Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արտաքինով դատելու դառը պտուղները

Արտաքինով դատելու դառը պտուղները
17.11.2017 | 08:31

Տեր Հիսուսը Իր հետնորդներին սովորեցնում է բարի պատերազմի նրբությունները, որոնցից մեկը հետևյալ դրվագն էր, երբ Նրան հրավիրեցին ճաշելու. «Երբ փարիսեցին տեսավ, զարմացավ, որովհետև Հիսուս ճաշից առաջ չլվացվեց: Տերը նրան ասաց. «Այժմ դուք՝ փարիսեցիներդ, բաժակի և պնակի արտաքինն եք մաքրում, իսկ ձեր ներքինը լի է հափշտակությամբ և չարությամբ» (Ղուկաս 11. 38-39)։ Իսկ նրանցից ամենամոլեռանդ փարիսեցին, որը Սողոս անունն էր կրում, Հիսուսի համբարձումից հետո հալածում էր քրիստոնյաներին, մինչև իսկ Դամասկոս գնալով, բայց ճանապարհին մի հրաշքով հանդիպելով ճշմարիտ Լույսին՝ Հիսուսին, ինքն էլ դարձի եկավ, հավատալով Քրիստոս Տիրոջը որպես Փրկիչ Մեսիայի։ ՈՒ նա այսուհետ լավ սերտեց այն դասը, որ մարդիկ արտաքինից են դատում, ինչպես ինքը մի ժամանակ, բայց միայն Աստված գիտի մարդկանց սրտի գաղտնի խորհուրդները, ու իր ուղերձներից մեկում գրեց. «Ջանում ենք հաճելի լինել ոչ թե մարդկանց, այլ Աստծուն, որ քննում է մեր սրտերը» (Ա Թեսաղ. 2. 4)։


Այս նախաբանից հետո ուզում եմ երկու վկայություն գրել, որպես օրինակ վերը ասվածի։
Նորահավատության տարիներին միշտ գնում էի իմ սիրելի Սուրբ Սարգիս եկեղեցին՝ մասնակցելու սուրբ պատարագին։ Այն ժամանակ դեռ այդքան մարդաշատ չէր եկեղեցու սրահը, ինչպես այս օրերին, ու փա՜ռք Աստծու, որ երիտասարդությունը արթնանում է հավատքի հանդեպ։ Մի օր պատարագից առաջ տեսա, թե ինչպես է մի տարեց կին, ձեռքերը մինչև երկինք հառած, աղոթում։ Մտքումս ասացի, որ լավ հավատք ունի այս տատիկը, գնամ կողքին կանգնեմ ու ես էլ սովորեմ, թե ինչպես պետք է աղոթել։ Նա երկար նստարանի ամենաեզրին էր նստած, ես էլ հենց կողքին էի կանգնել։ Երբ պատարագը սկսվեց ու դեռ շատ չէր անցել, հավատամքի աղոթքի պահին, երբ երկու ձեռքերը առջևում պահած Հավատո հանգանակն էին ասում, հանկարծ մեկը կողս հրեց։ Նայեցի ու տեսա տատիկն է, որը երկու ձեռքերն իրար սեղմած իբր հավատամքն է ասում, միաժամանակ ֆշշացնելով ասում էր ինձ. «Կողքիցս գնա՛ մի կողմ, էս տեղում մի կանգնիր, էդ ծնկի գալու տեղն է»։ Ես, հիասթափված ու վիրավորված, գնացի ու եկեղեցու ամենավերջում կանգնեցի, մտածելով, թե ինչ հիմարն եմ, որ այդ տատիկի արտաքնապաշտությամբ խաբվեցի ու հիմա տխրելու աստիճանի հիասթափվել եմ։ Դա իմ առաջին հոգևոր դասն էր, որ ո՛չ մարդկանց խոսքերին, ո՛չ էլ արտաքին շարժ ու ձևին խաբվեմ, այլ ծառն իր պտուղներից ճանաչեմ։


ՈՒ երևի այդ դասը լավ չսերտեցի, որ մի անգամ էլ Տերը թույլ տվեց հասկանալ Աստվածաշնչում գրված այս կարևոր ճշմարտությունը. «Մարդիկ արտաքին տեսքով են դատում, իսկ Աստված սրտերն է քննում»։
Մի անգամ երթուղային տաքսի նստեցի առջևի դռնից, տեղավորվելով անմիջապես վարորդի կողքին։ Երբ մի փոքր ճանապարհ էինք անցել, անկախ ինձնից նայեցի վարորդի կողմը ու զարմացա, որ նման ինտելիգենտ ու լուրջ արտաքինով, այդքան բարի հայացք ունեցող տղան «մարշրուտկա» է քշում։ Չգիտես ինչու, բայց հենց դա անցավ մտքովս, ու շարունակում էինք մեր ճանապարհը։ Ամառվա շոգ օրերից մեկն էր, խցիկում տոթ էր, հանկարծ ոտքերիս մոտ ուժեղ տաքություն զգացի, ինքնաբերաբար ոտքերս հետ քաշեցի ու դիպա ինչ-որ ռետինե խողովակի, որից սկսեց տաք գոլորշի դուրս գալ՝ այրելով ոտքերս։ Մեքենան փչացավ ու իսկույն կանգ առավ, և քիչ առաջվա բարի դեմքով երիտասարդը կոպիտ, հայհոյախառը խոսքերով անպատվեց ինձ, որ ես կպել եմ ռետինե խողովակին ու փչացրել իր մեքենան։ Ես ցանկացա արդարանալ, որ անզգուշաբար եմ արել, բայց և հորդորեցի իր հոր տարիքի մարդու հետ նման ձևով չխոսել։ Բայց նա, կատաղած, իր կողքի երկու նստածներին դուրս հանեց ու սկսեց խողովակը նորոգել։ Դեռ տուն հասնելուն երեք կանգառ կար, բայց ես 100-դրամանոցը դրեցի նստարանի վրա ու քայլեցի առաջ։ Երբ արդեն մի կանգառ քայլել էի, հանկարծ այդ նույն երթուղային տաքսին արգելակեց իմ կողքին, նույն «բարի տղան», գլուխը դուրս հանելով մեքենայի պատուհանիկից, շարունակեց հայհոյել ու անպատիվ խոսքեր ասել իմ հասցեին։ Ես նորից սկսեցի արդարանալ ու վրդովվել, որ նա մեքենան անսարք վիճակում է երթուղի հանել, ինչի պատճառով ոտքերս եմ այրել ու դեռ մի բան էլ լուտանքներ եմ ստանում։ Բայց նա շարունակեց հայհոյել ու բարկացած քշեց, գնաց։ Ես թե՛ վշտացա, թե՛ վրդովվեցի նրա արարքից ու տխուր քայլում էի տուն, մտածելով, թե ինչու Տերն այս փորձությունը թույլ տվեց։ ՈՒ դեռ մի քանի քայլ չարած, Տերը կարծես ներքին ձայնով հետս զրուցում էր. «Դու այդ վարորդին ինտելիգենտ ու բարի մարդ որակեցիր, բայց Ես քեզ թույլ տվեցի, որ դու նրա ներսը՝ սիրտը տեսնես ու այսուհետ մարդու արտաքինով եզրակացություն չանես, որ չսխալվես, քանի որ մարդու լեզուն սրտի ավելացածից է խոսում»։ Ես այդուհետ շատ զգույշ եմ նման հարցերում ու խորհուրդ կտամ դուք էլ արտաքինից չդատեք, վերջնական եզրակացություն չանեք։
Այս դասը հետագա կյանքում ինձ շատ օգտակար եղավ, քանի որ մարդկանց հետ շփվելիս կամ գործարքի մեջ մտնելիս, երբ մեր աչքի տեսածով ենք դատում, անպայման սխալվում ենք։ Իսկ երբ մի անգամ կարդացի, որ Հին Հունաստանում մարդուն մութ սենյակում են դատում, որ նրա արտաքինով չխաբվեն, հասկացա, թե ինչ իմաստուն են վարվել նրանք։


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4951

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ