ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Փոփոխություններից հետո էլ օրենքի նախագիծը չի կորցրել իր ընտանիքաքանդ ու վտանգավոր բնույթը

Փոփոխություններից հետո էլ օրենքի նախագիծը չի կորցրել իր ընտանիքաքանդ ու վտանգավոր բնույթը
24.11.2017 | 07:40

Կառավարությունը, ինչպես արդեն հայտնի է, ս. թ. նոյեմբերի 16-ի թիվ 1433-Ա որոշմամբ հավանություն է տվել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի նախագծին և մի շարք օրենսգրքերում և օրենքներում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:


Օրենքի նախագծի նախկին անվանումը` «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին», փոխել են, արտաքուստ այն «շոկոլադապատել» են։ Չնայած նախագծում կատարել են նաև բովանդակային որոշ դրական փոփոխություններ, իրականում այն շարունակում է մնալ ընտանիքի նկատմամբ բռնության մասին օրենքի նախագիծ ու չի կորցրել իր ընտանիքաքանդ և մի շարք այլ առումներով վտանգավոր բնույթը: Բնականաբար, հարց է առաջանում` ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին հաջողվե՞լ է խաբել վարչապետ Կարեն Կարապետյանին, թե՞ ոչ մի խաբեություն էլ չկա, պարզապես այս հարցում վարչապետը, կառավարության իր թիմի հետ, համախոհ ու գաղափարակից է արդարադատության նախարարին ու նախարարությանը: Այս հարցի պատասխանը չունենք, բայց շուտով, ամենայն հավանականությամբ, պարզ կլինի: Պայմանավորված իրողությամբ` ՀՀ կառավարությունը ԱԺ-ից հետ կկանչի՞ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի նախագիծը` կից փաստաթղթերի հետ, կհրաժարվի՞ դրանից, թե՞ ոչ:


Սկսենք փաստերով մեկ առ մեկ հիմնավորել, թե օրենքի նախագծի ներկայիս` կառավարության հավանությանն արժանացած տարբերակ, ինչու է իրականում դարձյալ հանդիսանում ընտանիքի նկատմամբ բռնության մասին օրենքի նախագիծ ու չի կորցրել իր ընտանիքաքանդ և մի շարք այլ առումներով վտանգավոր բնույթը: Նշենք, որ նյութի, ասելիքի մեծ ծավալի պատճառով լրագրային մեկ հրապարակմամբ վերը խոստացված հիմնավորումը հնարավոր չէ ամբողջականորեն շարադրել:
Նախագծի 3-րդ հոդվածի համաձայն, ընտանիքում բռնության տեսակներից է նաև ֆիզիկական բռնությունը: Դա միանգամայն հասկանալի է, ֆիզիկական բռնությունը, անշուշտ, ընտանիքում բռնության տեսակներից մեկն է, սակայն խնդիրն այն է, թե ինչպես է բռնության տվյալ տեսակը սահմանված: Իսկ սահմանված է հետևյալ կերպ. «Ֆիզիկական բռնություն` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված ծեծը և այլ բռնի գործողությունները, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելը, ազատությունից ապօրինի զրկելը, ինչպես նաև դիտավորությամբ ֆիզիկական տառապանք պատճառելը»:
Ծեծը հասկանալի է, թե ինչ արարք է և ինչու է համարվում ֆիզիկական բռնություն, սակայն «այլ բռնի գործողություններ» ասվածը թեև ՀՀ քր. օր.-ով նախատեսված է որպես քրեորեն պատժելի արարք, սակայն սահմանված չէ, թե ինչ բան է դա: ՀՀ քրեական օրենսգիրքը, ինչպես հայտնի է, պաշտոնական մեկնաբանություններ չունի, «այլ բռնի գործողություններ» արարքը սահմանելու առնչությամբ չկա նաև ՀՀ վճռաբեկ դատարանի որևէ նախադեպային դատավճիռ, որը թեկուզ մասամբ կտար վերոնշյալ հարցի պատասխանը: Ո՞վ կարող է ասել, որ դաստիարակչական նպատակով ծնողի` իր երեխային ապտակելը կամ երեխայի ականջը ձգելը հիշյալ օրենքի ընդունումից հետո չի կարող համարվել այլ բռնի գործողություն, որտե՞ղ է երաշխիքը, որ չի համարվի…


Ո՞վ կարող է ասել, որ երեխայի կողմից հենց իր կամ այլոց, հանրության համար վտանգավոր արարքը կանխելու նպատակով, ծնողի, ասենք, ապտակը նրան չի կարող համարվել այլ բռնի գործողություն, հետևաբար ֆիզիկական բռնություն: Հակառակը` հաշվի առնելով Եվրամիության անդամ երկրների դառը փորձը, որտեղից թելադրված է այս օրենքի նախագիծը, ինչպես նաև իր օրենսդրությունն ու կարգերն այլ երկրների ընդունելի դարձնելու Եվրամիության միտումը, կարող ենք ասել, որ երեխային, ասենք, ապտակելը, ականջը ձգելը նույնպես կարող են համարվել այլ բռնի գործողություն, ավելին` ոչ թե կարող են համարվել, այլ հաստատապես կհամարվեն եթե ոչ այսօր, ապա վաղը:
Եթե ոչ ընտանիքները քանդելու միտումի արտահայտություն, ապա առնվազն իրականությունից կտրված և անհեթեթություն է այն պնդումը, թե բոլոր երեխաներին և բոլոր դեպքերում կարելի է դաստիարակել միայն բառերով, և դա կարող են անել բոլոր ծնողները: Այս պնդումը բացարձակապես հաշվի չի առնում իրական կյանքում առկա մի շարք անառարկելի իրողություններ: Այս մասին հանգամանորեն կարող եք կարդալ այս թեմայով մեր արդեն իսկ հրապարակված «Կործանում գնացող Արևմուտքից փորձում են մետաստազները տեղափոխել նաև Արևելքի երկիր Հայաստան» վերլուծականում և առաջիկայում հրապարակվելիք այլ հոդվածներում: Ի դեպ, «դաստիարակել» բառն ունի նաև խրատել իմաստը, որը ներառում է նաև ապտակը:


Անդրադառնանք դարձյալ հիշյալ օրենքի նախագծով ֆիզիկական բռնության սահմանմանը, ըստ որի, ֆիզիկական բռնություն է նաև ընտանիքի անդամին դիտավորությամբ ֆիզիկական տառապանք պատճառելը: Թե ինչ բան է «ֆիզիկական տառապանք» ասվածը, ոչ միայն օրենքի նախագծի 4-րդ հոդվածում (օրենքի հիմնական հասկացությունները), այլև ՀՀ որևէ այլ օրենքում կամ օրենսգրքում բացատրված կամ սահմանված չէ: Հետևաբար դարձյալ, ինչպես «այլ բռնի գործողություններ» ասվածի պարագայում, ըստ օրենքի նախագծի, ոստիկանի հայեցողությանն է մնում երեխային կանխարգելիչ կամ դաստիարակչական նպատակով ծնողի ապտակելը, նրա ականջը ձգելը համարե՞լ երեխային ֆիզիկական տառապանքի պատճառում, թե՞ չհամարել: Դա նաև հայեցողական վերաբերմունքի ու կոռուպցիայի շատ մեծ հնարավորություններ է տալիս ոստիկաններին, որոնք ցանկության կամ շահագրգռության դեպքում կարող են ծնողի տվյալ արարքը չհամարել երեխային ֆիզիկական տառապանքի պատճառում: Մինչդեռ, ծնողին պատժելու դիտավորության դեպքում կարող են հարցնել` բալիկ ջան, ձեր ծնողը ձեզ ապտակելով, կամ` ձեր ականջը ձգելով, ձեզ ֆիզիկական տառապա՞նք է պատճառել, և նրա «այո»-ն լսելուց հետո, ծնողի նկատմամբ ձեռնարկել օրենքով իբրև «կանխարգելիչ» նախատեսված, սակայն, ըստ էության, պատժիչ գործողություններ (դրանց դեռ առանձին կանդրադառնանք) կամ այդ գործողությունները կատարել առանց երեխային տվյալ հարցը տալու, ուղղակի համարելով, որ ծնողն իր այդ արարքով երեխային ֆիզիկական տառապանք է պատճառել:


Ըստ օրենքի նախագծի 3-րդ հոդվածի, ֆիզիկական բռնություն է համարվում նաև ընտանիքի անդամին ազատությունից ապօրինի զրկելը, ընդ որում` «ազատությունից ապօրինի զրկելը» բառերից առաջ միտումնավոր չի նշված «ընտանիքի չափահաս անդամին» կամ «չափահաս անձին»: Մինչդեռ, իր դեռահաս երեխայի դաստիարակության շահերից ելնելով, ծնողն իր երեխայի մասնակցությունը, օրինակ, այլասերվածների շքերթներին կամ քայքայիչ, ամբողջատիրական աղանդի հավաքներին կանխելու, գիշերային ակումբ կամ խաղատուն այցելելն արգելելու նպատակով, կարող է նրան ազատությունից ժամանակավորապես զրկել (օրինակ` տան դուռը բանալիով փակել անչափահաս երեխայի վրա) կամ սահմանափակել ազատ տեղաշարժվելու նրա իրավունքը: Սակայն, Արևմուտքի, արևմտյան համապատասխան կառույցների, այդ թվում` Եվրամիության ու նրանց հետևում կանգնած ուժի նպատակը մեր պատանիների, երիտասարդների հնարավորինս մեծ մասին շեղելը, բարոյազրկելը, այլասերելը, փչացնելն է, նրանց սպառողական հոգեբանությամբ առաջնորդվող, սին հաճույքների, գայթակղությունների տրվող, ծնողի նկատմամբ հարգանք չունեցող, նրա պատիվը չպահող, եսամոլ արարածների վերածելը (ինչը, ի դեպ, նաև հեռուստատեսությունը դարձնելով այլասերող գործիք, նրանց այստեղի կամակատարները հաջողությամբ իրականացնում են): Հայաստանին մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իբրև բյուջետային աջակցություն մոտ 12 մլն եվրո տալուց և վիզային ռեժիմի ազատականացումից առաջ, Եվրամիությունը դրանց դիմաց ՀՀ իշխանություններից նաև այդ նպատակով պահանջում է ընդունել հիշյալ օրենքը: Պայմանը դա է: Ընդունե՛լ, որպեսզի մեր ծնողներն այլևս չկարողանան կատարել իրենց դաստիարակչական գործառույթը, երեխաներին դաստիարակելու իրենց սահմանադրական իրավունքն ու պարտականությունը, այսինքն` չկարողանան խոչընդոտել Եվրամիության վերոնշյալ ծրագրի իրականացմանը:


Ավելին. իրենց այդ յուրօրինակ կաշառքների դիմաց պահանջում են ընդունել հիշյալ օրենքը, որպեսզի ընտանիքի ղեկավարի (ամուսնու) կողմից իր կնոջը ծայրահեղ դեպքում, ծայրահեղ իրավիճակում, հարկադրված ապտակելը չափազանց լուրջ հետևանքներ ունենա ապտակողի, հետո էլ` ամբողջ ընտանիքի համար` շատ դեպքերում հանգեցնելով ամուսնալուծությունների, հասարակության բնական և հիմնական բջիջը հանդիսացող ընտանիքների քայքայման, ի վերջո, պետության քայքայման, ստրկացման կամ կործանման: Այս ամենի համապատկերին ուղղակի ցինիզմի, երեսպաշտության, կեղծիքի ու խաբեության աղաղակող դրսևորում է խնդրո առարկա օրենքի նախագծի 2-րդ հոդվածում («Ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության սկզբունքները») գրվածը, ըստ որի, «Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, դրանց պաշտոնատար անձինք և հասարակական կազմակերպությունները ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում իրենց գործունեությունն իրականացնելիս առաջնորդվում են» նաև «ընտանիքի՝ որպես հասարակության բնական և հիմնական բջջի աջակցության, ընտանիքում ավանդական արժեքների ամրապնդման և ընտանիքում համերաշխության վերականգնման» սկզբունքով: Այս սկզբունքն իրականում ընդամենը հռչակագրային բնույթ և հասարակությանն ու որոշ պաշտոնյաների թյուրիմացության մեջ գցելու, նրանց խաբելու նպատակ ունի, քանի որ մեջբերված սկզբունքին հակասում են օրենքի նախագծի մնացյալ բովանդակությունն ու տրամաբանությունը:


Ինչ վերաբերում է վիզային ռեժիմի ազատականացմանը, եթե այդ խոստումը նույնիսկ կատարվի ամբողջապես ու մնա անփոփոխ, ապա դրա դիմաց զոհողության չափն այնքան մեծ է, որ միանշանակ պետք է հրաժարվել հիշյալ օրենքի ընդունման գնով վիզային ռեժիմի ազատականացումից, էլ չենք ասում այն մասին, որ վիզային ռեժիմի ազատականացումը, ինչպես Վրաստանի պարագայում, որոշ ժամանակ հետո կարող է սահմանափակվել և ունենալ սոսկ ձևական, խաբեական բնույթ: Վրաստանի համար վիզային ռեժիմը ազատականացնելուց որոշ ժամանակ հետո Եվրամիությունը սահմանափակել է իր տված հնարավորությունը, և հիմա Վրաստանի քաղաքացին Եվրամիության երկրներ գնալու համար ստիպված է այնքան փաստաթղթեր լրացնել, այնպիսի բյուրոկրատական քաշքշուկի կամ թղթարարության մեջ ընկնել, որ ՀՀ քաղաքացին թերևս ավելի հեշտությամբ կարող է գնալ այդ երկրներ, քան Վրաստանի քաղաքացին:


Չնայած ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի և նրա տեղակալ Վիգեն Քոչարյանի «քավորությամբ» ներկայացրած օրենքի նախորդ նախագծում հոգեբանական բռնության սահմանման առնչությամբ առկա ու ԶԼՄ-ներում հրապարակված հիմնավոր քննադատությանը, կառավարության հավանությանն արժանացած նախագծի 3-րդ հոդվածում հոգեբանական բռնությունը թեկուզ մասամբ փոխված, սակայն դարձյալ վտանգավոր և անընդունելի ձևակերպումներով նշված է որպես ընտանիքում բռնության տեսակ: Ինչո՞վ է այն վտանգավոր և անընդունելի…
Ըստ հոդվածի, հոգեբանական բռնություն է նաև ֆիզիկական կամ տնտեսական բռնություն գործադրելու իրական սպառնալիքը: Քանի որ ֆիզիկական բռնության վերոնշյալ սահմանումը, ինչպես փաստեցինք, վտանգավոր և անընդունելի է, վտանգավոր և անընդունելի է նաև հոգեբանական բռնության տվյալ սահմանումը: Նույն հոդվածի համաձայն, հոգեբանական բռնություն է նաև սոցիալական ծայրահեղ մեկուսացումը: Ի տարբերություն օրենքի նախորդ նախագծի, որի հոդված 4-ում («Օրենքի հիմնական հասկացությունները») տրված էր սոցիալական ծայրահեղ մեկուսացման սահմանումը, օրենքի ներկայիս նախագծի նույն հոդվածից սոցիալական ծայրահեղ մեկուսացման սահմանումը կամ բացատրությունը միտումնավոր հանված է ու թողնված է անորոշ մեկնաբանության, որպեսզի քննադատության ու դիմադրության չարժանանա: Ընդգծենք, որ նախորդ նախագծի համաձայն, սոցիալական ծայրահեղ մեկուսացումը սահմանված էր հետևյալ վտանգավոր և անընդունելի ձևակերպմամբ՝ «սոցիալական կյանքին մասնակցելու, իսկ չափահաս անձանց պարագայում՝ նաև ինքնուրույն այլ անձանց հետ շփումներ ունենալու հնարավորությունից զրկում»: Սա նշանակում է, որ սոցիալական կյանքին մասնակցելու հնարավորությունից զրկումը վերաբերում է նաև անչափահասներին, այսինքն՝ եթե դեռահասը, անչափահասը սոցիալական ցանցերով կամ անմիջականորեն շփվում է այնպիսի անձանց հետ, մասնակցում այնպիսի սոցիալական կյանքի, որը, ծնողի համոզմամբ, հակադաստիարակչական, վտանգավոր կամ վնասակար է իր երեխայի համար, նա իրավունք չի ունենալու իր անչափահաս երեխային զրկելու այդպիսի սոցիալական կյանքին մասնակցելու հնարավորությունից, այլապես նրա տվյալ արարքը համարվելու է ընտանիքում բռնություն, ու նա ենթակա է լինելու օրենքով նախատեսված պատժամիջոցների:


Վտանգավոր և անընդունելի է նաև օրենքի ներկայիս նախագծում առկա տնտեսական բռնության սահմանումը: Ըստ այդմ, տնտեսական բռնություն է նաև անձի աշխատանքի ընտրության ազատության իրավունքը սահմանափակելը, և քանի որ նշված չէ` չափահաս անձի…, ստացվում է, որ տնտեսական բռնություն է նաև անչափահաս անձի աշխատանքի ընտրության ազատության իրավունքը սահմանափակելը: Դա նշանակում է, որ եթե 17-ամյա դեռահասը ցանկանում է աշխատել խաղատանը, դիսկոտեկում, գիշերային ակումբում, աղանդավորական կազմակերպությունում, աշխատանքն ուշ ժամի ավարտող կամ գիշերային հերթափոխ ունեցող որևէ այլ հաստատությունում, կամ զբաղվել իր առողջության համար վտանգավոր որևէ աշխատանքով, ծնողն իրավունք չի ունենալու սահմանափակել իր դեռահաս երեխայի աշխատանքի ընտրության ազատության այդ իրավունքը, այլապես նրա տվյալ արարքը դարձյալ համարվելու է ընտանիքում բռնություն ու նա ենթակա է լինելու օրենքով նախատեսված պատժամիջոցների:


«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» խաբուսիկ անվանումով ընտանիքաքանդ, իրականում ընտանիքի նկատմամբ բռնության մասին օրենքի նախագծի դեմ փաստարկները, սակայն, չեն սահմանափակվում միայն վերը նշվածներով, մնացածներին կանդրադառնանք մեր առաջիկա հրապարակումներում:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4618

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ