Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Եթե մարդ ցանկություն ունի կրթվելու, բանակը որևէ կերպ չի կարող խանգարել նրան»

«Եթե մարդ ցանկություն ունի կրթվելու, բանակը որևէ կերպ չի կարող խանգարել նրան»
17.11.2017 | 11:21

Նոյեմբերի 15-ին «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ դադարեցնում են մոտ մեկ շաբաթ տևած դասադուլը և անցնում «կլոր սեղան» ձևաչափով քննարկումների։


«Մենք փորձում ենք լինել հնարավորինս կառուցողական։ Այս պահի դրությամբ մենք կարծում ենք, որ սա հնարավոր տարբերակներից լավագույնն է, և այն մարդիկ, ովքեր ցանկանում են, կարող են միանալ մեզ։ Պետք է դադարեցնել հացադուլն ու դասադուլը և պատրաստվել կլոր սեղանին։ Ինչ կլինի կլոր սեղանից հետո՝ կլինի կլոր սեղանից հետո»,- այսպես է պարզաբանել իրենց որոշումը Դավիթ Պետրոսյանը։
Մենք տարկետման իրավունքի վերացման թեմայի շուրջ զրուցեցինք երիտասարդների հետ, ովքեր կիսատ են թողել ուսումը, զորակոչվել բանակ, վերադարձել և շարունակել ուսումը. նպատակ ունեինք պարզելու՝ արդյոք տարկետումից չօգտվելը որևէ կերպ խոչընդոտել է կրթական գործընթացին։


ՆԱՐԵԿ ՄԵԼԻՔՅԱՆԸ բանակ է զորակոչվել Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հանրային կառավարման բաժնի առաջին կուրսն ավարտելուց հետո։ Երկամյա ծառայությունից հետո վերադարձել է ԵՊՀ։ Նարեկ Մելիքյանը նշում է, որ բանակը ոչ մի կերպ չի խանգարել իրեն կրթության հարցում. «Ավելին, օգնել է։ Բանակը կյանքի դպրոց է, որը ստիպում է կյանքին այլ կերպ նայել, վերագնահատել իրողությունները։ Այդ ամենի մեջ մտնում է նաև կրթության թեման։ Բանակն օգնել է ինձ ավելի լուրջ վերաբերվել ուսմանը»։ Գիտելիքները վերականգնելու, ուսմանը հարմարվելու հարց, Նարեկի հավաստմամբ, ընդհանրապես չի առաջացել, քանի որ զորակոչվել է առաջին կուրսում, իսկ առաջին կուրսում որպես կանոն ընդհանուր գիտելիքներ են ստանում, ոչ խոր մասնագիտական։ Թերևս միակ դժվարությունն օտար լեզվի հետ էր կապված, սակայն, ծառայությունից վերադառնալով, շատ արագ վերականգնել է բաց թողածը։ Մեր զրուցակիցը, ի դեպ, բակալավրիատն ավարտել է գերազանցությամբ, բարձր միավորներով ավարտել է նաև ԵՊՀ մագիստրատուրան։ Նա կարծում է, որ բոլորն անխտիր պետք է գնան ծառայության՝ նախ ինքնապաշտպանության, ապա նաև կյանքի դասեր քաղելու համար։ «Եթե մարդ ցանկություն ունի կրթվելու, տրամադրված ու մոտիվացված է, բանակը որևէ կերպ չի կարող խանգարել նրան»,- ասում է Նարեկ Մելիքյանը, շեշտելով նաև, որ ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ դասադուլավորներին։ Փորձում է վերլուծել, հասկանալ նրանց փաստարկները, սակայն չի ստացվում։ Նա նաև նկատում է, որ եթե այսօր ինքը գնար ծառայության, անպայման կօգտվեր օրենքով ընձեռվող նոր հնարավորություններից, քանի որ դրանք լուրջ աջակցություն են ցույց տալիս ծառայողին։


Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ մեզ հետ զրույցում նկատեց, որ իր համար տրամաբանությունից դուրս է ուսումնական պրոցեսը խաթարելով գիտության զարգացման համար պայքարելը. «Եթե կա խնդիր, կա պահանջ, կարծում եմ, ուսանողները հնարավորություն կունենան դասերից հետո առաջ քաշելու, քննարկելու դրանք»։ Հովհաննես Հարությունյանն այժմ սովորում է տնտեսագիտական համալսարանի մագիստրատուրայում։ Առաջին կուրսն ավարտելուն պես մեկնել է ծառայության, վերադարձել և շարունակել կրթությունը։

Նա չի ընդունում այն պնդումները, թե բուհում ուսանողներին թույլ չեն տվել մասնակցել դասադուլներին. «Մենք բազմիցս ականատես ենք եղել այն փաստին, որ եթե ուսանողները ցանկություն են ունենում ինչ-որ հարցի շուրջ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու, ոչ ոք չի կարող նրանց արգելել։ Չի կարելի ասել, թե Հայաստանում ուսանողությունը դեմ է տարկետման իրավունքի վերացմանը։ Շատ անգամ ենք տեսել, որ եթե ուսանողությունն ինչ-որ հարցից դժգոհ է, ինչ թվով ակցիաներ են կազմակերպվել։ Հայաստանում կան տասնյակ հազարավոր ուսանողներ, և չեմ կարծում, թե 300-400 հոգին ամբողջ ուսանողության կարծիքն է արտահայտում»։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 6170

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ