«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

«Ի՞նչն է պատճառը, որ ոմանք մեր ազգային օրենքներից երես դարձնելով, 30 արծաթի համար ծախում են մեր ազգը, ծախում են մեր ազգայինը»

«Ի՞նչն է պատճառը, որ ոմանք մեր ազգային  օրենքներից երես դարձնելով, 30 արծաթի համար ծախում են մեր ազգը, ծախում են մեր ազգայինը»
10.11.2017 | 11:08

Եվրոպան գնում է դեպի կործանում: Եվրամիությունը և եվրոպական օրենսդիրներն այդ ճանապարհն են ուղենշել Եվրոպայի համար, որը, սակայն, հաստատապես մեր` Հայաստանի ու հայերիս ճանապարհը չէ: Մեծ Բրիտանիայում բռնկված ու երկրի պաշտպանության նախարարի հրաժարականի հանգեցրած սեքս-սկանդալի շուրջ աղմուկը դեռ չմարած, նոյեմբերի 9-ին աշխարհի լրատվամիջոցները տեղեկություններ հրապարակեցին այն մասին, որ Գերմանիայի Սահմանադրական դատարանը թույլատրել է երրորդ սեռի անձանց (այսինքն` անձանց, որոնք չեն կարողանում իրենց դասակարգել ոչ արական սեռում, ոչ էլ իգական) գրանցումը քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում:
Եվրոպան մարդու իրավունքների անվան տակ տուրք տալով չարին, ծայրահեղացնելով, բացարձակացնելով, չարաշահելով մարդու իրավունքները, հեռու չէ Սոդոմի ու Գոմորի ճակատագրից, մինչդեռ այդ նույն Եվրամիության չինովնիկներն իրենց հորինած պիղծ օրենքների ընդունումն ու գործադրումն ուզում են տեսնել նաև հնագույն գրություններից «Սուրբ օրենքների երկիր» անվանմամբ հայտնի Հայաստանում: Դրա համար նրանք ՀՀ իշխանություններին համոզելու, հորդորելու, ճնշելու տարբեր հնարքներ են գործադրում: Ավելին` մարդու իրավունքների ոլորտին 12 մլն եվրո բյուջետային աջակցության դիմաց պահանջում են ազգակործան օրենքների և Ստամբուլյան կոնվենցիայի ընդունում և հանդգնում Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու շուրթերով ՀՀ իշխանություններին նույնիսկ տնային աշխատանք (այդ օրենքներն ընդունելու հանձնարարություն) տալ, որպեսզի նրանք հլու-հնազանդ գնան ու կատարեն իրենց այդ տնային աշխատանքը:
«Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» (իրականում` ընտանիքի նկատմամբ բռնության մասին) ընտանիքաքանդ ու խայտառակ օրենքի նախագծի, ինչպես նաև ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծի 197-րդ հոդվածի շուրջ է ստորև ներկայացվող զրույցը ԿՈՄԻՏԱՍ վարդապետ ՀՈՎՆԱՆՅԱՆԻ հետ:

-Շատերն «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրինագծում վտանգ են տեսնում մեր ընտանիքների, առավել ևս` հայկական ավանդական ընտանիքների նկատմամբ: Խնդրում ենք դրա շուրջ Ձեր խոհերով, մտորումներով, եթե տագնապներ ունեք, նաև տագնապներով, կիսվել մեր ընթերցողների հետ և Ձեր տեսակետն արտահայտել:
-Սիրով: Ես կարծում եմ` ամեն մի պետություն, որ չի կարողանում իր պետականությունը ձևավորել ճիշտ և ամուր հիմքերի վրա, նրան հարկավոր են օրենքներ, որոնք շարադրում է տվյալ պետությանը պատկանող հավաքականությունը: Երբ որ այլ մտածելակերպի, սովորության, ավանդության մեջ ձևավորված անձինք են որոշում մեր օրենքների ինչպիսին լինելը, այստեղ արդեն սկսում ենք մտածել` արդյոք հնարավոր չէ՞, որ այդ օրենքները նպաստեն մեր պետականության թուլացմանը, որովհետև ուրիշ երկրում, ուրիշ մտածելակերպով ձևավորված անձը չի կարող հայ ժողովրդի համար օրենքներ գրել, որը համապատասխանի մեր ժողովրդի թե՛ ավանդույթին, թե՛ գենետիկ հիշողությանը, թե՛ մտածելակերպին: Եվ ամենակարևորը` ամեն մի ժողովուրդ, վերջապես, ունի բարոյականության իր ընկալումը, որովհետև չկա մի ժողովուրդ, որը «բարոյականություն» ձևակերպումը չարժևորի, և այդտեղ է, որ հավաքականությունը ձևավորում է իր հավաքական կյանքն ամրացնող, ոչ թե իր հավաքական կյանքը թուլացնող օրենքներ:
Ոչ ոք, ոչ մի պետություն կամ կազմակերպություն իրավունք չունի մեզ պարտադրելու, թե ինչպիսի օրենք ընդունենք մենք: Բացի դրանից, երբ մեզ առաջարկվում են օրենքներ, մեր օրենսգետները ոչ թե պետք է տրվեն տվյալ օրենքներն անպայման մեր մեջ մտցնելու միտումին, այլ պետք է մտածեն` որքանով են այդ օրենքները հօգուտ մեր ժողովրդի: Ես կարող եմ բռնության դեմ գործողությունը հասկանալ, մարդու արժանապատվության պաշտպանությունը կարող եմ հասկանալ, բայց երբ արտաքուստ այդ ամենին նպատակաուղղված բառերի, դարձվածների տակ կան հետին նպատակներ, որոնք կարող են տկարացնել, քայքայել մեր ընտանիքները, խախտել ամուսին-կին փոխհարաբերությունները, այլանդակել ծնող-զավակ փոխհարաբերությունները, ես կարող եմ մտածել, որ այդ բոլորին մենք պարտավոր ենք շատ խոհեմորեն մոտենալ, որովհետև Ավետարանն ինքնին մեզ սովորեցնում է լինել բարի աղավնիների նման, բայց օձերի նման խորագետ լինել, որպեսզի իմանանք` այլոց տվածը մեզ համար արդյոք թո՞ւյն է, թե օշարակ:
Այստեղ է, որ մենք շատ մեծ զգուշավորությամբ պետք է մոտենանք ամեն մի պարտադրանքի, որովհետև դրա հետևում թաքնված է դրամական խայծը: Եթե այստեղ մեզ փող են խոստանում` այսքան միլիոն եվրո, եթե ընդունեք, նշանակում է` մեզ կաշառում են` վաղը մեր ընտանիքները կործանելու համար: Այսօր ոմանք, որոշ պաշտոնյաներ իրենց գրպանները պետք է լցնեն այդ միլիոններից, որպեսզի վաղը հայ ժողովուրդը կորցնի իր ազգային դեմքն ու դիմագիծը: ՈՒրեմն այստեղ է, որ մենք պետք է իբրև ձևավորված ազգ մոտենանք այդ հարցին, և ոչ թե շահադիտական նպատակներով, ինչ-որ մի քանի անորոշ կերպարանքով անձինք որոշեն հայ ժողովրդի ապագա կերպարի ձևավորումը, որը ոչ թե կերպարի ձևավորում է, այլ անձևության ձևավորում: Նրանք գումարով «պետք է»-ի գաղափարն են մեզ պարտադրում: Անհատների շահը մենք պետք է դատապարտենք և նմաններին բանտ մտցնենք, որոնք հանուն իրենց անձնական շահի գնում են այդպիսի քայլերի: Ի՞նչ է 12 միլիոն եվրոն մի պետության համար, ոչինչ: ՈՒրեմն մեր ամբողջ ազգը, պետական կառույցն են մատնում, ինչ է, ոմանց գրպանը այդ 12 միլիոնից, ինչպես վարկերի ու դրամաշնորհների հետ կապված անցյալի դառը փորձն է վկայում, գումարներ կարող են գնալ: ՈՒ՞ր է բարոյականությունն այս դեպքում:
-Դուք մեծ կենսափորձ ունեք, ճանապարհորդել եք աշխարհի տարբեր երկրներում, նաև Եվրոպայում եք բազմիցս եղել, ապրել այնտեղ, ի՞նչ վիճակ է Եվրոպայում, խնդրում ենք ականատեսի, տեղյակ մարդու Ձեր տեղեկությունները փոխանցել մեր հասարակությանը:
-Երկար տարիներ պաշտոնավարել եմ Գերմանիայում, ապա Ֆրանսիայում: Այս պետության մեջ հայկական շրջանակից ներս հանդիպել եմ այն բացասական իրողությանը, որ երեխաները Միջին Արևելքից գալով Եվրոպա, չեն ընկալում Եվրոպայում ընդունված այդ օրենքների բուն իմաստը, որն իրենց հնարավորություն է տալիս ծնողի անգամ նկատողության կամ խստության պարագայում դիմել ոստիկանություն: Ես հիշում եմ մեր եկեղեցու` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վարչական անդամներից մեկի պատմածը: Նա Մարսելից էր և ցավով ու վշտով պատմում էր, որ իր աղջկա վրա բոռալու համար (իսկ բոռացել էր, որովհետև 15 տարեկան աղջիկը գիշերը ժամը 1-ին նոր էր տուն եկել դիսկոտեկից), նրա վրա ջղայնանալուն պես, աղջիկը, ինչպես նրա ընկերուհիներն էին նրան սովորեցրել, զանգահարել էր ոստիկանություն ու բողոքել հոր դեմ: Ոստիկանությունից եկել էին, հորը նախազգուշացրել, որ վերջին զգուշացումն է սա, եթե նման բան կրկնվի, աղջկադ քո ձեռքից կվերցնենք: Բացի այդ, 500 ֆրանկ տուգանել էին ծնողին, որ համարձակվել էր աղջկա վրա բարկանալ, թե ինչու է 15 տարեկան հասակում գիշերը ժամը 1-ին դիսկոտեկից տուն գալիս: ՈՒրեմն, սա խոսում է այն մասին, որ դու այլևս իրավունք չունես քո զավակին դաստիարակելու այնպես, ինչպես դու ես դաստիարակությունն ու բարոյական կերպարի ձևավորումն ընկալում, այլ նրա հոգևոր հեղհեղուկ, չձևավորված վիճակը պետք է թողնես այնպես, ինչպես ինքն է ուզում, որ ձևավորվի: Եվ, ցավոք, այս ճանապարհին շատերն են կորցնում իրենց զավակներին, որոնք դառնում են հաշիշամոլներ, տարբեր տեսակի աղանդների, շարժումների անդամներ: ՈՒրեմն մենք տեսնում ենք, որ երբ ծնողական դաստիարակությունը իբր թե երեխաների ազատության, իրավունքների անվան տակ վերցվում է ծնողներից, առաջին հերթին գիծ է քաշվում ծնող-զավակ փոխհարաբերության մեջ, որովհետև զավակները սկսում են ապրել այնպես, ինչպես իրենց է ձեռք տալիս կամ ինչպես իրենց են գայթակղել արտաքին ազդակներով: Հետաքրքիրն այն է, որ ծնողից պահանջում են երեխայի իրավունքի պաշտպանություն, բայց երեխային չեն պարտադրում ծնողի իրավունքի պաշտպանություն: Սա նշանակում է, որ երեխան կարող է ամեն ինչ անել, պատասխանատուն ծնողն է, բայց երեխան երբեք պատասխանատու չէ իր արարքի համար, որն ընդդեմ իր ծնողի է իրականացնում: Սա նպատակաուղղված քաղաքականություն է, որն արտահայտված է դեռ 19-րդ դարի վերջից հայտնի մի ծրագրում, որի 3-րդ կետով ասվում էր` ամեն ինչ անել ընտանիքի գաղափարը քայքայելու համար: Ես մտածում եմ, որ այսօր իրականացվում է այդ իսկ ծրագիրը. ամեն ինչ արվում է ընտանիքի գաղափարը վերացնելու համար: Գիտեք, որ 1952 թվականին, երբ Դեյվիդ Բերգն իր հիպիական շարժման գաղափարախոսության հիմքը դրեց, նպատակներից մեկը հենց դա էր` ազատության անվան տակ ընտանիքի գաղափարն էր քայքայվում, որովհետև ոչ ոք չէր հասկանում` ով է կինը, ով է տղամարդը, ով ում ամուսինն է: Ստեղծվել էր մի քաոտիկ վիճակ, նույնն այսօր աշխատում են Հայաստանում անել, ա՛յն երկրում, որը, ինչպես շատերն են նշում, հիմքը, օրրանն է հանդիսացել մարդկության, ըստ շումերական առասպելի, կոչվել է իմաստության և արվեստների աղբյուր, նրանք ասում էին, որ Արատտայից ցած իջան իմաստությունն ու արվեստը: Այնպես որ, այս բոլորին, կարծում եմ, պետք է շատ խոհեմորեն մոտենանք և թույլ չտանք, որ մեր միջի անորոշ կերպարներով անձինք խաղան մեր ժողովրդի ճակատագրի հետ:
-Դուք նշեցիք մեր երկրի վերաբերյալ շումերական աղբյուրի հիշատակության, մեր հնագույն երկրի` Արատտայի մասին, որը հայտնի էր նաև որպես «Սուրբ օրենքների երկիր»: Այսօր երբեմնի Սուրբ օրենքների երկրում փորձում են հասնել նոր քրեական օրենսգրքի ընդունման, ՀՀ արդարադատության նախարարությունը համապատասխան կայքում արդեն հրապարակել է նոր քրեական օրենսգրքի նախագիծը, որի 197-րդ հոդվածով քրեական պատիժ է նախատեսվում այն անձանց նկատմամբ, ովքեր խտրական վերաբերմունք են դրսևորում նաև միասեռականների և ուրիշ այլասերվածների նկատմամբ: Քրեորեն պատժելի է համարվում խտրականությունը` կախված անձի սեռական կողմնորոշումից, ինչը նշանակում է, որ եթե, ասենք, միասեռական անձի նկատմամբ դպրոցի տնօրենը խտրականություն է թույլ տալիս, օրինակ, չի ընդունում աշխատանքի կամ իմանալով նրա սեռական կողմնորոշման մասին, ազատում է աշխատանքից` ունենալով այն համոզմունքը, որ այդպիսի մեկն իրավունք չունի զբաղվելու մատաղ սերնդի դաստիարակությամբ, ապա ենթակա է մինչև 3 տարվա ազատազրկման: Նույն պատիժն է սպասում նաև այն պաշտոնյաներին, ովքեր կմերժեն, ասենք, Հանրապետության հրապարակում շքերթ անցկացնելու, երեխաներ որդեգրելու, այլասերվածության քարոզչությամբ հանդես գալու միասեռականների ցանկությունը: Այսօր, ահա, այսպիսի իրավիճակի առաջ է Հայաստանը կանգնած, որը վաղնջական անցյալում հայտնի էր որպես Սուրբ օրենքների երկիր: Ի՞նչ ասելիք ունեք այս կապակցությամբ:
-Այո, հնագույն շրջանում մեր երկիրը հայտնի էր որպես սուրբ օրենքների և սուրբ ծեսերի երկիր, և սուրբ օրենքներն ու սուրբ ծեսերը պահելու շնորհիվ էր, որ Հայաստանը նկատվում էր որպես աստվածների բնակավայր, մեր հնագույն երկրի բնակչությունը համարվում էր այն ժողովուրդը, որը տիրապետում էր անմահության գաղտնիքին: Այսօր, դժբախտաբար, մենք, չունենալով այդ հավատամքը, որ մեր երկիրը եղել է Աստծո երկիրը, որտեղ Նոյը խոսել է Աստծո հետ ջրհեղեղից հետո, որ մեր երկիրը եղել է սուրբ օրենքների և սուրբ ծեսերի երկիր, այս բոլորը մոռանալով, փորձում ենք այլոց այլանդակված, այլասերված օրենքները որդեգրել: Որոշ պարագաներում, քաղաքական իմաստով, հայերս հաճախ համեմատվում ենք հրեաների հետ, մեր երկիրը` Իսրայելի հետ, մոռանալով, մեկ բան` այսօրվա ուժը, որ ունի հրեա ժողովուրդը, գալիս է իր օրինապահությունից, իր ազգային օրենքներից… Ի՞նչն է պատճառը, որ ոմանք մեր ազգային օրենքներից երես դարձնելով, 30 արծաթի համար ծախում են մեր ազգը, ծախում են մեր ազգայինը, և առանց անհարմար զգալու, 197-րդ հոդված են հորինում և ուզում ընդունել, որով բնության մեջ գոյություն չունեցող մի նոր կենդանակերպի ամենալայն ասպարեզ են տալիս: Բնության մեջ գոյություն չունի տղամարդ` տղամարդու հետ ամուսնացող, կին` կնոջ հետ ամուսնացող:
-Անբնական է դա, ավելի ճիշտ, հակաբնական է…
-Ներողություն, ֆիզիկայի մեջ երբ պլյուսը պլյուսին եք մոտեցնում, նրանք իրար վանում են, մինուսը մինուսին եք մոտեցնում` վանում են իրար, ինչպե՞ս մենք կարող ենք թույլ տալ բնության հակառակ գործողություն, չասելով էլ այն մասին, որ Աստվածաշունչը գրում է` Աստված մարդուն արու և էգ ստեղծեց և ասաց` աճեցեք, բազմացեք և երկիրը տիրեցեք և լցրեք այն: Իսկ որոշ պաշտոնյաներ ուզում են, որ արուն արուի հետ ամուսնանա և, ուրիշի երեխային որդեգրելով, իր երեխան հայտարարի: Սա անհեթեթություն է, և այդ աբսուրդի մեջ ուզում են պետություն, պետականություն ձևավորել: Ինչպե՞ս է հնարավոր սա…
-Ինչպիսի՞ն է քրիստոնեության և Աստվածաշնչի վերաբերմունքը միասեռականների և միասեռականության նկատմամբ:
-Շատ վատ: Մովսեսական օրենքն ասում է` եթե մի արու մեկ այլ արուի օգտագործի էգի պես, երկուսն էլ դատապարտված են մահվան, և գիտե՞ք ինչու… Որպեսզի չարը Իսրայելի մեջ տարածում չգտնի: Իսկ մենք 12 միլիոն եվրոյով չարը քաղցկեղի նման տարածում ենք մեր ամբողջ բնակչության մեջ, որ ի՞նչ լինի… Ի՞նչ հավասարության մասին է խոսքը, ո՞ր հավասարության մասին է, հավասարությո՞ւն ենք ուզում ստեղծել, սոցիալական գետնի վրա ստեղծենք, ոչ թե անատոմիական գետնի վրա, որ մարդիկ չիմանան, թե հաստ աղիքն ինչի համար պետք է օգտագործվի: Սա մեզ մտածել պետք է տա, թե ինչ ենք ուզում մենք: Ցիցերոնը մի հրաշալի դարձված ունի, որն ինձ համար պաշտամունքային գաղափար է. նա ասում է` եթե ուզում ես ազատ ապրել, պետք է լինես ստրուկը օրենքի, օրինապահության: Եվ բնությունի՛ց տրված օրենքը մեզ համար պետք է լինի ապրելակերպ` հավատամքային իմաստով, և ոչ թե ինչ-որ մեկն ինչ-որ ցնդաբանություն շարադրի, և ոմանք էլ իրենց ագահությունից գայթակղված, որ մի քանի կոպեկ խժռեն, պատրաստ լինեն ամեն տեսակի օրենք ընդունելու:


Հարցազրույցը`
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 5356

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ