպական «արժեքներին» իրենց հավատարմությամբ վաղուց հայտնի, իբրև հայ հանդես եկող նրանց հայաստանյան կամակատարները կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա հիմնված սովորույթները, ավանդույթները և մյուս բոլոր երևույթներն արմատախիլ անելու գործին լծվելով, փորձելու են հասնել նրան, որ հասարակությունը նորմալ ընդունի տղամարդու կողմից իր դերի փոխարինումը կնոջ դերով, և` հակառակը… Նրանք փորձելու են ի վերուստ սահմանված դերաբաժանումը խորտակելով, տարբեր սեռերի դերերն իրար խառնել: Նրանք Սատանայի երկրային զորքն են երկրի վրա ու նրանց այս և այլ քայլեր ուղղված են մարդու և մարդուն իր պատկերով ու նմանությամբ ստեղծած նրա հոր` Աստծո դեմ, աստվածային ներդաշնակ կարգի դեմ, հետևաբար եվրաչինովնիկներն ու նրանց հայաստանյան կամակատարները թող այդ դեպքում պատրաստ լինեն իրենց դեմ սրբազան պատերազմի «Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» սկզբունքով: Լոնդոնում օրերս օրենքով, ընդգծում ենք՝ օրենքով, արգելվեց «հղի կին» արտահայտության գործածումը` համարելով, որ դա վիրավորական է հղի մարդկանց (տրանսգենդերների համար) համար և այսուհետ պետք է գործածել «հղի մարդ» արտահայտությունը: Եթե Լոնդոնում լռում են, Երևանում չեն լռի, սա Հայաստանն է ու վե՛րջ: 12 միլիոն եվրո կաշառքը (30 արծաթը) վերցնելու և հիշյալ օրենքներն ու կոնվենցիան ընդունելու դեպքում այն վերցնողների քթից հազարապատիկ է դուրս գալու:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4625

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ