Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Գարդասիլով» պատվաստման վտանգավոր հետևանքների մասին ահազանգել է նույնիսկ մանկաբույժների ամերիկյան քոլեջը

«Գարդասիլով» պատվաստման վտանգավոր հետևանքների մասին ահազանգել է նույնիսկ մանկաբույժների ամերիկյան քոլեջը
17.11.2017 | 10:45

ՀՀ կառավարությունը, գրեթե ինչպես միշտ, տարբեր խնդիրների առնչությամբ, այս անգամ ևս անտեսելով, արհամարհելով հանրության շրջանում առկա տագնապները, դժգոհությունն ու զայրույթը, մարդու պապիլոմայի վիրուսի (ՄՊՎ) դեմ պատվաստումներն իր արձանագրային որոշմամբ ընդգրկել է «Պատվաստումների ազգային օրացույց» կոչվածում: Դրանով, ըստ էության, որոշել է, որ մեր 13 տարեկան աղջնակները (շուրջ 16 000 հոգի) պետք է պատվաստվեն մարդու պապիլոմայի պատվաստանյութով (այժմ` «Գարդասիլով»): ՀՀ առողջապահության նախարարությունն այդ վտանգավոր պատվաստանյութով (արտադրող ընկերություն` «Մերկ» («Merck»), երկիր` ԱՄՆ) պատվաստումը նախատեսել է սկսել 2017 թ. դեկտեմբերի 2-րդ շաբաթվանից:


Մեր հրապարակայնորեն տված հարցը` ինչու՞ է ՀՀ առողջապահության նախարարությունը թաքցնում «Գարդասիլ» պատվաստանյութի առաջացրած առողջական ծանր հետևանքները դեռահասների ու կանանց շրջանում, դեռ մնում է անպատասխան: Դե ի՞նչ պատասխանի… Հո չի՞ ասելու, որ դարձել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության, նրա պես, մեղմ ասած, կասկածելի «Գավի վակցինա» միության, «Պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինքի» (ԳԱՎԻ) ու նշված կազմակերպությունների հետևում կանգնած ուժերի կամակատարը ու կատարում է այն, ինչ նրանց է պետք ու թաքուն թե բացահայտ, ուղղակի թե անուղղակի կերպով թելադրվում է նրանց կողմից: Հենց ԳԱՎԻ-ն է Հայաստանին 2 տարվա ընթացքում տրամադրելու պատվաստանյութը և պատվաստումների օժանդակ պարագաները (անշուշտ, ո՛չ մեր սիրուն աչքերի համար, ո՛չ էլ մեր երեխաների առողջությամբ մտահոգ լինելով կամ մեզ սիրելով), ինչպես նաև ներդրման համար նախապատրաստական միջոցառումների մի մասի ծախսերը, որոնք մասամբ արդեն իսկ տրամադրել է: Պաշտոնական տեղեկատվության համաձայն, ԳԱՎԻ-ն հավանություն է տվել հիշյալ պատվաստումներն իրականացնելու և պատվաստանյութն ստանալու վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարության ծրագրային առաջարկին: Այսինքն` ծրագրային առաջարկը, իբր թե, ՀՀ առողջապահության նախարարության կողմից է եղել (պաշտոնապես, դեյուրե, հավանաբար հենց այդպես է), իսկ թե նախարարությունն ինչու՞ է այդ ծրագրային առաջարկը ներկայացրել հիշյալ կազմակերպությանը, իրականում նախաձեռնությունն ու՞մ կողմից է եղել, սրա վերաբերյալ ճշմարտությունը, կարծում ենք, չի ասվում:
ՀՀ կառավարության 2017 թ. նոյեմբերի 9-ի արձանագրային որոշման նախագծին ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի կցած տեղեկանքի համաձայն, «ՄՊՊ-ի (նշված հապավման մեջ, որը տեղեկանքում այս տեսքով բազմիցս կրկնվել է, նախարարության համապատասխան աշխատակիցների անփութության պատճառով ակնհայտ վրիպակ կա, պետք է լինի ՄՊՎ-ի, այսինքն՝ մարդու պապիլոմայի վիրուսի.-Ա. Հ.) դեմ պատվաստումից հետո ի հայտ եկող հետպատվաստումային երևույթներն աննշան են: Ավելի շատ դիտարկվում են տեղային ռեակցիաներ՝ ներարկման տեղում ցավ, կարմրություն, այտուց, քոր: Ընդհանուր ռեակցիաներ՝ գլխացավ, ջերմության բարձրացում, սրտխառնոց, ընդհանուր թուլություն, ցավ որովայնի շրջանում, մկանացավ, ալերգիկ ցան: Արձանագրվել են նաև ուշաթափության դեպքեր, որն անհատական է և կրում է հոգեհուզական (փսիխոսոմատիկ) բնույթ՝ պայմանավորված ներարկման վախով: Ծանր ռեակցիաներից անաֆիլաքսիան զարգանում է 1,7 մլն-ից մեկ դեպքում, որը պայմանավորված չէ պատվաստանյութով, այլ՝ օրգանիզմի անհատական առանձնահատկություններով»։


Այսպիսով, ինչպես արդեն նշել ենք այս թեմայով մեր նախորդ հրապարակման մեջ, նախարարությունը կիսաճշմարտությունն է ներկայացրել ու կեղծել իրականությունը: ԱՄՆ-ի կառավարության VAERS (Vaccine Adverse Event Reporting System) տվյալների բազայի համաձայն, որպես մարդու պապիլոմայի վիրուսի (HPV) դեմ պատվաստանյութի կողմնակի ազդեցություններ, գրանցվել են նաև անպտղության, վերարտադրողական գործառույթի խանգարումների, վիժումների, մկանային ցնցումների, նյարդային համակարգի խանգարումների, արյան ճնշման փոփոխությունների, հոդացավերի և մարդու առողջության կրած վնասի բազմաթիվ այլ դեպքեր: Սակայն, վկայակոչել սոսկ VAERS-ի տվյալների բազայում հիշյալ պատվաստումների հետևանքների կապակցությամբ առկա տեղեկությունը, նշանակում է շատ քիչ բան ասել: Անգլերենից թարգմանաբար ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում ճապոնացի մասնագետների (Kinoshita T1, Abe RT, Hineno A, Tsunekawa K, Nakane S, Ikeda S.) հեղինակած «Ճապոնացի դեռահաս աղջիկների սիմպատիկ նյարդի պերիֆերիկ դիսֆունկցիա՝ մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստանյութով իմունավորումից հետո» վերտառությամբ հոդվածը.
«ՆՊԱՏԱԿԸ
ՈՒսումնասիրել մարդու պապիլոմայի վիրուսի (ՄՊՎ) դեմ պատվաստանյութով իմունավորված աղջիկների մոտ նյարդաբանական դրսևորումների պատճառները:
ՄԵԹՈԴՆԵՐԸ
Վերջին ինն ամիսների ընթացքում մեզ այցելեցին 44 աղջիկներ, գանգատվելով ՄՊՎ-ի դեմ պատվաստումից հետո առաջացած մի քանի ախտանշաններից։ Բացահայտված այլ խանգարումներով չորս հիվանդներ բացառվեցին, իսկ մնացած 40 սուբյեկտներն ընդգրկվեցին այս հետազոտության մեջ։
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Նախնական պատվաստման տարիքը կազմում էր 11-ից մինչև 17 տարեկան, իսկ պատվաստանյութի առաջին դոզայից հետո ինկուբացիոն միջին ժամանակահատվածը՝ 5,47 +_ 5,00 ամիս: Հաճախակի դրսևորումները ներառում են գլխացավեր, ընդհանուր հոգնածություն, ոտքերի սառնություն, վերջույթների ցավ և թուլություն:


Վերջույթներում դրսևորվող ախտանշաններ ունեցող 28 աղջիկների մոտ արձանագրվեց ձեռքի մատների մաշկի ջերմաստիճանի մի փոքր նվազում (30,4 +_ 2,6օC) և ոտքի մատների ջերմաստիճանի չափավոր նվազում (27,1 +_ 3,7օC): Թվային պլետիզմոգրամները ցույց տվեցին ալիքների նվազած մակարդակ, հատկապես ոտքի մատներում: Չորս աղջիկների վերջույթների ախտանիշները համապատասխանում էին տարածաշրջանային ցավային բարդ համախտանիշի (CRPS) ճապոնական կլինիկական ախտորոշումային չափանիշներին, մինչդեռ մնացած 14 աղջիկների պարագայում դրանք համապատասխանում էին CRPS-ի օտարերկրյա ախտորոշումային չափանիշներին: Schellong թեստով բացահայտվեցին օրթոստատիկ հիպոթենզիայով ութ հիվանդներ և պոստուրալ օրթոստատիկ տախիկարդիայի համախտանիշով տառապող չորս հիվանդներ: Օրթոստատիկ հիպոթենզիայով և CRPS-ով տառապող աղջիկները սովորաբար ունենում էին դողի պարբերական ուժեղ նոպաներ և կայուն ասթենիա: Ներմաշկային նյարդերի էլեկտրոնային մանրադիտակային ուսումնասիրությունները միելինազուրկ հյուսվածքների անոմալ պաթոլոգիա բացահայտեցին հետազոտության ենթարկված երեք աղջիկներից երկուսի մոտ:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ.
Այս հետազոտությամբ արձանագրված ախտանշանները կարող են բացատրվել անոմալ պերիֆերիկ սիմպաթիկ պատճառներով: Հետազոտված աղջիկների ամենատարածված նախնական ախտորոշումը հոգեսոմատիկ հիվանդությունն էր: ՈՒսումնասիրության մասնակիցների սոցիալական խնդիրները մնացին չլուծված, քանի որ ծանր հաշմանդամությամբ տառապող աղջիկները դադարեցին դպրոց հաճախելուց»:
Araratnews.am կայքը տեղեկացնում է` «Գերմանական մամուլը հեղեղված է «Գարդասիլը» «մահաբեր պատվաստանյութ է» որակումով հրապարակումներով»:
Իհարկե, ցավալի է, բայց փաստ, որ «Գարդասիլով» պատվաստումից ԱՄՆ-ում աղջնակի մոտ զարգացել է աուտոիմուն խանգարում՝ նեյրոմիելիտիս օպտիկա (neuromyelitis optica): Այս տարվա մարտի 17-ին ԱՄՆ-ում դատական որոշմամբ մոտ 11 մլն դոլարի փոխհատուցում է տրվել «Գարդասիլից» շատ լուրջ խանգարման համար, այսինքն` պետությունը որպես փաստ ընդունել է, որ տվյալ խանգարումը «Գարդասիլից» է եղել: Սկզբում կասկածել են բազմակի սկլերոզ, բայց հետո հասկացել են, որ այդ երեխայի մոտ նեյրոմիելիտիս օպտիկա է, որը տեսողական լուրջ խանգարում է:


Ավելին. երկու աղջիկ մահացել է մարդու պապիլոմայի վիրուսի դեմ «Գարդասիլով» պատվաստումից հետո: 19-ամյա աղջիկը մահացել է կես տարի անց՝ 3-րդ պատվաստումից հետո, իսկ 14-ամյա աղջիկը՝ երկու շաբաթ անց՝ 2-րդ ներարկումից հետո: Դիահերձումը ոչ մի խախտում ցույց չի տվել: Սակայն, ուղեղի հյուսվածքներից վերցրած նմուշներում երկուսի մեջ էլ հայտնաբերվել է աուտոիմունային վասկուլիտ, որն առաջացել է պապիլոմայի վիրուսի դեմ պատվաստանյութում առկա հակամարմիններից: Դրանք մեծ խտությամբ հայտնաբերվել են ուղեղի արյունատար անոթներում, ինչը և հանգեցրել է մահվան: ՈՒղեղային վասկուլիտին բնորոշ ախտանշանները ներառում են ուժեղ գլխացավեր, օրթոստատիկ (orthostatic) գլխապտույտ, ուշագնացություն, ջղաձգումներ, ցնցումներ և ծակծկոցներ, թուլություն, հակամարմիններ և T բջիջներ, որոնք արտադրվում են պատվաստանյութի հակագենը ոչնչացնելու համար և միաժամանակ գրոհում են տարբեր հյուսվածքներում (օրինակ, արյունատար անոթների պատերում) գտնվող կառուցվածքային առումով նմանատիպ սեփական հակագեներին։ Երկու աղջիկների մոտ էլ նման ախտանիշներ արտահայտվել են: Տվյալ ուսումնասիրության հեղինակները վերոնշյալ դեպքերի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո հետազոտել են VAERS-ի շտեմարանը` համանման ախտանշանների առկայությամբ այլ դեպքեր հայտնաբերելու նպատակով։ Արդյունքում գրվել է վերոնշյալ տեղեկությունները ներկայացնող հոդվածը, որը տպագրվել է «Pharmaceutical Regulatory Affairs: Open Access» ամսագրում, որից էլ քաղված են վերը բերված ու ստորև ներկայացվող տեղեկությունները:


Այս ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ՄՊՎ-16 L1 հակամարմիններ պարունակող (Հայաստան բերվողը կամ արդեն բերվածը պարունակում է նաև հենց այդ հակամարմինները) «Գարդասիլ» պատվաստանյութին բնորոշ է պոտենցիալ մահացու աուտոիմունային վասկուլոպատիաներ դրդելու ռիսկը:
ՈՒղեղային (ցերեբրալ) վասկուլիտը (Cerebral vasculitis) ծանր հիվանդություն է, որը սովորաբար հանգեցնում է մահվան, եթե ժամանակին չի ախտորոշվում և չի բուժվում։ Այն փաստը, որ ՄՊՎ-ի պատվաստումից հետո Պատվաստանյութերի անվտանգության վերահսկողության տվյալների շտեմարանին (Vaccine safety surveillance database) զեկուցված շատ ախտանշաններ (ինչպես, օրինակ, ինտենսիվ տևական միգրեններ, ուշագնացություն, ջղաձգումներ, ցնցումներ և ծակոցներ, միալգիա (ցավ մկաններում), հենաշարժային անոմալիաներ, պսիխոտիկ ախտանշաններ և ճանաչողական անբավարարություն), որոնք բնորոշ են ուղեղային վասկուլիտին, սակայն չեն ճանաչվել որպես այդպիսին, լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս ներկա արդյունքների լույսի ներքո: Այսպիսով, պարզվում է, որ որոշ դեպքերում ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութը («Գարդասիլ») կարող է հանդիսանալ մահացու աուտոիմունային վասկուլոպատիաներ դրդող գործոն։ Բժիշկները պետք է տեղյակ լինեն այս առնչության մասին: Հիշյալ ամսագիրը մի ամբողջ հոդված է նվիրել ՄՊՎ-ի դեմ չորսվալենտանի պատվաստանյութով պատվաստումից հետո մարդկանց մահվան դեպքերին: Նշենք, որ Հայաստան բերվելիք կամ գուցե արդեն ներկրված «Գարդասիլ» պատվաստանյութը հենց քառավալենտ է, նախատեսված է ՄՊՎ-ի միաժամանակ 4 շճատիպերի դեմ:


Իր հերթին, Մանկաբույժների ամերիկյան քոլեջը հիշյալ պատվաստումների պատճառով վաղաժամ ամենորեայի և վաղաժամ դաշտանադադարի կապակցությամբ բարձրաձայնել է իր մտահոգությունների մասին սեփական կայքում անգլերենով հրապարակված «Նոր անհանգստություններ՝ կապված մարդու պապիլոմայի դեմ պատվաստանյութի հետ» (Ամերիկյան մանկաբույժների քոլեջ, 2016 թվականի հունվար) հոդվածում:


Անշուշտ, կան հիմնավորված, ինչպես նաև տրամաբանական մտահոգություններ, որոնք պատասխաններ են պահանջում: Որոշակի հետազոտության արդյունք հանդիսացող վերոնշյալ հոդվածի համաձայն՝
«1) ձվարանի գործառույթի երկարաժամկետ գնահատում չի արվել ոչ առնետներին ներարկված պատվաստանյութի անվտանգության օրիգինալ ուսումնասիրություններում, ոչ էլ մարդկանց վրա պատվաստանյութի փորձարկումներում,
2) առաջնային բուժօգնության բժիշկների մեծ մասը հավանաբար տեղյակ չէ ՄՊՎ4-ի («Գարդասիլ»- Ա. Հ.) և ձվարանի գործառույթի վաղաժամ ձախողման (Premature Ovarian Failure - POF) կամ երկարատև ամենորեայի (դաշտանի բացակայության) հնարավոր առնչությանը, և նրանք չեն զեկուցում այդ դեպքերի մասին «Պատվաստումների բացասական հետևանքների զեկուցման համակարգին» (Vaccine Adverse Effect Reporting System - VAERS),
3) ազդեցության հնարավոր մեխանիզմները բացատրվել են հիմնականում ալյումինի հավելանյութի (aluminum adjuvant) աուտոիմուն ռեակցիայով և պատվաստանյութերի մեկ այլ բաղադրիչի՝ պոլիսորբատ 80-ի (polysorbate 80)՝ առնետների ձվարանների վրա գրանցված տոքսիկ (թունավոր.- Ա. Հ.) ազդեցությամբ»:
Հիշյալ կայքից տեղեկանում ենք նաև, որ 2006 թ. «Գարդասիլի» լիցենզավորումից հետո հաշվառվել է հետպատվաստումային 213 անբարեհաջող դեպքի զեկույց՝ ամենորեայի, POF-ի կամ վաղաժամ դաշտանադադարի վերաբերյալ, որոնց 88 %-ը կապված է «Գարդասիլի» հետ: Համեմատության համար նշվում է, որ 1990-2006 թթ., այսինքն՝ ՄՊՎ-ի դեմ պատվաստումները սկսելու ժամանակաշրջանից առաջ, ձվարանի գործառույթի վաղաժամ ձախողման և վաղաժամ դաշտանադադարի որևէ դեպք ՉԻ ԳՐԱՆՑՎԵԼ, իսկ ամենորեայի ընդամենը 32 դեպք է զեկուցվել VAERS-ին:


2006 թվականից VAERS-ում գրանցված ձվարանների գործառույթի ձախողման, վաղաժամ դաշտանադադարի՝ նվազագույնը 4 ամիս տևողությամբ, և (կամ) ամենորեայի վերաբերյալ զեկույցների գերակշիռ մեծամասնությունը (76 %) կապված է միմիայն «Գարդասիլի» հետ: Գրանցված 89 դեպքերից 86-ը կապված են «Գարդասիլի», իսկ 3-ը՝ դարձյալ ՄՊՎ-ի դեմ նախատեսված «CervarixTM» պատվաստանյութի հետ:
Վերջերս ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնյաներից մեկը, չգիտենք՝ իր անտեղյակության պատճառով, թե հասարակության գլխի տակ փափուկ բարձ դնելու միտումով, փորձելով հավաստել, թե «Գարդասիլը»-ը և դրանով պատվաստումներն անվտանգ են, հրապարակավ հայտարարել է, թե «Առողջապահության նախարարության աշխատակիցների աղջիկներն առաջինը կպատվաստվեն «Գարդասիլով»:
Հետո՞… Ո՞վ է հավատում ասվածին… Կամ` ասենք թե 1-2-ին ցուցադրաբար ներարկեցին, ո՞վ է տեսնելու, ստուգելու, թե սրվակի մեջ «Գարդասի՞լ» էր, թե՞, ասենք, անշառ-անփորձանք ֆիզիոլոգիական լուծույթ կամ ինչ-որ վիտամին: Ո՞վ է տեսնելու, ստուգելու, թե սրվակի ամբո՞ղջ պարունակությունը ներարկեցին, թե, ասենք, դրա սոսկ մի մասը, որը կարող է վնաս չպատճառել:


Նախատեսվում է «Գարդասիլի» 2 սրվակ կամ 2 դեղաչափ («դոզա») ներարկել, 2-րդը` առաջինից 6 ամիս հետո: Հնարավոր է նաև ԱՆ աշխատակիցների 13-ամյա աղջնակներից մի քանիսին միայն առաջին սրվակը ներարկեն` հանրության գլխի տակ փափուկ բարձ դնելու համար, իսկ 6 ամիս հետո 2-րդ դեղաչափը չներարկեն, առանց որի, վտանգը կարող է նվազեցվել: Ո՞վ է հիշելու, ո՞վ է ստուգելու, թե ԱՆ աշխատակցի այն երեխային, որը դեկտեմբերին 1-ին անգամ պատվաստվեց, 6 ամիս հետո արդյոք ներարկեցի՞ն «Գարդասիլի» 2-րդ դեղաչափը…
Ի վերջո, թող բարի լինեն հրապարակել նախարարության այն բոլոր աշխատակիցների անուն-ազգանունները, հասցեները, որոնք 13-ամյա աղջիկներ ունեն, որպեսզի հանրությունը հնարավորություն ունենա վերահսկելու, թե արդյոք բոլորի՞ն են պատվաստում, թե՞ ձևի, հանրության վրա տպավորություն թողնելու համար` ընդամենը մի քանիսին: Թող «Գարդասիլով» նրանց բոլորի և՛ առաջին, և՛ 2-րդ ներարկումը կատարեն ոչ թե ծախու, այլ անաչառ լրագրողներից բաղկացած հանձնախմբի ներկայությամբ, որպեսզի հավատ ներշնչեն հանրությանը: ՀՀ առողջապահության նախարարությունը կհամաձայնի՞ այս պայմաններով իրականացնելու պատվաստումը: Չափազանց կասկածում ենք…

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 8649

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ