Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Եվ-և քաղաքականության անհրաժեշտության մասին են հուշում պատմության դասերը

Եվ-և քաղաքականության անհրաժեշտության մասին են հուշում պատմության դասերը
28.11.2017 | 13:37

Հայաստանի և Եվրամիության միջև անցած շաբաթ ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ «Արևելք» գիտահետազոտական կենտրոնի ղեկավար, պատմաբան ԳԵՎՈՐԳ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ, խոսելով փաստաթղթի հետևանքների մասին, վկայակոչեց ՀՀ նախագահի խոսքը, որ դրանց ականատես կլինենք աստիճանաբար, հետագա տարիների ընթացքում։

Պատմաբանը տեղին չի համարում այն մեծ ակնկալիքներն ու էմոցիոնալ ֆոնը, որ ստեղծվել է այս համաձայնագրի ստորագրման հետ կապված։ «Սա ընդամենը մեկ դրական քայլ է այն առումով, որ Հայաստանը առաջին պետությունն է, որ, լինելով Եվրասիական տնտեսական միության և ՀԱՊԿ անդամ, միաժամանակ ստորագրեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Մենք փաստորեն փորձում ենք համադրել մեր քաղաքականությունը Արևմուտք-Արևելք համատեքստում։ Առայժմ ստացվում է, բայց փոփոխություններ մենք կզգանք այն ժամանակ, երբ հասարակության ներսում նույնպես այն ընկալվի և կիրառվի երկրի կառավարման մոդելում՝ իրավական, քաղաքական, տնտեսական առումներով»,- ասաց Գևորգ Մելքոնյանը։


Ըստ նրա՝ քաղաքական տեսակետից փաստաթղթի ընդունումը առաջնային քայլ էր՝ հաշվի առնելով, որ հարևան պետություններից միայն Վրաստանն էր անցել այս ճանապարհով, և մեզ համար շատ անկանխատեսելի էր՝ կստորագրենք, թե ոչ՝ հաշվի առնելով այն պարտավորությունները, որ մենք ունենք ԵԱՏՄ շրջանակներում։ Մեր զրուցակիցը հետաքրքիր է համարում այն փաստը, որ մենք փորձելու ենք համադրել ԵԱՏՄ անդամությունն ու Եվրամիության հետ գործընկերությունը. «Որքանով կհաջողվի, դժվարանում եմ ասել, քանի որ նման փորձ գրեթե չկա։ Սակայն քաղաքակրթական առումով տեղի ունեցածը առաջընթաց էր, քանի որ մենք, գտնվելով Արևելքում, քայլ կատարեցինք ԵՄ-ի հետ համապարփակ գործընկերության։ Մեծ ցնծությունը, որ կա համացանցում, ես չեմ կիսում և, անկեղծ ասած, չեմ էլ համարում դա պատմական իրադարձություն։ Պատմական չէ, քանի որ մեր հասարակական, քաղաքական, տնտեսական կյանքում դա բեկում չի մտցնելու։ Պատմական է այն իրադարձությունը, որը հասարակության մեջ բեկում է մտցնում դեպի դրականը։ Անգամ վիզային ռեժիմի հետ կապված մեծ հաշվով փոփոխություն չի լինելու, հետևաբար սա ավելի շատ ցուցադրական մակարդակի քայլ էր և՛ Հայաստանի, և՛ Եվրամիության կողմից՝ Հայաստանի մասով ցույց տալու համար, որ լինելով ԵԱՏՄ անդամ՝ չի հակադրվում Արևմուտքին, ԵՄ կողմից էլ փորձ էր՝ ցույց տալու ԵԱՏՄ երկրներին, որ նրանք էլ կարող են անցնել նույն ճանապարհով։ ԵՄ-ն, փաստորեն, հասկացավ Հայաստանի իրավիճակը։ Մերձբալթյան երկրների, Վրաստանի, ՈՒկրաինայի հետ կապված՝ ԵՄ-ում դրեցին կամ-կամ-ի սկզբունքը, արդյունքում ստացան այն, ինչ այսօր ունենք։ Իսկ Հայաստանի մասով եվրոպացի պաշտոնյաները հասկանում են, որ մեր երկրի կարևորագույն խնդիրը անվտանգության բաղադրիչն է, իսկ այդ բաղադրիչն ուղղակիորեն կապված է ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի հետ։ Հետևաբար մեզ համար բացառություն արվեց»։


Գևորգ Մելքոնյանը նկատում է, որ հարևանների հետ հարաբերություններում նույնպես պետք է կիրառվի հավասար փոխգործակցություն՝ համագործակցելով բոլոր կողմերի հետ։ Այս քաղաքականության անհրաժեշտության մասին են հուշում նաև պատմության դասերը. «Սկսած Կիլիկյան Հայաստանից, երբ մենք մեր առջև դրեցինք կամ Արևմուտք, կամ Արևելք սկզբունքը, կորցրինք Կիլիկյան Հայաստանը։ Սմբատ Գունդստաբլը հարաբերություններ հաստատեց և՛ մահմեդական երկրների, և՛ Արևմուտքի հետ, ինչի արդյունքում Կիլիկիան շահեց։ Իսկ երբ Կիլիկիայի էլիտան որդեգրեց կամ-կամ քաղաքականությունը, պետությունը կործանվեց։ Նման օրինակ կարելի է բերել նաև առաջին հանրապետության պատմությունից, երբ վերցրինք բացառապես արևմտյան կուրս և հայտնվեցինք բոլշևիկա-քեմալական հարաբերությունների արանքում, ունեցանք և՛ պետականության, և՛ տարածքների կորուստ։ Եվ եթե ժամանակին գործեինք համագործակցաբար, գուցե կորուստներ ունենայինք, բայց ոչ այդքան»։


Ըստ պատմաբանի՝ օրերս ստորագրված փաստաթուղթը սիմվոլիկ քայլ է, բայց ունի խորքային քաղաքական ենթատեքստ և խոր գնացող նպատակներ։ Ինչ-որ տեղ ցուցադրվեց նաև, որ մենք արևմտյան քաղաքակրթության երկիր ենք։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2676

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ