Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Էս անտեր նեմեցին սոված չթողեք

Էս անտեր նեմեցին սոված չթողեք
27.10.2017 | 00:35

-Է՜, Տիգրա՛ն, քոռնամ քզի, էդ Սիբիրում հիմի անմեղ կտանջվիս, էդ իմա՞լ քզի Ժողովրդի թշնամի սարքին, էգան առանց թուղթ ու թանաք, թուրքի պես էգան, ասին. «Քաղաքացի Տիգրան Վարդանյան, դու դաշնակցական ես», բռնին, տարա՜ն ու տարա՜ն,- ամեն բարիլուսին իր անպատասխան հարցը 1937-ին աքսորված ամուսնուն ու մի քիչ էլ աշխարհին տվեց Խանումը... Հետո ամեն օրվա պես ցանկությունը զսպեց բարձրաձայն անիծելու Ստալինին, թեև գաղթական սասունցիներն ավելի շատ Լենինին էին անիծում Էրգիրը թուրքին ծախելու համար: «Մտքում խոսելուց էլ պրծում չկա, էլ ու՜ր մնաց՝ բարձր ձենով։ Անաստված բոլշևիկներ են, բա էդ նորելուկ կոմսոմոլներն ավելի անխիղճ են։ Չէ՛, էս աքսորող բոլշևիկ մեզ կոտորող թուրքի նման է։ Կարո՞ղ է երկուսն էլ նույն մերն ունին, նույն կաթն են կերել»,- վերջին բառերը Խանումը ակամա մի քիչ շշուկով ասաց, ու սիրտը տագնապ ընկավ. «Ախր էդ պատերն էլ ականջ ունեն. իմ լեզուն չորնար՝ միամիտ շշուկով խոսեցի»: Հետո տագնապը մեղմելու համար մտքի մեջ, շուրթերն իրար պինդ սեղմած, անիծեց. «Ստալի՛ն, քու մոր արգանդ չորնար, քու նման հրեշ չծներ: Բա էն բորենին` Բերիա՜ն...»: Խանումը վախեցած կրկին կողքերը նայեց՝ «Էդ խոսք տանող-բերողներ մարդու միտք առանց լսելու կգուշակեն, իրար շատ նման են»... Շուրթերը նորից պինդ սեղմեց ու ձեռքն առավ կորեկհացի վերջին բոքոնը և կավե թասով մածունը։
-Տանեմ հաց ու մածուն էն գերի նեմեցին, մեղք է, սոված չմնա,- այդքանը դիտմամբ բարձրաձայն ասաց Խանումը, որ գուցե պատահմամբ գյուղսովետի շներից մեկը լսի, իսկ խոսքի մնացած մասը մտքում շարունակեց՝ «Յանի ո՞նց հասկանամ՝ եթե մեր ընտանիք Սովետի ու ժողովրդի թշնամի է, բա էս Սովետի թշնամուն՝ գերի նեմեցին պատերազմի ժամանակ ո՞նց վստահեցին մեր ընտանիքը։ Իմ Համբարձումն էլ ֆրոնտից վիրավոր է վերադարձել, իրար աչքերի մեջ իմա՞լ կնային»։


Ցավը հիշողության ծանր թելը նորից ձգեց դեպի անցյալը։ Տիգրանի աքսորից չորս տարի հետո պատերազմ սկսվեց։ Մի առավոտ գյուղսովետի նախագահի հետ մի միլիցիոներ հայտնվեց: «Երևի Հայկազիս ֆրոնտ կտանեն»,- մտածեց Խանումը, բայց երկուսի չարացած հայացքները շփոթեցրին նրան:


-Քաղաքացի Խանում Զորիկյան, քո ավագ որդին ժողովրդի թշնամու զավակ է և կարող է դասակարգային մյուս թշնամիների հետ մահափորձ կազմակերպել ընկեր Բերիայի նկատմամբ: Նա էլ հոր նման Սիբիր է գնալու,- բանավոր մռթմռթաց միլիցիոները և մտավ թոնրատուն Հայկազին կալանավորելու: Տանը մնացին վեց զավակները: Համբարձումը, թեև վիրավոր, դաշտում էր աշխատում, Գառնիկը սելվոր էր, Հայոն՝ ֆերմայում կթվոր, Սաթիկը թութուն էր շարում, իսկ Միհրանն ու Անաստասը փոքր էին։
«Ոնց որ թե հերթը Համբարձումինն է, մի օր էլ նրա հետևից կգան ու էլի առանց թուղթ ու թանաքի կասեն. «Համբարձումը ժողովրդի թշնամու զավակ է, նա էլ Սիբիր պիտի գնա»։
-Նանե, քանի չեն եկել իմ հետևից, ավելի լավ է կամավոր ֆրոնտ գնամ,- մի օր առավոտյան լուռ անեծքի պահին մորը մխիթարեց Համբարձումը: Հենց հաջորդ առավոտյան Աշնակից չոլերով, որ հանկարծ ճամփին ակտիվիստները իրեն ժողովրդի թշնամի չհանեն, Թալինի զինկոմիսարիատ գնաց Համբարձումը ու պահանջեց. «Ես ուզում եմ կամավոր մեկնել ռազմաճակատ` հայրենիքը պաշտպանելու»։ Զինկոմը գլխով հավանություն տվեց: «Բախտս բերեց, բա որ ռազմաճակատի փոխարեն ինձ էլ Սիբիր ուղարկեին: Փա՜ռք Աստծու, հարգեցին խնդրանքս, մեկի միջոցով մորս աչքալուսանք ուղարկեմ, որ մեր տնից էլ զինվոր կա, գուցե մյուսներին խնայեն»,- թեթևացած շունչ քաշեց Համբարձումը:
...Ծանր տարիներ գլորվեցին: Խանումը երկու պատերազմի մեջ էր. մեկը՝ Ստալինի, մյուսը՝ Հիտլերի։ Մի աչքը Սիբիրի ճամփին էր, մյուսը՝ ռազմաճակատի։
Պատերազմը ցավի ու տագնապի խանձարուրում գրկել էր Աշնակը՝ անհույս ու անլույս, մի օր կիսասոված, մի օր լրիվ սոված։ Դե, պատերազմի օրերին գյուղում ո՞վ էր կուշտ հաց ուտում, բացի մի քանի գործակալներից։


Արևամուտ էր, Խանումն իր ամենօրյա աղոթքը երկրորդ անգամ մրմնջաց. «Բարով իմ ղարիբներ տուն դառնան»: Թոնրատան դուռը ճռռալով բացվեց: Խանումը աչքերին չհավատաց: Երդիկից իջնող մշուշոտ լույսի տակ Խանումը ճանաչեց վիրակապերով որդուն։ Շուրթերը հազիվ շշնջացին՝ «Համբո՜ ջան, մեռնի՛մ քու ճամփաներուն, գոնե դու՛ էկար...»:
...Շրջկենտրոնից պրոպագանդիստ եկավ Աշնակ: Գյուղի կենտրոնում հավաքվեցին:
-Կարմիր բանակը թշնամուն ջարդեց, բայց գերմանացի հազարավոր գերիների ընկեր Ստալինի հրամանով բերում են Հայաստան՝ մինչև նրանց ճակատագիրը որոշվի: Մի քանիսին էլ Աշնակում պիտի պահեք: Նրանց գլխից մազ չպիտի պակասի,- հատուկ շեշտեց պրոպագանդիստը: Բոլորը հասկացան, որ նեմեցին սոված պահելու կամ նեղացնելու դեպքում Սիբիրը կա ու կա: Մի քանի օրից գյուղսովետի նախագահը մի գերու հետ բակում տեսավ Խանումին. «Էս նեմեցին էլ ձեր տանը կպահեք, մինչև որոշվի... Խանու՛մ, տես ինչ բարի ենք ձեր ընտանիքի նկատմամբ: Ժողովրդի թշնամու ընտանիք եք, բայց վստահում ենք ու մի գերի գերմանացու տալիս ենք ձեր տանը պահելու: Հացի վերջին պատառը իրեն կտաք, դուք որ չուտեք էլ, ոչի՛նչ: Որ մեր դասակարգային թշնամիները չակտիվանան, իրեն կտաք վերջին պատառը»։


...Խանումը հուշերից սթափվեց, ոտքը կախ գցեց՝ «Գոնե մածունը կիսեմ, մի քիչ էրեխեքիս թողեմ, ուտելու բան չկա»: Վերցրեց մյուս կավե ամանը, ու ձեռքը միանգամից դողաց. «Բա որ գյուղսովետից գան ու հարցնեն՝ «Նեմեցը հո սոված չի՞ մնացել, հանկարծ մի բան պատահի՝ ձե՞զ ենք Գերմանիա ուղարկելու»: Խանումը այն սարսուռն ապրեց, ինչը զգացել էր Տիգրանին ու Հայկազին աքսորելու պահին. «Ինձ էլ, էրեխեքին էլ Սիբիր կուղարկեն»։ Խանումը մածնի ամանն ու կորեկհացը դրեց գերի գերմանացու առջև։ Մտքի մեջ անիծեց: Ինքը գերմաներեն չգիտի, գերմանացին էլ՝ հայերեն, բայց հայացքով էնքան լավ հասկացան իրար։ Գերին նկատեց, որ երեխաներին բան չմնաց ու ձեռքերով հասկացրեց, որ մածունը կիսի։ Բայց Խանումը ձեռքով կավե ամանը նորից մոտեցրեց գերուն՝ «Կե՛ր, դու գերի ես, դու մեղավոր չես, Հիտլերի ու Ստալինի վիզ կոտրեր: Բա ռադիոյով ու կոլխոզի ժողովներին անընդհատ ասում են, որ գերմանացին մարդ չէ, բորենի է... Յա՜, տես է՜, էս անտեր նեմեցն էլ իմ նման էր մտածել»։ Խանումը Հիտլերի ու Ստալինի անունը էս անգամ բարձր ասաց, չվախեցավ, հասկացավ, որ գերին իր նման երկուսից էլ կուշտ է։ Դեռ ավելին՝ Հիտլերի ու Ստալինի անունները լսելիս՝ գերու աչքերին մի անդուր ժպիտ խաղաց, զգաց, որ Խանումը անիծում էր։ Ինքն էլ սկզբում մտքի մեջ, հետո բարձրաձայն միացավ Խանումին: Մեկը հայերեն էր անիծում, մյուսը՝ գերմաներեն։ «Լավ էլ հասկացավ»,- իր մի քանի բառ սովորած գերմաներենից գոհ՝ ժպտաց Խանումը և առանց երկյուղի հեռացավ թոնրատնից։ Բակում նստեց սանդի կլոր քարին, որում վաղուց ձավար չէր ծեծել: Ափով շոշափեց սանդի փոսը, հետո ակամա ցորենը հավաքող շարժում արեց, մատները խուտուտ զգացին։ Մտքում սանդի երգը հիշեց. Տիգրանը փայտե վարսանդով ցորենին էր հարվածում, իսկ ինքը թեփն էր հեռացնում ու երգում: Մի քանի վայրկյան մոռացավ պատերազմը, Ստալինին էլ, Հիտլերին էլ։ Ինչ անուշ էր սանդի երգը։ «Լա՛վ, բա էս նեմեցից ես ու իմ էրեխեք ինչի՞ չենք վախենում, էս էլ երևի մեր նման ռանչպար մարդ է: Էս պատերազմ թագավորների սարքածն է, էնոնք աշխարհ կխառնեն իրար։ Ամեն չար բան չար թագավորից կելնի...»,- վտանգավոր մտքերից սթափվեց Խանումը: Հանկարծ հարևանուհուն տեսնելու, մի կուշտ խոսելու ցանկություն ունեցավ, բայց հետ կանգնեց՝ «Իմ պատճառով իրենք էլ ժողովրդի թշնամի կդառնան: Լա՛վ, բա մարդ անհարևան իմա՞լ ապրի»:
Հարևան ու բարեկամ վաղուց իրենց տուն չեն գալիս, միայն հարազատներից մեկ-երկուսը գիշերով մի քանի րոպեով մտնում են տուն, ճրագի լույսի տակ մի երկու բերան շշուկով հարցնում ու աննկատ հեռանում են։ Պատերազմի տարիներին էլ Աշնակի օդը դեռևս լիքն է 1937-ի միկրոբներով։


Խանումը ամուսնու եղբորից՝ Մովսեսից, լսել էր, որ հայերի կոտորածի մեջ Գերմանիայի մատը խառն է։ Մովսեսը չէր սխալվի, կարդացվոր մարդ է, յոթ լեզու գիտի, Գերմանիայում Բեռլինի և Եգիպտոսում Ալեքսանդրիայի համալսարաններում է սովորել, հլա Հալեպի Քառասուն մանկանց եկեղեցու վարժարանն էլ վրեն։ Բեռլին-Բասրա երկաթուղում ինժեներ է եղել։ «ՈՒրեմն՝ գերմանու մատը հաստատ խառն է եղել մեր կոտորումին։ Մովսեսը ասում է, որ գերմանու ազգը շատ խելոք է, մեծամեծ մարդիկ ունի, բայց դե նրանց թագավորները ուրիշի թելադրանքով էդ ազգին ամեն անգամ կրակի մեջ են գցում։ Էդ կողմով՝ հայի բախտ ունեն։ Մերոնք էլ միշտ ուրիշի գլխով կմտածեն»,- աշխարհի մեղքերը ծանրութեթև արեց Խանումը՝ գերուն պարզելով լվացված ու որերորդ անգամ կարկատան արած գուլպաները: Գերին թոնրատանն էր քնում: Երբ մի քանի բուռ ալյուր էին ճարում, Խանումը թոնիրը կարոտով վառում էր: Դեմքին երանություն էր իջնում, երբ լավաշը զարկում էր թոնրի շրթին: Գերին շատ էր լրջանում, երբ թոնրից հանած տաք լավաշից առաջին պատառը իրեն էին տալիս՝ «Օ՜, մայն գոտ...» (Օ՜, Աստված իմ...): Հետո գերմաներենով անհասկանալի բառեր էր շշնջում: Խանումը իր մի քանի բառ գերմաներենով միտքն ամբողջությամբ հասկանում էր ու հայերեն պատասխանում՝ «Անու՜շ էղնի, լաո՛...»:


...Վիրավոր Համբարձումը ներս մտավ: Գերին անհարմար շարժումներ արեց, դուրս գնաց թոնրատնից: Սարսափում էր վիրավոր զինվորի հայացքից, հաճախ նրա բաժին հացն էր ուտում: «Ռազմաճակատում գուցե կրակե՞լ ենք իրար վրա, և նրա մայրը ինձ որդու պես պահում է։ Իսկ եթե հանկարծ վիրավոր Համբարձումը գիշերը գերանդիով կամ դանակով մտնի թոնրատուն...,- մի պահ գերմանացին տարակուսեց, բայց անմիջապես ամաչեց իր վախից:- Էս սասունցիներին Աստված ուրիշ նյութից է ստեղծել» (Մովսեսը գերուն մի օր մանրամասն պատմել էր սասունցիների, եղեռնի և գերմանացիների մեղքերի մասին):
-Լա՜վ, Էս նեմեցին որ տանեն, ի՞նչ իմանաս, մի օր երևի մեզ գերմանու լրտես կհամարեն ու էրեխեքիս ինձ հետ Սիբիր կքշեն։ Էս բոլշևիկների չվանին խոտ դնել չի լինի։ Տեսնես՝ էդքան մարդ կլինե՞ն, որ մեզ գոնե Տիգրանի ու Հայկազի մոտ տանեն։ Գոնե Սիբիրում միասին կլինենք: Բա որ...,- սառը մի դող անցավ Խանումի մարմնով։
Հաղթանակը եկավ, բայց ցավն ավելի շատ էր, քան բերած ուրախությունը։ Լուր բերին, որ Աշնակի գերմանացի գերիներին մյուսների հետ տանում են Երևան՝ Հաղթանակի կամուրջը կառուցելու... Խանումը էլի գլուխ չհանեց. «Մեր Հաղթանակի կամուրջը մեր թշնամի՞ն պիտի կառուցի...»:


...Խանումը անհանգիստ էր։ Հրաժեշտի պահին մի քանի վայրկյան ինքն ու գերմանացին իրար աչքերի մեջ անխոս նայում էին և հարմար բառը չէին գտնում ասելու։ Գերմանացին խոնարհվեց, համբուրեց Խանումի ձեռքը։ Խանումը իր Հայկազ որդու բաժին հացն էր գերուն տալիս և ամեն օր զավակներին խնդրում՝ «Էն նեմեցին հանկարծ սոված չթողեք»։ Խանումին մի պահ թվաց, թե Հայկազ որդուն է ճանապարհում Սիբիր։ Բոլորը նկատեցին, որ գերու աչքերը խոնավ էին, իսկ Խանումի կոպերի տակ վաղուց ցավի կաթիլներ էին կուտակվել։ Գերմանացին մի քանի քայլ հեռացավ, շրջվեց ու իր սովորած հայերենով ժպտաց. «Մնաս բարո՛վ, մայրի՜կ...»:


Այդ օրվանից Խանումը երեք նամակի էր սպասում իր ղարիբներից՝ Տիգրան ամուսնուց ու Հայկազ որդուց սիբիրներից և մեկ էլ` գերի նեմեցից...

Վրեժ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 18261

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ